«Բարեգործութիւն թէ՞ Պարտականութիւն, Ողորմութիւն թէ Զոհ»

(հատուածներ Գէորգ Արքեպս. Չորեքչեանի (1945-1954՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս) քարոզներից)

GevorgZ-Play

Բոլոր քրիստոնեայ եկեղեցիները միշտ շեշտել ու շեշտում են բարեգործութեան կարեւորութիւնը եւ հաւատացեալներին յորդորում բարեգործութեան։ Սակայն տեսնենք, թէ արդեո՞ք քրիստոնէական եկեղեցիները ուղի՞ղ են ըմբռնել Յիսուսի Աւետարանը այդ հարցի նկատմամբ, եւ արդեոք քրիստոնեայ իրականութիւնը եւ Աւետարանի վարդապետութիւնը հանապատասխա՞ն են միմեանց, թէ՞ ոչ։

Նախ տեսնենք, թէ ինչպէ՞ս էր հասկացւում եւ արտայայտւում ողորմութեան գաղափարը Յիսուսի ժամանակ, որ առիթ տուաւ Նրան բողոքելու եւ իւր նոր տեսութիւնը հանդէս բերելու։

Այս հարցի լուսաբանութեան համար յիշենք Յիսուսի առակաւոր պատկերներից տաճարում աղօթող փարիսեցուն, որ Տիրոջ առաջ հպարտ կանգնած՝ պարծանքով ասում է. «Ես տամ տասանորդս յամենայն ստացուածոց իմոց» (Ղուկ. ԺԸ 12)։ Յիսուս մի ուրիշ առթիւ հաստատում է, որ փարիսեցիները տասանորդ են տալիս նոյնիսկ աննշան նիւթերից՝ անանուխից, սամիթից եւ չամանից։ Եթէ մենք այս տասանորդները գումարենք, գիտէ՞ք, թէ ի՛նչ արդիւնք կը գոյանայ համայնքի համար, որով ոչ միայն համայնքի խեղճերն ու աղքատները կը խնամուին, այլեւ եկեղեցու ամէն պէտքերը կը հոգացուին։ Մի՞թէ զարմանալի չէ, որ Յիսուս փարիսեցիներին, փոխանակ իբրեւ համայնքի պարտաճանաչ անդամների, խրախուսելու, պախարակում է։ Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը։

Դիտենք փարիսեցուն, հետեւենք նորա արարքներին եւ մենք կը հասկանանք պատճառը։ …Աղքատները գիտեն նրան, նոքա նորա մշտական սպառողներն են, գովում ու փառաբանում են նրան եւ բարձրաձայն Աստուծոյ ողորմութիւնը հայցում նորա վերայ։ Նաեւ նորա մօտից անցնող ժամաւորներն էլ ակնթարթ մի կանգ են առնում, ակնածութեամբ նայում եւ յարգանքով ողջունում եւ անցնում գնում են։ Ահա մի հրաշալի պատկեր, որ ցոյց է տալիս, թէ ինչպէս է հասկանում փարիսեցին ողորմութիւնն ու բարեգործութիւնը եւ թէ ով է, նորա ըմբռնմամբ, հաւատացեալ, բարեպաշտ մարդը։

Արդեոք դադարե՞լ է այսօր փարիսեցիների փողհարութիւնը բարեգործութեան ժամանակ։ Արդեոք փոխուե՞լ է մեր ըմբռնումը բարեգործութեան մասին։ Ո՛չ երբէք։

Ի՞նչ էք կարծում, ե՞րբ է նուիրատուն աւելի մեծ գումար տալիս՝ արդեոք այն ժամանակ, երբ մարդոց աչքից ծածո՞ւկ է կատարւում, թէ՞ հրապարակով եւ թմբկահարութեամբ։

Դժբախտաբար բարեգործութեան ցուցադրական ու աղմկալից ձեւը, որով բարեգործութիւնը առեւտուր է դառնում, առեւտուր՝ մարդկանցից պատիւ շահելու եւ անձի կարեւորութեան գիտակցութիւնը շեշտուած տեսնելու նպատակով, գերադասւում է եւ այսօ՛ր շատերի կողմից։

Ո՛չ, հին փարիսեցիութիւնը դեռեւս չի մեռել, ապրում է. հին հանդերձներն են փոխուած նորերով, բայց միջուկը նոյնն է մնացել։ «Եթէ ողորմութիւն ես տալիս, թմբուկ մի՛ զարնիր,- ասում է Յիսուս,- ինչպէս անում են կեղծաւորները»։ Ապա ուրեմն փարիսեցւոց բարի գործելու նպատակը աղքատութիւնը կեանքից վտարելը, թշուառութեան վախճան տալը չէ, այլ Աստուծոյ առաջ փառք եւ մարդոց առաջ պատիւ շահելը։ Էականը փարիսեցու անձն է ու եսը եւ ո՛չ աղքատը։ Ահա՛, թէ ինչու Յիսուս շատ իրաւամբ կոչում է նոցա կեղծաւորներ։ Այսպէս էր երէկ, եւ Յիսուս բողոքեց երէկի դէմ՝ ասելով. «Եթէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր քան զդպրացն եւ զփարիսեցւոց, ո՛չ մտանիցէք յարքայութիւն երկնից» (Մտթ. Ե 20)։

Ինչպէ՞ս է այսօր։ Մի՞թէ այսօր էլ նոյնը չէ։ Մի՞թէ այսօր էլ բարեգործութիւնը երէկուայ նման կեղծ չէ։ Միթէ այսօր էլ երկինքը շահելու եւ Աստուծոյ շնորհը վաստակելու համար չէ՞ մեր կատարած բարի գործերի բուն նպատակը։ Եւ մի՞թէ այս չի նշանակում, որ բարեգործութիւնը կատարւում է մեր անձի սիրոյն՝ մեր եսի համար։ …Սրա հակառակ՝ Յիսուս պահանջում է ողորմութիւն տալ այնպէս, որ ձախ ձեռքդ չիմանայ աջիդ տուածը։

Եթէ վերլուծենք մեր կրօնական կեանքը՝ ճիշտ նոյն պատկերը կը տեսնենք, որի գեղեցիկ պատկերացումը տուել է մեզ Յիսուս իւր անմոռանալի առակներով։ Մի՞թէ նոյն արտաքին բարեպաշտութիւնները չեն, որ զարդարում են բոլորիս, մի՞թէ նոյն արտաքին արարողութիւնները չեն, որոնցով հրապուրւում ենք բոլորս։

…Քրիստոնեայ մարդը, Յիսուսին նմանելով, ներքին պահանջ պիտի զգայ բարիք գործելու, մարդու կեանքը երջանիկ դարձնելու։ Այլապէս բարեգործութիւն կոչուածը իր բազմատեսակ արտայայտութիւններով. որքան հաճոյք է պատճառում բարերարողներին, նոյնքան եւ աւելի մեծ տհաճութիւն ու չարիք՝ բարերարուողներին։ Նա նուաստացնում է, խլում է մարդուց պատուի զգացումն ու ինքնայարգութիւնը, սպանում նորա համարձակութեան ոգին եւ սոցա փոխարէն նախանձի եւ ատելութեան ոգի է սնուցանում։ Նա պարտաւորեցնում է բարերարուողներին երախտագիտական զգացմունքով վարից վեր նայել դէպի իրենց բարերարները, եւ երբ չի կատարւում այդ պահանջը, ապերախտներ են հռչակւում բարերարուողները։

Ահա մէկը, որ բարեպաշտի անուն է վայելում։ Ի՞նչ է անում. յաճախ ժամ է գալիս, սրբերի առաջ մեծ-մեծ մոմեր տնկում, չոգում ու երկար աղօթում, քահանային յիշելիք տալիս, երբեմն աղքատին էլ չի մոռանում՝ բուռը կօպէկ է խրում, պատարագ է անել տալիս, ծնողների գերեզմանը օրհնում եւ այլն, եւ այլն։

Այս բոլորը լաւ, բայց մի՞թէ սա է ճշմարիտ բարեպաշտութիւնը, մի՞թէ սա է Փրկչի հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագութիւնը եկեղեցականութեան, մի՞թէ նոյնը չի կարող անել մի անհաւատ եւ կամ անտարբեր մէկը։ Յիսուս ջերմ հոգի է ուզում, որ հասկանայ օտարին եւ սիրէ նրան։ Սակայն ո՞ւր որոնենք այդ հոգին։

Ահա ձեզ մեր հոգեւոր դասը. ի՞նչ է այսօր նրա կապը իւր ժողովրդի հետ, եթէ ոչ լոկ արտաքին, արարողական՝ մեռնողին թաղել, ծնուածին մկրտել, ամուսնացողին պսակել, ահա նրա դերը այսօր։ Բայց ո՞ւր է նրա հայրական հոգատարութիւնը, ազատ այցելութիւնը իւր հօտին ՝ նրան հոգեպէս մխիթարելու, կեանքի ծանրութիւնը թեթեւցնելու, վշտաբեկ սիրտը բուժելու համար։

Ահա ձեզ հարուստ դասակարգը. ինչպե՛ս է հասկանում նա իւր պարտքը դէպի իւր աղքատ եղբայրը, ինչո՞վ է կապուած նրա հետ. մի արտաքին կապով, որ չի բղխում կարեկցութիւնից եւ սիրուց, այլ անձնասիրութիւնից։ Մի ցուցադրական շարժում է անում հարուստը իւր աւելորդը նուիրելով կարօտեալներին՝ եւ արդէն կատարած է համարում իւր քրիստոնէական պարտքը դէպի ընկերը. բայց այս պարտաճանաչութիւն չէ, այլ լոկ մի շարժում իւր անունը յաւերժացնելու, արժան ժողովրդականութիւն վայելելու նպատակով կատարուած։

Յիսուս խօսում է ողորմածութեան մասին, բայց Նորա քարոզած ողորմածութիւնը, ինչպէս պատկերացած է բարի սամարացու եւ այլ առակների մէջ, ողորմութիւն չէ, այլ ճշմարիտ եղբայրական օգնութիւն։ Սառը ոսկին չէ, որ մարդ տալիս է մէկին, այլ իր սեփական սիրտը, իր անձն է տրամադրում նրան։

Տէ՛ր Յիսուս, օգնիր մեզ առաջնորդուելու «Զողորմութիւն կամիմ եւ ո՛չ զզոհ» սկզբունքով, «զի այն է բարի եւ ընդունելի առաջի Փրկչին մերոյ Աստուծոյ»։ Ամէն։