Ժամանակների վախճանի հեռանկարը: Ա. Թեսաղոնիկե (Մաս 2)

hogevor qarozner հոգևոր քարոզներ

 

Վստահորեն ասում է, որ նրանք ընտրված են Աստծուց: Հետևաբար Պողոսի քարոզը նրանց հասել է ո՛չ միայն խոսքով, այլ զորությամբ և Սուրբ Հոգով: Հաջորդ գլուխների մեջ կկարդանք, որ հորդորում է նրանց, չմարել իրենց մեջ Սուրբ Հոգին: Թեսաղոնիկեի եկեղեցին Աստծուց ընտրված լինելով էր, որ Պողոսը, Սիղուանոսը և Տիմոթեոսը նրանց մեջ բացի Ավետարանի քարոզությունից, նաև բժշկություններ և բազում հրաշքներ գործեցին կատարյալ վստահությամբ: Այս զորավոր գործերը Սուրբ Հոգու շնորհով տեղի եկեղեցուն մեծ արթնություն առաջացրեց, քանի որ նրանք առաքյալի խոսքը ընդունում էին մեծամեծ նեղությունների ենթարկվելով, սակայն չէին դադարում հետևել առաքյալի խոսքին: Բացի նրանից որ լսում էին, նաև իրենց լսածը ձեզ պես կիսում էին այլոց հետ, որպեսզի Աստծու խոսքի տարածումն ավելանա և շատերը փրկության հույս ունենան: Առաքյալի մուտքը Թեսաղոնիկե նպաստեց, որ նրանք կուռքերից դառնան դեպի Աստված և սպասեն երկնքից Նրա Որդու Գալստյանը, որով պիտի լինի փրկությունը և ազատագրումը վերահաս բարկությունից: Նամակի առաջին գլխի մեջ առաքյալը գնահատեց նրանց հավատքն ու գործերը, իսկ երկրորդ գլխի մեջ արդեն հանգամանալից ներկայացնում է իր արած գործերի մասին, որ արել է նրանց մեջ՝ դարձյալ դժվարությունների հանդիպելով: Դրանից առաջ Փիլիպեի եկեղեցում քարոզելիս հալածանքների և բանտարկության հանդիպեցին, բայց Աստված կամեցավ, որ գան նաև Թեսաղոնիկե: Չնայած որ ամենուրեք հալածանք էր սպասվում Քրիստոսի խոսքը քարոզողներին: Բայց առաքյալը անտեսելով ամեն հալածանք և նեղություն ու բանտարկություն համարձակվեց Աստծու խոսքը քարոզել նաև Թեսաղոնիկեում: Այս քարոզությունը, ինչպես նաև մյուս բոլոր քարոզությունը չի արվել մարդկանց հաճոյանալու համար, այլ Աստծուն հաճելի գործ կատարելու համար:

Երբեք շողոքորթության խոսքեր չեն լսել Պողոսից իրենց համայնքում, և ոչ նրա ագահությանն են նկատել, որին Աստված է վկա, և երբե՛ք փառք չի փնտրել մարդկանցից: Առաքյալը նրանց հիշեցնում է, որ կարող էր որպես Քրիստոսի առաքյալ ծանրություն լիներ տեղի եկեղեցու ուսերին, բայց չի եղել այդպիսին, այլ՝ հակառակը՝ ոչ միայն Ավետարանը, այլ իր անձն է կամեցել նվիրել նրանց, քանի որ շատ է սիրել նրանց: Կամենում է, որ նրանք էլ հիշեն իր ջանքը, վաստակը, գիշեր ու ցերեկ աշխատելը, որևէ մեկի հաշվին չապրելը: Կամենում է, որ նա՛և հիշեն, թե ինչպե՛ս ինքը սրբությամբ, արդարությամբ, և անբասիր կերպով համայնքի ցավերի ու հոգսերին, եղել է հայր՝ ինչպես որդիներին: Նպատակ ունենալով, որ նորաստեղծ եկեղեցին քայլի Տիրոջ ճանապարհով՝ դեպի փրկություն, դեպի արքայություն: Այստեղ ևս մեկ անգամ ակնարկում է, որ թեսաղոնիկեցիները Աստծու խոսքը լսել են ոչ թե որպես մարդու խոսք, այլ՝ ճշմարտապես, որպես Աստծու խոսք, որը ներգործեց նրանց մեջ զգալի ձևով: Թեսաղոնիկեցիների եկեղեցին համեմատում է հրեաստանի եկեղեցիների հետ, որոնք հալածվում էին հրեաների կողմից, սրանք էլ հալածվում են իրենց ազգակիցների կողմից, քանի որ հունական հեթանոսներից դարձի եկած համայնք էր: Հրեաները, որոնք սպանեցին Հիսուս Քրիստոսին, սպանեցին մարգարեներին, հալածեցին առաքյալներն, Աստծու աչքից ընկան, և բոլոր մարդկանց հակառակորդ եղան: Պողոս առաքյալին արգելում էին հեթանոսներին քարոզել՝ նրանց փրկության համար, չհասկանալով, որ ամեն ժամ ավելացնում են իրենց մեղքի չափը՝ Տիրոջ առջև, քանի որ Տիրոջ պատգամ էր հեթանոսների փրկության քարոզը Պողոսի համար: Սիրելիներ, մենք արդեն Պողոս առաքյալին լավ ենք ճանաչում, ինչու է այսքան մանրամասների անցել: Արդյոք ինչո՞ւմ է հանդիմանելու նրանց, որ պատասխանի և արդարացման տեղ իսկ չի թողնում, ամեն ինչ հիշեցնելով մեկ առ մեկ: Սիրելիներ, այստեղ ուզում եմ կանգ առնենք և մի տարբերություն զգանք մարմնավոր իշխանների և հոգևոր հայրերի միջև: Տեսեք, Պողոսը չի հաճոյանում և ոչ մի փաղաքշական բառ չի ասում նույնիսկ այն դեպքում, երբ գնահատում է նրանց հավատքի գործեր:

Սակայն հայրաբար ժամերով նրանց հիշեցնում է խրատելով, բայց ոչ խիստ կերպով. որ նեղանան, այլ շտկեն իրենց սխալը, անդրադարձ ունենան իրենց մեղքին, և չկորսվեն այդ մեղքի պատճառով: Սակայն այդպես չէ մարմնավոր իշխանը, սխալի դեպքում հեռացվում է, զրկվում է աշխատավարձից, գրավոր նկատողություն է ստանում, իսկ եթե փոքր ինչ մեծ է մեղքը. դիմում են դատական մարմիններին: Չնայած երբեմն հոգևոր դաշտի կարգապահական մարմինները նույն կերպ են վարվում՝ զրկելով հոգևորականին խորհուրդներ կատարելու իրավունքից: Պողոս առաքյալը այդպես չէր անում, այլ ժամերով խոսում էր, բացատրում էր, որ շահի մեկի մեղավոր հագին:
Անշուշտ Պողոս առաքյալը կամենում էր գնալ և անձամբ խոսել նրանց հետ, բայց ասում է,- Սատանան արգելք եղավ գալ ձեզ մոտ: Սատանա ասելով նկատի ունի բոլոր նրանց, որոնք խոչնդոտում են Պողոսի այցը այս կամ այն համայնք: Առաքյալը թեսաղոնիկեի եկեղեցին համարում է իր հույսը, ուրախությունը, պարծանքի պսակը, Հիսուս

Քրիստոսի առաջ Նրա գալստյան ժամանակ: Ահա այսպիսի վստահություն ուներ այս հունական համայնքի նկատմամբ:
Խոչնդոտել են Պողոսի այցը՝ Թեսաղոնիկե, իսկ ինքը ստիպված ուղարկել է նրանց մոտ Տիմոթեոսին՝ Աստծու Ավետարանի իր գործակցին, որպեսզի ամրապնդի հավատի մեջ և մխիթարի նրանց՝ նեղությունների մեջ չսասանվելու համար, քանի որ նախապես իրենց զգուշացրել է, որ նեղություններ և հալածանքներ են լինելու: Այստեղ արդեն փոքր ինչ հասկանալի է դառնում Պողոսի մտահոգությունը՝ նրանց հավատի թուլացման վերաբերյալ: Քանի որ գրում է, մտավախություն ունեմ, որ փորձիչը ձեզ էլ փորձի, և իզուր լինի մեր քարոզությունը և ձեր մեջ կատարած աշխատանքները: Պողոսը աստիճանաբար մոտենում է խնդրին, ինչը չէր արել հենց սկզբից: քանի որ Պողոսը նաև հոգեբան է առաքյալ լինելուց զատ: Նա չի սևեռվում վատ երևույթների վրա, այլ ուղղություն և ելք է ցույց տալիս՝ դրանից դուրս գալու համար: Սիրելիներ, մենք մինչև երրորդ գլխի ավարտը հետևեցինք Պողոսի  գնահատանքի խոսքերին և տեղեկացանք, որ անհամբեր սպասում է նրանց հետ հանդիպմանը: Իսկ ահա չորրորդ գլխում փոխվում է նամակի բովանդակությունը: Մենք Պողոսից սովորեցինք մի շատ կարևոր բան: Օրինակ՝ նախ պետք է մարդու արժանիքները գնահատել, ապա թերության մասին զգուշացնել, որպեսզի մարդը չհայտնվի հուսահատության մեջ՝ իր կատարած բարի գործերի համար: Այլևս չի հիշեցնում ոչ նրանց բարի գործերը, ոչ էլ Իր, որ արել նրանց համար, այլ՝ ասում է, դուք ամեն ինչ գիտեք: Բայց ես ձեզ հորդորում եմ Քրիստոս Հիսուսով, որ ինչպես որ սովորեցին մեզնից, այդպես ընթացեք և հաճելի եղեք Աստծուն: Որովհետև Աստծու կամքն այս է, որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից, և ձեզնից յուրաքանչյուր ոք գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով, և ոչ թե ցանկության կրքով, ինչպես այլ հեթանոսներ, որոնք չեն ճանաչում Աստծուն: Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի և չդիպչի իր եղբոր պատվին:Քանզի այդ բաների համար Տէրը վրեժխնդիր է, ինչպես որ սկզբից ասել եմ ձեզ այդ մասին: Աստված մեզ չկոչեց  պղծության, այլ՝ սրբության:

Ով անարգում է այս բանը, մարդուն չէ, որ անարգում է, այլ՝ Աստծուն, որը սուրբ Հոգին տվեց ձեզ: Իսկ եղբայրասիրության մասին Պողոսը հարկ չի համարում զգուշացնել, քանի որ նրանք Աստծուց են սովորել միմյանց սիրել: Այստեղ ևս մեկ գեղեցիկ պատգամ կա, որ ուզում եմ ուղղակի մեջբերել պողոսի խոսքերով,- Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ, որ առավել եւս աճեք եւ առաջ գնաք, ապրեք խաղաղ եւ յուրաքանչյուրդ ձեր գործով զբաղվեք ու աշխատեք ձեր ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ։ Այս պատգամն էլ շատ օգտակար է այն առումով, որ յուրաքանչյուրը եթե իր գործով զբաղվի, և ինքը որևէ կարիք չի ունենա, և այլոց կարող է օգնել, որը նույնպես սիրո դրսևորում է:
Սիրելիներ անկարելի է, որ ամբողջ համայնքը ներգրավված լինի պոռնկության մեղքի մեջ, կամ տարված լինի իր կրքերի ցանկությամբ: Հավանաբար որոշ մարդիկ են ընկել այդ մեղքի մեջ, բայց Պողոսը անուններ չի բացահայտում, այլ խոսքը ուղղում է բոլորին, մի նպատակով, որ ուշադիր լինենք իրենց մեղավոր ընկերոջ նկատմամբ և սաստեն նրան իր իսկ հոգու փրկության համար: Բայց որ համայնքը նախկինի պես չէ, այլ մեղքը մտել է նրանց մեջ, դա երևում է Պողոսի խոսքերից: Այս խիստ պատգամից հետո, ևս մի կարևոր տեղեկություն է տալիս նրանց, հավանաբար ննջեցյալների մասին էլ հարցեր են առաջացել նրանց մեջ: Առաքյալը չի ուզում որ այդ եկեղեցին անգետ լինի ննջեցյալների հարցում, որպեսզի չտխրեն ննջող մարդկանց համար, ինչպես նրանք որոնք Աստծուն չեն ճանաչում  և հույս չունեն: Յուրաքանչյուր ոք որ հավատում է, որ Հիսուս Քրիստոս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ՝ կյանքի պիտի բերի Նրա հետ: Իսկ մենք՝ ողջ մնացածներս մինչև Տիրոջ գալուստը, չենք կարող կանխել ննջեցյալների մահը, քանի որ Տէրը Ինքը ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով, և Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, և ի Քրիստոս ննջածները առաջինը պիտի հարություն առնեն: Ապա նաև մենք՝ ողջ մնացածներս, նրանց հետ միասին պիտի հափշտակվենք տարվենք Տիրոջ առաջ՝ օդում, և այդպես մշտապես Տիրոջ հետ պիտի լինենք: Առաքյալը հորդորում է, որ միմյանց մխիթարեն այս խոսքերով: Ի միջի այլոց այս հարցը մեր հավատացյալների շրջանում էլ լայն քննարկման թեմա է Գիտե՞ք ինչու: Որովհետև մարդ արարածը ամեն ինչ մասին հետաքրքրվում է, բացի իր մեղքերից, որի մեջ ապրում է: Մեղավոր մարդը առանց ապաշխարելու եթե մեռնի, ինչպես Տերն է ասում,- եթե չապաշխարեք, բոլորդ էլ կորստյան կմատնվեք: Զղջացող մարդը մտահոգ չէ այս հարցում:
Նամակի ավարտին, որ հինգերորդ գլուխն է, առաքյալը անդրադառնում է աշխարհի բոլոր մարդկանց ուշադրությանը արժանացած՝ ժամերի ու ժամանակների հարցին, թե ինչպես արթուն և պատրաստ պետք է լինել Տիրոջ գալստյանը: Հստակ է առաքյալի խոսքը՝ Տիրոջ երկրորդ Գալուստի մասի: Բազում գրություններ կան ավետարանում, որ այդ օրը գալու է գողի նման, այսինքն հանկարծակի՝ գիշերով: Երբ որ սկսեն ազդարարել խաղաղության և ապահովության մասին, այն ժամանակ հանկարծակի կլինի նրանց կործանումը՝ նման հղի կնոջ երկունքը: Այստեղ ուշադիր եղեք, որ Պողոսն ասում է նման երկունքի, չի ասում ծննդաբերության:
Իսկ սա նշանակում է, որ դա լինելու է ցավոտ, անորոշ և ժամանակ է պահանջվելու՝ մինչև ծննդաբերություն: Իսկ ով խավարի մեջ չէ, այդ օրը նրա վրա չի հասնի ինչպես գողը, որովհետև լույսի և ցերեկվա որդիները տեղյակ են այս բոլորից և պատրաստել են իրենց լապտերների յուղը՝ Տիրոջը դիմավորելու համար: Ցերեկվա որդիները մշտապես արթուն են, սիրո և հավատի զրահները մշտապես հագած են, փրկության հուսի սաղավարտը ունեն: Աստված մեզ նախախնամեց փրկությունը ժառանգելու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Արթուն լինենք, թե՝ ննջենք Քրիստոսի հետ լինենք: Սա է մեր մխիթարությունը և մեր հոգիների խաղաղությունը: Այս բոլորը կարելի է ունենալ այն դեպքում երբ հավատացյալ հոտը ճանաչի ու գնահատի իր վաստակավորներին, որոնք Տիրոջ կողմից վերակացուներ են նշանակվել ժողովրդի վրա: Առավելագույն սիրո արժանի արեք նրանց՝ իրենց ծառայության համար: Խնդրում է Պողոսը, որ խրատեն ստահակներին, քաջալերեն երկչոտներին, օգնական լինեն տկարներին, համբերատար լինեն բոլորի նկատմամբ, չարին չարով չհատուցեն, այլ՝ բարի գործելու հետամուտ լինեն: Աստծու կամքն է, որ միշտ ուրախ լինենք, անդադար աղոթենք, և ամեն ինչում գոհություն մատուցենք: Մի՛ հանգեցրեք հոգին,- ասում է առաքյալը, մի արհամարհեք մարգարեությունները:

Փորձեք ամեն ինչ, բայց բարին ամուր բռնեք, հեռու մնացեք բոլոր չար բաներից: Այս անգամ էլ երդվեցնում է Տիրոջով, որ նամակը ընթերցեն բոլոր սուրբ եղբայրներին: Խնդրում է նաև աղոթել իր համար: Ողջունում է եղբայրների սուրբ համբույրով:  Հետաքրքիր համեմատություն է անում առաքյալը՝ ամենալավ բանը, որ Տիրոջ Գալուստն է, համեմատում ո՛չ այնքան լավ բանի՝ գողի գիշերվա գալուն: Սա խոսում է այն մասին, որ կարևոր չէ Տիրոջ Երկրորդ Գալուստի ժամանակը, այլ՝ հատկապես կարևոր է սպասողի մեղքերից ազատված և մաքուր սրտով դիմավորելու հոգեվիճակը: Քրիստոնյան հավերժ պատերազմի մեջ է, Քրիստոսի զինվոր է, և պարտավոր է միշտ արթուն հսկել իր հոգու սահմանները՝ չարի հարձակումից: Զինվորն էլ չի հարցնում հրամանատարին, թե պատերազմը երբ է ավարտվելու, այլ կատարում է իր պարտքը՝ պահելով իր սահմանը:Իսկ թե երբ կգա Տերը, միայն Աստծուն է հայտնի: Իսկ ինչ վերաբերում է սաստելուն, խրատելուն, քաջալերելուն, մխիթարելուն, օգնելուն, մենք ինքներս ենք տեսնում, թե այսօր մեր հայրենիքի մեջ որքան շատ են նրանք, որոնք սգակիր մայրեր են, և մխիթարության կարիք ունեն: Որքան շատ են վախ ունեցողները, որոնց քաջալերանք է պետք: Որքան շատ են կարիքավորները, որոնք օգնության ձեռքի կարիք ունեն: Էլ չեմ խոսում ստահակների մասին, որոնք մշտապես խրատելու և սաստելու հայրական ապտակի կարիք ունեն: Մենք էլ աղոթող լինենք մեր վաստակավորների, մեր հոգևոր տեսուչների համար, որոնք գիշեր ու ցերեկ հոգ են տանում հավատացյալ հոտի հոգու փրկության համար:Եթե պողոսը աղոթքի կարիք ուներ, ապա մենք՝ առավել ևս:
Սիրելիներ, այս նամակն էլ ավարտենք Պողոսի գեղեցիկ մաղթանքով, որ ուղղել է բոլորիս՝ ասելով.- Եւ խաղաղության Աստվածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահվի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձյալ, որ նույնը պիտի անի։