ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Առաքյալը ևս մեկ զարմանալի բան է խնդրում Տիմոթէոսից, որպեսզի մարդիկ աղոթեն, խնդրեն, պաղատեն, գոհություն մատուցեն բոլոր մարդկանց համար, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների համար: Հիշո՞ւմ եք հռոմեացիների նամակում էլ կար այսպիսի պատգամ՝ աղոթել երկրի ղեկավարների համար: Մի՞թե Պողոս առաքյալը ղեկավարների ու թագավորների արժանիքները հաշվի առնելով էր, որ ասում էր աղոթե՛ք հատկապես նրանց համար: Բայց մենք գիտենք, որ հատկապես Պողոսի ապրած ժամանակ կառավարության գլուխն էր Ներոն կայսրը, որի վատ համբավը հայտնի էր աշխարհին: Եվ առհասարակ այդ ժամանակ բոլոր ղեկավարներն ու իշխանավորները հեթանոսներ էին: Այլ էր պարագան Բյուզանդական կայսրության, որտեղ կային քրիստոնյա ղեկավարներ, որոնց համար աղոթելը արդարացված էր:
Ի՞նչ պետք է խնդրել Աստծուց՝ աղոթքի մեջ երկրի ղեկավարների համար: Պարզ բան. որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը՝ կատարյալ աստվածպաշտությամբ և սրբությամբ: Մենք խնդրում ենք Աստծու միջնորդությունը, որպեսզի Նա ապահովի մեր հանդարտ կյանքը, քանի որ մենք անկարող ենք որևէ բան փոխել բռնակալ թագավորի օրենքների մեջ: Մեր Փրկիչ Աստծու առաջ դա հաճելի է, Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը: Ո՞րն է այդ ճշմարիտ գիտությունը:
Ճշմարիտ գիտությունն այն է, որ մե՛կ Աստված կա, և մե՛կ միջնորդ՝ Աստծու և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս մարդը, որ իրեն որպես փրկանք տվեց բոլորի համար: Առաքյալը չի ասում միայն թագավորների համար աղոթեք, այլ ասում է բոլորի համար և հա՛տկապես՝ թագավորների համար, որովհետև թագավորները առավել մեղքի ու չարության մեջ են՝ իրենց ընչաքաղցության ու անհավատության պատճառով: Սիրելիներ, մենք տեսանք, որ այս նամակը անձնական նամակ է՝ ուղղված Տիմոթէոսին, բավական խիստ պահանջներով:
Պահանջներից մեկն էլ այն է, որ տղամարդիկ ամենուր աղոթքի կանգնեն առա՛նց բարկության, առա՛նց երկմտության և հատկապես սո՛ւրբ ձեռքերը վեր բարձրացնելով: Իսկ կանանց այլ պատգամ է տալիս, ասելով,- Կանայք համեստ զարդարանքով, ակնածությամբ, և պարկեշտությամբ թող զարդարվեն. ո՛չ թե մարգարիտներով և ոսկիներով, ո՛չ թե պճնազարդ զգեստներով ու ցայտուն հագ ու կապով, այլ՝ բարի գործերով, ինչպես որ վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց: Տղամարդկանց համար անակնկալ է պատրաստել Պողոս առաքյալը: Տղամարդիկ թո՛ղ աղոթեն, իսկ կանայք համեստ հագնվեն և չաղոթե՞ն: Տղամարդկանց հագ ու կապը միթե կարևոր չէ՞: Իհարկե սա կատակի բաժին էր: Որպեսզի այս տարբերությունը մեզ հասկանալի լինի, պետք է իմանանք հրեական իրականության մեջ կնոջ դերի մասին որոշակի մանրամասներ: Չի կարելի ասել, որ կանայք ընդգրկված չէին կրոնական կյանքի մեջ, սակայն նրանց աղոթքը և հոգևոր կյանքը դրսևորվում էր տնային պայմաններում, և ո՛չ ժողովարաններում; Իսկ աղոթքի պարտականությունը առավել տղամարդկանց վրա էր դրված: Հուդայականության մեջ կնոջ դերը պակաս չէ՛ քան տղամարդունը, քանի որ շաբաթ օրվա տոնական ողջ պատրաստության պատասխանատվությունը կնոջ ուսերի վրա է:
Հավանաբար այս նկատի ունի Պողոս առաքյալը, աղոթքի և կնոջ հագ ու կապի մասին խոսելիս: Այնուհետև շարունակության մեջ տեսնում ենք, որ կնոջը պատվիրված է լռությամբ և կատարյալ հնազանդությամբ ուսանել: Իսկ հիմա առաքյալը մեծագույն խստությամբ արգելում է, որ կինը ուսուցանի, կամ էլ խոսքով իշխի տղամարդու վրա: Անշուշտ այս խոսքերը հիմնավորված են դարձյալ Սուրբ Գրքով, քանի որ նախ՝ Ադամը ստեղծվեց, ապա՝ Եվան: Ադամը չխաբվեց, այլ՝ կինը խաբվեց և հանցանք գործեց: Բայց կինը ևս մեկ կարևոր առաքելություն ունի. Նա պիտի ապրի որդեծնության համար, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ:
Գուցե առաքյալի այս տողերն էլ որոշ կանանց դուր չգան, բայց խորը վերլուծությունից հետո, յուրաքանչյուր կին կհամոզվի, որ առաքյալը շիտակ է ասում; Չնայած, որ մեր ժամանակներում կանանց դերի սահմանափակումների մասին ո՛չ ոք չի կարող խոսել, քանի որ հավասար իրավունքներից են օգտվում: Կինը որդեծնության համար է, ասելով, չի նշանակում, որ կինը ուրիշ իրավունք չունի: Իսկ մի՞թե յուրաքանչյուր կնոջ առաջին երազանքը չէ մայրանալ: Զավակ ունենալ և ողջ կյանքը նվիրել զավակներին; Մի՞թե մայրերը այլ բան են անում իրենց զավակների համար, եթե ոչ՝ անմնացորդ նվիրում:
Այո, Եվան խաբվեց: Բայց եթե կան կանայք, որոնք խորագիտությամբ կարող են չխաբվել, թող այս խոսքերը իրենց չվերագրեն; Բոլոր կանայք իրենց կյանքում մեկական օձ ունեցել են տարատեսակ փորձությունների մեջ; Հետևաբար պետք չէ ոչինչ ընդունել ծայրահեղ մոտեցմամբ: Մեղանչում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Զղջում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք; Մեղքի մեջ շարունակում են ապրել ինչպե՛ս տղամարդիկ, այնպե՛ս էլ կանայք: Կարևորը Աստծու խոսքին ականջալուր լինելն է անկախ սեռից և պատկանելությունից:
Այսօր մեր եկեղեցիներում ծեսերի ժամանակ գերակշռող մասը կանայք են, աղոթողների մեծամասնությունը կանա՛ք են, եկեղեցական կյանքի մեջ կանայք ավելի պատրաստակամ են, ավելի գործունյա են: Ուղղակի եկեղեցու մեջ կինը քարոզելու իրավունք չունի: Բայց դա չի նշանակում, որ նա իրավունք չունի տանը իր երեխաներին, կամ իր նման կանանց մի բան սովորեցնի, եթե ունի այդ շնորհը և գիտելիքը: Հիշո՞ւմ եք հռոմեացիների նամակի մեջ կարդացինք, որ այր ու կին ինչպես էին միասին քարոզում և բացատրում Աստծու խոսքը և Պողոս առաքյալը խորին հարգանքով էր խոսում նրանց հասցեին: Իսկ ինչ վերաբերում է այն խոսքին, որ առաքյալն ասում է, ես թույլ չե՛մ տալիս, որ կին արարածը խոսքով իշխի տղամարդու վրա, կարծում եմ այս պատգամի հետ բոլորն են համաձայն :
Չեք առարկի, եթե ասեմ, որ կնոջ հմայքը և գեղեցկությունը նաև նրա ցածր ձայնի ու խոնարհության մեջ է: Առաջին և երկրորդ գլուխների մեջ առաքյալը նախ պատվիրեց աղոթել միմյանց և բոլոր մարդկանց համար, հա՛տկապես թագավորների համար, որպեսզի նրանք խաղաղության և հանդարտության օրենքներ ընդունեն և ժողովուրդը խաղաղ ապրի: Երկրորդ գլխի պատգամը վերաբերում է կնոջ և տղամարդու իրավունքների և պարտականությունների կատարմանը, բայց յուրաքանչյուրը իր չափի ու սահմանի մեջ: Երրորդ գլուխը վերաբերում է եպիսկոպոսներին և հոգևոր սպասավորներին: Տիմոթէոսը Եփեսոսի եկեղեցու գլխավոր պատասխանատուն էր, հավանաբար արդեն եպիսկոպոսը, և այս հրահանգները ուղղված են նրան, որպեսզի իմանա նաև իր պարտականությունները՝ հոգևոր գործունեության մեջ:
Առաքյալը գրում է իր սիրելի Տիմոթէոսին,- Հավաստի է այս խոսքը, թե՝ ով եպիսկոպոսության է ձգտում, ձգտում է բարի գործի, և միանգամից թվարկում է այն չափանիշները, որոնք պետք է ունենա եպիսկոպոսը, որը ձգտում է այդ պաշտոնին: Նախ՝ պետք է անարատ լինի, մե՛կ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, ոչ նախատող, ոչ բռնացող, ոչ կռվազան, ո՛չ փողասեր, այլ՝ այնպիսին, որը իր տան համար լավ վերակացու կլինի, ունենա որդիներ, որոնք հնազանդության մեջ լինեն կատարյալ պարկեշտությամբ; Սիրելիներ, տեսա՞ք, թե առաքյալը ինչպես պատասխանեց նրա՛ն, որը ձգտում է դառնալ եպիսկոպոս: Եթե մեկը այս չափանիշները իմանալով հանդերձ, նորից կամենա կամ ձգտի եպիսկոպոսության, ուրեմն նրա նպատակը իրապես Աստծուն ծառայելն է, ո՛չ թե վայելել պաշտոնի բարիքները և սեփական փառքը:
Պողոս առաքյալը այլ դերում չի՛ տեսնում եպիսկոպոսին, քանի որ եպիսկոպոսը բարձր պաշտոն է, հետևաբար մեծ պատասխանատվություն է ենթադրում: Պողոս առաքյալն ասում է, թե՝ բարի գործ է անում նա, ով ձգտում է եպիսկոպոս դառնալ, իսկ մեր Գրիգոր աստվածաբանն ասում է,- Նախանձելի և վտանգավոր բարձրություն է եպիսկոպոսական աստիճանը: Նախանձելի է, որովհետև շատերն են ձգտում: Վտանգավոր է, քանի որ այդ բարձրությանից ընկնելուց ոսկորներն են փշրվում և մարդը չի փրկվում: Ուրեմն ո՞վ կհամարձակվի ձգտել այս պաշտոնին, իմանալով սրա վտանգավոր ու գայթակղիչ կողմերը: Բայց պարզվում է, որ ձգտողները շատ են՝ նույնիսկ այն պարագայում, երբ առաքյալի նշած չափանիշներին բացարձակ չեն համապատասխանում:
Պարզ հարց է տալիս առաքյալը,- եթե մեկը իր տունը կառավարել չիմանա, Աստծու եկեղեցուն ինչպե՞ս խնամակալ կլինի: Այսւնքն, եթե եպիսկոպոսը իր անձը կառավարել չգիտի, նա չի՛ կարող կառավարել Աստծու տունը, և Աստծու հոտը: Եպիսկոպոսի պաշտոնը ըստ Պողոս առաքյալի, չի կարելի վստահել ամեն պատահական մարդու, որը ցանկանում է, քանի որ նա պետք է ուսուցանելու ընդունակ լինի, փողասեր չլինի, փառասեր: Սակայն այս պաշտոնը եթե պատահաբար հայտնվի նորադարձ մեկի ձեռքում, ապա ինչպես առաքյալն է ասում, գոռոզանալով, սատանային վիճակված դատապարտության մեջ կընկնի: Եպիսկոպոսը բարի համբավ պետք է ունենա իր ապրած վայրում, ինչպես որ Տիմոթէոսի համար մարգարեություններ կար նախօրոք արված՝ իր հավատքի ու վարքի մասին:
Եթե Եպիսկոպոսը ընկնի նախատինքի տակ՝ իր վատ վարքի համար, մեծ կլինի վնասը և կորուստը՝ հավատացյալ հոտի համար: Պողոս առաքյալը նաև նշում է, որ եպիսկոպոսը պետք է լինի անարատ և մե՛կ կնոջ մարդ: Իսկ սա նշանակում է, որ նախկինում եպիսկոպոսը եղել է ամունացյալ, ինչը ավելի ճիշտ է, քանի լինել չամուսնացյալ և անօրինական կապերի մեջ լինել ուրիշների կանանց հետ՝ դարձյալ ըստ Պողոս առաքյալի խոսքի, գերի լինել կրքերին: Պողոս առաքյալի պահանջները այս պաշտոնի համար երբեք հեռու չէր Տիմոթեոսի հոգևոր նկարագրից: Նաև մեկ այլ կարևոր հանգամանք կա այս նկարագրության մեջ: Առաքյալը այնպիսի համարձակությամբ և վստահությամբ է նկարագրում եպիսկոպոսի չափանիշերը, որ ընթերցողը միանգամից իր աչքի առջև տեսնում է Աստծու սպասավոր և ծառա, եկեղեցու նվիրյալ պատասխանատու, հավատացյալի հոտի հոգևոր հայր, հոտի համար կյանքը չխնայող Քրիստոսի հավատարիմ զինվոր, ո՛չ թե թանկարժեք հագուստներով զարդարված և անսիրտ մի պաշտոնյա, որին կարելի է հանդիպես եկեղեցիներում՝ միայն մեծ տոներին, այն էլ առանց պատգամի: Առաջին պայմանը որ պետք է ունենա եպիսկոպոսը, և առաքյալն էլ դա առաջինը համարեց, անարատությունն է: Իսկ անարատ բառը իր մեջ պարունակում է մնացած բոլոր առաքինությունները: Այսինքն երբ լսում ենք անարատ բառը, առաջինը, որ մեր աչքի առջև է գալիս, Հիսուս Քրիստոսի կյանքն է: Հետևաբար, եթե եպիսկոպոսը երկրի վրա խորհրդանշում է Քրիստոսի վարդապետությունը հանձն առած մի առաքյալի դեր, ուրեմն հոտը ակնկալում է նրանից՝ լավագույն օրինակ, ուսուցում, խրատ, դաստիարակություն, հետևողականություն, հեռու հպարտությունից, դրամից, փառքից և այլն:
Ուրեմն իրոք հավաստի է առաքյալի խոսքը, որն ասում է,- ո՛վ եպիսկոպոսության է ձգտում, բարի գործի է ձգտում, եթե ունի վերը նշված առաքինությունները: Իսկ եթե օժտված է ուրիշ՝ մարմնավոր արժեքներով, և նպատակը Աստծուն ծառայելը չէ, և ժողովրդին խնամելը չէ, ապա լավ կլինի որ այդպիսի եկեղեցում չհայտնվի: Սիրելիներ, Պողոս առաքյալին Քրիստոսն է ձեռնադրել, իսկ Տիմոթէոսին Պողոս առաքյալն է ձեռնադրել: Մենք այս պատգամները, որ կարդում ենք, կարելի է ասել կարդում ենք առաջին ձեռքից, ասել է թե հեղինակից, և այն բացարձակ անխախտ ճշմարտություն է: Շատ պարզ է առաքյալի պահանջը եպիսկոպոսի վերաբերյալ: Առաքյալը չի բացառում, որ եկեղեցու եպիսկոպոսը կարող է մեղանչել և մի օր նրա մասին ամբաստանություն լսվի մարդկանց մեջ։
Ուստի պատվիրում է Տիմոթէոսին՝ մեղանչողին հանդիմանե՛լ բոլորի առաջ, որպեսզի մյուսները վախենան: Բացի պատվիրելուց, նաև պարտավորեցնում է, որ այդ բանը անի առանց աչառությամբ; Ես ձեզ նորից եմ կրկնում, որ այս խոսքերը ասում է Քրիստոսի ընտրյալ՝ Պողոս առաքյալը: Հիմա վերադառնանք մեր իրականություն, և տեսնենք, որ այս պատվիրանը սխալ է հասկացվել հենց եկեղեցում: Երբ որևէ բարձրաստիճան հոգևորականի վերաբերյալ ամբաստանություն է լինում, քննադատության դեպքում անմիջապես հայտնվում են ,,ուղղափառ փարիսեցիներ,, և ասում են,- Աստծու օծյալին չի՛ կարելի քննադատել: Բայց Պողոս առաքյալն ասում է հանդիմանի՛ր բոլորի առաջ, որ մյուսները վախենան: Սիրելիներ, մենք մանրամասն ծանոթացանք այրիների կարգավիճակին և հիշում եք, որ առաքյալն ասաց, եթե այրին թաքնվում է իր ,,այրի,, անվան տակ և անբարո կյանքով է ապրում, ապա նա մեռած է նույնիսկ կենդանի վիճակում: Հիմա ըստ Պողոս առաքյալի, եթե եպիսկոպոսը թաքնվում է իր ,,կուսակրոնության,, հետևում և անբարո կյանք է վարում, ուրեմն նա մեռած է, թեկուզ ապրում է; Ո՞րն է նպատակը մեղքի բացահայտման: Որպեսզի մարդը մեղքի մեջ մնալով կորստյան չմատնվի: Պողոսի մեղավոր կյանքը միշտ վառ ապացույց է ամեն ինչ լավ հասկանալու համար: Տէր Հիսուս հայտնաբերեց Պողոսին՝ մեղքի մեջ եղած ժամանակ և Պողոսը փրկվեց; Իսկ քահանայապետները ծածկեցին ու հովանավորեցին Հուդայի մեղքը՝ Հուդա կորստյան մատնվեց:
Հարգանքս բոլոր բարեպաշտ եպիսկոպոսներին, բայց մեր եկեղեցում եպիսկոպոսաց դասը շատ հեռու է Պողոս առաքյալի ձեռնադրած եպիսկոպոսներից; Ուրեմն հորդորենք մեր եպիսկոպոսներին, որ նորից կարդան Պողոսի թղթերը և զգուշանան նրա պատգամից: Նաթան մարգարեն էլ Դավթին հանդիմանեց ո՛չ միայն իր կատարած շնության մեղքի համար, այլ՝ հատկապես այն բանի համար, որ Դավթի արարքի պատճառով Աստծու անունը զուր տեղը մարդիկ իրենց բերանն առան, ասելով, սա Աստծու օծյալը չէ՞: Դավիթն էլ Աստծու օծյալ էր, բայց ոչինչ չխանգարեց, որ Նաթան մարգարեն հանդիմանի նրան և մենք այսօր իմանաք այն մասին և զգուշանանք: Ուրեմն Աստծու սպասավորը պետք է նա՛խ բարձր պահի իր ձեռնադրության պատիվն ու արժեքը, ապա՝ իր հեղինակությունը՝ մարդկանց մեջ, որովհետև մարդիկ առավել օրինակին են հետևում, քան խոսքին;
Սիրելիներ, առաքյալը չորս կարևոր կետերի անդրադարձավ Տիմոթէոսին ուղղված նամակի մեջ, որոնց վերաբերյալ լուծումները աղերս ունեն նաև մեր օրերի եկեղեցու սպասավորների և համայնքի հավատացյալների հետ: Այստեղ ավարտենք մեր միտքը, մեր լսածը սերտենք, մեզ տեսնենք այդ բացթողումների մեջ, մինչև վաղվա հրահանգները լսելը՝ մեր սիրելի Պողոս առաքյալից:
Կարդա՛նք իմաստնանալու համար, Գործադրի՛ենք սրբանալու համար…
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները
և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ: Աստված իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներին Քո ողորմությամբ, Քեզ եմ վստահում իմ անձը: Դու հոգա և պատրաստիր հոգուս և մարմնիս բոլոր կարիքները, այսուհետև մինչև հավիտյան: ԱՄԵՆ: