ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. ասում է Ամենակալ Տերը։
Այս հատվածն ամբողջությամբ մեջբերեցի, քանի որ շատ է ընթերցվում եկեղեցիներում և շատ է հանդիպում քարոզների ժամանակ՝ որպես ընտրված գեղեցիկ թեմա: Առաքյալը այս հատվածի մեջ ցույց է տալիս երկու բևեռներ, որոնց մեջ բացարձակ որևէ կապ լինել չի կարող: Բացի նրանից, որ սրանց միջև կապ չկա, նաև հաճելի չէ Աստծու համար: Բացի նրանից, որ հաճելի չէ Աստծու համար, նաև շատ վտանգավոր է նրա համար, ով լույսից կարող է գնալ դեպի խավարը: Քանի որ խավարը հակառակ է լույսին, պետք չէ, որ որևէ մեկը մերձենա խավարին; Հավատքը բացում է քրիստոնյայի հոգևոր և մարմնավոր աչքերը:
Իսկ խավար կյանքը մթագնում է այն փայլը, որն արտացոլում է Աստծու խոսքի լույսից: Հետևաբար վտանգավոր է այն մարդու համար, որը համագործակցում է ինչպես լույսի, այնպես էլ խավարի հետ: Մարդը կամավոր երկփեղկվում է երկուսի միջև, իսկ Ավետարանն ասում է որ իր մեջ բաժանված ամեն բան կորստյան կմատնվի: Մենք տեսնում ենք, որ առաջին դարի քրիստոնյաների համար չափազանց դժվար է եղել հավատարիմ մնալ Աստծու խոսքին, քանի որ շուրջ բոլորը տարածված էր հեթանոսական անհասկանալի ծեսերն ու բազմաստվածությունը, անհավատությունն ու տարատեսակ կրոնական բաժանումները: Դժվար էր նույնիսկ այն դեպքում, երբ Պողոս առաքյալը նրանց երբեք մենակ չի թողել նրանց փորձությունների և դժվարությունների մեջ: Հալածանքներն ու ամբաստանությունները անսահման են եղել առաջին դարի ինչպես առաքյալների, այնպես էլ քրիստոնյաների համար:
Բայց զարմանալի այն է, որ այդչափ հալածանքների ու նահատակությունների առկայության պայմաններում, քրիստոնյաների թիվը գնալով ավելանում էր: Քրիստոնյաներին առյուծների դեմ էին գցում, իսկ քրիստոնյաների թիվն ավելանում էր: Սա է հավատքը: Որովհետև խոստում ունենք Աստծուց, որն ասում է,- Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն: Դո՛ւրս եկեք նրանց միջից ու հեռո՛ւ մնացեք ամեն պիղծ բանից, որպեսզի ընդունեմ ձեզ. եվ ես պիտի լինեմ ձեզ համար հայր, և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր, ասում է Ամենակալ Տերը:
Երբ քրիստոնեությունը աշխարհ եկավ, շատերի համար այն ցնորք էր թվում, ինչպես որ Ագրիպաս արքան էլ Պողոսին անվանեց ցնորված՝ իր քարոզությունից հետո: Սակայն կարճ ժամանակ անց տեսան ու հասկացան, որ քրիստոնյան խաղաղ է, ուրախ է երբ նույնիսկ աղքատ է, հզոր է, երբ նույնիսկ զենք չունի: Քրիստոնյաները հավիտենական կյանքի հույս ունեն և այդ հույսը իրենց տվել է այդ հավիտենական կյանքի Տերը: Ինչպես որ Պողոսն է գրում, թե՝ կարծում են թե մենք տրտմածներ ենք, բայց մենք շարունակ ուրախ ենք: Այդ ուրախության պատճառը Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքն է: Քրիստոսի նկատմամբ այսպիսի հավատք և նմանօրինակ սեր ունեցող քրիստոնեական համայնքը իրավունք չունի անհավատներին լծակից լինելու: Որովհետև ի՞նչ միաբանություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի միջև: Բելիարը սատանայի անուններից մեկն է: Կամ արդարության և անօրենության միջև: Ի՞նչ նկատի ունի Պողոս առաքյալն այս խոսքերը Կորնթոսին ուղղելիս, մենք չգիտենք, քանի որ առաքյալը եկեղեցու ներսի թերությունների մասին շատ կծկտուր տեղեկություն է տալիս, և մենք չենք հասկանում, թե կոնկրետ որ սխալներին է վերաբերում այս խոսքերը, որ ասում է անհավատներին լծակից մի եղեք, և մեջբերում է մարգարեություններից մի հատված, որտեղ աստված խոսում է իր ընտրյալ ժողովրդի հետ, քանի որ նրանք հեռացել են Աստծուց՝ մեղքի պատճառով: Աստծու պահանջը մարդ արարածից նույնն էր երե՛կ,նույնն է այսօ՛ր և նույնը կլինի վա՛ղը: Աստված չի բնակվում մեղավոր մարդու մեջ: Իսկ առաքյալը հիշեցնում է Կորնթացիներին, որ դուք Աստծու տաճար եք կոչվում և վտանգը մեծ է, եթե դուք հայտնվեք մեղքի մեջ, կամ համագործակցեք անհավատների հետ: Ձեր մեղավոր հանգամանքը շատ կխանգարի, որպեսզի դուք համարվեք Աստծու որդիներ կամ դուստրեր: Այսինքն առաքյալը զգուշացնում է, որպեսզի ուշադրություն դարձնեն իրենց վարքին, կյանքի ու կենցաղին՝ թանկարժեքը չկորցնելու համար: Որովհետև այդ խոստումը ո՛չ թե երևելի մեկից ենք ստացել, այլ Աստծուց, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և ինչ որ կա նրանում: Հետևաբար հարկ է, որ ամեն մարդ հոգ տանի իր մարմնի և հոգու ուրախության համար և Աստծու երկյուղը ունենանք մեր մեջ:
Հավանաբար այս նամակից առաջ Պողոսը մեկ այլ հանդիմանական նամակ է ուղարկել դարձյալ կորնթացիներին, և այս նամակի մեջ գրում է, որ չի զղջացել նրանց այդ հանդիմանական նամակն ուղարկելու համար, քանի որ նամակի հասցրած տրտմությունը նրանց ապաշխարության է բերել: Իսկ տրտմությունը ըստ Աստծու ուզածի ապաշխարություն է առաջ բերում փրկության համար: Իսկ այս աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում: Նամակները, որոնք ուղղված են Կորնթոսի եկեղեցուն, շատ բազմաշերտ են այն առումով, որ եկեղեցում կան նվիրյալ հավատացյալներ, կան հավատացյալներ, որոնք բաժանումներ են առաջացնում, և կան նաև այնպիսիք, որոնք համագործակցում են և՛ եկեղեցու հետ, և՛ անհավատների հետ: Որովհետև Առաքյալը երբեմն երբեմն գովեստի խոսքեր է ասում նրանց հավատի, գործերի և նախանձախնդրության վերաբերյալ: Հանդիմանական խոսքերը ուղղված են նրա համար, որ եկեղեցում կարդացվի նամակը և հիմք ունենալով Պողոսի խոսքերը թերությունների մասին, կարողանան իրենց մեջ հարթել որոշ անհամաձայնություններ, որոշ բաժանություններ և մնացած խնդիրները: Սիրելիներ, տեսեք, թե ինչքան պատասխանատվություն կա Պողոսի ուսերին՝ նորաստեղծ համայնքների քրիստոնեական կյանքը Քրիստոսի վարդապետության վրա կառուցելու համար: Բայց առաքյալը երբե՛ք իրեն եպիսկոպոսի դիրքում չի զգում, երբե՛ք որպես առաջնորդ հանդես չի գալիս, երբե՛ք հրամաններ չի տալիս, այլ խրատում է հայրաբար, իր վարքով օրինակ է նրանց համար, և չի դադարում սրտանց պատգամել Աստծու խոսքի ճշմարտությունները իր մաքուր սրտով:
Երբ ընթերցողը կարդում և զգում է առաքյալի երկյուղը Աստծու հանդեպ, կամ հավատարմությունը իր ծառայակիցների նկատմամբ, կամ սերը քրիստոնյաների նկատմամբ, այդ ժամանակ նույնիսկ Պողոս առաքյալի գովեստի խոսքերը իր անձի հասցեին ամենևին հպարտություն և մեծամտություն չի թվում, քանի որ իր բոլոր խոսքերը սկսվում են Քրիստոսի զորությամբ և Նրա տված շնորհով: Երբ առաքյալը ներկայացնում է իր չարչարանքն ու հալածանքը, և պատմում է որ դրանք խոնարհությամբ և սիրով է կրել, մենք դրանց արդյունքում տեսնում ենք ստեղծված քրիստոնեական համայնքներ, որոնք առաջացել են այդ հալածանքների շնորհիվ: Մենք տեսնում ենք հայրական խնամք սեփական ժողովրդի ու համայնքի նկատմամբ; Պողոս առաքյալի և եկեղեցիների միջև եղած հարաբերությունները նման են ընտանիքում՝ հոգատար հոր և անկարգ զավակների հարաբերությանը, որտեղ նույնիսկ անառակ որդին շարունակում է մնալ հոր սիրասուն խնամքի տակ, և չի դադարում նրա որդին կոչվելու: Պողոս առաքյալն այսպես է ապրում Կորնթոսի եկեղեցու քրիստոնեական ընտանիքի հետ: Այնքան ջերմորեն է պատմում նրանց իր հետ կատարված ամեն ուրախություն և տխրություն, որ նույնիս մեզ՝ ընթերցողներիս համար այդ ապրումները հասկանալի են դառնում: Պատմում է, որ մակեդոնիայում մեծ նեղություններ է ունեցել և հանգիստ չի եղել դրսի պայքարների և ներսի արհավիրքների պատճառով: Սակայն երբ հանդիպել է Տիտոս անունով եղբորը, մեծ մխիթարություն է ստացել այն բանից, որ Տիտոսը պատմել է Կորնթոսի եկեղեցու մասին, թե ինչպես են նրանք տենչում տեսնել Պողոսին: Այս լուրը ոչ միայն մխիթարում է Պողոսին, այլ չափազանց ուրախացնում է նրան:
Սիրելիներ, բոլորդ էլ կփաստեք, որ միայն ընտանեկան միջավայրում կարող է պատահել այսպիսի հարաբերությունները, երբ միմյանց հանդիմանելուց հետո նույնիսկ, ընտանիքի անդամների միջև հարաբերություններ չի փոխվում, քանի որ հարազատներ են միմյանց: Դրանից առաջ խոսում էր հանդիմանական նամակի մասին և ասում էր, որ ուրախացել է ո՛չ թե նրանց տրտմության համար, այլ, որ այդ տրտմությունը նրանց ապաշխարության է մղել: Մեր օրերի քրիստոնյա համայնքներում այսպիսի վերաբերմունք գրեթե չկա և երանելի է այն համայնքը, որն այսպիսի հարաբերություն ունի հոտի և հովվի միջև, էլ չեմ ասում հոտի և եպիսկոպոսների միջև, որը իսպառ բացակայում է: Մեր հավատացյալ հոտը եպիսկոպոսի ձայն չի լսի իր եկեղեցում, եթե հատուկ Էջմիածին չգնա՝ պատարագի մասնակցելու, որտեղ երբեմն եպիսկոպոսներն են մատուցում Պատարագը: Շատ հաճախ ենք լսում, երբ ասում են, թե հավատացյալ հոտը սառել է եկեղեցուց, սակայն երբեք չենք ասում որ հավատացյալ հոտին հոգևոր ջերմություն տվող չկա: Գուցե Կորնթոսի եկեղեցու համայնքն էլ սառեր, եթե Պողոս առաքյալը, որ եպիսկոպոս էլ չէր, այդքան չջերմացներ իր հայրական հոգատարությամբ: Փառք Աստծո, որ կարդում ենք առաքյալների կատարած գործերի մասին և մխիթարվում ենք, իմանալով ճշմարիտ հարաբերությունների մասին:
Սիրելիներ, ինչպես տեսնում ենք Կորնթոսի եկեղեցին նույնպես խնդիրներ ունի և հավանաբար ոչ նվազ, քան այսօր ունի մեր եկեղեցին: Բայց Կորնթոսի եկեղեցու օրինակը մեզ համար դաս է այն առումով, որ այնտեղ խնդիրներ լինելով հանդերձ հոգեշնորհ Պողոս առաքյալի շնորհիվ հարաբերությունները ընտանեկան են, և այդ միջավայրում խնդիրները հեշտությամբ լուծվում են՝ փրկության ապաշխարությամբ: իսկ մեր պարագայում կարծես ապաշխարության քարոզը հակացուցված լինի: Մինչդեռ առանց ապաշխարության չկա զղջում, չկա խոստովանություն, չկա փրկություն: Ապաշխարությունը հոգևոր կյանքի առաջին կարևոր քայլն է: Ութերորդ գլխում առաքյալը անդրադառնում է Մակեդոնիայի եկեղեցուն, որը չնայած իր նեղություններին ու աղքատությանը կարողացավ իրենց կարողությունից վեր հանգանակություն կատարել Սուրբ Երկրի՝ Երուսաղեմի կարիքավոր համայնքների համար: Իսկ այժմ առաքյալը Տիտոսին է ուղարկում Կորնթոս, որպեսզի իրենք էլ իրենց հանգանակության մասնակցությունը բերեն նույն նպատակի համար: Մակեդոնիայի համեմատ Կորնթոսը շատ հարուստ քաղաք էր, և առաքյալը ակնկալում էր, որ Կորնթոսը այդ հարցում առավել առատաձեռն կգտնվի: զարմանալի է, որ պողոս առաքյալը իր կարիքների համար դրամ է վաստակում իր մասնագիտությամբ, իսկ եկեղեցու համար ջերմեռանդորեն հանգանակություն է կազմակերպում տարբեր եկեղեցիներից՝ Երուսաղեմի եկեղեցու աղքատ համայնքների համար: Քրիստոնեական կյանքի գլխավոր պայմաններից մեկն էլ այն է, որ կիսես քո ունեցածը՝ կարիքավորի հետ, այնպես ինչպես Քրիստոս մեր համար աղքատացավ, որ հարուստ էր, որպեսզի մենք էլ հարստանանք Նրա աղքատությամբ: Այսինքն, եթե ունե՛ս, կիսի՛ր ունեցածդ կարիքավորի հետ, իսկ եթե չունե՛ս, ունեցողը կկիսի քեզ հետ իր ունեցածը: Եկեղեցիների մեջ նույնպես հավասարություն պետք է լինի նաև ֆինանսական առումով, և պողոս առաքյալը այդ հարցը նույնպես կարգավորում է: Սիրելիներ, այսօր էլ բավական նորություններ իմացանք Կորնթոսի եկեղեցու մասին, և կարելի է ասել, որ թերություններ եղել են նույնիսկ առաջին նորաստեղծ համայնքներում, բայց երբեք անտեսված չեն եղել առաքյալների կողմից: Այստեղ ավարտենք մեր սերտողությունը: Հաջորդ գլուխների սերտողությամբ կավարտենք նաև երկրորդ նամակը, որ Պողոս առաքյալը ուղղել էր Կորնթոսի եկեղեցուն:
Տե՛ր իմ, քաջալերիր ինձ նեղությանս մեջ, մխիթարի՛ր վշտերիս մեջ, ու արժանի դարձրու ինձ Տե՛ր իմ և Աստված իմ՝ Հիսուս Քրիստոս, խաչակից լինել Քեզ մինչև ի մահ, հրաժարվելով այս աշխարհի հեշտություններից և դասակից լինել Քո երանելիներին ու դրախտում անմահ կյանք վայելեմ: ԱՄԵՆ: