1.«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով» Ղուկ. 10:27):
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի ես չեմ սիրում իմ Տեր Աստծուն: hogevor qarozner, հոգևոր քարոզներ
Եթե ես Նրան սիրեի, ապա ուրախությամբ անդադար կմտածեի Նրա մասին և յուրաքանչյուր միտք ինձ մեծ երջանկություն կպատճառեր, իսկ ես՝ թշվառս, կենցաղայինի, առօրեականի մասին ավելի հաճախ ու սիրով եմ մտածում, մինչդեռ Աստծուն հիշում եմ հազվադեպ և պաղ սրտով: Եթե ես սիրեի՜ Աստծուն, ապա աղոթքի միջոցով Նրա հետ զրույցը կսներ ինձ, կզմայլեր հոգիս և կձգտեի Նրա հետ անդադար հաղորդակցության մեջ մնալ: Հակառակը, ես ոչ միայն չեմ զմայլվում աղոթքով, այլև աղոթելիս դժվարանում եմ, ծուլանում, պատրաստ եմ հաճույքով որևէ անկարևոր բանով զբաղվել, միայն թե կարճեմ կամ դադարեցնեմ աղոթքս: Ունայն զբաղմունքներում ժամանակս անցնում է աննկատ, իսկ Աստծո առջև կանգնելու յուրաքանչյուր ժամը թվում է տարի: Չէ՞ որ երբ սիրում ես որևէ մեկին, ապա ամբողջ օրվա ընթացքում հիշում ես նրան և անդադար մտածում նրա մասին: Մինչդեռ ես օրվա ընթացքում հազիվ մեկ ժամ եմ տրամադրում Աստծո մասին խորհելուն և աղոթելուն, իսկ օրվա քսաներեք ժամերը՝ ավաղ, սիրով զոհում եմ իմ ցանկալի կուռքերին: Խանդավառվում եմ և բավականություն ստանում ունայն բաների և հոգու համար ստորին առարկաների մասին զրուցելիս, իսկ Աստծո մասին խոսելիս գաղջ եմ, ծույլ և ձանձրալի: Երբ ակամայից ներքաշվում եմ հոգևոր զրույցների մեջ, ապա շուտով սկսում եմ զրուցել այնպիսի բաների մասին, որոնք հագուրդ են տալիս իմ ցանկություններին: Սիրում եմ հետաքրքրվել քաղաքականությամբ, նորություններով, աշխարհիկ գիտություններով (հեռուստացույցը, ռադիոն, լրագրերը մասն են կազմում իմ կենցաղի), իսկ Տիրոջ օրենքն ուսանելը, Աստծո ճանաչողությունը, աղոթքը կամ որևէ այլ հոգևոր բան ինձ չեն մտահոգում, չեն սնում իմ հոգին, և այս ամենը ոչ միայն համարում եմ անկարևոր զբաղմունք քրիստոնյայի համար, այլև կողմնակի առարկա, որով կարելի է զբաղվել ազատ ժամին: Քանի որ Աստծո Սերը ճանաչվում է պատվիրանապահությամբ. ,Եթե սիրում եք Ինձ, պահեք Իմ պատվիրանները, -ասում է մեր Տերը, իսկ ես՝ անմիտս, ոչ միայն չեմ պահում Նրա պատվիրանները, այլև չեմ մտահոգվում այդ մասին, ուստի ճշմարիտ եզրակացությունն այն է, որ ես չեմ սիրում իմ Տեր Աստծուն: Սա հաստատում է նաև Բարսեղ Մեծը՝ ասելով. (Ապացույցը, որ մարդը չի սիրում իր Աստծուն և Նրա Քրիստոսին, այն է, որ չի կատարում Նրա պատվիրանները):
2.«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» Ղուկ. 10:27:
Ավա՜ղ, ես չեմ սիրում մերձավորիս, քանզի մերձավորիս համար ոչ միայն անձս, այլև պատիվս, շահս և հանգստությունս չեմ զոհում: Եթե սիրեի մերձավորիս ըստ Ավետարանի պատվերի, այսինքն՝ ինչպես ինքս ինձ, ապա նրա վշտով կվշտանայի, ուրախությամբ կուրախանայի: Հակառակը, մերձավորիս դժբախտությունների մասին սիրում եմ լսել հետաքրքրությամբ, առանց վշտանալու և անտարբեր, որ առավել մեղադրելի է, կարծես բավականություն եմ ստանում դրանից և եղբորս վատ արարքները չեմ ծածկում սիրով, այլ դատելով տարածում եմ: Եղբորս երջանկությունն ու հաջողությունը չի ուրախացնում ինձ, նույնիսկ առաջացնում է նախանձի և ատելության զգացում:
3. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, ով Ինձ է հավատում, Հավիտենական Կյանք ունի» Հովհ. 6:47:
Ես չեմ հավատում ոչ մի կրոնական բանի՝ ոչ անմահությանը, ոչ Ավետարանին: Եթե ես վստահորեն հավատայի, որ մահվանից հետո կա հավիտենական կյանք և երկրային գործերի հատուցում, ապա անդադար կմտահոգվեի այդ մասին, անմահության և ահեղ դատաստանի մասին միտքը կսարսափեցներ ինձ, և այս կյանքը կապրեի որպես պանդուխտ, որը պատրաստվում է մեկնել իր հայրենիքը: Ցավոք, ես չեմ մտահոգվում այդ մասին և այս կյանքի ավարտը համարում եմ իմ գոյության սահմանը: Գաղտնի միտք է բնակվում իմ մեջ՝ թե ո՞վ գիտի, ինչ կլինի մահից հետո, եթե ասում էլ եմ, որ հավատում եմ անմահությանը, ապա միայն մտքով, սիրտս, ավա՜ղ, այլ համոզմունք ունի, որի վառ ապացույցն է իմ կյանքը՝ մշտապես հոգալը զգայական կյանքի բարեկեցության համար:
Եթե սրտով հավատայի Ավետարանին՝ որպես Աստծո խոսքի, ապա ակնածանքով և երկյուղով կվերաբերվեի Նրան, գիշեր ու ցերեկ կուսումնասիրեի Այն, կսնվեի Նրանով, ինչպես ամենօրյա կերակրով և սիրով կկատարեի Նրա օրենքները և ոչ մի երկրավոր բան չէր կարող բաժանել ինձ Նրանից: Իսկ ես՝ հիմարս, ընթերցում կամ լսում եմ Ավետարանն առանց ուշադրության, անհրաժեշտությունից կամ հետաքրքրասիրությունից ելնելով, որպես թե սովորական ընթերցանություն, և մնում եմ անպտուղ: Ցավոք, աշխարհիկ գրականությունն ինձ ավելի հոգեհարազատ է և հաճելի:
4. «Դուք այնպես քայլեք, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք.կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցե՛ք միմյանց սիրով»: Եփես.4:12:
Ես լի եմ հպարտությամբ և անձնասիրությամբ: Այդ է ապացուցում իմ վարքը: Բարիք գործելիս ձգտում եմ ցուցադրել: Ինձ գերադասում եմ ուրիշներից, թեպետև արտաքուստ ձևանում եմ խոնարհ, բայց ներքուստ հիանում եմ ինձանով, ամեն բան վերագրում իմ կարողություններին` համարելով ինձ առավել ուրիշներից, ծայրահեղ դեպքում՝ նրանցից ոչ վատ, թերություններս ջանում եմ արդարացնել՝ ծածկելով անմեղության քողով, զայրանում եմ ինձ չհարգողների վրա` համարելով նրանց անկարող մարդկանց գնահատելու: Շնորհներով հպարտանում եմ, անհաջողություններն ընդունում որպես վիրավորանք: Ուրախանում եմ թշնամիներիս դժբախտությամբ, եթե որևէ լավ բանի եմ ձգտում, նրա տակ թաքնված է գովեստը, հոգևոր շահախնդրությունը, մխիթարվում եմ աշխարհիկ մխիթարությամբ: Մի խոսքով, ինքս ինձ անդադար պաշտում եմ որպես կուռք, որին և անդուլ ծառայում եմ՝ ամեն ինչում փնտրելով զգայական հագեցում, իմ անհագ կրքերի և ցանկությունների բավարարում:
Այս ամենից եզրակացնում եմ, որ ես հպարտ եմ, ինքնահավան, անհավատ, Աստծուն չսիրող և մերձավորին ատող: Կա՞ արդյոք ավելի մեղավոր վիճակ: Չար ոգիների վիճակն ավելի լավ է իմ վիճակից, թեև նրանք չեն սիրում Աստծուն, բայց գոնե հավատում են և դողում: Իսկ ես, ի՜նչ սարսափելի հատուցում է սպասվում ինձ իմ այս անհոգ և անմիտ կյանքի համար, որը ես գիտակցում եմ,
ուստի ավելի խիստ և ծանր կլինի դատապարտությունս:
«Օտարականի խոստովանությունը» գրքից: