ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Տիրոջ ողորմությամբ շարունակելով սերտողությունները, հասանք Պողոս առաքյալի հաջորդ նամակին, որը գրել է Թեսաղոնիկեի եկեղեցուն: Այս եկեղեցուն գրել է երկու նամակ, այսօր կսերտենք առաջինը՝ ամբողջությամբ:
Փիլիպպեից հեռանալուց հետո, Պողոս առաքյալը այցելում է Թեսաղոնիկե: Թեսաղոնիկեն մակեդոնիայի հռոմեական նահանգի մայրաքաղաքն էր՝ Հունաստանի հյուսիս- արևելյան կողմում: Այդ քաղաքը դժվար չէ գտնել քարտեզի վրա նաև այսօր՝ որպես Սալոնիկե: Առաքյալը այս քաղաքում ևս հաստատեց մի քրիստոնեական համայնք, սակայն երկար չկարողացավ մնալ այնտեղ, որովհետև հրեական գաղութի մի մասը հակառակվում էր Պողոսի հետ: Պողոսը ստիպված թողնում է Թեսաղոնիկե քաղաքը, և ավելի ուշ, երբ ինքն արդեն Կորնթոսում էր գտնվում, իր գործակից Տիմոթեոսը միացավ իրեն և նրան տեղեկություններ տվեց Թեսաղոնիկեի կացության մասին: հենց այդտեղից էլ առաքյալը գրեց իր առաջին նամակը՝ Թեսաղոնիկեին: Այս նամակի վերաբերյալ կարծիք կա, որ այն հնագույն գրվածք է, և վերագրում են Քրիստոսից հետո 50 ական թվականներին: Տիմոթեոսի տված տեղեկությունները թեսաղոնիկեցիների մասին, ուրախացնում են Պողոսին: Նա գոհություն է հայտնում Աստծուն, որ թեսաղոնիկեցիները լավ օրինակ են հանդիսանում այդ շրջանում գտնվող մյուս համայնքների համար: Առաքյալը նամակում նրանց հիշեցնում է իր կատարած աշխատանքների մասին, և հայտնում, որ փափագը մեծ է նրանց հանդիպելու: Քանի որ գնալը հնարավոր չէ, հետևաբար նամակով հորդորում է նրանց ոչ միայն հարատևել քրիստոնեական կյանքի մեջ, այլ՝ առաջ ընթանալ: Նախորդ նամակներից մենք հասկացանք, որ եկեղեցիների և Պողոս առաքյալի միջև նամակագրական կապը միշտ պահպանվել է:Այս նամակի մեջ էլ առաքյալը պատասխանում է նրանց կողմից ուղղված հարցերին: Հատկապես պատասխանում է նրանց ուղղած հարցին՝ մեռելների հարության և Քրիստոսի փառավոր գալստյան մասին, այնուհետև ավարտում է նամակը դարձյալ նույն կերպ, ինչպես որ մյուս նամակները՝ տալով հանձնարարություններ և ողջույններ: Սիրելիներ, առաքյալի այս նամակը կլուսաբանի բոլոր նրանց, ում մտահոգում է ժամանակների վախճանի հեռանկարը:
Առաքյալի բացատրությունները հիշեցնում են ընթերցողներին, որ էականը վկայելն է այն մասին, որ այժմ իրենք պատկանում են լույսի աշխարհին; Իսկ ինչ վերաբերում է ապագային, ապա հարկավոր է ոգևորվել այն լույսով, որ կգա ժամանակը,(թվականը կարևոր չէ) երբ իրենք կլինեն մշտապես լույսի Տիրոջ հետ; Սիրելիներ, ես ձեզ համառոտ ներկայացրի առաջին նամակի բովանդակությունը: իսկ այժմ ավելի հանգամանալից և մոտիկից ծանոթանանք նամակի բուն ասելիքին: Իմացանք նաև, որ ըստ Տիմոթեոսի տեղեկության, Առաքյալը գոհ էր նրանց քրիստոնեական վարքից, և Աստծուն գոհություն էր հայտնում նրանց հավատարմության համար: Աղոթքների մեջ առաքյալը հատկապես նշում է նրանց՝ հավա՛տի գործը, սիրո՛ վաստակը և հո՛ւյսի համբերությունը՝ Տէր Հիսուս Քրիստոսի և Ասծու առաջ: Հանուն ինչի՞ է առաքյալը նրանց համար Աստծուն փառաբանում: Հանուն այ՛ն բանի, որ այդ եկեղեցին իր օրինակելի հոգևոր նկարագրով, դաս է այլոց համար: Սա թերևս քրիստոնեության գաղտնիքներից մեկն է, որի բացակայության պատճառով քրիստոնեությունը չի ծաղկում, չի մտնում իր իրական կերպարի մեջ:
Առաքյալը խոսում է նրանց մեջ եղած երեք շատ կարևոր առաքինությունների մասին, որոնց համար աղոթում է Աստծուն, որ թեսաղոնիկեցիները այդ առաքինություններով առաջ գնան հոգևոր կյանքում: Այդ առաքինություններից առաջինը հավատի գործն է: Ինքնին վերնագիրը հուշում է բովանդակության մասի: Այսինքն եթե գործը որակյալ է, նշանակում է հավատը զորավոր է, քանի որ երբ մարդը անվերապահ հավատում է, հետևաբար անվերապահ էլ գործում է իր գործերի մեջ, ջանալով նմանվել Նրան, ո՛ւմ ինքը հավատում է: Աշակերտը հմուտ վարպետի մոտ սովորելով, փորձում է նմանվել վարպետին, իսկ ժամանակ անց ջանում է առավելագույնը անել, քան՝ վարպետը: Աշակերտը սիրում է վարպետին և ուզում է, որ վարպետը լավ զգա իր աշակերտի գործերը տեսնելով: Վարպետն էլ իր հերթին ուրախանում է, որ իր ջանքը զո՛ւր չի անցել աշակերտի վրա: Սա հավատի գործն է: Երկրորդ կարևոր առաքինությունը սիրո վաստակն է, որը բխում է հավատի գործից: Երբ հավատում ենք, սիրում ենք մեր հավատի աղբյուրին, իսկ սիրո արդյունքը, որ վաստակն է, միշտ գնահատելի է: Ուսուցչին սիրում ենք, առարկան սիրում ենք: Քարոզչին սիրում ենք, քարոզը լսում ենք: Երբ Աստծուն սիրում ենք, փորձում ենք կատարել նա՛ևՆրա այն խոսքը, որն ասում է,- «Սիրիր մերձավորիդ»: Առաքյալը այս առաքինությունների մասին չի խոսում, որպեսզի նրանց հաճոյանա, այլ՝ այնպես է խոսում, ինչպես մի հայր կուրախանա իր զավակի հոգևոր ու քրիստոնեական կյանքով: Երրորդ կարևոր առաքինությունը հույսի համբերությունն է: Կորնթացիներ նամակից հիշում ենք, որ սերը համբերող է: Ուրեմն երբ մարդը հավատում է, սիրում է, նա անպայման հույս ունի իր հավատի աղբյուրի նկատմամբ; Եթե ուշադիր եղաք, Պողոս առաքյալը խոսեց աստվածային երեք առաքինությունների մասին՝ Հավատ, հույս, սեր: Այս երեքն են պահանջվում մարդուց՝ իր քրիստոնեական կենցաղավարության մեջ; Այս երեք առաքինություններն, որոնք հոգևոր ուժ են տալիս ենթակային՝ մկրտվելուց հետո ապրել այս առաքինություններով; Տեսա՞ք, որ սուրբ Պողոսը չասաց՝ միայն գո՛րծ, վաստա՛կ և համբերությո՛ւն, և ո՛չ էլ ասաց միայն հավա՛տ, հո՛ւյս և սե՛ր:
Այլ ասաց հավատի գործ, սիրո վաստակ և հույսի համբերությունը: Սիրելիներ, այս երեք առաքինությունները կարծես միմյանց ծնում են և միմյանց սատար են կանգնում, քանի որ առանց մեկի, մյուսը թերի է: Բոլորդ էլ ձեր կյանքում զգացել եք, որ հավատը միանգամից չի գալիս, ու միանգամից չի ձևավորվում մարդու մեջ: Նախ գալիս է մի միտք, և դրանից հետո սկսվում է հարցը՝ հավատա՞լ, թե ո՛չ: Այդ միտքը պայքարի մեջ է մտնում մեր ներաշխարհում. և սիրտը որոշում է կայացնում՝ հավատո՛ւմ եմ: Ինչպե՞ս մենք կիմանանք, արդյո՞ք Աստված դրեց մեր սրտի մեջ հավատալու որոշումը, թե՞ մենք ենթարկվեցինք մեր սրտի որոշմանը: Բայց մենք գեղեցիկ օրինակ ունենք Հովհաննեսի Ավետարանից, երբ հրեաները հարց են տալիս, թե՝- «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Տէր Հիսուս պատասխանեց,- «Աստծու ուզած գործը այն է, որ հավատաք Նրան, ում նա ուղարկեց»: Հետևաբար հավատը ծնում է մյուս բոլոր առաքինությունները, որոնցով մարդը կազմակերպում է իր քրիստոնեական կյանքը: Օրինակ մեր պարագայում ինչպե՞ս ենք վարվում եկեղեցու խորհուրդների հետ: Մենք հավատում ենք, որ մկրտվելով դառնում ենք քրիստոնյա: Երբ մեկը մեզ հարցնում է, մենք վստահաբար ասում ենք, որ քրիստոնյա ենք, և ոչ մեկդ մեզ հակառակը չի կարող ապացուցել: Կամ՝ երբ հաղորդվում ենք, անվերապահ հավատում ենք, որ Քրիստոսի մարմինն ու արյունը մեր մեղքերի քավության և թողության համար: Նույնը կարող ենք ասել մեր անհատական կամ ընդհանրական խոստովանության մասին;
Երբ խոստովանում ենք, հավատում ենք, որ Աստված թողություն է շնորհել: Շատ են մեր կյանքում հավատի գործերը, որ անում ենք: Հավատում ենք Պսակի խորհրդին, որ Աստված միացնում է զույգին, և այլևս երկու չեն, այլ՝ մեկ: Բոլորովին այլ բան է, թե՝ մենք հավատալուց հետո որքանով ենք հավատարիմ մնում մեր հավատացած խորհրդին,և որքանով ենք ապրում այդ կյանքով, ինչպես օրինակ ապրում էին թեսաղոնիկեցիները իրենց հավատի գործերով: Ուրեմն ամփոփելով հավատի մասին այս երկար բացատրությունը, ի մի բերեմ իմ ասելիքը՝ մեկ հարցով: Ի՞նչ է հավատի գործը: Հավատի գործն այն է, որ երբեք չենք երկմտում մեր արարքների մեջ՝ Աստծու զորության վրա: Երբ հավատում ենք, կանգ ենք առնում: Եթե կանգ չառանք, ուրեմն չենք հավատում: Հավատը արդարացվում է անշարժությամբ:Այսինքն երբ հավատում ենք, մեզ չի կարող շարժել հալածանքը, նեղությունը, փորձությունը, վշտերն ու նեղությունը: Մի խոսքով, ինչպես որ Պողոս առաքյալն է անշարժ իր հավատքի մեջ՝ երբ բանտում է, և երբ ազատության մեջ է; Սիրելիներ, հավատի գործը ցույց է տալիս ծավալը՝ Աստծու հետ ունեցած մեր հարաբերությունների: Սիրո վաստակը արտահայտվում է մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի հետ ունեցած հարաբերություններում: Հույսի համբերությունը ընդգծվում է յուրաքանչյուր հավատացյալի անձնական համոզմամբ, թե այս կյանքում ապրելով, ինչ պատկերացում և հույս ունի հանդերձյալի նկատմամբ: Այլ խոսքով այս երեք աստվածային առաքինությունները խորհրդանշում են ցորենի արմատը, ցողունը և հասկը՝ նոր կյանքի մեջ, որը սկսվում է Հիսուս Քրիստոսով: Մեր մեջ եղած այս երեք առաքինությունները Քրիստոսի սիրո արտացոլանքն է, որի շողերը անպայման պետք է ջերմացնեն մեր նմանին: Չի կարող Քրիստոսի սերը արտացոլվել միայն մեկ մարդու մեջ, այլ՝ այդ մարդու միջոցով պետք է փոխանցվի այլոց; Դարձյալ կարող ենք բերել Պողոսի օրինակը, միտքը լավ հասկանալու համար: Քրիստոսի լույսը լուսավորեց Պողոսին՝ Դամասկոսի ճանապարհին, իսկ Պողոսը այդ լույսով լուսավորեց և հաստատեց Քրիստոնեական համայնքները:
Պատկերացրեք, եթե Պողոս առաքյալն այդ լույսը պահեր միայն իր մեջ և չտարածեր աշխարհով: Ո՞ւմ կնմանվեր: Կնմանվեր մնասը թաշկինակում թաքցրած այն մարդուն, որի ձեռքից վերցվեց և տրվեց նրան, որը շահարկել էր մնասը և ավելիով ներկայացրեց Տիրոջը: Առաքյալը գոհություն է հայտնում թեսաղոնիկեցիների համար, քանի որ ինքը անձամբ էր տեսել, թե նրանք ինչքան նեղություններ էին կրել իր պատճառով: Հիշում եք մենք Գործ առաքելոցի մեջ տեսանք, որ Թեսաղոնիկեի ժողովարանում քարոզելուց հետո հրեաները խռովություն առաջացրին քաղաքում, որպեսզի ձերբակալեն Պողոսին՝ այն բանի համար, որ նա ժողովարանում քարոզեց Քրիստոսի խաչելության և հարության մասին; Այդ ժամանակ Թեսաղոնիկեում կային աստվածապաշտ մարդիկ, որոնք հաստատ կանգնած մնացին իրենց հավատքի մեջ՝ սատարելով Պողոսին; Հավատի այս կայունության մասին է խոսում առաքյալը, որ ունեն նրանք, որպես հավատի գործ: Նրանք սիրում էին Պողոսին, բայց այդ սերը փաստեցին իրենց կայուն հավատքի գործով:
Սիրելիներ, դուք էլ ստուգեք ձեր հավատի գործերը, արդյոք համապատասխանում ենք այն բոլորին, ինչի մասին խոսեցինք մանրամասն; Ինչպե՞ս ստուգել, կհարցնեք դուք: Առաջին հերթին հիշեք սա. Հավատի գործը նոր սիրտ ունենալն է, նոր հոգի, նոր խիղճ, նոր կյանք: Սա է հավատի գործերը ի Տէր Հիսուս Քրիստոս: Հավատով է, որ Քրիստոս պետք է բնակվի ձեր սրտերում և փոխի ձեր մեջ հին մարդուն՝ նորով: Ինչպես վերևում ասացի, հավատն է ծնում առաքինություններ: Իսկ սերը սնվում է աղոթքից, որովհետև հարատև աղոթքը ևս զորավոր գործեր ունի: Գիտե՞ք որն է աղոթքի զորավոր գործը: Աստվածային հավիտենական սերը բխում է Աստծուց և պարգևվում է միայն աղոթքի միջոցով: Ամենամեծ սերը մեծ աղոթողների մոտ է նկատվում; Ամփոփենք այս երեք առաքինությունների թեման, որը արժանացել էր Պողոս առաքյալի ուշադրությանը, աղոթքին և գոհության էր արժանացել: Երբ հավատը տկարանում է, նրան օգնության է հասնում հույսը: Երբ նվազում է սերը, նրան օգնության է հասնում հույսը: Սրանք լրացնում են միմյանց;
Գիտե՞ք ինչու այսքան մանրամասն խոսեցի ձեզ առաքյալի նշած այդ երեք առաքինությունների մասին: Նախ որ իմանաք, թե ինչպես կարելի է ձեռք բերել այդ առաքինությունները; Երկրորդ՝ որպեսզի մեզ հասկանալի լինի, թե Պողոսը ի՞նչ էր գրելու առաքինությունների մասին ակնարկելուց հետո, որոնց պատճառով թեսաղոնիկեցիները արժանացել էին Պողոսի գովեստի խոսքերին: մենք արդեն Պողոսի բնավորությունը գիտենք: Նա նախ՝ ողջույնի և գովեսի խոսք է ասում, հետո ասում է իր ասելիքը: Մեջբերում եմ Պողոսի խոսքերը,- «Սիրելի եղբայրներ, գիտցեք, որ ընտրվել եք Աստծու կողմից: Մեր ավետարանը միայն խոսքերով չքարոզվեց ձեզ, այլ նաև զորությամբ, Սուրբ հոգով, և կատարյալ վստահությամբ: Գիտեք նաև, թե ինչ ընթացք ունեցանք ձեր մեջ՝ ձեզ համար»: Ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել աստվածային երեք առաքինությունների և առաքյալի նշած զորության, սուրբ Հոգու և վստահության միջև: Քանի որ ասում է, որ «ավետարանը միայն խոսքով չքարոզեցի, այլ՝ զորությամբ, Սուրբ Հոգով և վստահությամբ»: Սիրելիներ, Պողոսը իսկապես ընտրյալ անոթ է Աստծու համար, քանի որ այդ անոթով անցնում է Աստծու խոսքը՝ կենդանի ջրի պես և ոռոգում է պապակ սրտերը: Պողոս առաքյալը ոչ միայն կենդանի քարոզության մեջ է հմուտ, որի շնորհիվ հրավիրում է կուսակալների և արքաների ուշադրությունը, այլ՝ նա՛և նամակագրության մեջ է վարպետ և կարողանում է ընթերցողի ուշադրությունը ամբողջությամբ հավաքել և ասել իր ասելիքը: Տեսաք. թե ինչպես սկսել խոսել թեսաղոնիկեցիների հետ, գովելով հավատի գործերը, սիրո վաստակը, հույսի համբերությունը, և գլխավորը, նրան քրիստոնեական լավագույն օրինակը՝ հանրության մեջ: Սրանք գովեստի խոսքեր չէին, ինչպես որ ասեցի ձեզ վերևում, քանի որ ասում է միշտ իմ մտքի մեջ եք իմ աղոթքներում, այլ հայրական գնահատանքի խոսքեր էին, որից հետո շարունակում է ասել իր բուն ասելիքը, որով ոգևորում է նրանց՝ շարունակել շարժվել առաջ՝ հոգևոր կյանքում: