ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ. նախորդ գլուխների մեջ մենք տեսանք, որ Պողոս առաքյալը հարաբերություններ է շտկում Կորնթոսի եկեղեցու համայնքի հետ և նրանց բերում է իր հոգևոր փորձառությունը, որ ինքը հետամուտ է անտեսանելի բաներին, քանի որ տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական: Առաքյալը նույն համոզումն ունի նաև հավատի հարցում, քանի որ ասում է, հավատը ապացույցն է այն բաների, որոնք չեն երևում: Մի բան որ տեսնում ենք, ի՞նչ կարիք կա հավատ ունենալ այդ իրի նկատմամբ: Իր հավատացյալ հոտի հետ առաքյալը խոսում է պարզ թեմաներից մինչև աստվածաբանական բարդ նյութերի մասին, և կամենում է որ համայնքը անգետ չլինի ո՛չ մի հարցում: Առաջին դարի քրիստոնյաների մոտ, որոնք հավատացել էին Հիսուս Քրիստոսի հարությանը, այնպիսի պատկերացում էր առաջացել, որ մկրտությունը մի պատվաստում է, որն ընդունելուց հետո քրիստոնյան ֆիզիկապես չի մահանում: Այսինքն մկրտությունը պաշտպանում է քրիստոնյային մահից: Բայց ժամանակ անցավ և մարդիկ տեսան, որ մահանում են նաև մկրտված մարդիկ, մահանում են նաև Քրիստոսին հետևորդ աշակերտներն ու առաքյալները:
Զարմանալի չէ, քանի որ եթե մեր օրերում մկրտության և հարության մասին պատկերացումն ամբողջական իմաստով ընկալելի չէ, ապա հնարավոր էր, որ առաջի դարում մկրտվող քրիստոնյան այսպիսի պատկերացում ունենար նաև մահվան նկատմամբ: Այդ պատճառով է, որ առաքյալն այդ մասին քրիստոնյաներին բացատրում է առավել հանգամանորեն: Չի բացառվում, որ առաքյալը նույնպես ունեցել է որոշակի վերաբերմունք մահվան նկատմամբ: Չէ որ մահվան մասին հարցը հետաքրքրել է մարդկանց ինչպես առաջին դարում, այնպես էլ մեր օրերում մեզ; Յուրաքանչյուրս կուզենք իմանալ, թե ինչ պատահում մահվան պահին, և մահից հետո: Բոլորիս համար է անցանկալի մահը և չգիտենք ինչպե՞ս վարվել դրա հետ: Դրա համար առաքյալը երկրային կյանքը և մեր մարմինը համեմատում է հողողեն տան հետ, և երբ այդ հողողեն տունը ավերվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում: Բոլոր մարդիկ են կամենում երկնքի բնակությունը, սակայն ամենացավոտ հարցն այն է, թե ինչպես է լինելու այդ անցումը երկրից երկինք, ի՞նչ եղանակով: Միթե անկարելի է, որ մարդը մնա այս մարմնի մեջ և նույն մարմնով տեղափոխվի հավիտենականություն;
Մեր մարմինը անվանում է հողեղեն հարկ, մեր մարմինը համարվում է տաճար, մեր մարմինը հագուստ է մեր հոգու համար: Ադամը ստացավ մարմինը՝ իր հոգու համար որպես բնակարան: Մեր տեսանելի կյանքը, մարմինը առաքյալը համարում է որպես հագուստ մեր անմահ հոգու համար, դրա համար ասում է, որ պետք է փոխենք մեր մաշված հագուստը երկրից երկինք տեղափոխվելիս: Այսինքն անձեռակերտ տունը որ Աստծուց ենք ստանալու, դա այն երկնային մարմինն է, որով տեղափոխվելու ենք երկինք: Այս ամենը մեզ Աստված է, որ տալիս է որպես պարգև, ինչպես մեր տեսանելի մարմինը, այնպես էլ անտեսանելի անձեռակերտ տունը: Մեր երկրային կյանքը նման է ուխտագնացության, որի ավարտին մենք տուն ենք վերադառնում անպայման: Մեր վերջնական տունը երկնքում է, սակայն առաքյալը ամեն կերպ փորձում է բացատրել, որ երկրից երկինք տեղափոխվելու ժամանակ չլինի թե զգանք մեր մերկությունը, ինչպես որ զգացին Ադամն ու Եվան՝ մեղանչումից հետո: Իսկ մինչ մեղքը նրանք չէին տեսնում իրենց մերկ լինելը: Աստծու հետ հանդիպումը անխուսափելի է, բայց մեր երկրային կյանքի ուխտագնացությունը պետք է ծառայի միայն մեկ բանի, որ մեր հանդիպումը հաճելի լինի Աստծուն և շահավետ՝ մեզ համար, անթառամ պսակին արժանանալու առումով: Առաքյալն ասում է, որ հաճելի է այս մարմնից դուրս գալ և մտնել Աստծու մոտ: Ինչքան երկար մնանք այս մարմնի մեջ, այնքան կօտարանանք Աստծուց, որովհետև մարմինը հոգու հակառակն է ուզում, իսկ հոգին Աստծուն է պատկանում: Բայց մարմնի մեջ լինենք, թե՝ մարմնից դուրս, մեր նպատակն է հաճելի լինել Աստծուն, քանի որ բոլորս ենք կանգնելու Նրա ատյանի առջև, որպեսզի յուրաքանչյուրն ստանա ինչ որ արել է իր մարմնի մեջ եղած ժամանակ. բարի կամ՝ չար:
Առաքյալը ամբողջությամբ զգալով Տիրոջ երկյուղը և գալիք դատաստանի սպասելիքները, ամենայն մանրամասնությամբ բացատրում է իր ստեղծած համայնքներին՝ իր անձի օրինակը մեջտեղ բերելով, բայց ոչ թե որպես գովասանք, այլ՝ որպես օրինակ: Առաքյալի կյանքը թափանցիկ է բոլորի աչքի առջև, դրա համար վատ չի զգում իրեն որպես օրինակ ներկայացնել իրեն հավատացողներին: Այսինքն Պողոս առաքյալը կամենում է ասել, որ ես ինձ ներկայացնելու կարիք էլ չունեմ, քանի որ նորաստեղծ եկեղեցիները իմ ջանքերի արդյունքն ու ապացույցն են, որոնք արել եմ Քրիստոսի շնորհով և Քրիստոսի սիրո համար: Նույնիսկ ասում է, եթե կարծում եք, թե ցնորել եմ, Աստծու համար է, իսկ եթե զգաստ եմ, ուրեմն ձեզ համար է: Որովհետև եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած էին: Իսկ նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար չապրեն, այլ՝ նաև Նրա, ով մեռավ բոլորի համար և հարություն առավ; Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, քանի որ հինը անցավ և ամեն ինչ նոր եղավ: Աստված Քրիստոսով այս աշխարհը հաշտեցրեց իր հետ, և հաշվի չառավ մարդկանց մեղքերը, և Նա ով անմեղ էր, Աստված մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարները լինենք; Առաքյալը պարծենում է իր ստեղծած համայնքով, և կամենում է որ նույն վերաբերմունքը ունենան իր հանդեպ:
Սա հազվագյուտ հանդիպող երևույթ է, որ հոտն ու հովիվը սերտ կապի մեջ են ըստ Տիրոջ այն խոսքի, որ ասում է,- կլինի մի հոտ և մի հովիվ: Սիրելիներ, մենք պետք է ուշադիր լինենք Պողոս առաքյալի ամեն խոսքի վրա, որ իրեն ներկայացնելով համայնքի առջև, իրեն չէ՛, որ ներկայացնում է, այլ՝ Աստծու շնորհը իր մեջ է գործում: Առաքյալը ճանաչում է իրեն և ճանաչում է Քրիստոսին: Գիտե, թե ինչպիսի հավատարմությամբ է ծառայում Աստծուն և կամենում է ամեն գնով այդ նախանձախնդրությունը փոխանցել Կորնթացիներին, որպեսզի իր ստեղծած համայնքը նույնպես ծառայի հավատարմությամբ և դառնա Աստծու խոսքը փոխանցող ամուր մի օղակ: Այլապես իզուր ընդունած պիտի լինեն Աստծու շնորհը: 2000 տարի առաջ առաքյալն ասում է հի՛մա է ընդունելի ժամանակը, հի՛մա է փրկության օրը: Բոլոր ժամանակներում, սկսած առաջին դարից, առաքյալները սպասել են Քրիստոսի Գալուստին, քանի որ Երկրորդ Գալուստի ժամերն ու ժամանակները ո՛չ ոքի հայտնի չէ: Բոլորը լծված էին իրենց առաքելական ծառայության մեջ՝ հիմնելով նորանոր քրիստոնեական համայնքներ տարածաշրջանում: Եվ քրտնաջան ծառայում էին Ավետարանի քարոզությանը, և միաժամանակ սպասում էին Քրիստոսին՝ փրկության օր համարելով յուրաքանչյուր օրը: Մենք էլ գիտենք, որ այսօր է փրկության օրը, սակայն ապաշխարությունը միշտ հետաձգում ենք վաղը: Աստվածաշունչ կարդալը հետաձգում ենք վաղը: Պատարագ գնալ և հաղորդվելը թողնում ենք հաջորդ կիրակի:
Նամակի մեջ առաքյալը հանգամանորեն բացատրում է առաքելական ծառայության գաղտնիքները, դժվարությունները և բոլոր այդ դժվարությունները հաղթահարելու գործիքների մասին: Յուրաքանչյուր հաջորդ նամակի մեջ առաքյալը հիշեցնելով նախկին պատգամները, մի նոր միտք է ավելացնում, մի նոր պատգամ է փոխանցում Կորնթոսի հավատացյալներին, ինչպես նաև այսօրվա ընթերցողին: Առաքյալներից ո՛չ մեկը չունի Պողոս առաքյալի այն փորձությունը, որը պատահեց նրան Դամասկոսի ճանապարհին, և Պողոսը զգաց, որ մինչ այդ պահը իր գործունեությունը ամբողջությամբ հակառակ է եղել Քրիստոսին ու Նրա վարդապետությանը: Այդ զգացողությունն էր, որ նրան դարձրեց նախկին ծառայությունից՝ Քրիստոսի ծառայության: Գրեթե բոլոր նամակների մեջ զգուշացում կա այն մասին, որ որևէ պատճառ թող չլինի, որ առաքյալի պաշտոնը արատավորվի: Քանի որ առաքյալները Աստծու պաշտոնյաներ են համարվում:
Հետևաբար այն առաքյալները, որոնք հանձն են առել Ավետարանի քարոզությունը, նրանք պետք է համբերող լինեն նեղությունների ու վշտերի մեջ: Եթե Տիրոջ հալածեցին, ապա աշակերտներին նույնպես կհալածեն: Եթե Տիրոջը լսեցին, ապա կլսեն նաև առաքյալներին: Պողոսը նամակի մեջ ներկայացնում է առաքինությունների մի մեծ շղթա, որոնցում առաքյալները պետք է ցուցաբերեն մեծ համբերություն, որպեսզի հանկարծ չարատավորվի իրենց պաշտոնը, որը Աստծուց է: Իսկ որպեսզի այդ առաքինությունները պահպանվեն, Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր մարդ պետք է զինված լինի արդարության զենքով՝ հարձակվելու և պաշտպանվելու համար: Արդարության զենքերը պետք են ոչ միայն առաքյալներին ու քարոզիչներին, այլ՝ ամեն մի քրիստոնյային, որովհետև որևէ մի առաքինության հասնելիս, փորձությունը անխուսափելի է: Ցանկացած փորձության դեմ հնարավոր է պայքարել միայն հոգևոր զենքերով: Առաքյալներին համարում էին մոլորեցնողներ, բայց նրանք ճշմարտությունից չէին շեղվում:
Առաքյալներին համարում էին տնանկներ ու աղքատներ, սակայն նրանք բոլորին էին հարստացնում Աստծու զորությամբ ու շնորհով: Առաքյալը այս մասի նկարագրության մեջ իրեն չի առանձնացնում որպես թե արժանավոր մեկը, այլ հակառակը, իրեն նույնացնում է այն համայնքի հետ, որին ինքն է ստեղծել, և շատ հաճախ կորնթոսի քրիստոնեական համայնքը ներկայացնում է իբրև իր գործերի արդյունք, կամ՝ իբրև իր պարծանքը: Այս օրինակներով առաքյալը ներկայացնում է ճշմարիտ քրիստոնյայի իրական կերպարը, և փաստում է իր օրինակով, որ հնարավոր է դիմակայել բոլոր նեղություններն ու հալածանքները, եթե Քրիստոս է ապրում քրիստոնյայի սրտում: Պողոս Առաքյալը կորնթացիների հետ նամակագրական կապի մեջ միշտ խոսում է հոգնակի դեմքով, ըստ երևույթին նկատի ունի Տիմոթեոս եղբորը որի մասին հիշատակել էր նամակի սկզբում, կամ գուցե էլի գաղափարակիցներ ու ծառայակիցներ կան, որոնց հետ համագործակցում է: Կորնթոսի եկեղեցուն ասում է,- Մեր բերանները բաց են ձեզ պատգամելու համար, և մեր սրտերը՝ լայն: Սա շատ հետաքրքիր սիրո խոստովանություն է ուղղված հավատացյալ համայնքին: Ի՞նչ են նշանակում այս խոսքերը: Այսինքն նշանակում է, որ առաքյալը երբեք չի կամենում լռել, և մշտապես ցանկություն կա նրանց հետ զրուցելու և պատգամելու: Սա խոսում է բարեկամական ջերմ հարաբերությունների մասին: Ինչպես որ մտերիմները գրկախառնվում են հանդիպման ժամանակ, նույնպես էլ հոգիները ցանկություն ունեն հաղորդակցվելու զրուցի միջոցով;
Ահա առաքյալը պատրաստակամ է, և նրա սիրտը լայն է Քրիստոսի հոտի համար, որովհետև ո՛չ մի գաղտնիք չունի նրանցից: Այս բանը խորհուրդ է տալիս անել նաև Կորնթոսի եկեղեցուն: Սիրելիներ, մենք նույնիսկ նամակը կարդալիս զգում ենք Պողոսի մաքրությունն ու պարզությունը իր համայնքի նկատմամբ; Քանի որ, երբ պետք է՝ հանդիմանում է, զգուշացնում է, սաստում է, բայց այդ բոլորը անում է նրանց հոգու փրկության համար, նրանց սիրուց մղված և ի սեր Քրիստոսի: Որովհետև առաքյալը ոչ մի պարագայում իր անունը չի հոլովում, այլ՝ մշտապես ներկայացնում է, որ ինքը աղքատ ու տնանկ է, տկար ու տրտմած է, սակայն Քրիստոսի զորությամբ ու շնորհով՝ և՛ հարուստ է, և՛ ուրախ է, և՛ զորավոր է: Ափսոս, որ մենք Պողոս առաքյալի նման չենք կարողանում ընկալել Աստծու սերը, որպեսզի մեր սրտերն էլ լայնանա միմյանց նկատմամբ, մենք էլ առիթներ փնտրենք միմյանց հետ հաղորդակցվելու՝ Աստծու խոսքի շուրջ: Երանի մենք էլ կարողանայինք մեր բերանները բացեինք մեր սրտի լայնությունից, և ոչ թե նախանձից ու չարությունից:
Պողոս առաքյալը բառացի չի ասում, որ ձեզ շատ եմ սիրում, քանի որ ինքը գիտի, որ սերը միայն շրթներով չեն փոխանցում, այլ ծառայություն են մատուցում նրան, ում սիրում են: Իսկ առաքյալն անում է,- Իմ բերանը միշտ բաց է ձեզ պատգամելու համար համար, և այդ պատգամները իմ սրտից են բխում: Առաքյալի սերը միայն Կորնթոսի եկեղեցուն չէ ուղղված, այլ՝ եթե դուք հիշում եք, հռոմեացիներին, որոնց մոտ դեռ չէր եղել, նրանց ուղղված նամակի մեջ է գրում է,- Անդադար հիշում եմ ձեզ, ամենայն ժամ իմ բոլոր աղոթքներում աղաչելով, որ թերևս ե՛րբևէ ինձ հաջողվի Աստծու կամքով գալ ձեզ մետ: Իսկ երբ սկսենք Գաղատացիների նամակը, կտեսնեք, թե ի՛նչ հայրական հոգատարություն է գրում նրանց, ասելով,- Որդյակնե՛րս, դուք, որոնց համար երկունքի մեջ եմ, մինչև որ Քրիստոս կերպարանավորի ձեր մեջ: Բոլոր եկեղեցիներին ուղղված նամակներում Պողոս առաքյալը նույն հայրական խստությունը և դարձյալ հայրական սերն է ցուցաբերում նրանց շահելու համար: Նամակն ավարտում է բավական մտահոգիչ զգուշացումով. ասելով,- Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. ասում է Ամենակալ Տերը։
Այս հատվածն ամբողջությամբ մեջբերեցի, քանի որ շատ է ընթերցվում եկեղեցիներում և շատ է հանդիպում քարոզների ժամանակ՝ որպես ընտրված գեղեցիկ թեմա: Առաքյալը այս հատվածի մեջ ցույց է տալիս երկու բևեռներ, որոնց մեջ բացարձակ որևէ կապ լինել չի կարող: Բացի նրանից, որ սրանց միջև կապ չկա, նաև հաճելի չէ Աստծու համար: Բացի նրանից, որ հաճելի չէ Աստծու համար, նաև շատ վտանգավոր է նրա համար, ով լույսից կարող է գնալ դեպի խավարը: Քանի որ խավարը հակառակ է լույսին, պետք չէ, որ որևէ մեկը մերձենա խավարին; Հավատքը բացում է քրիստոնյայի հոգևոր և մարմնավոր աչքերը:
Իսկ խավար կյանքը մթագնում է այն փայլը, որն արտացոլում է Աստծու խոսքի լույսից: Հետևաբար վտանգավոր է այն մարդու համար, որը համագործակցում է ինչպես լույսի, այնպես էլ խավարի հետ: Մարդը կամավոր երկփեղկվում է երկուսի միջև, իսկ Ավետարանն ասում է որ իր մեջ բաժանված ամեն բան կորստյան կմատնվի: Մենք տեսնում ենք, որ առաջին դարի քրիստոնյաների համար չափազանց դժվար է եղել հավատարիմ մնալ Աստծու խոսքին, քանի որ շուրջ բոլորը տարածված էր հեթանոսական անհասկանալի ծեսերն ու բազմաստվածությունը, անհավատությունն ու տարատեսակ կրոնական բաժանումները: Դժվար էր նույնիսկ այն դեպքում, երբ Պողոս առաքյալը նրանց երբեք մենակ չի թողել նրանց փորձությունների և դժվարությունների մեջ: Հալածանքներն ու ամբաստանությունները անսահման են եղել առաջին դարի ինչպես առաքյալների, այնպես էլ քրիստոնյաների համար:
Բայց զարմանալի այն է, որ այդչափ հալածանքների ու նահատակությունների առկայության պայմաններում, քրիստոնյաների թիվը գնալով ավելանում էր: Քրիստոնյաներին առյուծների դեմ էին գցում, իսկ քրիստոնյաների թիվն ավելանում էր: Սա է հավատքը: Որովհետև խոստում ունենք Աստծուց, որն ասում է,- Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն: Դո՛ւրս եկեք նրանց միջից ու հեռո՛ւ մնացեք ամեն պիղծ բանից, որպեսզի ընդունեմ ձեզ. եվ ես պիտի լինեմ ձեզ համար հայր, և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր, ասում է Ամենակալ Տերը:
Երբ քրիստոնեությունը աշխարհ եկավ, շատերի համար այն ցնորք էր թվում, ինչպես որ Ագրիպաս արքան էլ Պողոսին անվանեց ցնորված՝ իր քարոզությունից հետո: Սակայն կարճ ժամանակ անց տեսան ու հասկացան, որ քրիստոնյան խաղաղ է, ուրախ է երբ նույնիսկ աղքատ է, հզոր է, երբ նույնիսկ զենք չունի: Քրիստոնյաները հավիտենական կյանքի հույս ունեն և այդ հույսը իրենց տվել է այդ հավիտենական կյանքի Տերը: Ինչպես որ Պողոսն է գրում, թե՝ կարծում են թե մենք տրտմածներ ենք, բայց մենք շարունակ ուրախ ենք: Այդ ուրախության պատճառը Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքն է: Քրիստոսի նկատմամբ այսպիսի հավատք և նմանօրինակ սեր ունեցող քրիստոնեական համայնքը իրավունք չունի անհավատներին լծակից լինելու: Որովհետև ի՞նչ միաբանություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի միջև: Բելիարը սատանայի անուններից մեկն է: Կամ արդարության և անօրենության միջև: Ի՞նչ նկատի ունի Պողոս առաքյալն այս խոսքերը Կորնթոսին ուղղելիս, մենք չգիտենք, քանի որ առաքյալը եկեղեցու ներսի թերությունների մասին շատ կծկտուր տեղեկություն է տալիս, և մենք չենք հասկանում, թե կոնկրետ որ սխալներին է վերաբերում այս խոսքերը, որ ասում է անհավատներին լծակից մի եղեք, և մեջբերում է մարգարեություններից մի հատված, որտեղ աստված խոսում է իր ընտրյալ ժողովրդի հետ, քանի որ նրանք հեռացել են Աստծուց՝ մեղքի պատճառով: Աստծու պահանջը մարդ արարածից նույնն էր երե՛կ,նույնն է այսօ՛ր և նույնը կլինի վա՛ղը: Աստված չի բնակվում մեղավոր մարդու մեջ: Իսկ առաքյալը հիշեցնում է Կորնթացիներին, որ դուք Աստծու տաճար եք կոչվում և վտանգը մեծ է, եթե դուք հայտնվեք մեղքի մեջ, կամ համագործակցեք անհավատների հետ: Ձեր մեղավոր հանգամանքը շատ կխանգարի, որպեսզի դուք համարվեք Աստծու որդիներ կամ դուստրեր: Այսինքն առաքյալը զգուշացնում է, որպեսզի ուշադրություն դարձնեն իրենց վարքին, կյանքի ու կենցաղին՝ թանկարժեքը չկորցնելու համար: Որովհետև այդ խոստումը ո՛չ թե երևելի մեկից ենք ստացել, այլ Աստծուց, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և ինչ որ կա նրանում: Հետևաբար հարկ է, որ ամեն մարդ հոգ տանի իր մարմնի և հոգու ուրախության համար և Աստծու երկյուղը ունենանք մեր մեջ:
Հավանաբար այս նամակից առաջ Պողոսը մեկ այլ հանդիմանական նամակ է ուղարկել դարձյալ կորնթացիներին, և այս նամակի մեջ գրում է, որ չի զղջացել նրանց այդ հանդիմանական նամակն ուղարկելու համար, քանի որ նամակի հասցրած տրտմությունը նրանց ապաշխարության է բերել: Իսկ տրտմությունը ըստ Աստծու ուզածի ապաշխարություն է առաջ բերում փրկության համար: Իսկ այս աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում: Նամակները, որոնք ուղղված են Կորնթոսի եկեղեցուն, շատ բազմաշերտ են այն առումով, որ եկեղեցում կան նվիրյալ հավատացյալներ, կան հավատացյալներ, որոնք բաժանումներ են առաջացնում, և կան նաև այնպիսիք, որոնք համագործակցում են և՛ եկեղեցու հետ, և՛ անհավատների հետ: Որովհետև Առաքյալը երբեմն երբեմն գովեստի խոսքեր է ասում նրանց հավատի, գործերի և նախանձախնդրության վերաբերյալ: Հանդիմանական խոսքերը ուղղված են նրա համար, որ եկեղեցում կարդացվի նամակը և հիմք ունենալով Պողոսի խոսքերը թերությունների մասին, կարողանան իրենց մեջ հարթել որոշ անհամաձայնություններ, որոշ բաժանություններ և մնացած խնդիրները: Սիրելիներ, տեսեք, թե ինչքան պատասխանատվություն կա Պողոսի ուսերին՝ նորաստեղծ համայնքների քրիստոնեական կյանքը Քրիստոսի վարդապետության վրա կառուցելու համար: Բայց առաքյալը երբե՛ք իրեն եպիսկոպոսի դիրքում չի զգում, երբե՛ք որպես առաջնորդ հանդես չի գալիս, երբե՛ք հրամաններ չի տալիս, այլ խրատում է հայրաբար, իր վարքով օրինակ է նրանց համար, և չի դադարում սրտանց պատգամել Աստծու խոսքի ճշմարտությունները իր մաքուր սրտով:
Երբ ընթերցողը կարդում և զգում է առաքյալի երկյուղը Աստծու հանդեպ, կամ հավատարմությունը իր ծառայակիցների նկատմամբ, կամ սերը քրիստոնյաների նկատմամբ, այդ ժամանակ նույնիսկ Պողոս առաքյալի գովեստի խոսքերը իր անձի հասցեին ամենևին հպարտություն և մեծամտություն չի թվում, քանի որ իր բոլոր խոսքերը սկսվում են Քրիստոսի զորությամբ և Նրա տված շնորհով: Երբ առաքյալը ներկայացնում է իր չարչարանքն ու հալածանքը, և պատմում է որ դրանք խոնարհությամբ և սիրով է կրել, մենք դրանց արդյունքում տեսնում ենք ստեղծված քրիստոնեական համայնքներ, որոնք առաջացել են այդ հալածանքների շնորհիվ: Մենք տեսնում ենք հայրական խնամք սեփական ժողովրդի ու համայնքի նկատմամբ; Պողոս առաքյալի և եկեղեցիների միջև եղած հարաբերությունները նման են ընտանիքում՝ հոգատար հոր և անկարգ զավակների հարաբերությանը, որտեղ նույնիսկ անառակ որդին շարունակում է մնալ հոր սիրասուն խնամքի տակ, և չի դադարում նրա որդին կոչվելու: Պողոս առաքյալն այսպես է ապրում Կորնթոսի եկեղեցու քրիստոնեական ընտանիքի հետ: Այնքան ջերմորեն է պատմում նրանց իր հետ կատարված ամեն ուրախություն և տխրություն, որ նույնիս մեզ՝ ընթերցողներիս համար այդ ապրումները հասկանալի են դառնում: Պատմում է, որ մակեդոնիայում մեծ նեղություններ է ունեցել և հանգիստ չի եղել դրսի պայքարների և ներսի արհավիրքների պատճառով: Սակայն երբ հանդիպել է Տիտոս անունով եղբորը, մեծ մխիթարություն է ստացել այն բանից, որ Տիտոսը պատմել է Կորնթոսի եկեղեցու մասին, թե ինչպես են նրանք տենչում տեսնել Պողոսին: Այս լուրը ոչ միայն մխիթարում է Պողոսին, այլ չափազանց ուրախացնում է նրան:
Սիրելիներ, բոլորդ էլ կփաստեք, որ միայն ընտանեկան միջավայրում կարող է պատահել այսպիսի հարաբերությունները, երբ միմյանց հանդիմանելուց հետո նույնիսկ, ընտանիքի անդամների միջև հարաբերություններ չի փոխվում, քանի որ հարազատներ են միմյանց: Դրանից առաջ խոսում էր հանդիմանական նամակի մասին և ասում էր, որ ուրախացել է ո՛չ թե նրանց տրտմության համար, այլ, որ այդ տրտմությունը նրանց ապաշխարության է մղել: Մեր օրերի քրիստոնյա համայնքներում այսպիսի վերաբերմունք գրեթե չկա և երանելի է այն համայնքը, որն այսպիսի հարաբերություն ունի հոտի և հովվի միջև, էլ չեմ ասում հոտի և եպիսկոպոսների միջև, որը իսպառ բացակայում է: Մեր հավատացյալ հոտը եպիսկոպոսի ձայն չի լսի իր եկեղեցում, եթե հատուկ Էջմիածին չգնա՝ պատարագի մասնակցելու, որտեղ երբեմն եպիսկոպոսներն են մատուցում Պատարագը: Շատ հաճախ ենք լսում, երբ ասում են, թե հավատացյալ հոտը սառել է եկեղեցուց, սակայն երբեք չենք ասում որ հավատացյալ հոտին հոգևոր ջերմություն տվող չկա: Գուցե Կորնթոսի եկեղեցու համայնքն էլ սառեր, եթե Պողոս առաքյալը, որ եպիսկոպոս էլ չէր, այդքան չջերմացներ իր հայրական հոգատարությամբ: Փառք Աստծո, որ կարդում ենք առաքյալների կատարած գործերի մասին և մխիթարվում ենք, իմանալով ճշմարիտ հարաբերությունների մասին:
Սիրելիներ, ինչպես տեսնում ենք Կորնթոսի եկեղեցին նույնպես խնդիրներ ունի և հավանաբար ոչ նվազ, քան այսօր ունի մեր եկեղեցին: Բայց Կորնթոսի եկեղեցու օրինակը մեզ համար դաս է այն առումով, որ այնտեղ խնդիրներ լինելով հանդերձ հոգեշնորհ Պողոս առաքյալի շնորհիվ հարաբերությունները ընտանեկան են, և այդ միջավայրում խնդիրները հեշտությամբ լուծվում են՝ փրկության ապաշխարությամբ: իսկ մեր պարագայում կարծես ապաշխարության քարոզը հակացուցված լինի: Մինչդեռ առանց ապաշխարության չկա զղջում, չկա խոստովանություն, չկա փրկություն: Ապաշխարությունը հոգևոր կյանքի առաջին կարևոր քայլն է: Ութերորդ գլխում առաքյալը անդրադառնում է Մակեդոնիայի եկեղեցուն, որը չնայած իր նեղություններին ու աղքատությանը կարողացավ իրենց կարողությունից վեր հանգանակություն կատարել Սուրբ Երկրի՝ Երուսաղեմի կարիքավոր համայնքների համար: Իսկ այժմ առաքյալը Տիտոսին է ուղարկում Կորնթոս, որպեսզի իրենք էլ իրենց հանգանակության մասնակցությունը բերեն նույն նպատակի համար: Մակեդոնիայի համեմատ Կորնթոսը շատ հարուստ քաղաք էր, և առաքյալը ակնկալում էր, որ Կորնթոսը այդ հարցում առավել առատաձեռն կգտնվի: զարմանալի է, որ պողոս առաքյալը իր կարիքների համար դրամ է վաստակում իր մասնագիտությամբ, իսկ եկեղեցու համար ջերմեռանդորեն հանգանակություն է կազմակերպում տարբեր եկեղեցիներից՝ Երուսաղեմի եկեղեցու աղքատ համայնքների համար: Քրիստոնեական կյանքի գլխավոր պայմաններից մեկն էլ այն է, որ կիսես քո ունեցածը՝ կարիքավորի հետ, այնպես ինչպես Քրիստոս մեր համար աղքատացավ, որ հարուստ էր, որպեսզի մենք էլ հարստանանք Նրա աղքատությամբ: Այսինքն, եթե ունե՛ս, կիսի՛ր ունեցածդ կարիքավորի հետ, իսկ եթե չունե՛ս, ունեցողը կկիսի քեզ հետ իր ունեցածը: Եկեղեցիների մեջ նույնպես հավասարություն պետք է լինի նաև ֆինանսական առումով, և պողոս առաքյալը այդ հարցը նույնպես կարգավորում է: Սիրելիներ, այսօր էլ բավական նորություններ իմացանք Կորնթոսի եկեղեցու մասին, և կարելի է ասել, որ թերություններ եղել են նույնիսկ առաջին նորաստեղծ համայնքներում, բայց երբեք անտեսված չեն եղել առաքյալների կողմից: Այստեղ ավարտենք մեր սերտողությունը: Հաջորդ գլուխների սերտողությամբ կավարտենք նաև երկրորդ նամակը, որ Պողոս առաքյալը ուղղել էր Կորնթոսի եկեղեցուն:
Տե՛ր իմ, քաջալերիր ինձ նեղությանս մեջ, մխիթարի՛ր վշտերիս մեջ, ու արժանի դարձրու ինձ Տե՛ր իմ և Աստված իմ՝ Հիսուս Քրիստոս, խաչակից լինել Քեզ մինչև ի մահ, հրաժարվելով այս աշխարհի հեշտություններից և դասակից լինել Քո երանելիներին ու դրախտում անմահ կյանք վայելեմ: ԱՄԵՆ: