ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք տեղեկացանք, թե ինչպիսին պետք է լինեն աղոթող համայնքը, առանձին տղամարդը, առանձին կինը, և հատկապես ի՛նչ որակներ պետք է ունենա եկեղեցու առաջնորդ եպիսկոպոսը: Առաքյալը երբ ասում է, որ եպիսկոպոսը մեկ կնոջ ամուսին թող լինի, ամենևին նկատի չունի բազմակնությունը, քանի որ մեկ կին ունենալու պատգամը հավասարապես դրված է բոլոր քրիստոնյաների վրա, ո՛չ միայն եպիսկոպոսների:
Այլ նկատի ունի այն հանգամանքը, որ եթե եպիսկոպոսը երկրորդ անգամ է ամուսնացել, նա չի կարող ընտրվել եպիսկոպոս: Պողոս առաքյալը նաև չի պարտադրում, որ անպայման պետք է ամուսնացած լինի եպիսկոպոսը, քանի որ մենք կորնթացիների նամակում կարդացինք, որ Պողոսն ասում է,- Կուզեմ, որ ամեն մարդ ի՛նձ պես լինի, այսինքն չամուսնացած: Կուսակրոնությունը ծնվել է եկեղեցու ստեղծման հետ, դա ներքին համոզում է, որը բխում է Քրիստոսի հանդեպ ունեցած սիրուց ու հավատարմությունից:
Այդպիսի նվիրյալներից էին նաև Տիտոսը և Տիմոթէոսը, որոնք ամուսնացած չէին. Եկեղեցու ձևավորման սկզբնական դարաշրջանում համայնքներում առաջնորդների կարիք շատ կար, և հրեաների մոտ ընդունված չէր չամուսնանալը, և ո՛չ էլ հեթանոսներն էին հասկանում դրա խորին խորհուրդը: Հրեաների համար սերնդագործությունը կարևոր էր, դրա համար ամուսնանում էին: Իսկ կուսակրոնությունը կոչում է, և ո՛չ պարտադրանք: Լինել մեկ կնոջ ամուսին, կարելի է նաև հասկանալ չափավորության մեկ այլ դրսևորում, որը դարձյալ առաքյալի միտքն է, որ ասում, – եթե ամուսնացած ես, այնպես ապրիր, ասես ամուսնացած չես: Այլ խոսքով եկեղեցու եպիսկոպոսը պարտավոր է անբիծ պահել իր անձը և հեղինակությունը, քանի որ նա կոչվում է Աստծու սպասավոր, այլապես սխալ վարքի դեպքում կսկսեն նրա շուրջ տարատեսակ ասեկոսեներ, որը կվնասի ո՛չ միայն միաբանությանը, այլ նաև իրեն՝, քանի որ ինքը թողնելով իր ծառայական գործերը ստիպված պետք է լինի արդարանալ, կամ փակել մարդկանց բերանները՝ հակառակը ապացուցելով: Ինչի ականատեսը մենք շատ հաճախ են լինում ցավոք սրտի: Պողոս առաքյալի նկարագրած եպիսկոպոսությունը և մերօրյա եպիսկոպոսությունը բոլորովին նման չեն իրար: Եթե Պողոս առաքյալը այսօր հայտնվեր մեր իրականության մեջ, ապա շատ պիտի զարմանար, որ որ այդքան պարզ խոսքերը ո՛չ ոք չի հասկացել՝ մեկ կնոջ ամուսին լինելու հարցում: Սա ծանր թեմա է, պետք է որ մի օր կարգավորվի այս հարցը: Պողոս առաքյալը նամակում նշում է եկեղեցական միայն երկու աստիճանների մասին՝ եպիսկոպոս և սարկավագ, սակայն իրականում այդ աստիճանները մեր եկեղեցում ավելի շատ են: Ներկայիս եկեղեցու նվիրապետական կարգը այսպիսին է՝ Կաթողիկոս, արքեպիսկոպոս, եպիսկոպոս, ծայրագույն վարդապետ, աբեղա, քահանա, սարկավագ, դպիր:
Այս աստիճաններն են, որ իրավունք ունեն եկեղեցում խորհուրդներ կատարել և մարդկանց քարոզել:
Պակաս կարևոր չէ սարկավագի պաշտոնը, որի մասին խոսում է առաքյալը: Սարկավագը մեր եկեղեցում միջնորդ է քահանայի և ժողովրդի միջև, և մենք տեսնում ենք, թե ինչքան պարտականություն ունի սարկավագը՝ Պատարագի ժամանակ:Սարկավագի պաշտոնից նույնպես պահանջվում է լինել պարկեշտ: Կարելի չէ, որ սարկավագը երկդիմի խոսող լինի. կամ՝ գինեսեր ու շահամոլ: սարկավագները նույնպես պետք է պահեն հավատի խորհուրդը՝ մաքուր խղճով: Տեսեք, թե սարկավագներից ի՛նչ է պահանջում և ի՛նչ է հրահանգում: Ցանկացած սարկավագ իր պաշտոնը կատարելուց առաջ, թող քննի իր անձը՝ եթե անմեղադրելի գտնվեն, ապա թող կատարեն իրենց պաշտոնը: Նույնը պահանջվում է սարկավագների կանանցից, որպեսզի նրանք լինենք պարկեշտ, ոչ չարախոս, և հավատարիմ՝ ամեն ինչում:
Սարկավագներին նույնպես պատվիրում է մեկ կնոջ մարդ լինել, իրենց որդիներին և իրենց տները լավ կառավարել, որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան: Նաև մեծ համարձակություն կունենան իրենց հավատի մեջ, որ ունեն ի Քրիստոս Հիսուս: Հավատի մեջ իր սիրելի որդուն գրում է այս նամակը, և նաև մխիթարում է նրան, որ ցանկությունը մեծ է իրեն տեսնելու և հույս ունի որ շուտով պիտի հանդիպեն: բայց եթե պատահի, որ իրենց հանդիպումը ուշանա, նաև վստահ է, որ Տիմոթէոսը գիտե իր անելիքը Աստծու տան մեջ, որը ճշմարտության սյունն ու հաստատությունն է: Մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ Հիսուս Քրիստոսն է, որը հայտնվեց մարմնով, արդարացավ հոգիով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով;
Սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք հատկապես ուշադրություն դարձնեք առաքյալի նամակների բովանդակությունների վրա, որտեղ Ողջույնի խոսքերից բացի, որևէ անձնական հետաքրքրություն չկա, որևէ շահադիտական հարց չկա: ամբողջ մտահոգությունը վերաբերում է համայնքի և եկեղեցում ծագած խնդիրներին:Բնական է, որ Պողոսն էլ պիտի ունենար խնդիրներ և հալածանքներ, որոնց մասին նշում է ուրախությամբ և պարծանքով, որ Քրիստոսի անվան համար է տառապում: Պողոսի կյանքը ամբողջությամբ համապատասխանում է Քրիստոսի այն խոսքին, որ ասում է, ով իր անձը չուրանա և իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, ինձ արժանի չէ: Պողոսը այդ անձնուրաց ծառայությունը մատուցեց և նաև ուսուցանեց շատերին ծառայության իսկական ձևը, որոնցից մեկն էլ իր սիրելի որդի՝ Տիմոթէոսն էր, որը ղեկավարում էր Եփեսոսի համայնքներից մեկը, որը առաքյալը Աստծու եկեղեցի է համարում:
Այն ժամանակ դեռ քարե կառույցներ ու տաճարներ չկային, և Աստծու տուն էր կոչվում այն համայնքը, որտեղ միախոհ էին Աստծու խոսքի շուրջ, սիրով էին միմյանց հետ, հնազանդ էին իրենց ծառայության մեջ: Ուրեմն նշանակություն չունի եկեղեցու մեծությունը, կամ տաճարի զարդարանքը, եթե Աստծու ժողովուրդը միաբան չէ և սեր չկա միմյանց հանդեպ: Չնայած, որ կանոնավոր կերպով հավաքվում են կիրակի օրերը, նստում են գեղեցիկ նստարանների վրա, բարձրախոսով լսում են Աստծու խոսքը, կենդանի երգչախմբի միջոցով լսում են հոգեթով շարականներ և այլն; Ոչ մի նշանակություն չունի այս բոլորը, քանի որ հավատացյալ հոտի մեջ խմորում չի առաջանում Աստծու խոսքի շուրջ, և սեր և կարեկցանք չի առաջանում միմյանց հանդեպ: Ինչո՞ւ նախկինում կար այս ամենը, իսկ հետագայում գնալով սառեց, մարեց, նվազեց, ու մեղք չի լինի ասել, թե վերջացավ:
Որովհետև Պողոս առաքյալը իր հաստատած չափանիշներին համապատասխանող եպիսկոպոս էր: Տիմոթէոսը իր նախանձախնդրությամբ չէր զիջում Պողոսին, մյուս առաքյալները իրենց անձերը ուրացած տարածում էին Աստծու խոսքը տնից տուն, քաղաքից քաղաք, երկրից երկիր: Այն ժամանակ էլ ժողովուրդը մեղքի մեջ էր, ինչպես որ անապատում քառասուն տարի: Բայց ժողովուրդը երբեք ինքնագլուխ չի մնացել, ինչպես Մովսեսի օրոք, այնպես էլ առաքյալների օրոք ու դրանից հետո: Ժողովուրդը առանց սրտացավ հոգևոր առաջնորդ՝ դատապարտված է կորստյան: Անկարելի է հոգևոր կյանքի ճանապարհը անցնել առանց հովվի: Եթե հնարավոր լիներ, որ հոտը մենակ անցներ իր ճանապարհը, ապա Տէր Հիսուս երեք անգամ չէր կրկնի Պետրոսին, թե՝ արածեցրու իմ գառներին: Այո գառները կարող են անցնել ճանապարհը միայնակ, բայց ճանապարհի ավարտին կհայտնվեն ուրիշ փարախում, որտեղ չեն լսի իրենց հովվի ծանոթ ձայնը և գայլի բաժին կդառնան: Սուրբ Հոգին մշտապես հայտնել է, որ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից, և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող հոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա: Կտարվեն ստախոսների կեղծավորությամբ, որոնք կեղծ վարդապետություններով կամենում են հոտը հեռացնել հովվից՝ կորստյան մատնելու համար:
Աստված ամեն ինչ ստեղծել է մարդու համար, որպեսզի ճշմարտությանը վերահասու եղողները գոհությամբ վայելեն, քանզի Աստծու ստեղծած ամեն բան լավ է: Բայց համայնք են ներխուժել մարդիկ, որոնք սուտ վարդապետությամբ պղտորում են մարդկանց մտքերը՝ այս կամ այն ուտելիքի վրա՝ պիղծ համարելով: Կամ ամուսնական անկողնու վրա արգելք դնելով համոզում են, որ դա է զորավոր ուժը, որը մարդուն փրկում է: Ամեն բան մաքուր է Աստծու խոսքով ու աղոթքով, իսկ մոլորեցնողներ միշտ եղել են ժողովրդի մեջ, որոնցից չափազանց զգույշ էր Պողոս առաքյալը և իրեն հետևող գործակիցներն ու աշակերտները: Պիղծ խոսքեր և պառավական առասպելներ միշտ էլ եղեն են մարդկության հենց սկզբից, բայց Պողոսը Տիմոթէոսին ասում է, դու եղիր Հիսուս Քրիստոսի մի բարի պաշտոնյա և սնվիր հավատի խոսքերով և բարի վարդապետությամբ:
Դու քեզ մարզիր աստվածապաշտությամբ, քանի որ մարմնի մարզումը քիչ օգտակարություն ունի, բայց բարի աստվածպաշտությունը ամեն բանի համար օգտակար է, և հատկապես ունի կյանքի ավետիսը՝ ինչպես այս կյանքի, այնպես էլ հանդերձյալի համար:
Սիրելիներ, տեսեք, ի՛նչ մեծ խորհուրդ կա առաքյալի այս խոսքի մեջ, որ ասում է Տիմոթէոսին, թե աստվածպաշտությունը բարի ավետիս է այս և հանդերձյալ կյանքի համար: Հավաստի են այս խոսքերը, քանի որ ամեն մարդ որ ապրում է իր կյանքը, ի՛նչ որ բան է ակնկալում կյանքից, երջանիկ է ուզում լինել, ուրախ է ուզում լինել, աշխատում է, հոգնում է հանուն ինչ որ բանի, չնայած հասնում է մարդը որոշակի բարձունքի, սակայն ուրախ չէ մարդը՝ նույնիսկ ամեն ինչ ստեղծելուց հետո: Ուրեմն ո՞ւր է գաղտնիքը: Որովհետև մարդը աստվածապաշտությամբ չի ձգտում այդ բարի ավետիսը լսելուն, թե եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կտամ ինչպես այս կյանքում, այնպես էլ հանդերձյալում: Նայենք Պողոսի օրինակին, երկրի վրա տառապեց, հալածվեց, քարկոծվեց, մահվան դատապարտվեց, երբե՛ք վայելքի մեջ չապրեց, սակայն Պողոսը կարողանում է կյանքի բարի ավետիսը փոխանցել իր ժամանակի մարդկանց, և նաև մեզ՝ այսօր: Քանի որ Պողոսի հույսը Կենդանի Աստծու վրա էր, որ Փրկիչն է բոլոր ժամանակների և բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների: Հիշո՞ւմ եք, եպիսկոպոսների մասին խոսելիս, Պողոս առաքյալն ասաց, թող նորադարձ երիտասարդը եպիսկոպոս չդառնա, որպեսզի հպարտությամբ սատանային վիճակված դատապարտության մեջ չընկնի: Բայց այստեղ տեսնում ենք, որ առաքյալը շեշտում է, որ Տիմոթէոսը երիտասարդ է, և եպիսկոպոս է, քանի որ օժտված է այդ առաքինություններով:
Երիտասարդ Տիմոթէոսը պետք է լսեր Պողոսից և պատվիրեր ու ուսուցաներ մարդկանց: ոչ ոք իրավունք չուներ արհամարհել Տիմոթէոսի խոսքերը իր երիտասարդության պատճառով, որովհետև այդ երիտասարդը օրինակ էր հավատացյալների համար՝ իր խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ: Այո, Տիմոթէոսը եպիսկոպոսն էր այդ համայնքի, բայց Պողոսը չի գրում նրան, թե սպասիր, գամ, և միասին ուսուցանենք, որպեսզի արդյունավետ լինի, այլ՝ ասում է մինչև իմ գալը ընթերցիր Աստծու խոսքը, հորդորիր և սովորեցրու հավատացյալներին: Ամեն դեպքում ո՛չ մի տեղ Սուրբ Գրքում չի նշվում, որ հավատացյալը ինքնուրույն պետք է կրթվի, այլ միշտ իր հովվի հետևից գնալով է, որ պետք է և՛ քայլի, և կրթվի և արածի դալար վայրերում՝ իր հովվի շնորհիվ: Այս գլխում մենք իմացանք, որ Տիմոթէոսին շնորհ է տրվել երեցների ձեռնադրությամբ և մարգարեությամբ:
Հիշեցնում է Տիմոթէոսին, որ հանկարծ այդ շնորհը զանց չառնի, այլ՝ հակառակը՝ հարատևի դրանում, որպեսզի նրա շնորհը հայտնի դառնա բոլորին; Բայց այդ ամենը պետք է Տիմոթէոսն աներ զգուշությամբ՝ ինչպես ուսուցման մեջ, այնպես էլ իր անձի նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետև Տիմոթէոսի օրինապահ վարքից ու խոսքից էր կախված ինչպես հոտի, այնպես իր սեփական փրկությունը: Չի ասում ուշադիր և զգույշ եղիր քո հոտի նկատմամբ, այլ՝ ասում է զգույշ եղիր քո՛ և քո՛ ուսուցման նկատմամբ: Եթե Տիմոթէոսի վարքը օրինակելի է, խոսքն ու ուսուցումը գրագետ է, ապա հոտը ինքնըստինքյան կշտկի իր կյանքը: Դա այդպես է: Ինչքան էլ որ մեր հոգևորականները հերքեն այս փաստը, հավատացյալը նայում է իր քահանայի վարքին, խոսքին, գործին, կյանքին և օրինակին: Եթե Տիմոթէոսը զգույշ չլինի իր անձին, ու կյանքին, ապա ինչպե՞ս պետք է զգույշ լինի համայնքի կյանքին; Չէ՞ որ վերևում ասաց առաքյալը, եթե եպիսկոպոսը իր տունը չկարողանա կառավարել, ինչպե՞ս պետք է կառավարի համայնքի կյանքը: Որովհետև հավատացյալներին կտանես այնտեղ, ուր ինքդ ես: Սա կարելի է հասկանալ և՛ լավ իմաստով, և՛ վատ իմաստով;
Երբեմն նամակներն ընթերցելիս այնպիսի տպավորություն ենք ստանում, կարծես Պողոս առաքյալը իր կյանքի ընթացքում երբեք չի լռել, ու երբեք էլ նույն խոսքերը չի կրկնել: Քանի որ այնքան բազմազան է իր ուսուցումը և անքան տարբեր է ամեն բնագավառին տված իր հորդորներն ու պատգամները: Համայնքներին առանձին ուսուցում է տալիս, անհատ մարդկանց առանձին դասեր է տալիս, ծերին առանձին և երիտասարդին՝ առանձին: Մի խոսքով խրատական խոսք ունի բոլոր խավերի, բոլոր տարիքների և բոլոր տեսակի մարդկանց համար: