Հպարտությունը, փառամոլությունը և մարդահաճությունն այնպիսի հոգեսպան կրքեր են, որ կարող են մարդու մեջ թագավորել թե հայտնապես և թե ծածուկ: Հուսով ենք, որ այս վերնագիրը շատերիս համար կարող է հանդիսանալ վերոհիշյալ կրքերը մեր մեջ հայտնաբերելու և, ինչու չէ, նաև Տիրոջ ողորմությամբ ձերբազատվելու պատճառ:
Իսկ ինչ վերաբերում է մտքին, ապա սա պատերազմի մի ահավոր դաշտ է քրիստոնյաներիս համար: Սրանից են ծնվում բարի և չար գործերը: Մեր միտքը ցավոք, անվարժ է բարի պատերազմի համար, և երբ մենք ուզում ենք մեր միտքը սևեռել աղոթքի կամ հոգևոր ընթերցանության վրա, ապա այն իսկույն ապստամբում է և այս ու այն կողմ փախչելով՝ մեզ անպտուղ թողնում: Պատկերացրեք ձին, որի վրա դեռ ոչ մի մարդ չի նստել, ինչպես կպահի իրեն, երբ պետք լինի նրանով տեղ գնալ: Նա իր հեծյալին ամեն կերպ կաշխատի վայր նետել, որովհետև անվարժ է նստելու համար, դրա համար էլ և՝ անհնազանդ: Նույնն է նաև մեր միտքը, երբ գիշեր ու զօր թափառում է աշխարհական և մարմնավոր ցանկական ոլորտներում, և երբ պետք է լինում այն մի կարճ ժամանակով սանձել և սևեռել հոգևորի վրա, այդ ժամանակ նա մեզ էլ չի ենթարկվում, ինչպես որ անվարժ ձին: Դրա համար է գրված. «Անձդ վարժեցրու աստվածապաշտության», այսինքն թե աշխատանքի, թե զբոսանքի, թե ուտելու և թե մյուս այլ իրավիճակներում ջանա միտքդ պահել ունայն ընթացքից և հնարավորին չափ աշխատիր այն սևեռել հոգևորի վրա: Այսպիսի վարժանքի դեպքում միտքը կամաց-կամաց կսկսի կայունանալ հոգևոր ընթերցանության և աղոթքի պահերին:
Այսօր, ինչպես և քրիստոնեության ծագման շրջանում, շատ քրիստոնյաներ հարձակում են կրել և կրում պիղծ դևից, որ մտային հայհոյանքներ է բերում քրիստոնյաների մտքին: Սա հայհոյում է Աստծուն, Սրբերին, չի թողնում նայել սրբապատկերներին, կամ հոգևոր ֆիլմեր դիտել, զրկում է աղոթքից, Պատարագին մասնակցելուց, և այնպես թաքուն է բերում այդ պիղծ մտքերը, որ քրիստոնյան չկասկածի, թե դրանք իր՝ դևի ներմուծածն են, այլ ամեն ջանք թափում է, որ մտածել տա, թե դրանք իր՝ մարդու սեփական մտքերն են, նույնիսկ հոգևոր ընթերցանության, կամ երգերի բառերից էլ օգտվելով, հայհոյական մտքեր է հարուցում և ջանում քրիստոնյային գցել իր համագործակցի՝ հուսահատության գարշահոտ դևի ցանցը, որից փրկի մեզ Աստված: Այս բոլորից խուսափելու համար եկեղեցու սուրբ հայրերը, իրենց փորձառությունից ելնելով, ցույց են տալիս իրենց խրատներում այդ թշնամուն բացահայտելու և նրա պիղծ հարձակումները ետ մղելու միջոցները: Հուսով ենք, որ «Մտքի մասին» բաժինն
Աստծո ողորմությամբ շատերի համար բժշկարար կլինի: Բացի սրանից, մտքի միջոցով ուրիշ շատ խարդավանքներ է պատրաստում թշնամին, մեկը՝ թեկուզ և առանց հայհոյության, սակայն նորից շատ ծանր և տառապալի և նույնիսկ մահացու, եթե ժամանակին միջոցներ ձեռք չառնենք այն Տիրոջ ողորմությամբ ետ մղելու: Այս հարձակումը նպատակ ունի քրիստոնյային ըմբոստացնել Աստծո դեմ,
մղել ապստամբության և հակառակության: Երբ մենք ընկնում ենք մեղքի մեջ և տկարանում հավատքի կյանքում, այդժամ դևը, որ միշտ ջանում է, որ մենք մոռացության տանք դժոխքը, հավիտենական տառապանքները, այս անգամ մեծ ջանքով սկսում է մեզ հիշեցնել դրանց ահավորության մասին, բայց, ինքնըստինքյան, ոչ թե նպատակ ունենալով, որ մենք ապաշխարենք մեր չար գործերի համար, այլ որպեսզի ընկնենք հուսահատության մեջ և մի ամբարտավան դիրք գրավենք Արարչի նկատմամբ՝ մղելով մեզ հետևյալ մտածմունքին. «Ահա ընկել ես մեղքերի մեջ և այդ թշվառ վիճակից էլ չես կարող դուրս գալ, իսկ սրա վերջն ինքնըստինքյան, գեհենի հավիտենական տապն է, հանապազ այրվելն ու չվերջանալը, թունավոր չսատկող որդերը, շոշափելի մշտնջենավոր խավարը, ատամների կրճտոցը և անվերջ լացը: Բայց չէ՞ որ դա անարդար է: Մի՞թե դու ես ցանկացել մարդ ստեղծվել, մի՞թե Աստված քո համաձայնությունը ստացել է, որ քեզ ստեղծի այս կարճ կյանքի համար: Չէ՞որ դու չես խնդրել, իսկ հիմա էլ կանգնել ես դժոխքի դարպասների մոտ և պիտի դատապարտվես հավիտենական լքման»: Եվ նմանօրինակ մտածումներ հարուցելով մեր մեջ, մղում է մեզ կասկածելու Աստծո արդարությանը, գցում մի ապստամբ դիրքի մեջ, որը և իրականում դեպի կորուստ է տանում, եթե չսթափվենք ժամանակին: «Եղբայրներ, տեսեք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծո դեմ» (Եբրայ.3:12): Իսկ ինչպե՞ս դիմակայել այս ահավոր հարձակմանը: Ինչո՞ւ ահավոր, որովհետև մեր մարդկային սահմանափակ միտքը միշտ չէ, որ կարող է այս դիվային հարձակումներին բացատրություն տալ, քանի որ մեր տկար միտքը չի կարող ամբողջովին պարզ տեսնել՝ գիտակցել և մեկնել աստվածային ճանապարհները և այս պարագաների համար է, որ ասվում է.«Հավատա ու պիտի փրկվես»: Հավատա, որ Աստված արդար է և ողորմած, ու մի ընդունիր չար դևի բարբաջանքները և ետ մղիր նրա հարուցած մտքերը՝ առանց նրա հետ վեճի
բռնվելու, այսինքն՝ առանց քննելու և բացատրություն գտնելու, այլ կարճ. միանշանակ ետ մղիր հարձակումն՝ ասելով. «Ետիս գնա սատանա, ինչպես որ երկնքում ապստամբեցիր և ցած գլորվեցիր, հիմա էլ ինձ ես ուզում ապստամբության մղել, ես քո ներմուծած մտքերին իմ մարդկային տկարության պատճառով բացատրություն տալ չեմ կարող, բայց գիտեմ, որ Աստված Իր բոլոր գործերում արդար է, ճշմարիտ և ուղիղ, և Նրա կամքն էլ «բարի է, կատարյալ և հաճելի»: Չնայած ընկած վիճակի մեջ եմ, բայց գիտեմ, որ Նա իր ծառաներին կանգնեցնելու կարողություն ունի, դրանից ելնելով, չպիտի տեղիք տամ հուսահատությանը, այլ Իր անհուն ողորմության և մարդասիրության վրա հուսալով, պիտի ջանամ զղջալ, ապաշխարել, շտկվել և գտնել քավություն և թողություն մեղքերիս համար, քանի որ Նա իմ համար խաչը ելավ, իսկ դու մաս և բաժին չունես այս մեծ Փրկությունից: Դրա համար էլ նախանձից ուզում ես ինձ էլ քեզ հետ հավիտենական հրին ժառանգակից անել: Բայց իմ ժառանգությունը Տիրոջից է, թեկուզ և անարժան, բայց Նրա Սուրբ Արյան գինն եմ, և հավատով պիտի պաղատեմ Նրանից զորություն՝ քո պիղծ ստահոդ խորհուրդները ետ մղելու համար: Նա արագահաս օգնական է իմ պես ընկածներին, և Նրան փառք հավիտյանս. ամեն: Պետք է հաշվի առնել, որ նման մտքեր առաջանում է միայն դարձի եկած քրիստոնյաների մեջ, ուստի կարելի է եզրակացնել, որ սրանք սովորական մարդուն բնորոշ մտքեր չեն, այլ թշնամական՝ սատանայական ներմուծումներ: Չարը հիմնականում պատերազմ է մղում հավատավոր քրիստոնյաների դեմ, իսկ անհավատների և այլակրոնների դեմ՝ ոչ, այն խոսքի համեմատ, թե. «Մեռելները թող թաղեն իրենց մեռելներին»: Այսինքն՝ մեռած մեկի դեմ իմաստ չունի պատերազմել, և սրանից կարելի է եզրակացնել, որ նման հարձակումները մեր վրա ինչքան էլ որ դառն են և անտանելի, սակայն սրանք ապացույց են այն բանի, որ մենք թեկուզ և ընկած, գաղջ, բայց կենդանի ենք հավատի կյանքում և պատկանում ենք Աստծուն, որովհետև Իր Միածին Որդու Արյան գինն ենք: Այլապես մեռելի դեմ ինչու պիտի պատերազմեր: Այսպես մտածելով, այն մտքերը և խորհուրդները, որ մեզ պիտի մղեին հուսահատության, մեզ կմղեն հույսի հաստատման և հավատքի զորացման: Եվ եթե մենք ամենքս չէ, որ կարող ենք պատասխան գտնել Աստծու հանդեպ նմանօրինակ ապստամբեցնող մտքերին, ապա հիշենք, որ դրանց պատասխանը մենք կստանանք Երկնքում, բայց նրանց համար, ով տարվել է նման մտքերով և դրանք ետ չի մղել և ըմբոստ մի վիճակի մեջ է մնացել մինչև վերջ, չնայած որ նա էլ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը կստանա երկնքում և այնժամ իր բերանով կվկայի, որ Աստծո դատաստանները իսկապես արդար են, բայց դրանից օգուտ չի ստանա, այլ կմատնվի հավիտենական կորստի: Իսկ հավատքով և վստահությամբ նման խորհուրդներ այստեղ ետ մղողները կմտնեն Հավիտենական Փառքի մեջ: Սա է վկայում Հայտնության գրքի հետևյալ համարը.
«Ալելուիա՜, փրկություն և փառք և պատիվ և զորություն մեր Աստծուն, որովհետև ճշմարիտ և արդար են Նրա դատաստանները… Ամեն. Ալելուիա» (Հայտն. 19:1-2):
«Խրատանի ապաշխարության» գրքից.
Shenuda badriark, der armen, ter armen, fatherarme,hayeren, hogevor, hogevor erger, qarozner, terunakan axotq hayeren, հոգևոր, քարոզներ, Շէնուդա Պատրիարք, axotq erexaneri hamar, harcer hogevor, hogevor vkayutyun 2017, Проповеди духовныe, Православие,