ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք տեղեկացանք, թե ինչպիսին պետք է լինեն աղոթող համայնքը, առանձին տղամարդը, առանձին կինը, և հատկապես ի՛նչ որակներ պետք է ունենա եկեղեցու առաջնորդ եպիսկոպոսը: Առաքյալը երբ ասում է, որ եպիսկոպոսը մեկ կնոջ ամուսին թող լինի, ամենևին նկատի չունի բազմակնությունը, քանի որ մեկ կին ունենալու պատգամը հավասարապես դրված է բոլոր քրիստոնյաների վրա, ո՛չ միայն եպիսկոպոսների:
Այլ նկատի ունի այն հանգամանքը, որ եթե եպիսկոպոսը երկրորդ անգամ է ամուսնացել, նա չի կարող ընտրվել եպիսկոպոս: Պողոս առաքյալը նաև չի պարտադրում, որ անպայման պետք է ամուսնացած լինի եպիսկոպոսը, քանի որ մենք կորնթացիների նամակում կարդացինք, որ Պողոսն ասում է,- Կուզեմ, որ ամեն մարդ ի՛նձ պես լինի, այսինքն չամուսնացած: Կուսակրոնությունը ծնվել է եկեղեցու ստեղծման հետ, դա ներքին համոզում է, որը բխում է Քրիստոսի հանդեպ ունեցած սիրուց ու հավատարմությունից:
Այդպիսի նվիրյալներից էին նաև Տիտոսը և Տիմոթէոսը, որոնք ամուսնացած չէին. Եկեղեցու ձևավորման սկզբնական դարաշրջանում համայնքներում առաջնորդների կարիք շատ կար, և հրեաների մոտ ընդունված չէր չամուսնանալը, և ո՛չ էլ հեթանոսներն էին հասկանում դրա խորին խորհուրդը: Հրեաների համար սերնդագործությունը կարևոր էր, դրա համար ամուսնանում էին: Իսկ կուսակրոնությունը կոչում է, և ո՛չ պարտադրանք: Լինել մեկ կնոջ ամուսին, կարելի է նաև հասկանալ չափավորության մեկ այլ դրսևորում, որը դարձյալ առաքյալի միտքն է, որ ասում, – եթե ամուսնացած ես, այնպես ապրիր, ասես ամուսնացած չես: Այլ խոսքով եկեղեցու եպիսկոպոսը պարտավոր է անբիծ պահել իր անձը և հեղինակությունը, քանի որ նա կոչվում է Աստծու սպասավոր, այլապես սխալ վարքի դեպքում կսկսեն նրա շուրջ տարատեսակ ասեկոսեներ, որը կվնասի ո՛չ միայն միաբանությանը, այլ նաև իրեն՝, քանի որ ինքը թողնելով իր ծառայական գործերը ստիպված պետք է լինի արդարանալ, կամ փակել մարդկանց բերանները՝ հակառակը ապացուցելով: Ինչի ականատեսը մենք շատ հաճախ են լինում ցավոք սրտի: Պողոս առաքյալի նկարագրած եպիսկոպոսությունը և մերօրյա եպիսկոպոսությունը բոլորովին նման չեն իրար: Եթե Պողոս առաքյալը այսօր հայտնվեր մեր իրականության մեջ, ապա շատ պիտի զարմանար, որ որ այդքան պարզ խոսքերը ո՛չ ոք չի հասկացել՝ մեկ կնոջ ամուսին լինելու հարցում: Սա ծանր թեմա է, պետք է որ մի օր կարգավորվի այս հարցը: Պողոս առաքյալը նամակում նշում է եկեղեցական միայն երկու աստիճանների մասին՝ եպիսկոպոս և սարկավագ, սակայն իրականում այդ աստիճանները մեր եկեղեցում ավելի շատ են: Ներկայիս եկեղեցու նվիրապետական կարգը այսպիսին է՝ Կաթողիկոս, արքեպիսկոպոս, եպիսկոպոս, ծայրագույն վարդապետ, աբեղա, քահանա, սարկավագ, դպիր:
Այս աստիճաններն են, որ իրավունք ունեն եկեղեցում խորհուրդներ կատարել և մարդկանց քարոզել:
Պակաս կարևոր չէ սարկավագի պաշտոնը, որի մասին խոսում է առաքյալը: Սարկավագը մեր եկեղեցում միջնորդ է քահանայի և ժողովրդի միջև, և մենք տեսնում ենք, թե ինչքան պարտականություն ունի սարկավագը՝ Պատարագի ժամանակ:Սարկավագի պաշտոնից նույնպես պահանջվում է լինել պարկեշտ: Կարելի չէ, որ սարկավագը երկդիմի խոսող լինի. կամ՝ գինեսեր ու շահամոլ: սարկավագները նույնպես պետք է պահեն հավատի խորհուրդը՝ մաքուր խղճով: Տեսեք, թե սարկավագներից ի՛նչ է պահանջում և ի՛նչ է հրահանգում: Ցանկացած սարկավագ իր պաշտոնը կատարելուց առաջ, թող քննի իր անձը՝ եթե անմեղադրելի գտնվեն, ապա թող կատարեն իրենց պաշտոնը: Նույնը պահանջվում է սարկավագների կանանցից, որպեսզի նրանք լինենք պարկեշտ, ոչ չարախոս, և հավատարիմ՝ ամեն ինչում:
Սարկավագներին նույնպես պատվիրում է մեկ կնոջ մարդ լինել, իրենց որդիներին և իրենց տները լավ կառավարել, որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան: Նաև մեծ համարձակություն կունենան իրենց հավատի մեջ, որ ունեն ի Քրիստոս Հիսուս: Հավատի մեջ իր սիրելի որդուն գրում է այս նամակը, և նաև մխիթարում է նրան, որ ցանկությունը մեծ է իրեն տեսնելու և հույս ունի որ շուտով պիտի հանդիպեն: բայց եթե պատահի, որ իրենց հանդիպումը ուշանա, նաև վստահ է, որ Տիմոթէոսը գիտե իր անելիքը Աստծու տան մեջ, որը ճշմարտության սյունն ու հաստատությունն է: Մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ Հիսուս Քրիստոսն է, որը հայտնվեց մարմնով, արդարացավ հոգիով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով; Սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք հատկապես ուշադրություն դարձնեք առաքյալի նամակների բովանդակությունների վրա, որտեղ Ողջույնի խոսքերից բացի, որևէ անձնական հետաքրքրություն չկա, որևէ շահադիտական հարց չկա: ամբողջ մտահոգությունը վերաբերում է համայնքի և եկեղեցում ծագած խնդիրներին:Բնական է, որ Պողոսն էլ պիտի ունենար խնդիրներ և հալածանքներ, որոնց մասին նշում է ուրախությամբ և պարծանքով, որ Քրիստոսի անվան համար է տառապում: Պողոսի կյանքը ամբողջությամբ համապատասխանում է Քրիստոսի այն խոսքին, որ ասում է, ով իր անձը չուրանա և իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, ինձ արժանի չէ: Պողոսը այդ անձնուրաց ծառայությունը մատուցեց և նաև ուսուցանեց շատերին ծառայության իսկական ձևը, որոնցից մեկն էլ իր սիրելի որդի՝ Տիմոթէոսն էր, որը ղեկավարում էր Եփեսոսի համայնքներից մեկը, որը առաքյալը Աստծու եկեղեցի է համարում:
Այն ժամանակ դեռ քարե կառույցներ ու տաճարներ չկային, և Աստծու տուն էր կոչվում այն համայնքը, որտեղ միախոհ էին Աստծու խոսքի շուրջ, սիրով էին միմյանց հետ, հնազանդ էին իրենց ծառայության մեջ: Ուրեմն նշանակություն չունի եկեղեցու մեծությունը, կամ տաճարի զարդարանքը, եթե Աստծու ժողովուրդը միաբան չէ և սեր չկա միմյանց հանդեպ: Չնայած, որ կանոնավոր կերպով հավաքվում են կիրակի օրերը, նստում են գեղեցիկ նստարանների վրա, բարձրախոսով լսում են Աստծու խոսքը, կենդանի երգչախմբի միջոցով լսում են հոգեթով շարականներ և այլն; Ոչ մի նշանակություն չունի այս բոլորը, քանի որ հավատացյալ հոտի մեջ խմորում չի առաջանում Աստծու խոսքի շուրջ, և սեր և կարեկցանք չի առաջանում միմյանց հանդեպ: Ինչո՞ւ նախկինում կար այս ամենը, իսկ հետագայում գնալով սառեց, մարեց, նվազեց, ու մեղք չի լինի ասել, թե վերջացավ:
Որովհետև Պողոս առաքյալը իր հաստատած չափանիշներին համապատասխանող եպիսկոպոս էր: Տիմոթէոսը իր նախանձախնդրությամբ չէր զիջում Պողոսին, մյուս առաքյալները իրենց անձերը ուրացած տարածում էին Աստծու խոսքը տնից տուն, քաղաքից քաղաք, երկրից երկիր: Այն ժամանակ էլ ժողովուրդը մեղքի մեջ էր, ինչպես որ անապատում քառասուն տարի: Բայց ժողովուրդը երբեք ինքնագլուխ չի մնացել, ինչպես Մովսեսի օրոք, այնպես էլ առաքյալների օրոք ու դրանից հետո: Ժողովուրդը առանց սրտացավ հոգևոր առաջնորդ՝ դատապարտված է կորստյան: Անկարելի է հոգևոր կյանքի ճանապարհը անցնել առանց հովվի: Եթե հնարավոր լիներ, որ հոտը մենակ անցներ իր ճանապարհը, ապա Տէր Հիսուս երեք անգամ չէր կրկնի Պետրոսին, թե՝ արածեցրու իմ գառներին: Այո գառները կարող են անցնել ճանապարհը միայնակ, բայց ճանապարհի ավարտին կհայտնվեն ուրիշ փարախում, որտեղ չեն լսի իրենց հովվի ծանոթ ձայնը և գայլի բաժին կդառնան: Սուրբ Հոգին մշտապես հայտնել է, որ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից, և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող հոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա: Կտարվեն ստախոսների կեղծավորությամբ, որոնք կեղծ վարդապետություններով կամենում են հոտը հեռացնել հովվից՝ կորստյան մատնելու համար:
Աստված ամեն ինչ ստեղծել է մարդու համար, որպեսզի ճշմարտությանը վերահասու եղողները գոհությամբ վայելեն, քանզի Աստծու ստեղծած ամեն բան լավ է: Բայց համայնք են ներխուժել մարդիկ, որոնք սուտ վարդապետությամբ պղտորում են մարդկանց մտքերը՝ այս կամ այն ուտելիքի վրա՝ պիղծ համարելով: Կամ ամուսնական անկողնու վրա արգելք դնելով համոզում են, որ դա է զորավոր ուժը, որը մարդուն փրկում է: Ամեն բան մաքուր է Աստծու խոսքով ու աղոթքով, իսկ մոլորեցնողներ միշտ եղել են ժողովրդի մեջ, որոնցից չափազանց զգույշ էր Պողոս առաքյալը և իրեն հետևող գործակիցներն ու աշակերտները: Պիղծ խոսքեր և պառավական առասպելներ միշտ էլ եղեն են մարդկության հենց սկզբից, բայց Պողոսը Տիմոթէոսին ասում է, դու եղիր Հիսուս Քրիստոսի մի բարի պաշտոնյա և սնվիր հավատի խոսքերով և բարի վարդապետությամբ:
Դու քեզ մարզիր աստվածապաշտությամբ, քանի որ մարմնի մարզումը քիչ օգտակարություն ունի, բայց բարի աստվածպաշտությունը ամեն բանի համար օգտակար է, և հատկապես ունի կյանքի ավետիսը՝ ինչպես այս կյանքի, այնպես էլ հանդերձյալի համար: Սիրելիներ, տեսեք, ի՛նչ մեծ խորհուրդ կա առաքյալի այս խոսքի մեջ, որ ասում է Տիմոթէոսին, թե աստվածպաշտությունը բարի ավետիս է այս և հանդերձյալ կյանքի համար: Հավաստի են այս խոսքերը, քանի որ ամեն մարդ որ ապրում է իր կյանքը, ի՛նչ որ բան է ակնկալում կյանքից, երջանիկ է ուզում լինել, ուրախ է ուզում լինել, աշխատում է, հոգնում է հանուն ինչ որ բանի, չնայած հասնում է մարդը որոշակի բարձունքի, սակայն ուրախ չէ մարդը՝ նույնիսկ ամեն ինչ ստեղծելուց հետո: Ուրեմն ո՞ւր է գաղտնիքը: Որովհետև մարդը աստվածապաշտությամբ չի ձգտում այդ բարի ավետիսը լսելուն, թե եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կտամ ինչպես այս կյանքում, այնպես էլ հանդերձյալում: Նայենք Պողոսի օրինակին, երկրի վրա տառապեց, հալածվեց, քարկոծվեց, մահվան դատապարտվեց, երբե՛ք վայելքի մեջ չապրեց, սակայն Պողոսը կարողանում է կյանքի բարի ավետիսը փոխանցել իր ժամանակի մարդկանց, և նաև մեզ՝ այսօր: Քանի որ Պողոսի հույսը Կենդանի Աստծու վրա էր, որ Փրկիչն է բոլոր ժամանակների և բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների: Հիշո՞ւմ եք, եպիսկոպոսների մասին խոսելիս, Պողոս առաքյալն ասաց, թող նորադարձ երիտասարդը եպիսկոպոս չդառնա, որպեսզի հպարտությամբ սատանային վիճակված դատապարտության մեջ չընկնի: Բայց այստեղ տեսնում ենք, որ առաքյալը շեշտում է, որ Տիմոթէոսը երիտասարդ է, և եպիսկոպոս է, քանի որ օժտված է այդ առաքինություններով:
Երիտասարդ Տիմոթէոսը պետք է լսեր Պողոսից և պատվիրեր ու ուսուցաներ մարդկանց: ոչ ոք իրավունք չուներ արհամարհել Տիմոթէոսի խոսքերը իր երիտասարդության պատճառով, որովհետև այդ երիտասարդը օրինակ էր հավատացյալների համար՝ իր խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ: Այո, Տիմոթէոսը եպիսկոպոսն էր այդ համայնքի, բայց Պողոսը չի գրում նրան, թե սպասիր, գամ, և միասին ուսուցանենք, որպեսզի արդյունավետ լինի, այլ՝ ասում է մինչև իմ գալը ընթերցիր Աստծու խոսքը, հորդորիր և սովորեցրու հավատացյալներին: Ամեն դեպքում ո՛չ մի տեղ Սուրբ Գրքում չի նշվում, որ հավատացյալը ինքնուրույն պետք է կրթվի, այլ միշտ իր հովվի հետևից գնալով է, որ պետք է և՛ քայլի, և կրթվի և արածի դալար վայրերում՝ իր հովվի շնորհիվ: Այս գլխում մենք իմացանք, որ Տիմոթէոսին շնորհ է տրվել երեցների ձեռնադրությամբ և մարգարեությամբ:
Հիշեցնում է Տիմոթէոսին, որ հանկարծ այդ շնորհը զանց չառնի, այլ՝ հակառակը՝ հարատևի դրանում, որպեսզի նրա շնորհը հայտնի դառնա բոլորին; Բայց այդ ամենը պետք է Տիմոթէոսն աներ զգուշությամբ՝ ինչպես ուսուցման մեջ, այնպես էլ իր անձի նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետև Տիմոթէոսի օրինապահ վարքից ու խոսքից էր կախված ինչպես հոտի, այնպես իր սեփական փրկությունը: Չի ասում ուշադիր և զգույշ եղիր քո հոտի նկատմամբ, այլ՝ ասում է զգույշ եղիր քո՛ և քո՛ ուսուցման նկատմամբ: Եթե Տիմոթէոսի վարքը օրինակելի է, խոսքն ու ուսուցումը գրագետ է, ապա հոտը ինքնըստինքյան կշտկի իր կյանքը: Դա այդպես է: Ինչքան էլ որ մեր հոգևորականները հերքեն այս փաստը, հավատացյալը նայում է իր քահանայի վարքին, խոսքին, գործին, կյանքին և օրինակին: Եթե Տիմոթէոսը զգույշ չլինի իր անձին, ու կյանքին, ապա ինչպե՞ս պետք է զգույշ լինի համայնքի կյանքին; Չէ՞ որ վերևում ասաց առաքյալը, եթե եպիսկոպոսը իր տունը չկարողանա կառավարել, ինչպե՞ս պետք է կառավարի համայնքի կյանքը: Որովհետև հավատացյալներին կտանես այնտեղ, ուր ինքդ ես: Սա կարելի է հասկանալ և՛ լավ իմաստով, և՛ վատ իմաստով;
Երբեմն նամակներն ընթերցելիս այնպիսի տպավորություն ենք ստանում, կարծես Պողոս առաքյալը իր կյանքի ընթացքում երբեք չի լռել, ու երբեք էլ նույն խոսքերը չի կրկնել: Քանի որ այնքան բազմազան է իր ուսուցումը և անքան տարբեր է ամեն բնագավառին տված իր հորդորներն ու պատգամները: Համայնքներին առանձին ուսուցում է տալիս, անհատ մարդկանց առանձին դասեր է տալիս, ծերին առանձին և երիտասարդին՝ առանձին: Մի խոսքով խրատական խոսք ունի բոլոր խավերի, բոլոր տարիքների և բոլոր տեսակի մարդկանց համար:
Տիմոթէոսին հրահանգներ է տալիս նաև ծերերի համար, որպեսզի նրանց խստությամբ չհանդիմանի, այլ վարվի այնպե՛ս, ինչպե՛ս որ կվարվեր իր հարազատ հոր հետ: Երիտասարդների հետ,- ասում է,- վարվիր ինչպես քո եղբայրը: Պառավներին ընդունիր որպես մայրեր, իսկ դեռատի կանանց՝ որպես քույրեր՝ և չի մոռանում հիշեցնել՝ ընդունիր կատարյալ մաքրությամբ; Ո՛չ ոք դուրս չի մնում Պողոս առաքյալի ուշադրությունից, և նույնը պահանջում է իր սիրելի Տիմոթէոս եղբորից: բնական է, որ մի եկեղեցու մեջ կան այս նշված բոլոր տարիքի ու սեռի մարդիկ, չի բացառվում նա՛և, որ համայնքի մեջ լինեն նաև այրիներ, որոնք նույնպես չպետք է վրիպեն հովվի ուշադրությունից:
Այստեղ կանգ առնենք, քանի որ մենք այս պատվիրանի մեջ անհասկացողություն ունենք: Առաքյալը հստակ ասում է,- Հարգի՛ր այն այրիներին, որոնք իսկապե՛ս այրիներ են: Սակայն կան այրիներ, որոնք ունեն որդիներ, թոռներ: Այս դեպքում թող իրենց զավակները սովորեն հոգ տանել իրենց այրի ծնողի համար, որովհետև նախ՝ ծնողն է հոգ տարել իր զավակների համար, իսկ հիմա հարկ է, որ զավակը հոգ տանի ծնողի համար: Որովհետև դա հաճելի է Աստծու առջև: Տեսա՞ք, որ նույնիսկ ողորմությունը կուրորեն պետք չէ անել, անի որ պետք հնարավորություն տալ զավակներին՝ Աստծու հաճելի բան անել, օգնելով իրենց ծնողին; Այ՛լ է պարագան այրիի, որը ո՛չ ոք չունի, և՛ այլ է պարագան՝ այն այրիի, որոնք զավակներ ու թոռներ ունի: Միայնակ այրին պետք է տրվի աղոթքի և հույսը դնի Աստծու վրա՝ գիշեր- ցերեկ աղաչանքով ու պաղատանքով, և ոչ թե մարդկանց վրա; Աստված կհոգա այսպիսի մեկի կարիքները՝ մեկ այլ մարդու խղճի միջոցով: Մենք գիտենք, որ այրիների կյանքը դժվարանում է, եր կորցնում են իրենց ամուսիններին, իսկ իրենք այն ժամանակ որևէ նպաստ կամ օգնություն չէին ստանում պետությունից: Հիմա ամփոփենք առաքյալի միտքը՝ մեզ հասկանալի լեզվով: Կան այրիներ, որոնք իսկապես այրիներ են, և պետք է տրվեն աղոթքի և Աստծու վրա դնեն իրենց հույսը: Կան այրիներ, որոնք ունեն զավակներ և թոռներ, թող նրանց զավակները հոգան իրենց ծնողի կարիքը և այդ պարտականությունը համայնքի վրա չդնեն:
Զավակի խնամքը ծնողի հանդեպ՝ հաճելի է Աստծուն: Կա՛ նաև մեկ այլ տեսակ այրի, որի համար Պողոս առաքյալը շատ խիստ խոսք է ասում: Ո՞վ է այս այրին, և ինչ է ասում առաքյալը նրա մասին; Ասում է.- Իսկ մեղկասեր այրին կենդանի լինելով հանդերձ մեռա՛ծ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա այն այրին է, որի ամուսին մահացել է, իսկ ինքը տրվել է անառակ կյա նքի, սակայն քողարկված է այրու անվան տակ, որպեսզի համայնքից օգտվի և ապրի: Այսինքն կամենում է օգտվել ,,այրի,, հարգալից անունից, բայց չի կամենում նեղություն պատճառել իրեն՝ Աստծու պատվիրանների կատարման մեջ, կամ գոնե բարոյական կյանքով հաճելի լինել Աստծուն: Իրական այրին ամուսնուն կորցնելուց հետո, գտնում է Աստծուն, որպեսզի նրան ծառայի ողջ հոգով, հույսը՝ հավիտենականության վրա դնելով:
Տեսե՛ք, սիրելիներ, որ այս տեսակին օգնելուց բացի, մեռա՛ծ է համարում առաքյալը՝ իր վարքի համար: Փառք Քեզ Տէր Աստված, Պողոս առաքյալի համար, որ ամեն մութ անկյուն լուսաբանում է մեզ համար, հեշտացնելով մեր կյանքը և մեր անելիքը, որտեղ երբեմն մոլորվում ենք մեր անելիքների մեջ: Առաքյալը անարատություն է ակնկալում ինչպես եպիսկոպոսից, այնպես էլ երիտասարդից, այրուց ու ամուսնացյալից: Իսկ այն մարդիկ, որոնք իրենց հարազատին, ծնողին. բարեկամին և հատկապես ընտանիքին խնամք չեն տանում, այդպիսիք ավելի վատ ու չար են, քան անհավատները: Այրի կարող էր համարվել այն այրին, որը 60 տարեկանից պակաս չէ, մեկ մարդու կին է եղել, ու բարի գործերով է վկայվել, երեխաներ է մեծացրել, հյուրեր է ընդունել, սրբերի ոտքերն է լվացել, նեղության մեջ եղողներին է հասել, և բարի գործերի է հետամուտ եղել: Ահա իսկական այրի կնոջ նկարագիր՝ ըստ Պողոս առաքյալի: Սակայն այլ է պարագան՝ երիտասարդ այրի կանանց: Առաքյալը խորհուրդ է տալիս նրանց, որպեսզի հեշտասիրությամբ չզբաղվեն, տնից տուն շրջելով և դատարկապորտությամբ զբաղվեն, այլ՝ ամուսնանան և որդիներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին առիթ չտան նախատինքի: Նաև խրատում է հավատացյալներին, որ յուրաքանչյուրը եթե իր ընտանիքում այրի ունի, թող հագա նրա համար, որպեսզի եկեղեցին ազատվի այդ բեռից, և օգնի իրական այրիներին: Այրիների պարտականությունները նվազ չեն, քան եպիսկոպոսներինը և սարկավագներինը՝ համայնքից ներս:
Ավարտելով այրիների գեղեցիկ դասը, առաքյալն անցնում է երեցների նկարագրությանը: Երեց ասելով հավանաբար առաքյալը նկատի ունի նույն եպիսկոպոսներին; Միայն խիստ խոսքեր չհնչեցրեց երեցների հասցեին, այլ նաև գնահատանքի խոսքեր է ասում այն երեցներին, որոնք լավ վերակացուներ են:
Նրանք կրկնակի պատվի են արժանի, քանի որ տքնում են գիշեր ցերեկ խոսքով և ուսուցանելով: Կրկնակի պատիվ ասելով կարող ենք հասկանալ նաև նրանց ֆինանսական աջակցությունը՝ համայնքի կողմից, քանի որ լավ երեցները իրենց ողջ ժամանակը տրամադրում են Աստծու խոսքի տարածման վրա; Դա հաստատում է նաև սուրբ Գիրքը, երբ ասում է,- Կալ անող եզան դունչը մի կապիր,- և ասում է,- Մշակն արժանի է իր վարձին: Չնայած առաքյալը երբեք չի ակնկալել համայնքի նյութական օժանդակությունը, քանի որ արհեստ ուներ և ինքն էր հոգում իր ծախսերը, բայց հորդորում է նյութապես սատարել երեցներին:
Առաքյալը գնահատում է պատվի արժանի երեցներին, և իր խոսքը հաստատում է ավետարանով, բայց ո՛չ երբեք մեծարման ու մարդահաճության գովեստի խոսքերով, ինչ այսօր բարձր հիմքերի վրա է: Պողոս առաքյալի չի բացառում, որ կարող է նաև ամբաստանություն լինել երեցի հասցեին: Սակայն հորդորում է, որ բամբասանքը չընդունեն այնքան ժամանակ, քանի դեռ երկու կամ երեք վկա լինի: Իսկ եթե պատահի, որ վկաները հաստատեն ամբաստանությունը՝ երեցի մասին, ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոս առաքյալը: Ինչպես միշտ՝ անաչառ խորհուրդ՝ – Իսկ մեղանչողներին,- ասում է,- հանդիմանի՛ր, բոլորի առաջ, որպեսզի մյուսնե՛րն էլ վախենան: Սա ասում է Պողոս առաքյալը, և ո՛չ թե ինչ որ մեկը: Ո՞վ կարող է դեմ կանգնել այս ճշմարտությանը: Մեղքը չդատապարտել, նշանակում է համաձայնության գալ, և սևին չասե՛լ սև: Մինչ այս պահը Տիմոթէոսին պատվիրում էր, հորդորում էր, սովորեցնում էր, իսկ հիմա ասում է,- պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի ու ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բոլոր բաները պահես առանց նախապաշարումի՝ աչառությամբ ոչինչ չանելով: Միթե Տիմոթէոսը այլևս կհամարձակվեր որևէ բան խախտել գրվածից: Քա՛վ լիցի: Տեսե՛ք, թե ինչպե՛ս է եղել ձեռնադրությունը Պողոսի կարգադրությամբ: Ձեռքդ շտապելով որևէ մեկի վրա մի դի՛ր,- ասում է առաքյալը,- և ուրիշների մեղքերին մասնակից մի եղիր, քեզ մաքուր պահիր: Այսինքն, եթե մեղքի մեջ եղած մարդուն ձեռնադրում են, ակամային մասնակից են դառնում նրա մեղքերին: Ահա, թե ինչու մեր եկեղեցին չի ազատվում մեղքից՝ այդքան շտապով ձեռնադրությունների պատճառով: Առաքյալի այս խոսքերը կարդալիս զարմանք է առաջանում եկեղեցական ամեն մի ծեսի ու խորհրդի նկատմամբ;
Մի՞թե նույն գիրքը չի կարդացվում ամեն տեղ: Ինչո՞ւ նույնը չի արվում այսօր: Ինչևէ: Մենք շատ տարբեր ենք Սուրբ Գրքից: Սիրելիներ, վերջապես Պողոսը մի հայրական խորհուրդ է տալիս Տիմոթէոսին՝ իր առողջության վերաբերյալ: Հավանաբար տեղյակ էր նրա հիվանդությունից, և թույլ է տալիս, որ այսուհետև մի քիչ գինի խառնի իր ջրին ու նոր խմի՝ ստամոքսի և տարբեր տկարությունների պատճառով; Ջրի վատ որակի պատճառով, քիչ գինի էին խառնում, որ միայն ջուր չխմեին: Պողոսը Նորից անդրադառնում է մարդկանց մեղքերին և զգուշացնում է, որ բոլոր մարդկանց մեղքերը հայտնի են դառնում, և չկա՛ մի մեղք, որը թաքնված մնա: Այնպե՛ս, ինչպե՛ս որ բարի գործերը: Հետևաբար մեղքը մե՛ղք անվանելը, պե՛տք է և կարևո՛ր է: Կան մարդիկ, որոնք ասում են, թե պետք չէ՛ մեղադրել մարդկանց մեղքերի համար, թող իրենք անդրադարձ ունենան:
Մի ամբողջ նամակ Պողոս առաքյալը բացահայտում է համայնքի մեղքերը և լուծումներ է առաջարկում՝ սկսած եպիսկոպոսից, վերջացրած այրի կինը: Նույնը պատվիրում է Տիմոթէոսին, որ մեղավորին հանդիմանի բոլորի աչքի առաջ, որ մյուսները վախենան ու չանեն:
Կեղծ բարեպաշտությունը քրիստոնեության մաս չի կազմում, հատկապես Պողոսի թղթերում, որ շողշողում է ճշմարտության և արդարության ճառագայթները: Քրիստոնեական այս օրենսգիրքը՝ գրված Պողոս առաքյալի կողմից, անգնահատելի օգնություն է մեզ՝ հասկանալու համար ավետարանական ճշմարտությունները մեր կյանքում կիրառելու ժամանակ: Իսկ այժմ տեսնենք, թե ծառաները ինչպես պետք է վարվեն իրենց տերերի հետ: Եթե ծառան քրիստոնյա է, թող պատվի արժանացնի իր մարմնավոր տիրոջը՝ որպես թե Աստծուն է ծառայում, որպեսզի Աստծու անունը փառավորվի իր վարքի համար: Եթե քրիստոնյան ծառա է քրիստոնյա տիրոջ մոտ, առավել ևս թող պատվի արժանացնի հանուն Աստծու փառքի: Տիմոթեոսին պատվիրում է հեռու մնալ այն մարդկանցից, որոնք գոռոզության պատճառով շրջվել են Տէր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունից և աստվածապաշտությունը շահի աղբյուր են համարում; Ինչո՞ւ է շահի աղբյուր, որովհետև գոհ են իրենց վիճակից, քանի որ ուտելիք ունեն, հագնելիք ունեն և դրանով բավարարվում են: Ոչինչ չբերեցին աշխարհ և ոչինչ էլ չեն կարող տանել աշխարհից: Իսկ հարստության ձգտող մարդիկ մոլորվում են հավատից, իրենք իրենց գցում են տարատեսակ ցավերի մեջ, չիմանալով, որ բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով, հավատուրաց դարձան ու կործանվեցին: Աշխարհի հարուստներին պատվիրում է չհպարտանալ ր չապավինել սնոտի հարստությանը, այլ՝ Աստծուն, որը առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար: Բարի գործերով հարստացեք,առատաձեռնությամբ հարստացեք, ուրիշին բաժին հանելով հարստացեք, հանդերձյալում բարի հիմք դնելով հարստացեք: Դա է հաճելի Տիրոջ առաջ:
Իսկ դո՛ւ, ո՛վ մարդ,- ասում է առաքյալը,- փախիր այս ամենից և գնա արդարության, աստվածապաշտության,հավատի, սիրո, համբերության և հեզության հետևից: Հավատի համար բարի մարտը մղիր, պինդ կառչիր հավիտենական կյանքից: Ահա՛ թե ի՛նչ է պետք քրիստոնյային՝ իր ողջ կյանքի ընթացքում, որի ուսուցումը սիրով պատրաստել է Պողոս առաքյալը՝ ամեն մեկ հավատացյալի հոգու փրկության համար: Նամակն ավարտում է իր սիրելի Տիմոթէոսին ուղղված խոսքերով, որում ասում է,- Ո՛վ Տիմոթէոս, պահի՛ր աւանդը՝ հեռու մնալով պիղծ եւ նորահնար խօսքերից, հակառակութիւնից եւ խաբեպատիր գիտութիւնից, որը ոմանք յանձն առնելով՝ շեղուեցին հաւատից։ Շնո՜րհ քեզ հետ։
Սիրելիներ Աստծու ողորմությամբ ավարտեցինք Տիմոթէոսին ուղղված առաջին նամակի վեց գլուխների սերտողությունը: Աստված կամենա հաջորդ սերտողությունը կլինի Տիմոթէոսի երկրորդ նամակը: Շատ ուսանելի նամակներ են, շատ դասեր կա սովորելու բոլորիս համար: Աստված կամենա, որ այս նամակները մաշվեն մեր ձեռքերի մեջ, մեր հոգևոր շահի համար:
Օգնի՛ր մեզ Տեր, օգնի՛ր մեզ, Աստված Փրկիչ մեր, Քո անվան մեծ փառքի համար, Տե՜ր փրկիր մեզ, և քավիր մեր մեղքերը: Պարսպած պահի՛ր Քեզ հուսացող ժողովրդին, հաղթող և պատվական Խաչիդ հովանու ներքո՝ խաղաղությանդ մեջ: Թող Քո Խաչը մեզ ապավեն լինի Տե՛ր Հիսուս, երբ որ երևաս Հոր փառքով՝ լուսավոր ամպերի մեջ, այն ժամանակ մենք չենք ամաչի, Քե՛զ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ կուրախանանք Քո Աջ կողմում, իբրև լուսո որդիներ, իբրև ցերեկվա որդիներ: ԱՄԵՆ: