ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրյա ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2022
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. այսօր միասին կծանոթանանք Պողոս առաքյալի երկրորդ նամակի հետ, որը նույնպես ուղղված է Կորնթոսի եկեղեցու նորաստեղծ համայնքին: Հիշում ենք նախորդ սերտողություններից, որ Կորնթոսի եկեղեցին հիմնել է Պողոս առաքյալը Աստծու շնորհով, և հեռավորության վրա գտնվելով, նամակներով ուղղորդում է նորաստեղծ համայնքը, քանի որ արդեն խոսեցինք այդ մասին, նրանց մեջ բաժանումներ էին սկսվել և տարատեսակ փորձությունների առջև էին կանգնած: Առաջին նամակը գրելիս, առաքյալը նշում է Սոսթենոս եղբոր անունը, հավանաբար իր գրագիրն է, իսկ այս երկրորդ նամակի ողջույնը հղելիս նշում է Տիմոթեոս եղբոր անունը:
Սիրելիներ, մենք հիմա խոսում ենք երկրորդ նամակի մասին, բայց իրականում մեզ հայտնի չէ, թե սա քանի՞ նամակ է գրել առաքյալը, կամ գուցե սա՞ է առաջինը, որովհետև գլուխների առումով առաջին նամակը ավելի մեծ է քան երկրորդը, գուցե այս հերթականությամբ են դասավորել: Չգիտե՛նք: Բայց մեզ համար այս փաստն էլ կարևոր չէ, քանի որ նամակները հասել են մեզ՝ իրենց կարևոր բովանդակությամբ, որոնք ամբողջությամբ վերաբերում են եկեղեցական կյանքի կարգ ու կանոնին: Նաև հստակ է, որ նամակների հեղինակը Պողոս առաքյալն է, քանի որ նամակների բովանդակությունից պարզ է դառնում նրանց միջև եղած սերտ կապը և հարաբերությունները: Առաքյալը իր ողջույնը հղում է Կորնթոսի եկեղեցուն և նաև Աքայայի բոլոր կողմերում գտնվող հավատացյալներին: Իսկ սրանից հասկանալի է դառնում, որ նամակը տեղ հասնելուն պես պետք է ընթերցվի նշված բոլոր վայրերում: Նաև նկատում ենք որ առաքյալը շատ է օգտագործում ,,սրբեր,, արտահայտությունը:
Բնականաբար սրանք այն սրբերը չեն, որոնք նահատակությունից հետո սրբադասվել են, այլ նրանք, որոնք թողել են աշխարհը և մտել են եկեղեցու միաբանության մեջ՝ Աստծուն ծառայելու համար: Այլ խոսքով ասած, ո՛չ թե անմեղներ են, այլ՝ դեպի անմեղություն քայլողներ, ընդհանուրից առանձնացվածներ:Նամակը մտերմիկ բնույթ ունի, քանի որ առաքյալը Աստծուց մեծ մխիթարություն ստացած լինելով կամենում է մխիթարել նաև Կորնթոսի համայնքին: Իր բոլոր խոսքերի առանցքում Հիսուս Քրիստոսն է, և առանց Քրիստոսի անվան ոչ մի ուղերձ չի հղում իր անունից: Քրիստոսով է մխիթարում նրանց, որպեսզի դիմանան կյանքի դժվարություններին, որովհետև որքան որ մոտենան Քրիստոսի չարչարանքներին, այնքան նրանց մխիթարությունը մեծ կլինի:
Ինչպես որ Քրիստոս չարչարվեց և հաղթանակ տարավ, այնպես էլ ցանկացած հավաքականություն Քրիստոսի անվան համար հալածվելու դեպքում մեծ մխիթարություն է ստանում: Հավանաբար տեղյակ լինելով կորնթացիների փորձություններից ու դժվարություններից, առաքյալը թռուցիկ պատմում է, թե ինչպիսի դժվարությունն է կրել ինքը, կարծես իր անձի վրա կրած լինի մահվան վճիռը: Բայց Պողոսը երբեք իրեն չի ապավինել, այլ՝ Աստծուն: Գործք Առաքելոցում մենք կարդացինք Պողոսի կրած նեղությունների մասին, որոնք իրապես մահվան վճիռներ էին: Պողոս առաքյալն իր կյանքով ապրում է Քրիստոսի այն խոսքը, որն ասում է,- վերցրո՛ւ քո խաչը և արի իմ հետևից: Պողոս առաքյալի կյանքն ու խոսքը նույն հարթության վրա են, դրա համար նրա խոսքը լսելի է և հեղինակություն ունի լսողների մեջ:
Նախնական քրիստոնեական համայնքներից ներս ընդունված է աղոթել միմյանց համար և այդ աղոթքը զորավոր էր, և բոլորն էին զգում այդ աղոթքի ուժը: Առաքյալը նաև այդ աղոթքի մասին է հիշեցնում նամակի մեջ, որ ինքը հույս ունի նրանց ջերմեռանդ աղոթքների շնորհիվ փրկություն գտնել Տիրոջից: Աղոթքների միջոցով Պողոսը Աստծուց շնորհներ է ընդունում, և այդ շնորհներով իր ծառայությունն է բերում համայնքին, որի պատճառով փառաբանվում է Աստծու անունը: Այս երևույթը Աստծու պատվիրաններից մեկն, որն ասում է, - Մարդիկ թող տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն Աստծու անունը, որ երկնքում է: Պողոս առաքյալի պարծանքը իր մաքուր խղճմտանքն է ժողովրդի առջև, քանի որ ո՛չ թե մարդկային իմաստությամբ է ընթացել իր կյանքը, այլ՝ Աստծու շնորհով: Սիրելիներ, առաքյալի ամեն խոսքից հայտնի է դառնում նրա մտահոգությունն ու նախանձախնդրությունը եկեղեցական կյանքի նկատմամբ, քանի որ այնքան պարզ լեզվով է գրում համայնքին , որպեսզի որևէ միտք նրանց համար անհասկանալի չմնա: Համայնքին իր պարծանքն է համարում, իսկ իրեն՝ համայնքի պարծանքը, և հույս ունի որ այս հարաբերությունները կհարատևեն մինչև Հիսուս Քրիստոսի օրը; Այս խոսքերը առաքյալն ասում է կորնթոսի եկեղեցուն, ո՛չ թե նրա համար, որ նրանք ապրում են քրիստոնեական կյանքով և առաքյալը պարծենում է նրանցով: Ոչ: Ամենևին:
Մենք նախորդ նամակի մեջ տեսանք, թե ինչ մեղքեր էին ի հայտ եկել նրանց մեջ: Այլ այդ եկեղեցին Պողոսն է հիմնել և և շարունակում է կրթել նրանց ի սեր Աստծու, մեծ ջանքերի շնորհիվ, որպեսզի մինչև Քրիստոսի օրը արժանի լինեն միմյանց պարծանք լինելու: Նամակի բովանդակությունը մեզ առիթ է տալիս մտածելու, որ առաքյալը երկար ժամանակ չի եղել Կորնթոսում, բայց մշտապես մտադրություն է ունեցել այցելել նրանց: Իսկ չայցելելու նպատակը բոլորովին այլ դրդապատճառ ունի: Ո՛չ թե առաքյալի խոսքն է երկմիտ եղել, խոստանալու և չգնալու առումով, այլ՝ Պողոսը կամեցել, որ Աստծու խոսքը հստակ ամրապնդվի նրանց մեջ՝ այո՛ն՝ այո, և ոչը՝ ո՛չ: Որովհետև Քրիստոս ոչինչ չի մերժել, բայց շատ սահմանափակումներ կան, որ բխում է ձեր շահերից: Նամակի վերջի տողի մեջ առաքյալը բացում է գաղտնիքը, թե ինչու ինքը միշտ որոշել է ու չի գնացել Կորնթոս՝ նորաստեղծ եկեղեցուն այցի:
Ասում է,- Աստծուն վկա եմ կանչում իմ անձի համար, որ ձեզ խնայելու համար է, որ այլևս չեկա Կորնթոս: Ձեր հավատի վրա չենք իշխում, այլ գործակից ենք ձեր ուրախությանը: Ինչո՞ւ է խնայել առաքյալը այդ եկեղեցուն, ի՞նչ պատճառով: Շատ հաճելի է կարդալ Պողոսի այսպիսի խրատական և հայրական պատգամները: Մենք կարող ենք հասկանալ, որ եթե առաքյալը չխնայեր ու գնար կորնթոս, ապա այդ եկեղեցու համար ուրախալի չէր լինելու: Ինչպես որ նախորդ նամակի մեջ հարցնում էր,- Գավազանո՞վ գամ, թե՞ սիրով: Հավանաբար դեռ գավազանի գործածման կարիքը կար այդ եկեղեցում, իսկ ինքը խնայել է նրանց, մինչև իրենք իրենց մեջ կուղղեն իրենց սխալները, քանի որ հավատ ունեն առ Աստված: Պողոսը փորձում է նամակագրական կապը օգտագործել՝ խրատելու համար հեռավորության վրա, քան՝ գավազանը, իր այցով, որովհետև սիրում է նրանց:
Պողոսը այդչափ զբաղված լինելով, չէր զլանում գնալ, բայց նաև չէր կամենում նեղացնել նրանց, իրենց՝ մեղքերի մեջ: Գուցե նամակով որոշ հարցեր կարգավորվեր, և հետո միայն գնար և սիրով գնար, ո՛չ թե գավազանով: Առաքյալը չի կամենում իշխել նրանց հավատքի վրա, սովորեցնելով, թե՝ ինչպես պետք է հավատան, այլ կամենում է քրիստոնեական հիմքը դնելուց հետո, ուրախանալ միայն նրանց գործերով: Եթե գավազանի գործածությունը քրիստոնեական առաջին համայնքների է պետք եղել իրենց միամտության դարաշրջանում, ապա որքան առավել այսօր է պետք մեր ժամանակակից սոդամական ժամանակաշրջանում; Բայց ցավոք մեր գավազանները միայն գավազանակիրներ ձեռքերում են հայտնվում, իրենց առաջնորդների ուղեկցելիս: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ գավազանով գնալը նշանակում է սիրելով խիստ խոսք ասել, ո՛չ թե թույլ տալ, որ չարը համայնքից ներս գործի:
Այս մտածումները ուներ Պողոս առաքյալը, և չէր կամենում տրտմեցնել համայնքի հավատացյալներին, թեպետ հանդիմանության արժանի գործ էր նկատել իրենց մեջ առաքյալը: Բայց նրանց կողմից միայն ուրախանալ էր ուզում, ոչ թե տրտմեցնել, քանի որ սիրում էր նրանց, և նույնիսկ նամակի հանդիմանության խոսքերը արտասուքներով է գրել, նրանց հանդեպ ունեցած իր սիրուց մղված: Պողոսը գիտեր, որ հավատը անհատական է, որևէ մեկը մյուսին չի կարող իշխել հավատքի մեջ, բայց այդ համայնքի հավատացյալները հավատացել են Քրիստոսին և հետո նրանցից ոմանք տարուբերվել են հավատքի մեջ:
Տեսեք, սիրելիներ, առաքյալը ամենևին չի օգտագործում իրեն տված իշխանությունը՝ գնահատական տալով, կամ նշելով այդ եկեղեցու սխալների մասին, այլ՝ նամակներով փորձում է հարաբերություններ շտկել նրանց հետ, ինչպես որ ընդունված է ընտանիքում, ներողամտաբար վարվել միմյանց հետ: Սակայն ոչ երբեք անտեսել և թողնել ինքնահոսի: Այստեղ է առաքյալի հայրության բացառիկ դրսևորումը, որ չի՛ կամենում իշխել նրանց վրա, նաև չի՛ կամենում որ նրանք ենթարկվեն իրեն, այլ կամենում է, որ փոխադարձ սիրո դրսևորում լինի իրենց մեջ: Նամակից միայն մի եզրակացություն կարելի է անել, իբրև թե Պողոս առաքյալը կամենում է ասել,- Ես ձեզ սիրո՛ւմ եմ, ինձ համար ցավոտ է այս բաժանումը, նույնքան ցավոտ է ձեր մեջ եղած բաժանումները, որովհետև Հիսուս Քրիստոս համակ Սէր է, և ո՛չ բաժանում: Ի՞նչ է կատարվում այդ համայնքում, որի պատճառով առաջացել են բաժանումներ:
Ըստ առաքյալի նամակի բովանդակության, համայնքից ոմանք հավանաբար մերժել են Պողոսի հեղինակությունը, իսկ դա նրանց մեջ բաժանումներ է առաջացրել: Համայնքի մյուս անդամները պատժել են նրանց, որոնք ըմբոստացել են Պողոսի դեմ; Այդ մասին առաքյալը գրում է, որ ինձ նեղացնելը կարևոր չէ, միայն ինձ չէ, որ տրտմեցրել է այդ մարդը, այլ ողջ համայնքին՝ իր արարքով: Բայց բավական է այն պատիժը, որ տրվեց շատերի կողմից նրան: Դրան հակառակ, դուք պետք է ներեք ու մխիթարեք, որպեսզի չափազանց տրտմեցնելուց չխորտակվի նա; Խնդրում է հորդորելով, որ այդ մարդու հանդեպ սեր ցույց տան: Այստեղ առաքյալը մի շատ պատասխանատու և զորավոր հրահանգ է տալիս համայնքի մյուս անդամներին, որոնք պատժել են այդ մարդուն: Նաև կամենում է իմանալ, թե համայնքի անդամները արդյո՞ք հնազանդ են իր հրահանգներին; Նրանց պատվիրում է ներել այդ մարդուն: Եթե դուք ներեք,- ասում է Պողոսը,- ես էլ կներեմ: Իսկ եթե ես ներեմ, դա ձեր օգուտի համար է ի Քրիստոս, քանի որ սատանան կարող է օգտվել առիթից և համայնքի ներսում առավել չար գործեր կատարի, որովհետև անտեղյակ չենք սատանայի մտադրություններին: Քրիստոս ներեց բոլոր մեղքերը խաչի վրա, հետևաբար դուք էլ ներեք միմյանց՝ ի սեր Աստծու: Սիրելիներ, այստեղ Պողոս առաքյալը իր հրահանգով կպավ մեր ամենաթույլ տեղին, որը ներել ու չներելն է:
Բայց նաև շատ մեծ դաս տվեց մեզ, իր խորհրդով; մենք էլ շատ հաճախ նեղանում ենք, երբեմն երկարաժամկետ, և չենք կամենում ներել: Բայց եթե անկեղծ լինենք, այդ պահին ամենևին էլ չենք մտածում Պողոսի այս խոսքերի մասին, որ ասում է, ներեք, քանի դեռ սատանան չի օգտվել այդ առիթից և ձեր մտքում ու սրտում ավելի չար մտքեր չի առաջացրել, որպեսզի ներելու փոխարեն ատեք նրան, ով ձեզ նեղացրել է: Այս հարցը մեր օրերի ամենակարևոր և չլուծվող հարցն է; Առաքյալը անտեղյակ չէ սատանայի մտադրություններին, իսկ մենք անտեղյակ ենք; Պողոսը անտեսում է իրեն հասցրած վիրավորանքը, հանուն համայնքին խաղաղության և միաբանության: Մենք չենք կարողանում հանդուրժել վիրավորանքը, ինչպես հպարտության, այնպես էլ անտեղյակության պատճառով:
Այնուհետև առաքյալը պատմում է իր ճամփորդությունների մասին, թե ինչպես է եղել Տրովադայում, և չի գտել իր հոգևոր եղբայր Տիտոսին, թեպետ քարոզության համար մեծ դաշտ է ունեցել այնտեղ: Վերադարձել է Մակեդոնիա՝ հրաժեշտ տակով տեղի ժողովրդին: Այսքան դժվարությունների մեջ տառապելով, Պողոսը գոհություն է հայտնում Աստծուն, որ ամեն տեղ հաղթության է արժանանում: Ի՞նչ հաղթության մասին է խոսքը, երբ ամենուրեք հալածում էին Պողոսին Քրիստոսի խոսքը քարոզելու համար: Մենք դա հալածանք ենք համարում, բայց Պողոսը իր քարոզչությունը համարում է Աստծու գիտության բուրմունքի տարածում: Տեսեք, սիրելիներ առաքյալը ինչ գեղեցիկ համեմատություն է անում, ասելով,- Մենք Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ, ինչպես փրկվածների, այնպե՛ս էլ կորստյան մատնվածների: Քանի որ Աստծու խոսքը լսող և ընդունողները փրկություն և կենդանություն են գտնում, իսկ Աստծու խոսքը մերժողները՝ մահ և կորստի մատնվել: Սիրելիներ հավատը Աստծու խոսքի հանդեպ միշտ է մարդու ընտրությունն է եղել մարդու համար:
Աստծու խոսքը գիտության բուրմունք է, որը մի մասին հաճելի է, իսկ մի մասին՝ ո՛չ: Աստծու խոսքի քարոզությանը մարդկանց մի մասը ասում է,, Ամեն,, իսկ մյուս մասը մերժում է, ընդունելով որպես մահվան բուրմունք և կորուստ; Այս խոսքերից հետո առաքյալը տալիս է մի հարց, որը կարծես պատասխան չունի… Ի՞նչ է այդ հարցը՝ ,,Եվ ո՞վ կարող է այս բանն անել,,: Իրոք, ո՞վ կարող է այս հարցին պատասխանել ճշգրտությամբ, քանի որ մարդկությունը համատարած չընդունեց Աստծու խոսքը և համատարած չմերժեց այն: Ուրեմն Քրիստոսի բուրմունքը ընդունում է նա, որ պատրաստ է հանուն Քրիստոսի թողնել աշխարհը՝ աշխարհի մեջ, և վերցնել խաչը՝ հետևելով Քրիստոսին, որի ուղղությունը այլակերպությունն ու Գողգոթան է;
Նամակի ավարտին առաքյալի խոսքի մեջ հեգնանք կա ինչ որ մեկի հասցեին, որը զբաղվում է Աստծու խոսքի վաճառքով, կամ ժամավաճառությամբ: Մեզ համար հայտնի չէ, թե առաքյալը ում նկատի ունի, բայց համոզված ենք, որ կորնթացիները հաստատ գիտեն թե ում նկատի ունի առաքյալը: Իսկ Պողոս առաքյալը քարոզեց Քրիստոսին՝ անկեղծությամբ, քաջությամբ, անշահախնդրությամբ, որպես թե Աստծուց ուղարկված մի մարդ, որը խոսում է Քրիստոսով՝ Աստծու առաջ և վախենալու և ամաչելու առիթ չունի: Իսկ Աստծու խոսքի վաճառքով զբաղվողները քիչ չեն եղել հեթանոսական միջավայրերում, որոնցից խոշորագույնը Կորնթոսն է եղել այդ առումով; Հրապարակներում քարոզում էին որոշակի ճշմարտություններ՝ մարդկանց բազմության ուշադրությունը գրավելու համար: Ճիշտ այնպես, ինչպես որ մեր օրերում ,,լայքեր,, ակնկալող նյութեր են տեղադրում համացանցում: Բայց ճշմարտությունը միակն է, որի անունը Հիսուս Քրիստոս է: Մարդիկ մի օր կհասկանան, որ իրենց պետք է բավարարել ո՛չ թե իրենց ականջների ցանկությունը, այլ՝ հոգու փրկության կարիքը բավարարել Աստծու բացարձակ ճշմարիտ խոսքով:
Կորնթոսի եկեղեցում դեռ ամուր չէր քրիստոնեության հիմքերը և Պողոս առաքյալը լինելով հին կտակարանի գիտակ այր, զուգահեռներ է տանում օրենքի և քրիստոնեության միջև, բացատրելով նրանց օրենքի վաղանցուկ լինելու փաստը, իրեն համարելով նոր ուխտի պաշտոնյա: Սակայն ինքը այլևս առաջնորդվում է ոչ թե օրենքով, որը գիր է և սպանում է, այլ առաջնորդվում է Աստծու հոգով, որը կենդանացնում է:
Ինչո՞ւ է ասում թե օրենքը մահվան է ծառայում, որովհետև օրենքը մահվան է ենթարկում այս կամ այն մեղքը գործողին և ասում է, թող նզովյալ լինի այս կամ այն մարդը: Բայց Քրիստոսով բոլոր կարող են փրկություն գտնել: Երբ Մովսեսը ստացավ օրենքը քարեղեն տախտակների վրա գրված, նրա երեսին ծագեց փառքի լույսը և իսրայելացիները չէն կարողանում նայեն նրա երեսին: Բայց այդ փառքը շուտով վերացավ: Եթե վաղանցուկ օրենքի փառքը այդպիսի հանդիսավորությամբ եղավ, ապա որքան առավել կլինի Քրիստոսի փառքի լույսը, որը հավիտենական է, և արդարացնելու զորություն ունի: Այ՛ն, ինչը որ փառավոր էր, անփառունակ դարձավ նրա առաջ, որի փառքը գերազանց էր:
Եթե վաղանցուկը փառավոր էր, ապա ինչ կլինի այն որ գալու է և հավիտենական է: Պողոսը համարձակությամբ է խոսում այս բաների մասին, և ասում է, վստահություն ունեմ իմ վարմունքի մեջ, բայց ոչ Մովսեսի նման, որ քող էր գցում երեսին, որպեսզի իսրայելի ժողովուրդը չտեսնեն նրա փառքը, որը շուտով պիտի մարեր: Բայց այդ քող մինչ օրս էլ չվերցվեց հրեաներից շատեր երեսից, իրենց կուրության պատճառով: Որովհետև այդ քող վերցվելու է միայն Քրիստոսի միջոցով: Այսօր էլ Մովսես են կարդում, այսօր էլ քողը նրանց սրտերի վրա է, քանի որ չընդունեցին Քրիստոսին: իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագույրը կվերցվի նրանց սրտերից, քանի որ Տերն Ինքը Հոգին է: Իսկ ուր որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է:
Պողոս առաքյալը վստահեցնում է մարդկանց, որ իրենց բաց երեսով տեսնելու են Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ: Այսինքն Պողոսն այստեղ խոսում և քաջալերում է առաքելական հիմքերը, որը դրվում է ամենուր՝ առաքյալների կողմից: Հավանաբար կորնթոսի եկեղեցում որոշ մարդիկ Պողոս առաքյալից պահանջել են իրավունք, կամ առաքելական որևէ փաստաթուղթ, որով ինքը իրավունք ունի ամենուր քարոզելու: Իսկ առաքյալն ասում է, որ իմ թուղը կորնթոսի եկեղեցին է, որ հիմնել եմ, այլ ապացույցի կարիք չունեմ: Տեսնում եք, թե նույնիսկ առաջին դարում, որ իրենցից շատերը կենդանի են եղել Քրիստոսի երեքամյա հանրային ծառայության ժամանակ, դարձյալ կասկածներ կան մարդկանց մեջ: Աշխարհում միայն հավատով են եղել մեծամեծ գործերը; Ամբողջ հին կտակարանը հավատի գործեր են, եթե կարդացողները հասկանան: Մ՞թե հավատով չէր, որ Սառան որդեծնության սերմն ընդունելու զորության ստացավ: Միթե հավատով չէր, որ Աբրահամը Իսահակին տարավ զոհ մատուցելու, թե Աստված մեռելներից հարություն կտա Իսահակին և կբազմացնի իր սերունդը: Առաքյալը ամենևին չանտեսելով Հին Ուխտի օրենքը, կամեցավ բացատրել կորնթացիներին, որ օրենքի տառը սպանում է մարդուն, իսկ նոր ուխտի շնորհը կենդանացնում է այդ սպանվածին: Սակայն դա շատ դժվար բացատրել և հավաստիացնել նույնիսկ Պողոս առաքյալի նման զորավոր քարոզչին, որն անձամբ է տեսել Քրիստոսին, և որին անձամբ Քրիստոսն է առաքել քարոզելու:
Այս առաքյալը ծառայել է Աստծու ներկայության մեջ, հանուն Աստծու և Քրիստոսի սիրուց մղված: Երբեք չի քարոզել իր սեփական կարիքների համար, սեփական հեղինակության համար, այլ՝ ջանացել Քրիստոսի հոտի փրկության համար: Յուրաքանչյուրս մի բան ունենք մեր կյանքի մեջ, որը ծածուկ ենք պահում մյուսներից, և չենք կամենում բարձրաձայնել ոչ նեղ միջավայրում, ոչ էլ հատկապես հանրային վայրերում: Բայց Պողոս առաքյալը այն եզակի մարդկանցից է, որը չի թաքցնում ո՛չ մի բան և ամեն անգամ իր նամակների մեջ նշում է, որ իր խղճմտանքը մաքուր է՝ Աստծու և ժողովրդի առջև: Պաշտոն ունի Աստծուց ստացած և երբե՛ք չի տկարանում այդ պաշտոնի մեջ:
Բացահայտ ասում է, որ հրաժարվել է բոլոր ամոթալի գաղտնիքներից, որպեսզի խորամանկությամբ չընթանա, և Աստծու խոսքը չնենգափոխի, այլ ճշմարտությունը հայտնելով բաց ճակատով կարողանա կանգնել Աստծու և մարդկանց առաջ: Մարդը արարածը ե՞րբ է նենգափոխում ճշմարտությունը: Երբ որ իր ներսում կեղծիք կա և չի՛ համապատասխանում ճշմարտությանը, մարդը հարկադրված ստում է, կամ նենգափոխում է ճշմարիտ խոսքը: Ավետարանի խոսքը, որ քարոզում է Պողոս առաքյալը, բացարձակ ճշմարտություն է, հետևաբար առաքյալն էլ պետք էր ներսում ունենա նույնպիսի ճշմարտություն, որպեսզի Աստծու խոսքը համարձակ քարոզի, իսկ համարձակ քարոզած խոսքն այն է, երբ ապրում և քարոզում են; Կորստյան մատնվածները չկամեցան լուսավորվել և ծանոթանալ Աստծու խոսքին, քանի որ այս աշխարհի աստվածը կուրացրել է նրանց մտքերը, որպեսզի Քրիստոսի Ավետարանի լույսը: Հիսուս Քրիստոս պատկերն է աներևույթ Աստծու: Աշխարհի աստված ասելով առաքյալը կարող էր նկատի ունենալ ինչպես սատանան, այնպես էլ հեթանոսների բազում աստվածներին, որոնք իրենց հետևորդներին կարող էին շեղել Ճշմարիտ Աստծուց, որը Աներևույթ Աստծու պատկերն է:
Պողոս առաքյալը իր ներսում ուներ Քրիստոսի ավետարանի փառքի լույսը, և քարոզում էր Քրիստոսին, և ո՛չ թե իրեն, կամ իր փառքի համար: Պողոս առաքյալը իր ազնվությամբ նախ աշխատեց իր հեղինակության համար, այնուհետև հեղինակությունը աշխատեց Պողոսի համար: Բոլոր առաքյալները այս տրամաբանությամբ քարոզեցին աշխարհում՝ Քրիստոսի խո՛սքը պահելով իրենց փառքից ու անունից շատ վեր: Պողոս առաքյալի շիտակությունը երևում է իր նամակների բովանդակությունից, քանի որ Կորնթոսի եկեղեցում հավանաբար իրեն ամբաստանել են, և համայնքի մարդիկ ամբաստանողին պատժել են; Իսկ Պողոսը չի՛ ասում,- Լա՛վ եք արել, որ պատժել եք, կարող էիք նաև դուրս դնել եկեղեցուց, կամ Հաղորդությունից զրկել, ինչպես որ շատ հաճախ այդպես արվում է մեր եկեղեցիներում՝ առանց լուրջ պատճառների: Այլ՝ ասաց ներեք նրանց և սիրով վարվեք նրանց հետ; Ի՞նչ է ենթադրում առաքյալի այս հորդորը, եթե ո՛չ եկեղեցու անունն ու շահը բարձր դասել իր սեփական անունից ու արժանապատվությունից: Նաև իրեն ծառա է համարում Կորնթոսի եկեղեցուն՝ Քրիստոսի համար: Իսկ ո՞վ է ծառան: Ծառան նա է, որը կատարում է իր տիրոջ կամքը և հնազանդվում է նրան; Իր մեջ եղած լույսն ու գիտությունը ամեն նախադասության մեջ վերագրում է Քրիստոսին, իսկ ինքը Քրիստոսի անուշ բուրմունքը տարածողն է: Այնքան պարզությամբ է խոսում իր համայնքի հետ՝ ամենատարբեր օրինակներով, որպեսզի նրանց համար ոչ մի մութ անկյուն չմնա, ինչպես որ ինքն է թափանցիկ գործում:
Տեսե՛ք, ինչ գեղեցիկ օրինակ է բերում, իր միտքը տեղ հասցնելու համար: Ասում է, ճիշտ է մենք կավե ամաններ ենք, նկատի ունի մեր մարմինը, և այդ ամանների մեջ գանձեր ունենք պահված, նկատի ունի Աստծու խոսքը: Աստծու խոսքի զորությունը մեզ կարող է պահպանել ամեն տեսակ հալածանքի ու սպառնալիքից;
Կավը փխրուն նյութ է և կարող է կոտրվել, բայց մեր ներսի զորությունը, որ Աստծուց է, այն անսասան է: Իր օրինակով է բացատրում, որ ամեն կողմից ճնշում են իրեն, բայց ինքը չի ընկճվում: Շատ բաների կարիք ունի, բայց երբեք չի հուսահատվում:Հալածանքների մեջ է, բայց իրեն լքված չի զգում: Չարչարանքների է ենթարկվում, բայց չի մեռնում: Աստծու այդ զորության գերազանցությունն է, որ պահում է իրեն ամեն տեսակ հալածանքից ու տառապանքից: Հալածանքներով է, որ առաքյալները իրենց մարմնի մեջ կրում էին Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի իրենց մարմինների մեջ:
Նաև մի շատ կարևոր միտք է փոխանցում Կորնթոսի եկեղեցուն, ասելով,- Մահը զորանում է մեր մեջ, իսկ կյանքը՝ ձեր մեջ: Այս խոսքերը Պողոսը գրել է իր կենդանության օրոք, երբ դեռ չէր սկսվեր առաքյալների համատարած հալածանքն ու նահատակությունը: Ի՞նչ կարող էին հասկանալ համայնքի հավատացյալները այս խոսքերից, քանի որ իրենց էր ուղղված: Իսկ ի՞նչ ենք հասկանում մենք, այսօր նույն խոսքերից, որ նույն կերպ մեզ է վերաբերում; Առաքյալները քարոզելով նահատակվեցին, նահատակվելով քարոզեցին, որպեսզի իրենց քարոզության զորությամբ մենք կյանք ունենանք: Ինչպես որ Տէր Հիսուս ասաց, ես եկա, որ կյանք ունենաք, և առավել ևս ունենաք: Իր խաչելությամբ ապահովեց մեր առավել կյանքը: Առաքյալները իրենց նահատակությամբ ապահովեցին մեր կյանքը: Գուցե Կորնթոսի եկեղեցում այդ պահին, երբ կարդում էին Պողոս առաքյալի նամակները, ամբողջությամբ չհասկացան, թե ի՛նչ նկատի ունի առաքյալը, երբ ասում է, թե մահը մե՛ր մեջ, իսկ կյանքը ձե՛ր մեջ; Սակայն հետագայում երբ սկսվեց առաքյալների նահատակությունը, բոլորը հասկացան, որ նրանց սպանում են Քրիստոսին դավանելու և քարոզելու համար:
Առաքյալներին և հատկապես Պողոս առաքյալին իրենց զորավոր հավատն էր խոսեցնում, հավատում և քարոզում էին իրենց հավատացածը, թե ով հարություն տվեց Հիսուս Քրիստոսին՝ մեռելներից, իրենց էլ հարություն կտա և բոլորի հետ միասին կկանգնեցնի իր առջև: Իսկ նամակի ավարտի արդեն ավելի պարզ է խոսում իր պարտականությունների մասին, որը թույլ չի տալիս տկարանալ: Չնայած, որ արտաքին մարդը քայքայվում է, ինչպես որ համեմատեց կավե անոթների հետ, սակայն ներքին մարդը նորոգվում է ամեն օր, որովհետև այս կյանքի ժամանակավոր նեղություններն են, որ առաջ են բերում հավիտենական փառք, որը համեմատելու չէ այս կյանքի ո՛չ մի արժեքին: Որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական: Իսկ Պողոս առաքյալի հայացքն ուղղված է դեպի անտեսանելին, դեպի հավիտենականը:
Սա էր Պողոս առաքյալի ներքին համոզումը, որը կամեցավ փոխանցել ո՛չ միայն Կորնթոսի իր ստեղծած համայնքին, այլ նաև մեզ, որ այսօր կարդում ենք իր նամակները մեծ բավականությամբ: Այս սերտողության մեջ ամփոփեցինք կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի մեկից չորս գլուխների բովանդակությունը: Վաղվա սերտողության մեջ կտեսնենք, թե ինչպես են զարգանում հետագա գործողությունները և ուղերձները հավատացյալ հոտին; Շնորհ ընդ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից:
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը առավոտյան այս ժամին, դո՛ւ, որ առատորեն քո բարի պարգևներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտակցածից էլ ավելի: Որդուդ և ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: