ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Հիշեցնեմ ձեզ, որ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի եկեղեցուն երկու նամակ է գրել, առաջինի հետ երեկ ծանոթացանք, իսկ այսօր կսերտենք երկրորդ նամակը: Առաջին նամակում առաքյալը գնահատեց եկեղեցու նախնական նախանձախնդիր հոգևոր վիճակը, այնուհետև անդրադարձավ համայնքի ներսում առաջացած խնդիրներին և տվեց որոշակի պատգամներ ու հրահանգներ: Հավանաբար խնդիրներ դեռ կային այդ համայնքում, այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ գրելու երկրորդ նամակը: Այս երկրորդ նամակի նախաբանը դարձյալ նույնն է ողջույնի խոսքերով, որ հղում է նաև Տիմոթեոսի և Սիղվիանոսի անունից:
Շնորհ և խաղաղություն է փոխանցում Թեսաղոնիկեի համայնքին Հայր Աստծուց և Տէր Հիսուս Քրիստոսից, անկախ այն բանից, թե ի՛նչ հանդիմանություններ է անելու նրանց՝ իրենց սխալների համար: Առաքյալը այս երկրորդ նամակում որոշում է խոսել համայնքի հետ Քրիստոս գալստյան ժամանակ տեղի ունեցող դատաստանի մասին: Նամակի սկզբում նորից գնահատում է նրանց հավատքը, գոհություն է հայտնում Աստծուն նրանց հոգևոր աճի համար, միմյանց նկատմամբ ունեցած սիրո համար: Նույնիսկ այլ եկեղեցիներում Պողոսը պարծենում է այս եկեղեցու համբերության և հավատի համար, ինչպես նաև հալածանքների համար, որոնք նրանք անտրտունջ կրում են: Պողոս առաքյալը, ինչպես արդեն նկատեցիք, սովորություն չունի ներկայացնել դժվարությունները, սակայն հանձն է առնում, որ կան հալածանքներ, նեղություններ, որոնց դիմաց համբերությունը ապացույց է Աստծու արդար դատաստանի, որպեսզի հալածանքին համբերողները արժանանան Աստծու արքայությանը:
Որովհետև արդար է Աստծու առաջ, որ նեղություն պատճառողներին նեղություն հատուցվի, իսկ նեղություն կրածներին՝ հանգիստ, երբ Տէր Հիսուս հայտնվի երկնքից Իր հրեշտակների զորքով՝ կրակի վրեժ լուծելու համար նրանցից՝ որոնք չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տէր Հիսուս Քրիստոսի Ավետարանին: Նրանց պատիժը պիտի լինի հավիտենական կործանումը: Այստեղ առաքյալը չի խոսում այն մարդկանց մասին, որոնք առհասարակ չեն լսել Աստծու անունը; Հատկապես որ առաքյալի օրերում դեռ ավետարանը տարածված չէր, ինչպես այսօ՛ր, և շատ վայրեր կային, որ Քրիստոսի վարդապետության մասին լուր չունեին: Սրանց մասին չէ, որ ասում է Պողոս առաքյալը, թե նրանց պատիժը հավիտենական կործանումը պետք է լինի: Այլ նրանց մասին է, որոնք լսում են Աստծու մասին խոսողին և անտեսում են Ավետարանի պատգամը՝ իրենց մեղավոր կյանքի պատճառով: Բայց առաքյալը մխիթարում է թեսաղոնիկեցիներին, որ իրենց հալածանքները գնահատվելու և վարձատրվելու են ոչ թե հիմա, ներկա ժամանակներում, այլ՝ Տիրոջ երկրորդ Գալուստի ժամանակ: Քրիստոնեությանը հաճախ են մեղադրել այս հարցում, որ հալածվողին մխիթարում է ապագայի հույսով, որը վարձատրությամբ է պսակվելու, իսկ հալածողները հակառակը՝ արժանանալու են մեծագույն պատժի: Այն մարդիկ էին մեղադրում, որոնք հարության հույս չունեն, որոնք հավիտենական կյանքին չեն հավատում:
Բայց եթե մարդը ուրախանա միայն երկրի վրա ապրած իր կյանքով, ապա իրապես ողորմելի վիճակում կհայտնվի, քանի որ ոչ մի մարդ այս կյանքից չի հեռացել ամբողջությամբ իր գործերը ավարտած, բոլոր մահացողներն էլ ինչ բան կիսատ են թողնում ու գնում: Ուրեմն այս կյանքը ապրելու և հա՛տկապես շտկվելու համար է, զղջալու և ապաշխարելու համար է, Աստծուն գտնելու և Նրա հետ հաշտ ապրելու համար է: Ինչո՞ւ են քրիստոնյաները դարերով համբերել նեղություններին ու հալածանքներին, որովհետև գիտեն, որ իրենց ընդվզումը չարի դեմ չարով է ավարտվում, իսկ քրիստոնյաները ապավինում են Աստծու արդար դատաստանին: Դարերի պատմությունից մեզ հայտնի են բոլոր հեղափոխությունները, երբ մարդիկ ընդվզում են չար իշխանության դեմ, և հեղափոխությամբ իշխանության գլուխ են բերում ավելի դաժան մեկին:
Ուրեմն Քրիստոնեության գաղափարախոսությունն այն է, որ մարդը ինքը իրեն պետք է փոխի, ոչ թե իշխանությունը: Որովհետև Տիրոջ Երկրորդ Գալուստին յուրաքանչյուրը հատուցելու է իր արածի չափով, լինի լավ, թե վատ: Այս մասին է գրում Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին, որ իրենց համբերությունը հալածանքներին՝ արդարացված է Աստծու առաջ, և դատաստանի ժամանակ յուրաքանչյուրը կստանա իրեն արժանի հատուցում. կամ հավիտենական կյանքի պսակ, համ հավիտենական տանջանք: Այդ պատճառով է, որ Պողոս առաքյալը անվերջ կրկնում, որ ինքը աղոթում է այդ համայնքի համար, որպեսզի Աստված արժանի դարձնի իրենց կոչմանը, և լրացնի նրանց բոլոր փափագները և հավատի գործերը: Հիշում ենք, որ առաջին գլխի մեջ առաքյալը գնահատում էր նրանց հավատի գործերը, սիրո վաստակը և հույսի համբերությունը:
Այս առաքինություններով է, որ Աստված փառավորվում է մարդկանց մեջ: Իսկ թեսաղոնիկեցիների մեջ այդ առաքինությունները տեսնում էր Պողոս առաքյալը: Տեսնում էր և իր ուշադրության կենտրոնում էր պահում նրանց՝ իր մշտական բացատրական աշխատանքներով ու խրատներով: Հավանաբար նրանց մեջ հարցեր էին առաջանում Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, քանի որ առաքյալը կտրուկ անդրադարձ է անում այդ թեմային և աղաչում է նրանց, որ չխռովեն նրանց սրտերը Քրիստոսի երկրորդ գալուստի վերաբերյալ, և չհավատան որևէ մեկին, որ կասի, թե ահա մոտ է ժամանակը կամ հասել է ժամանակը Տիրոջ գալուստի:
Մի զարհուրեք,- ասում է,- ոչ հոգով, ոչ խոսքով, ոչ էլ թղթերով, որպես թե եկած հասած լինի Տիրոջ օրը: Ոչ ոք իրավունք չունի ձեզ խաբելու Տիրոջ օրվա մասին, քանի որ Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին՝ հակառակորդը, որը գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է կռապաշտության առարկա: Գոռոզանում է այն աստիճան, որ պիտի նստի Աստծու տաճարում և իրեն համարի աստված: Առաքյալը հիշեցնում է հավատացյալներին, որ նախկինում էլ այդ մասին խոսել է իրենց հետ, բայց սա այն թեման է, որը հետաքրքրել է բոլոր ժամանակների մարդուն: Միշտ էլ մարդը ավելի շատ հետաքրքրվում է նեռի գալստյան օրով, քան իր ապաշխարության և զղջման անհրաժեշտությամբ:
Մարդը միշտ էլ վախեցել է նեռի անունից, բայց նաև չի հնազանդվել Աստծու պատվիրանին, որով կարող է հաղթել չարին: Ո՞վ է այս անօրենության մարդը, որ պետք է գա: Ինչո՞ւ նրա գալուց առաջ պետք է ապստամբություն լինի: Ո՞վ է այս կորստյան որդին: Որի մասին Պողոս առաքյալը այսպես մանրամասն բացատրում է եկեղեցու համայնքին:
Հավանաբար ոմանք կարդալով մարգարեությունները, կեղծավորաբար կամեցել են ժողովրդի մեջ խռովություն առաջացնել Տիրոջ գալստյան օրվա առիթով: Առաքյալի խոսքից հայտի է դառնում, որ այդ սուտ մարգարեությունները վերագրվել են Պողոսին, իբրև թե Պողոսն է ասել, որ մոտեցել է Տիրոջ օրը՝ խուճապ առաջացնելու համար: Դրա համար էլ պողոսն ասում մի խռովեք ոչ հոգով, ոչ էլ մտքով, քանի որ դրանք իմ խոսքերը չեն: Առաջին նամակի մեջ էլ զգուշացրեց, որ դուք լույսի և ցերեկվա որդիներ եք և այդ օրը ձեզ չի հասնի: Այս նամակում էլ ասում է, որ վտանգ կհասնի նրանց, որոնց արհամարհեցին Աստծու խոսքը և չհետևեցին այդ խոսքին: Բայց դուք անսացիք Աստծու կանչի և հետևեցիք Նրա խոսքին, հետևաբար վախենալու և մտահոգվելու կարիք չկա: Անսասան հավատի տերը երբեք էլ չի մտահոգվում Տիրոջ օրվա մոտ, կամ հեռու լինելու հարցում: Աստված բոլորին է ուղարկել հրավերը, սակայն բոլորը չեն, որ արձագանքել են այդ կանչին: Իսկ թեսաղոնիկեցիները արձագանքել են Տիրոջ կանչին և հետևել են Նրա խոսքի ճշմարտությանը, չնայած իրենց մեջ եղած բացթողումներով: Անկեղծ հավատով, ամուր հույսով և բոցավառվող սիրով պետք է սպասել Տիրոջ օրվան և ոչ՝ վախով: Վախով սպասում է նա, ով պատրաստ չէ Տիրոջ առջև պատասխան տալու իր անհավատության համար:
Առաքյալը երբ խոսում է անօրենության մարդու մասին, հստակ չի՛ ասում թե՝ ում նկատի ունի, բայց հասկանալի է, որ հակաքրիստոսն է նրա նկարագրած անօրեն հակառակորդը, որը գոռոզանում է մինչև իսկ իրեն աստված հռչակելու հարցում: բայց Պողոս առաքյալը մեկ այլ հետաքրքիր միտք է արտահայտում, երբ թեսաղոնիկեցիներին ասում է, թե՝ այժմ դուք ինքներդ գիտեք, թե ինչն է հակաքրիստոսին հետ պահում, որ նա ինքն իրեն հայտնի մինչև ժամանակը գա: Քանի որ անօրենության այդ խորհրդավոր ուժը արդեն գործի վրա է:
Առաքյալը այս հարցի մասին բավական ազատ և վստահ է խոսում այդ համայնքի հետ, հավանաբար վստահ լինելով նրանց հոգևոր գիտելիքների և փորձառության վրա:
Իսկ ո՞վ է այն խոչնդոտը, որը արգելում է անօրենության մարդու գալը: Թեսաղոնիկեի եկեղեցուն ասում է, դուք գիտեք, թե ինչն է նրան հետ պահում: Քանի որ առաքյալի խոսը այստեղ հստակ չէ մեզ համար անունի հարցով, կան տարբեր տեսակետներ՝ աստվածաշնչի մեկնաբանողների կողմից:
Մի տեսակետն ասում է, որ Պողոս առաքյալը նկատի ունի Սուրբ հոգուն, որը դեռ խոչնդոտում է անօրենի գալստյանը և ի հայտ գալուն: Մյուս տեսակետն ասում է, որ առաքյալը նկատի ունի Հռոմի Ներոն կայսրին, որը անօրենության գործի վրա էր: Առաքյալը հետո ավելացնում է, որ,- Բայց այդ պիտի չհայտնվի մինչև այն ժամանակ, երբ մեջտեղից կվերացվի նա, որը այժմ նրան հետ է պահում: խոստովանենք, որ դժվար է հստակ եզրակացնել առաքյալի խոսքը, քանի որ թեպետ Սուրբ Հոգու խոչնդոտության մասին հստակ չի ասում, բայց հստակ է, որ ամեն ինչ աշխարհում կատարվում և արգելվում է Աստծու գիտությամբ: Եվ մենք վստահ գիտենք, որ երբ հայտնվի անօրենության մարդը, որին Տէր Հիսուս պիտի կործանի Իր բերանի շնչով և պիտի ոչնչացնի Իր հայտնությամբ և Իր գալստյան ժամանակ:
Սիրելիներ, որպեսզի մենք այս հարցում տարակուսանք և երկմտություն չունենանք, կամ կասկածների մեջ չմտնենք, իմանալու համար, ով է արգելում, կամ ով է հակաքրիստոսը, միայն նրա համար, որ բավարարենք մեր ներքին հետաքրքրությունը, ապա մենք պետք է սևեռվենք մեր անձերի ինքնաքննության, մեր ապաշխարության, մեղքերից հնարավորինս շուտ ձերբազատման և հարատև աղոթք ձեռք բերելու գործընթացի վրա: Ինչո՞ւ այսպես անենք: Որովհետև մենք անվերապահ գիտենք Ավետարանից, որ անօրենի գալուստը սատանայի ներկայությամբ է, ամենայն զորությամբ և նշաններով, խաբեբայական զորավոր գործերով, և անիրավության բոլոր պատրանքներով՝ կորստյան մատնվածների վրա:
Մեր գլխավոր գործը պետք է լինի չհայտնվել կորստյան մատնվածների ցանկի մեջ: Յուրաքանչյուրս մեր մկրտության ժամանակ հրաժարվելով հրաժարվել ենք սատանայի ամենայն խաբեություններից ու պատրանքներից: Ինչո՞ւ պետք է գա կորստյան մատնվածների վրա: Կգա նրանց վրա այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված պիտի ուղարկի մի զորավոր մոլորություն, որ նրանք հավատան ստին և դատապարտվեն բոլոր նրանք, որոնք չհավատացին ճշմարտությանը, այլ հաճույք գտան անօրենության մեջ: Եթե մենք անդրադառնանք սաղմոսերգուի այն խոսքերին, որ ասում է,- Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած. ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։
Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։ Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ո՛չ իսկ մէկ հոգի։ Այս տողերը կարդալիս, այլևս հարց չի մնում հասկանալու համար, թե ինչու պետէ գա անօրենը: Բայց մենք այս հարցի շուրջ շատ տեղեկություններ ունենք Ավետարանից՝ աշխարհի վախճանի մասին: