ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալը մարգարեության շնորհը վեր է դասում բոլոր շնորհներից, քանի որ մարգարեանալը ամրացնում է եկեղեցու հիմքերը: Օրինակ լեզուներ խոսողը խոսում է Աստծու հետ, և ոչ մարդկանց և մարդիկ չեն հասկանում նրան: Իսկ նա, ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում ի շինություն, ի մխիթարություն և ի սփոփանք: Լեզուներ խոսողը իրեն է հաստատում, իսկ մարգարեացողը եկեղեցին ամրացնում: Առաքյալը հաստատում է, որ, ո՛վ մարգարեանում է, ավելի՛ն է, քան նա, ով լեզուներ է խոսում, որովհետև ասում է, եթե գամ ձեր մոտ և լեզուներ խոսեմ, ձեր օգուտը ի՞նչ կլինի, եթե ձեր համար չխոսեմ հայտնությամբ, կամ մարգարեությամբ, կամ վարդապետությամբ: Մի գեղեցիկ օրինակ է բերում առաքյալը, լեզուներով խոսողների համար, ասելով,- Եթե շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կպատրաստվի պատերազմի: Նույնպես և դուք, եթե լեզուներով հստակ չդարձնեք ձեր խոսքը, ինչպես կհասկացվի այն մարդկանց համար: Դուք կնմանվեք մի մարդու, որ խոսում է օդի մեջ: Հետևաբար դուք հետամուտ եղեք հոգևոր լավագո՛ւյն շնորհներին, որպեսզի եկեղեցին ամրանա:
Հետևաբար առաքյալը հորդորում է լեզուներով խոսողներին, որ իրենց խոսքը թարգմանեն լսողների համար, քանի որ, երբ մարդն աղոթում է հոգով, միտքը նույնպես համախոհ է հոգուն: Եթե դու միայն հոգով աղոթես, և քո առջև կանգնած լինի մի անգետ, նա ինչպես պիտի ,,Ամեն,, ասի քո աղոթքին: Գուցե դու լավ ես գոհություն մատուցում Աստծուն, բայց քո եղբայրը հոգեպես չի հասկանում: Պողոս առաքյալը բոլորից առավել գիտեր լեզուներ, բայց որպեսզի ուրիշներն էլ հասկանան իր խոսածը, նա գերադասում է հինգ բառ խոսել խելքով, քան բազում խոսքեր՝ լեզվով; Առաքյալը եղբայրներին հորդորում է մտքով չափահաս լինել Աստծու խոսքի տարածման և Աստծու փառքի համար: լեզուները նշան են, բայց ո՛չ հավատացյալների, այլ՝ անհավատների համար: Իսկ մարգարեությունները ո՛չ թե անհավատների համար են, այլ՝ հավատացյալների: Ի՞նչ տպավորություն կստանան եկեղեցի մտնող անգետ ու անհավատ մարդիկ, եթե եկեղեցում բոլորը լեզուներով խոսեն; Միթե չեն ասի,- Սրանք գժվել են: Իսկ եթե նույն անգետ ու անհավատ մարդիկ եկեղեցի մտնեն ու տեսնեն, որ մեկը մարգարեանում է, և իրենք էլ հասկանում են նրա լեզուն, անմիջապես սրանց սրտի խորհուրդները հայտնի կդառնան և կհանդիմանվեն մարգարեացողի կողմից: Սրանք անմիջապես երեսի վրա կընկնեն ու կերկրպագեն Աստծուն և կխոստովանեն, որ արդարև Աստված է ձեր մեջ: Այդ պատճառով էլ առաքյալը մարգարեության շնորհը վեր է դասում լեզուներ խոսելու շնորհից: Սիրելիներ, ահա այսպիսին է, Պողոս առաքյալի կարծիքը՝ լեզուներ խոսելու շնորհի վերաբերյալ: Իսկ այսօր լեզուներ խոսողները այդ շնորհը վեր են դասում բոլոր շնորհներից՝ ասելով, որ իրենք առավել մոտ են Աստծուն՝ այդ լեզուներ խոսելու պատճառով: Հետաքրքի՛ր է, չե՞ն կարդացել առաքյալի այս գեղեցիկ բացատրությունը ՝ լեզուներ խոսելու շնորհի մասին, երբ առաքյալն ասում է, եթե տասնյակ լեզուներ էլ խոսեք առանց սիրո, և դա պարծանք համարեք, ոչի՛նչ է: Սիրելիներ, մի պահ կանգ առենք ու մտովի հիշենք, թե մենք ինչքա՛ն գործեր ենք արել, առանց սիրո: Նույնիսկ քրիստոնյաների մեջ քիչ չեն նրանք, որոնք բարեգործություն են անում մարդահաճության համար, ինքնահաստատվելու համար, առատաձեռն երևալու համար՝ հատկապես երբ կամերաները նկարում են; Բայց առանձին վայրում, երբ ո՛չ ոք իրենց չի տեսնում, պատրաստ չե՛ն որևէ աղքատի օգնել: Մեր եկեղեցիների մեծ մասը այս սկզբունքով է կառուցվել, և եկեղեցու ճակատային մի երևացող տեղում էլ մեծ տառերով գրվել է իր անունը, և այս բոլորի մեջ սե՛ր չկա:
Սիրելիներ, դարձյալ նայենք մեր շուրջը: Ինչքան հեշտ է սիրել մեկի, որը խոնարհ է, պարկեշտ է, բարի է և այլն: Իսկ որքան դժվար է սիրել մեկին, որ նյարդային է, հայհոյող է, տրտնջացող է և այլն; Չափազանց դժվար է սիրել մարդուն իր թերություններով հանդերձ: Չէ՞ որ մեր սերը կարող է նրան մի օր ինքնաքննության տանի և մարդը զգա, որ ինքը ուզում է նմանվել նրան, ով իրեն սիրում է նույնիսկ մեղքի մեջ: Երբ Քրիստոս խաչվեց՝ սիրուց մղված, մի՞թե ողջ մարդկությունը մեղքի մեջ չէր: կորնթացիներն էլ մեղքի մեջ էին հայտնվել՝ հպարտության և նախանձի պատճառով; Միմյանց նկատմամբ ունեցած չարամտությունը նրանց բաժանել էր միմյանցից: Առաքյալը նախորդ համարում նշեց, որ լեզուներն էլ կանցնեն, մարգարեություններն էլ կանցնեն, սակայն սերը երբեք չի մարի: Այսօր մեր եկեղեցիներում գրեթե չկա լեզվախոսություն, չկա մարգարեության շնորհը, որովհետև սեր էլ չկա: Այլ խոսքով Պողոս առաքյալի նախորդ գլխի սիրո մասին գեղեցիկ խոսքերը միայն կարդալու և բարձրաձայնելու համար չեն, այդ սիրով է, որ հոգևոր շնորհները եկեղեցում պտուղ են տվել և տալիս են: որովհետև յուրաքանչյուրն իր շնորհը եկեղեցում պետք է ծառայեցնի միայն Աստծու փառքի համար, և ի շինություն եկեղեցի: Առաքյալը նույնիսկ զգուշացնում է, որ եկեղեցում եթե մեկը լեզուներ է խոսում և իր շուրջը թարգմանող չկա, թող լռի: Սիրելիներ առաքյալի խոսքը ո՛չ թե մեր օրերի օտար լեզուների մասին է, այլ այդ լեզուն նման է այն լեզվին, որ Հոգեգալստյան օրը ստացան առաքյալները՝ տարբեր ազգերի հետ խոսելու համար: Պողոս առաքյալը եկեղեցու կարգ ու կանոնի մասին խոսելիս, մի գեղեցիկ պատգամ էլ ուղղում է հատուկ կանանց, այն մասին, որ կանայք եկեղեցում պետք է լուռ մնան, ինչպես որ ընդունված է Քրիստոսի բոլոր եկեղեցիներում: Հնազանդ թող լինեն, քանի որ օրենքն է ասում; Իսկ եթե ուզենան մի բան սովորել, տանը՝ թող իրենց մարդկանց հարցնեն, քանի որ կին արարածի համար անպատեհ է եկեղեցում խոսել:Առաքյալը հիշեցնում է, որ դա Տիրոջ պատվերն է, ոչ թե իրենը; Եթե մի կին անգիտանա, թող եկեղեցուց դուրս դրվի:Այնուհետև հորդորում է բոլորին, որ իրենց մարգարեությունը, և լեզուներ խոսելը թող լինի պարկեշտությամբ և ըստ կարգի:
Սիրելիներ, կանանց ուղղված պատգամից կարելի է հասկանալ, որ առաքյալի խոսքը վերաբերում է մարգարեանալուն, կամ լեզուներ խոսելուն:Քանի որ դրանից առաջ միայն այդ մասին էր խոսում: Եթե մարգարեանալու կամ լեզուներ խոսելու մասին է, բնականաբար լավ է որ տղամարդիկ խոսեն, քանի որ մենք Մարիամ Աստվածածնի օրինակը ունենք, որ տաճարում մեծացած և Քրիստոսի մայրը լինելով հանդերձ նա չի մարգարեացել, կամ լեզուներ չի խոսել: Իսկ իր ազգական Եղիսաբեթին արված մարգարեությունը անձնական բնույթի խոսակցություն է, դարձյալ մի այլ կնոջ հետ, ո՛չ թե եկեղեցում: Մեր եկեղեցին էլ չունի կին քարոզիչներ, մարգարեացողներ, կամ լեզուներ խոսողներ: Կրոնական այլ ուղղությունների մեջ տեսնում ենք, որ կան կին քարոզիչներ, և լեզվախոսությամբ զբաղվողներ: Բայց առաքյալի մյուս պատգամը, որ դարձյալ կանանց է վերաբերում, թե՝ եթե կինը մի բան են ուզում սովորել, թող տանը իրենց մարդկանցից հարցնեն:Այստեղ մի փոքր տարաձայնություն է առաջանում այդ առումով, քանի որ այսօր եկեղեցու գերակշռող մասը կանայք են, և ամուսինները հիմնականում չեն գնում եկեղեցի; Կանայք փորձում են եկեղեցում ինքնուրույն սովորել հոգևոր կյանքի կանոնները: Կարծում եմ մեղք չէ, որ կինը ինքը զբաղվի իր հոգևոր կրթությամբ, երբ ամուսինը բացակայում է, կամ եկեղեցու անդամ չէ, կամ այլադավան է, կամ էլ ոչինչ չգիտի Աստվածաշնչի ու հոգևոր կյանքից և այլն: Մի՞թե կինը պետք է մնա հեռու Աստծու խոսքից: Քա՛վ լիցի: Առաքյալների հետ կանայք նույնպես շրջում էին և սովորում իրենց վարդապետից: Պողոս առաքյալը կարծես ավարտում է կորնթացիների ուղղված իր առաջի նամակը և ամփոփիչ խոսքեր է գրում նրանց, հիշեցնելով, որ իր մեկուկես տարիները քարոզության նպատակն այն էր, որ նրանք ծանոթանան Քրիստոսի աշխարհ գալու նպատակին, երեքամյա քարոզությանը, խաչելությանը, թաղմանը և երրորդ օրվա հարությանը:
Քրիստոս հարությունից հետո երևաց շատերին և այն հինգ հարյուրից ավելի մարդկանց, որոնցից շատեր ապրում էին այդ օրերին; Երևաց բոլոր աշակերտներին և ամենավերջում երևաց Պողոսին, այն ժամանակ, եր ինքը հալածում էր քրիստոնյաներին; Առաքյալներ քարոզեցին, ժողովուրդը հավատաց, որ Քրիստոս հարություն է առել մեռելներից: Սակայն դեռևս կային մարդիկ որոնք չէին հավատում մեռելների հարությանը: Առաքյալը դիմում է նրանց, ասելով,- եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, ապա զուր է մեր քարոզությունը և զուր է ձեր հավատքը, և դուք տակավին ձեր մեղքերի մեջ եք: եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ: Վերջին թշնամին, որ պետք է կործանվի, մահն է, և Աստված ամեն ինչ հնազանդեցրեց՝ դնելով Նրա՝ Քրիստոսի ոտքերի տակ: Իսկ ամեն ինչ հնազանդեցնելուց հետո Որդին հնազանդվեց Հորը՝ որ ամեն ինչ հնազանդեցրել էր իր ոտքերի առաջև: Այսպես է, որ Աստված ամեն ինչ է ամենքի մեջ; Պողոս առաքյալը իր քարոզությունը և տանջանքները՝ քարոզության համար, որպես օրինակ դնում է բոլորի աչքի առջև, և փաստում, որ, ե՛թե Քրիստոս հարություն չի առել, և չկա մեղելների հարություն, ապա որն էր իմ օգուտը այս չարչարանքի մեջ: Միթե անմիտների նման մենք էլ մտածենք.- Ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք: Քաջալերելով համայնքի հավատացյալներին, ասում է.- Մի՛ խաբվեք, վատ խոսքերը ապականում են լավ բարքերը:
Մեռելների հարությանը չհավատացող մարդկանց համար առաքյալը բերում է մի վերջին օրինակ, ասելով,- Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի: Քո սերմանածը նույն մարմինը չէ, ինչ որ ծնվելու է: Դու ցանում ես մի մերկ հատիկ, իսկ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է: Ընդ որում յուրաքանչյուր սերմին տալիս է համապատասխան մարմին: Նույնը վերաբերում է մարդկանց պարագային: Տարբեր են մարմինները: Այլ է մարմինը կենդանիների, և այլ է մարմինը մարդկանց: Այլ է մարմինը թռչունների, և այլ է մարմինը ձկների: Կան նաև երկնավոր և երկրավոր մարմիններ: Դարձյալ տարբեր է նրանց փառքը: Այսպես է նաև մեռելների հարությունը: Սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության: Սերմանվում է շնչավոր մարմինը և հարություն է առում հոգևոր մարմին: Այս մանրամասն նկարագրությունը տալուց հետո առաքյալը մի գաղտնիք է բացում Կորնթոսի եկեղեցու համար, ասելով, որ բոլո՛րս ենք ննջելու, սակայն ո՛չ բոլորս ենք նորոգվելու մի ակնթարթում՝ վերջի փողի ժամանակ, որովհետև փողը պիտի հնչի և մեռելները հարություն պիտի առնեն, առանց ապականության: Մենք պիտի նորոգվենք, որովհետև ապականացու մարմինը պետք է անապականությունը կրի. և մեր մահկանացու գոյությունը հագնի անմահություն; իսկ երբ այս բոլորը կատարվի, կհաստատվի այն խոսքը, որն ասում է,- Մահը կուլ գնաց հաղթությանը: Ո՞ւր է մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է գերեզմա՛ն, քո խայթոցը: Սիրելիներ, մենք արդեն գիտենք, որ մահի խայթոցը մեղքն է: Բայց մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով; Նամակն ավարտում է առաքյալը իր ողջույնի խոսքով, որը իր սովորության համաձայն գրում է նամակի սկզբում և վերջում, ասելով,- Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացե՛ք, անշա՛րժ եղեք, ամեն ժամ ավելի՛ն եղեք Տիրոջ գործի մեջ. իմացե՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ։
Այնուհետև մի քանի հանձնարարություններ է տալիս Կորնթոսի եկեղեցուն՝ հանգանակություններ հավաքելու վերաբերյալ, որպեսզի երբ ինքը գնա նրանց մոտ, հետամուտ լինի միայն ուսուցմանը, ոչ թե հանգանակության գործերին; Հանգանակությունը հավաքվում է Երուսաղեմի եկեղեցու համար՝ համայնքի կարիքները հոգալու: Առաքյալը խոստանում է նրանց գնալ իրենց մոտ, քանի որ չի ուզում նամակագրական կապերով ուսուցանել, այլ երբ գնա, մի որոշ ժամանակ կմնա նրանց մոտ,, եթե Տէրը կամենա: Առաքյալը այս նամակը Կորնթոսին գրում է Եփեսոսից, իսկ Եփեսոսում քարոզության մեծ դուռ է բացվել Պողոս առաքյալի համար, իսկ մենք արդեն իմացանք, թե Եփեսոսում որքան շատ են Պողոսի հակառակորդները:
Ջերմ ողջույններ է հղում ինչպես եկեղեցուն, այնպես էլ անհատների և կարծես թե նամակը Տիմոթեոսի հետ է ուղարկում, և հորդորում է որ Տիմոթեոսին էլ հավուր պատշաճի դիմավորեն, ինչպես որ իրեն կդիմավորեին: Նամակն ավարտում է հետևյալ խոսքերով.- Ողջույնի գիրը իմ ձեռքինն է՝ Պողոսինը; Եթե մեկը չի սիրում Տէր Հիսուսին, թող նզովյալ լինի: Մարա՛ն Աթա, որը նշանակում է, Տերը շուտով կգա: Ողջույն տվեք միմյանց՝ սուրբ Համբույրով: Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Եւ իմ սերը ձեզ ամենքիդ հետ ի Քրիստոս Յիսուս։ Ամեն։
Սիրելիներ ավարտեցինք Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի սերտողությունը: Մենք ունենք նաև երկրորդ նամակը, քանի որ առաքյալը գուցե շատ նամակներ է գրել Կորնթոսի եկեղեցուն, սակայն մեզ է հասել միայն այս երկու նամակը, որոնք մեզ տեղեկացրին համայնքի կյանքից ներս տեղի ունեցող սխալներն ու բացթողումները, որոնք պառակտում են առաջացրել համայնքի մեջ: Առաքյալի բոլոր հորդորները վերաբերվում են նաև մեզ, մեր համայնքին ու մեր եկեղեցուն՝ առանց բացառության: Սիրելիներ, մենք ա՛յլ հոգևոր շահ ստացանք Ավետարանների սերտողությունից, և այլ հոգևոր փորձառություն պետք է ստանանք Պողոս առաքյալի նամակներից, քանի որ այս նամակները մեզ համար բացահայտելու են համայնքի ներքին խնդիրների լուծման եղանակները, որոնք կարող են նաև մեզ համար օգտակար լինել: Եթե Աստված կամենա մենք վաղվանից կսկսենք կորնթացիների երկրորդ նամակի սերտողությունը, և դարձյալ կօգտվենք առաքյալի հոգեշահ խրատներից:
Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետ-երի, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբե-րի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս
հավիտենից. ամեն: