ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծու կամքով այսօր կսերտենք Պողոս առաքյալի Կողոսացիներին ուղղված նամակը: Եթե մեկը կանչված է Աստծուց՝ Իր խոսքը քարոզելու համար, ուրեմն նշանակություն չունի, թե որտեղ է գտնվում, բանտում, թե ազատության մեջ; Նա իր առաքելությունը կկատարի թեկուզ բանտից: Նամակներից հայտնի է, որ առաքյալը սերտ կապի մեջ է բոլոր նորաստեղծ համայնքների հետ, և յուրաքանչյուր եկեղեցու ներքին խնդիրները լուծում է նամակների միջոցով: Պողոս առաքյալը մշտապես իր կողքին ունեցել է հավատարիմ ծառայակիցներ, որ տեղափոխել են նրա նամակները այս կամ այն եկեղեցուն:
Կողոսիան նույնպես Փոքր Ասիայի քաղաքներից մեկն էր, որը գտնվում էր Եփեսոսից մոտ 200 կմ հեռավորության վրա: Նամակից հայտնի չէ, թե՝ Պողոսը երբևե այցելե՞լ է այդ քաղաքը, թե ո՛չ:
Սակայն իր ծառայակիցներից Եպափրաս անունով մի եղբայր, որ Կողոսացի էր, առաջինն է քարոզել Ավետարանը Կողոսիայում: Պողոսի բանտում եղած ժամանակ, նրան է այցելում կողոսացի Եպափրասը և հայտնում է, որ կողոսացիները մի նոր վարդապետության տարածիչների ազդեցության տակ են ընկել: Ըստ այդ քարոզիչների ուսուցման, Աստծուն ճանաչելու և փրկվելու համար, հարկավոր էր պաշտամունք մատուցել ինչ- որ հոգևոր զորությունների, ենթարկվել որոշ ծեսերի (ինչպիսին է թլպատությունը),և խիստ պահել մի շարք կանոններ, որոնք վերաբերում էին կերակուրներին, խմիչքներին, և այլն;
Պողոս առաքյալը երբ որ իմանում է այդ մտահոգիչ կացության մասին, մի նամակ է գրում կողոսացիներին՝ հիշեցնելու համար նրանց, որ Աստծու կողմից շնորհված փրկությունը ի Քրիստոս լիովին բավարար է: Առաքյալն իր գրած նամակը հավանաբար ուղարկում է կողոսացիներին՝ Տիւքիկոսի և Օնեսիմոսի միջոցով:
Նամակի առաջին մասում մի կարճ ողջույնից և Աստծուն ուղղված մի աղոթքից հետո, առաքյալը ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Քրիստոսին է պատկանում բարձրագույն իշխանությունը. Նա գերիվեր է բոլոր հոգևոր զորություններից. Նա է միակ Գլուխը Եկեղեցում: Այնուհետև Պողոսը զգուշացնում է, որ հեռու մնան մոլորություններից, որ ոմանք տարածում են իրենց համայնքում. նամակի ավարտին, անդրադառնալով կյանքի գործնական կողմերին, նա հորդորներ է տալիս այն մասին, թե ինչպիսի վարմունք պետք է ունենան քրիստոնեական համայնքում, ընտանիքում և հասարակության մեջ: Թուղթը եզրափակում է իրեն հատուկ անձնական պատգամներով, և իր ձեռքով գրված ողջույնի խոսքով: Մենք արդեն գիտենք, որ Պողոս առաքյալը բանտում է հայտնվել Հունաստանում և Հռոմում Քրիստոսին քարոզելու համար: Սակայն կապանքների տակ եղած ժամանակ, չի դադարել կապը պահել հավատացյալ համայնքների հետ: Կողոսիան, որի եկեղեցուն գրել է նամակը, անշուք մի քաղաք է եղել Փոքր Ասիայում, որի մասին այլևս լուր չկա, սակայն այդ քաղաքը ունեցել է քրիստոնյա համայնք: Որի մասին լուրերը Պողոսին մշտապես հայտնել է այդ քաղաքի բնակիչ՝ Եպափրասը: Սկզբնական շրջանում համայնքը հոգևոր կայուն վիճակի մեջ է եղել և առաքյալը լուր է ունեցել այդ մասին:
Սակայն օտար վարդապետության քարոզիչները ամենուրեք են և նրանց նպատակն է խարխլել քրիստոնեության հիմքերը, կարծելով, թե քրիստոնեությունը ինչ- որ մի ուսմունք է, որը կարելի է լռեցնել և մոռացնել տալ մարդկանց մտքից: Սակայն այսպիսիք չգիտեն, որ քրիստոնեությունը ո՛չ թե ուսմունք է, այլ՝ Անձ, և այդ Անձը Հիսուս Քրիստոսն է, որին խաչեցին, իսկ Նա երրորդ օրը հարություն առավ մեռելներից: Ահա կողոսացիներին, որոնք սկզբում ամուր էին այս վարդապետության մեջ, հնարավոր է եղել փոխել նրանց հունը և շեղել նրանց ուշադրությունը Հիսուս Քրիստոսի անձից: Սակայն Պողոսը նամակում գովում է նրանց հավատքը, որ ունեցել են սկզբից, և գոհություն է հայտնում Աստծուն, աղոթելով նրանց համար: Այնուհետև Պողոսը անցնում է իր սիրելի թեմային՝ Քրիստոսաբանությանը և աստվածաբանությանը, վերստին հիշեցնելով նրանց, որպեսզի հաստատուն մնան իրենց ընդունած հավատի մեջ, լցվեն Քրիստոսի կամքի գիտությամբ և ունենան կատարյալ իմաստություն: Որպեսզի կարողանան ապրել Տիրոջն արժանի կյանքով, և ամեն ինչում Նրան հաճելի լինեն: Առաքյալը գոհություն է հայտնում Աստծուն այն բանի համար, որ իրեն արժանացրել է մասնակից լինել լուսաբնակ սրբերի վիճակին՝ փրկելով խավարի իշխանությունից, և փոխադրելով արքայություն իր սիրելի Որդու միջոցով: Յուրաքանչյուր քրիստոնյա նախ պետք է իմանա, որ մեր փրկությունը Քրիստոսի արյամբ է, իսկ մեղքերի թողությունը՝ Նրա մարմնով: Ինչի մասին, որ Պողոս առաքյալը գրում է կողոսացիներին, վստահաբար Եպափրասը նրանց խոսել է այդ մասին, բայց առաքյալը իր սովորության համաձայն կրկնությունը ձանձրույթ չի համարում իր համար, և օգուտ է համարում լսողի համար, որպեսզի վերահաստատվի նրանց կասկածի տակ գտնված հավատքը: Առաքյալը խոսում է սկզբի մասին, որ կար և Նրանով ստեղծվեց ամեն բան:Պողոսի նպատակն է հավատացյալների մտքի մեջ ամուր հիմք գցել Քրիստոսի վարդապետության մասին, որպեսզի որևէ մի քարոզիչ չկարողանա նրանց միտքը շեղել այլ ուղղությամբ: Քրիստոսին ներկայացնում է որպես աներևույթ Աստծու պատկեր, որպես Անդրանիկ բոլոր արարածների: Նա կար առաջ, նախքան՝ ամեն ինչի ստեղծվելը, և այսօր էլ միայն Նրանով է աշխարհում ամեն ինչ հաստատ կանգնած: Որևէ կասկածի տեղ չի թողնում առաքյալը, խոսելով Քրիստոսի իշխանության մասին: Ինչպես որ երկրի, այնպես էլ երկնքում գտնվող զորությունների, պետությունների, թագավորությունների և բոլոր հրեշտակային դասերի վրա ունի իշխանություն և զորություն; Աներևույթ Աստծու պատկեր ասելով, առաքյալը ներկայացնում է Քրիստոսի Աստվածության անփոփոխելիությունը, անշարժությունը և անկրկնելիությունը: Ինչպես Տէր Հիսուս ասաց, աշխարհը կանցնի, բայց Տիրոջ խոսքից մի նշանախեց չի կորի: Հիսուս Քրիստոսն է գլուխը մարմնի, որ եկեղեցին է : Նա է որ Անդրանիկն է մեռելներից: Ինչո՞ւ է կոչում Անդրանիկը՝ մեռելներից; Միթե ուրիշ մեկը հարություն չէր առել մեռելներից: Մենք հին կտակարանում էլ, նոր կտակարանում էլ կարդում ենք, որ պատահել են մեռած մարդու հարության դեպքեր: Կոչվում է Անդրանիկը մեռելներից, որովհետև բոլոր նրանք, որ հարություն են առել մեռելներից, ժամանակի ընթացքում նորից մահացել են: Հիսուս Քրիստոս միակն է, որ հարություն առավ մեռելներից, կենդանի է և գալու է նորից նույն մարմնով՝ Իր երկրորդ գալուստին՝ դատելու աշխարը անարդարության համար: Մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը ամեն ոք հնարավորություն ունի հաշտվելու Նրա հետ, ով իր կյանքը չխնայեց մարդու փրկության համար, խաչի վրա թափելով իր անմեղ արյունը: Նույն խոսքերով առաքյալը հիշեցնում է բոլոր նորաստեղծ համայնքներին, որ նրանք էլ մի ժամանակ օտարացած են ապրել Քրիստոսից, և հատկապես թշնամացած են եղել իրենց մտքերով, և չար գործերով: Հիմա է հնարավորությունը, որպեսզի ամեն մարդ ընդունի հաշտության այդ զորավոր ձեռքը, որ պարզված է իրեն որպեսզի այդ հաշտությամբ մարդկանց սուրբ և արդար ներկայացնի Հոր առջև: Իսկ Քրիստոս կարող է ներկայացնել Հորը, միայն նրանց, որոնք անսասան եղան հավատքի մեջ, և լսեցին այն խոսքը որ քարոզվեց իրենց: Իսկ կողոսացիները հավատարիմ չմնալով իրենց ընդունած վարդապետությանը, ականջալուր են եղել այլ ուսուցանողների, որոնք ուղղորդում են դեպի օրենք, դեպի թլպատություն, որից ազատել էր Քրիստոս իր մահվամբ:
Քրիստոսի մահը խաչի վրա ո՛չ թե ավարտն էր օրենքի և մարգարեության, այլ՝ սկիզբը՝ նո՛ր դարաշրջանի, նո՛ր կյանքի, նո՛ր մարդու: Ոչ թե օրենքի տառին կառչած մարդու, այլ՝ ազատ կամքով և շնորհներով լցված մարդու: Առաքյալը այս բաներն է քարոզել ամենուրեք, այնուհետև նամակով է հիշեցրել, որպեսզի համայնքների հավատի հիմքերը ամրացնի, իսկ ինքը հայտնվել է կապանքների մեջ և զրկվել ազատությունից՝ Քրիստոս քարոզելու համար:
Սակայն նամակների մեջ գրում է, որ ուրախ է այդ չարչարանքների համար, քանի որ հաստատել է Քրիստոսի եկեղեցին՝ այդ քարոզության շնորհիվ: Աստծու տնտեսության մեջ Պողոսը սպասավոր եղավ իր հնարավորությունների առավելագույն չափով: Որովհետև այն խորհուրդը որը ծածկված էր դարերից ու սերունդներից, այժմ հայտնվեց իր սրբերին: Աստված կամեցավ ցույց տալ, թե փառքի ինչպիսի ճոխություն կա այդ խորհրդի մեջ, որ ծածկված էր իրենցից, հատկապես հեթանոսներից: Ո՞րն է այդ խորհուրդը: Խորհուրդը Քրիստոսն է, որ փառքի լույսն է, և՛ իրենց մեջ է, և՛ իրենք չե՛ն տեսնում այդ լույսը: Պողոս առաքյալի մեջ գործում է մի զորավոր ուժ, որով նա կարողանում է ամեն մարդու բերել հոգևոր իմաստության, որպեսզի կատարյալ դարձնի Հիսուս Քրիստոսի անվան համար: Պողոս առաքյալի կրած նեղությունների մասին կարդում ենք այն պահից սկսած, երբ Դամասկոսի ճանապարհին պատահեց նրա հետ, սակայն ո՛չ մի անգամ չկարդացինք, որ առաքյալը տրտնջար իր հետ պատահած հալածանքների և բանտարկությունների համար:
Առաքյալը պատվով ընդունեց իր կոչումը և ամենայն համարձակությամբ մտավ իր առաքելության մեջ: Առաքյալը հոգով և մարմնով էր հասկացել, թե ի՛նչ է Աստծու խորհուրդը, որ հայտնվել էր Հիսուս Քրիստոսի միջոցով, և որ այդ խորհուրդը պետք է բացատրել մարդկանց՝ իրենց հասկանալի լեզվով: Որովհետև եթե կային Պողոսներ, կային նաև մոլորեցնողներ, որոնց նպատակն էր աղավաղել Քրիստոսի վարդապետության բուն նպատակը՝ որ մարդու փրկությունն է:
Սիրելիներ, այսօր էլ մեր աշխարհը զերծ չէ նմանատիպ քարոզություններից, այսօր էլ կա Պողոսներ, այսօր էլ կան անմիտ սերունդներ, որոնք գայթակղվում են սուտ վարդապետություններից և կեղծ քարոզիչներից: Աստծու խորհրդի մեջ է պահված Գիտության և իմաստության գանձերը, իսկ մոլորեցնողների համար պարտություն է Աստծու ամեն խորհուրդ: Նրանց նպատակն է չնչին բան համարել Քրիստոսի խաչելությունը, և մարդկությանը տալ կործանիչ ազատություն, կեղծ ապահովություն, անտեսանելի անվտանգություն: Իսկ մարդիկ, ինչպե՛ս առաջին դարերում, այնպես էլ մեր այս քաղաքակիրթ դարաշրջանում վազում է վայելքի, դրամի և նյութապաշտության հետևից: Սրանով հանդերձ ակնկալում է խաղաղություն, անվտանգություն և ուրախություն, որը չի կարող տալ աշխարհը, քանի որ աշխարհի նպատակը ո՛չ թե խաղաղություն տալն է, այլ մարդկանց այդ անվան տակ խաբելն է; Միակ անխափան խաղաղությունը կհաստատվի, երբ երկրում հաստատվի Քրիստոսի պատվիրանների համապատասխան սահմանադրություն: Երկրների կառավարման ղեկը գտնվում է անաստված հարուստների ձեռքում, և նրանք երկրի ազգաբնակչությանը տանում են անհայտ ուղղությամբ; Պողոս առաքյալն էլ կամենում է, որ կողոսացիներին չմոլորեցնեն օտար ուսմունքներով, և ինքը թեպետ բանտում, բայց հոգով ու սրտով յուրաքանչյուրի հետ է:
Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի երկինք համբարձումից հետո, երկրի վրա Նրա մարմինը եկեղեցին է: Երկրի վրա եղած Իր կյանքի տարիներին Քրիստոս հալածվեց և ամբաստանվեց հրեաների կողմից, իսկ իր համբարձումից հետո հարկ էր, որ իրեն հետևողները հալածվեին, որպես շարունակություն Քրիստոսի հալածանքների: Եկեղեցին պետք է հալածվի որպես Քրիստոսի մարմին, և ով որ հանձն կառնի այդ հալածանքներն ու կապանքները, նա նման կլինի Պողոսին, որը երբեք չհրաժարվեց չարչարվելուց հանուն եկեղեցու Գլխի՝ Հիսուս Քրիստոսի:
Պողոսը ուներ «Առաջինը» լինելու բոլոր նախադրյալները, բայց ամեն անգամ , երբ ներկայանում է որպես նամակագիր, իրեն ներկայացնում է որպես ծառա Քրիստոսի, կամ որպես բանտարկյալ Քրիստոսի անվան համար: Կողոսացիներին գրված նամակում առաքյալը տալիս է աստվածաբանության ընդհանուր գաղափարներ՝ ուսուցման համար, բայց որ հատուկ ուղղված որոշակի մարդկանց: Գուցե այս ոճը նրա համար է, որ ինքը չի՛ եղել կողոսացիների մոտ անձամբ, և չգիտե նրանց, այլ միայն լսել է Եպափրասից նրանց և հավատի արթնության համար, և՛ ճշմարիտ հավատից շեղվելու մասին: Առաքյալը հիշեցնում է նամակի մեջ, որ ինքը նեղություն է կրում ո՛չ միայն կողոսացիների, այլ՝ նաև լավոդիկեցիների համար: Սակայն այդ համայնքի համար ոչինչ չի գրել: Լավոդիկեն նույնպես քաղաք է Կողոսիայի տարածքում, և ասվում է, որ առաքյալը Լավոդիկեի եկեղեցուն էլ է նամակ գրել, ուղղակի այդ նամակը մաս չի կազմում Նոր Կտակարանին: Լավոդիկեի մասին ես ձեզ խոսել եմ նաև, երբ Հայտնության գրքից միասին քննարկում էին յոթ եկեղեցիներին ուղղված նամակները: Լավոդիկեն այն եկեղեցին է, որի եպիսկոպոսին գրում է,- Գիտե՛մ քո գործերը, դու ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք: Դու գա՛ղջ ես: Հիմա քեզ պիտի փսխեմ իմ բերանից:
Բայց Պողոսը նամակում չի փորձում հանդիմանական խոսքեր գրել կողոսացիներին, ինչպես օրինակ գրում էր կորնթացիներին, կամ գաղատացիներին, այլ փորձում է ընդհանուր ուսուցմամբ շտկել նրանց ընթացքը: Դրա համար է շատ մանրամասն բացատրում ամեն ինչ, քանի որ իրեն հայտնի չէ, թե կողոսացիները ինչից հետո մոլորվեցին, կամ որտեղ ընկան, որպեսզի հստակ գրի իր ուղերձը: Ամեն դեպքում գրում է,- Եղբայրներ, ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այնպես էլ ընթացեք Նրանով՝ արմատավորված և կառուցված Նրա վրա, որպեսզի աճեք Նրա մեջ գոհությամբ; Պողոսը մտահոգ էր այն բանի համար, որ մեկը ճարտարամտությամբ և սնոտի խաբեությամբ մոլորեցրել է նրանց: Այդպիսի մարդիկ մարդկային ավանդությունների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա: Ինչո՞ւ է Քրիստոսի վարդապետությունը համարվում ճշմարի՛տ վարդապետություն: Որովհետև այդ վարդապետության մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը՝ մարմնապես: Հավաստիացնում է կողոսացիներին, որ իրենք էլ են լցված այդ լիությամբ, որ Գլուխն է ամեն իշխանության ու զորության: Այստեղ խոսքը ուղղված է հեթանոսներին, որոնց դարձը համարվեց անձեռակերտ թլպատություն՝ իրենց հավատի շնորհիվ, որով մերկացան իրենց մեղավոր մարմնից: Այսինքն հավատալով Քրիստոսին թաղվեցին նրա հետ մկրտության մեջ, և այդ միջոցով նաև հարություն առան Քրիստոսի զորությանը հավատալով: Հեթանոսները իրականում մի ժամանակ մեռած էին իրենց բազում մեղքերի մեջ, և նաև իրենց մարմնի անթլպատության մեջ: Բայց Քրիստոսին հավատալուց հետո, ներվեց նրանց հանցանքները և ոչնչացվեց նրանց պարտամուրհակը: Նրանց մեղքերն ու հանցանքները վերացրեց մեջտեղից և մեխեց խաչափայտին մեր Տէրը, թողություն տալով նրանց մեղքերին: Առաքյալն ասում է, թե ամեն մարդ պետք է ստանա հոգևոր իմաստություն և պատրաստ լինի կանգնելու Հիսուս Քրիստոսի առջև՝ դատաստանի ժամանակ: Ու՞մ նկատի ունի «ամեն մարդ» ասելով; Մի՞թե միայն հրեային, կամ մի՞թե հեթանոսին, գուցե հույների՞ն: Ո՛չ որևէ մեկին, այլ՝ բոլորին անխտիր: Քրիստոս խաչվեց ողջ աշխարհի մարդկության համար, անկախ սեռից, գույնից, և բնակության վայրից: Հրեաների թլպատությունը նշան էր նրանց համար, որ պատկանում են ընտրյալ ազգին, իսկ հեթանոսների համար հատուկ առաքյալ պատրաստեց և օժտեց, որպեսզի նրանց դարձի բերի:
Այս հատուկ առաքյալը Պողոսն էր, որ իր կյանքի լավագույն տարիները անցկացրեց բանտում, կապանքների մեջ, հալածանքների մեջ: Այս բոլորի մեջ ուրախ էր Պողոսը, քանի որ նրա համար կյանքը՝ Քրիստոսն էր, կյանքի լավ օրերը Քրիստոսն էր, և տանջանքները նույնպես Քրիստոսն էր: Նույնը պատվիրում է բոլոր եկեղեցիների նորաստեղծ համայնքների հավատացյալներին, որպեսզի ո՛չ ոք նրանց չխաբի կամ չմեղադրի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի, կամ շաբաթի հարցում, որոնք միայն ստվերներն են գալիք բաների: Սրանք օրենքին են վերաբերում, իսկ Քրիստոսին հավատացողը շնորհով է լցվում;
Ընդ որում խաբում են նրանք, որոնք ո՛չ թե խոնարհ են, այլ՝ ձևանում են; Ո՛չ թե զորավոր են հավատի մեջ, այլ՝ ձևանում են այդպիսին; Ո՛չ թե օրինապահ են, այլ՝ սովորեցնում են միայն ուրիշներին, բայց ո՛չ երբեք իրենք իրենց: Այսպիսի կեղծ ուսուցիչները չեն կարող կապված լինել գլխին՝ որ Քրիստոս է: Շատ պարզ է Քրիստոսի վարդապետությունը. եթե մեռաք Քրիստոսի հետ, և այս աշխարհի իշխանության լծից ազատվեցիք, ուրեմն էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների պես հետևում եք կանոններին, ասելով,- Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր: Քանի որ այդ բոլորը գործելով ապականվում են ըստ մարդկային պատվիրանների և վարդապետության; Պետք չէ իմաստուն ձևանալ ինքնակամ կրոնով, ցուցադրական խոնարհությամբ, և իբրև մարմնի խստակեցությամբ; Արտաքնապես արված այդ բոլորը բացարձակ անօգուտ են մարմնի ցանկությունները զսպելու համար, և ոչ մեկ արժեք չեն ներկայացնում:
Հետևաբար եթե Քրիստոսի հետ հարություն ենք առնում հավատի մկրտությամբ, ուրեմն պետք է փնտրենք վերին բաներ, այնտեղ, ուր նստած է Հիսուս Քրիստոս ՝ Հոր աջ կողմում: Վերին բաների մասին խոհելով է, որ կարող ենք անտեսել երկրի վրա եղածները: Քանի դեռ մարմնով կապված ենք երկրի ինչքերի հետ, չենք կարող Քրիստոսի հետ մեռնել, հետևաբար չե՛նք կարող նաև Նրա հետ հարություն առնել: Քրիստոս, որ կյանքի Տէրն է, երբ հայտնվի, մենք էլ Նրա հետ կհայտնվենք փառքով: Պողոս առաքյալը նամակի ավարտին գեղեցիկ պատգամ է տալիս կողոսացիներին՝ հին ու նոր կյանքի մասին:
Սիրելիներ, կուզեմ ուշադրությամբ լսեք այս պատգամները, որոնք առավել մեզ են պետք, քան կողոսացիներին; Նոր կյանք մտնելու համար, Քրիստոսին հավատացողները պետք է սպանեն իրենց մեջ երկրավոր ցանկությունները: Պետք է դեն նետեն պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն, և ագահություն, որը կռապաշտություն է: Այս մեղքերի հետ ապրող մարդկանց վրա գալիս է Աստծու բարկությունը: Կողոսացիներին հորդորում է հեռու մնալ բարկությունից, զայրույթից, չարությունից, հայհոյությունից, և խեղկատակությունից, որ դուս է գալիս ձեր բերաններից: Մինչ այս պահը նշված բոլոր մեղքերը առատորեն գործում են նա՛և մեր օրերում, նույնիսկ քրիստոնյաների մեջ; Եթե կողոսացիները հեթանոսությունից դարձած քրիստոնյաներ էին, և նրանց համար դժվար էր միանգամից հրաժարվել իրենց նախկին մեղքերից, ապա մենք միանգամից ծնվում ենք քրիստոնյա ընտանիքներում, և մեր աչքի առջև է եկեղեցին ու սուրբ Գիրքը: Բայց մենք ապրում ենք հեթանոսի կյանքով, և երբեմն զարմանում ենք, թե ինչո՞ւ է մեր երկրի վրա հասնում աստծու բարկությունը: Մենք փորձությունների մեջ ամենուրեք կամենում ենք լսել Աստծու ձայնը: Բայց Աստծու ձայնը լսելուց առաջ մենք պետք է լսենք մեր մեղքերի ձայնը, որն աղաղակում է օրնիբուն: մենք պետք է լսենք մեր ընկած մարդու ողբը, որին օգնություն է պետք, Փրկիչ է պետք: Եթե մենք մեր մեղքերի աղմուկն ու աղաղակը չենք լսում, ինչպես կարող ենք լսել Աստծու ձայնը, որի բարկությունն ենք հարուցել:
Մի՛ ստեք միմյանց,- ասում է առաքյալը: Հանեք ձեր վրայից հին մարդուն՝ իր հին գործերով, և հագեք նորը, որը նորոգված է գիտությամբ ըստ իր Արարչի Պատկերի: Այլևս չկա հրեա, կամ հեթանոս, չկա թլպատություն և անթլփատություն, չկա բարբարոս և սկյութացի, չկա ծառա և չկա ազատ: Այլ՝ կա միայն Քրիստոս, որ ամեն ինչ է ամեն բանում; Երբ հանենք հին մարդուն մեր վրայից, առաքյալը խորհուրդ է տալիս հագնել գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն,հեզություն, համբերատարություն, հանդուրժելով միմյանց: եթե մեկը մեկի դեմ բան ունի, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, դո՛ւք էլ նույն ձևով արեք: Սիրելիներ, Պողոս առաքյալի այս պատգամները լսելուց հետո, միթե գտնվի մեկը, որը արդարացում գտնի իր տրտունջներին, որ ունենք ամեն ինչ նկատմամբ; Մենք ապրում ենք մեղքի հետ կողք կողքի և ուզում ենք խաղաղ լինել, ուրախ լինել:Պողոս առաքյալը այդպես չի՛ կարծում, այլ ասում է, եթե այդ բոլոր մեղքերը դեն նետեք և այդ բոլոր առաքինությունները հագնեք, ապա դրանց վրա հագեք Սէրը, որը կապն է կատարելության; Սերն է, որ ամուր է պահում առաքինությունները: սերն է, որ ներել է տալիս, համբերել է տալիս: Սերն է որ մեր սրտում հաստատում է Քրիստոսի խաղաղությունը:
Եփեսացիների նամակի սերտողության մեջ էլ հանդիպեցինք ընտանեկան բարոյական պատվիրանների: Կողոսացիներին նույնպես տալիս է հնազանդության պատգամներ՝ նախ՝ կանանց, ապա պատվիրում է տղամարդկանց, որ սիրեն իրենց կանանց և չդառնացնեն նրանց; Որդիներին պատվիրում է ամեն ինչում հնազանդ լինել ծնողներին, որովհետև Տիրոջ առջև հաճելի է դա: հայրերը պետք է զգուշությամբ վարվեն որդիների հետ, որպեսզի վերջիններս չհուսալքվեն: Ծառաներին կամ սպասավորներին հասնելով, հորդորում է, որ իրենց տերերին ծառայեն հնազանդությամբ և ոչ մարդահաճությամբ:Ոչ թե ցուցադրական ծառայությամբ, այլ՝ սրտի անկեղծությամբ՝ երկյուղ կրելով Տիրոջից: Մենք նախորդ սերտողության մեջ բավական մանրամասն անդրադարձանք այս հարցին: Այլ խոսքով առաքյալի գլխավոր միտքն այն է, որ յուրաքանչյուրը իր ծառայության մեջ ամեն ինչ թող անի սրտանց, կարծես թե Տիրոջ համար է անում, և ո՛չ թե մարդկանց համար: Այսպիսի ծառայությունը վարձատրվում է երկու անգամ: Մեկը՝ մարմնավոր տիրոջից՝ դրամի տեսքով, և երկրորդ կարևորը՝ Երկնավոր Տիրոջից՝ ժառանգության տեսքով: Իսկ անիրավը պիտի պատժվի ըստ իր անիրավության, որովհետև Աստծու առաջ աչառություն չկա: Յուրաքանչյուրը ստանում է ըստ իր սրտի կամեցողության և ըստ իր պատրաստակամության: Բայց առաքյալը պատգամ ունի նա՛և տերերին, որը պակաս կարևոր չէ: Քանիի որ նրանք էլ պարտավոր են ծառաների հետ վարվել ուղղամտությամբ և արդարությամբ: Չէ որ այդ տերերն էլ Տէր ունեն երկնքում, որ տեսնում է ամեն բան; Կողոսացիների հրավիրում է մշտական աղոթքի և խնդրում է, որ իր համար էլ աղոթեն, որպեսզի աստված բացի Պողոսի առջև խոսքի դուռը, հայտնելու համար Քրիստոսի խորհուրդը, որի համար ինքը այդ պահին կապանքների մեջ է: Ինչպես ինքն է Տիրոջից ակնկալում, որ իր առջև բացի խոսքի դուռը, այնպես պատվիրում է կողոսացիներին, որպեսզի խոսեն Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմված լինի նրանց խոսքը:
Սիրելիներ այս գեղեցիկ նամակի բովանդակությունը կողոսացիներին պետք է հասցնեն հավատարիմ և շնորհով լեցուն եղբայրներ՝ Տիւքիկոսը և Օնեսիմոսը, որոնք և պետք է պատմեին նաև Պողոս առաքյալի կյանքի դժվարությունների և կապանքների մասին, որպեսզի մխիթարեն կողոսացիներին: Առաքյալը պատվիրում է, որ այս նամակը ընթերցեն նաև Լավոդիկեի եկեղեցում, և Լավոդիկեի եկեղեցու նամակը իրենք ընթերցեն: Այստեղից ենք ենթադրում, որ Լավոդիկեին էլ է նամակ գրել, բայց մեզ չի հասել: Փակում է նամակը իրեն բնորոշ ողջույնների փոխանցումով՝ ամենատարբեր մարդկանց՝ ամենատարբեր մարդկանցից: Միտքն ավարտում է այս խոսքերով,- Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է: Իմ կապանքները պահեցեք ձեր մտքում: Շնո՛րհ ձեզ հետ:
Սիրելի ունկնդիրներ այսօր ավարտեցինք Կողոսացիներին ուղղված նամակը, որը կազմված էր չորս գլուխներից: Ձեզ ներկայացրի գլխավոր կետերի մեկնաբանությունը, որպեսզի ընթերցելիս վերհիշեք սերտողությունը, կամ նորից լսեք տեսանյութը, առավել տպավորիչ դարձնելու համար:
Քանի որ առաքյալը շատ գեղեցիկ մաղթանքներ է գրում իր նամակներում, այսօրվա եթերը ավարտենք իր իսկ մաղթանքով: Մեր հաջորդ թեման կլինի Թեսաղոնիկեի եկեղեցուն ուղղված առաջին նամակի սերտողությունը:
Թո՛ղ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստութեամբ ուսուցանեք եւ խրատեք միմյանց՝ սաղմոսներով, օրհներգություններով, հոգեւոր երգերով եւ երախտագիտութեամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն։ Եւ ինչ որ անեք խօսքով եւ գործով, բոլորն արե՛ք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցեցէք նրանով Աստծուն եւ Հորը։ Ամեն․