«Հայ Եկեղեցու դերը ներկայումս…»

Հատուածներ Գէորգ Արքեպս. Չորեքչեանի (1945-1954՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս) մտքերից

GevorgZ-Play

Ընդհանուր քրիստոնէական եկեղեցին մարդկային զարգացման խոշոր գործօններից մէկն է եղել, նոյնը եղել է Հայ Եկեղեցին հայկական կեանքի զարգացման համար։ Իրական փաստ է, որ մեր ունեցածի (գիր, գրականութիւն, արուեստ, ճարտարապետութիւն, երաժշտութիւն…) լաւագոյն մասը Հայ Եկեղեցուն ենք պարտական։

Այսպէս է եղել նա անցեալում, ի՞նչ է Հայ Եկեղեցու դերը ներկայումս։ Ոմանք ասում են, թէ՝ եկեղեցին այլեւս դեր չունի կատարելու. նա այլեւս չի կարող առաջնորդել մեր հոգեւոր կեանքը, ղեկավարը լինել մեր հոգեւոր ստեղծագործութիւնների։ Գիտութիւնը, գեղարուեստը, գրականութիւնը աշխարհականացել են, եւ նոցա ղեկավարողը ոչ թէ Եկեղեցին պիտի լինի, այլ Պետութիւնը։ …Բայց այդ չի նշանակում, որ Եկեղեցին այլեւս դեր չունի կատարելու։ Ընդհակառակը՝ նա նոր է հանդէս գալու իր սեփական ասպարէզում. նա նոր պէտք է թողնէ այն ուղին, որ իրեն չի պատկանել, ուրիշինն է եղել։

Ներկայումս Եկեղեցու ասպարէզը Աւետարանի քարոզն է. նորա նպատակը պիտի լինի ըստ աւետարանական սկզբունքների կարգաւորել կեանքը, ըստ Աւետարանի կենցաղ ստեղծել։ Նորա նպատակը պիտի լինի ղեկավարել մարդկային բարոյական կեանքը, զարգացնել բարոյական մշակոյթը, որ այնքան կարեւոր է աշխարհում արդարութիւնը հաստատելու եւ մարդկային կեանքը խաղաղ ճանապարհով դէպի երջանկութիւն առաջնորդելու համար։

Ներկան նոր պահանջներ, նոր հոգսեր է դնում իւրաքանչիւր քրիստոնեայ անհատի, քրիստոնէական համայնքների եւ քրիստոնէական եկեղեցու առաջ։ Պէտք է ըմբռնել ժամանակի պահանջները, խորանալ նորա առաջադրած հարցերի մէջ, լուսաբանել քրիստոնէական գաղափարների տեսակէտով (Աւետարանի լոյսով) եւ լուծել։ …Թող քրիստոնեայ մարդը, քրիստոնէական եկեղեցին ապացոյց տան, որ ըմբռնում են ժամանակն ու նորա պահանջները։

Ահա գործունէութեան մի ասպարէզ, որտեղ հանդէս պիտի գայ հաւատացեալ մարդը անհատապէս եւ Քրիստոնէական Եկեղեցին հաւաքապէս։ Միայն այսպէս կարող է Եկեղեցին յարգանք ազդել մեր ժողովրդի սերնդին. միայն այս ճամբով կարող է Եկեղեցին ու Քրիստոնէական կրօնը իր թեւերի տակ առնել ժողովրդական զանգուածները, որոնք ներկայումս ուծացած ու օտարացած են նրանից։

Գործնական քրիստոնէութիւն. ահա՛ Եկեղեցու ներկայի նշանաբանը. խօսքի փոխարէն՝ գործ, քրիստոնէական կենցաղ, ահա էական ու Եկեղեցու ընթանալիք նոր ճամբան։ Գործնական քրիստոնէութիւն. ահա՛ Քրիստոնէական Եկեղեցու վերանորոգութեան ու վերակենդանութեան միակ աղբիւրն ու ուղին։

Այս ընդհանուր նպատակից զատ, Հայ Եկեղեցին ունի նաեւ իր յատուկ դերը մեր երկրից դուրս։ Նա դեռեւս պարտականութիւն ունի շարունակելու իր պատմական դերակատարութիւնը, այն է՝ աշխարհի չորս կողմը ցրուած հայութեանը թոյլ չտալ, որ օտար, զօրեղ մշակոյթների ազդեցութեան ներքոյ ձուլուի եւ կորչի, այլ պէտք է նրանց ազգային ինքնուրոյնութիւնը պահպանել հայ լեզուի, հայ գրականութեան եւ հայ պատմութեան ուսուցմամբ, ազգային սովորութիւնների եւ ազգային ինքնագիտակցութեան զարգացմամբ, պահպանմամբ։

Հայ Եկեղեցին պարտականութիւն ունի օտարին մէջ հայրենի կարօտով տառապող պանդուխտ հայի սիրտը կապել Մայր Հողի՝ (խորհրդային) Հայաստանի հետ՝ նպաստելով հայրենի երկրի տնտեսական ու մշակութային զարգացման եւ զօրացման, որպիսի ճամբով նա ընթանում է այսօր, որպէսզի զօրացած Մայր Երկիրն էլ իր հերթին նեցուկ ու սատար լինի օտարութեան մէջ ցիր ու ցան իր զաւակներին՝ նման այլ զօրեղ պետութեան։