ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ: Մինչ այս պահը Պողոս առաքյալը Կորնթոսի եկեղեցուն բացատրեց քրիստոնյայի կյանքի և կենցաղի մեջ կիրառվող հոգևոր կանոնները, խոսեց նաև Քրիստոսի համբարձումից հետո կատարվող խորհրդավոր ընթրիքի մանրամասները, թե ինչպես էին առաջին դարում նորաստեղծ եկեղեցիները ճաշակում Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Հանգամանալից խոսեց նրանց ներսի բացթողումների և ոչ քրիստոնեական ազատությունների մասին: Իսկ այս սերտողության մեջ խոսում է եկեղեցու հոգևոր կյանքի մասին: Ամեն անգամ նրանց գրելիս, առաքյալը նշում է, որ չի ուզում, որ հավատացյալները անգետ լինեն այս կամ այն հարցում: Պողոս առաքյալը այս բոլոր բաները նրանց բացատրում է ո՛չ միայն իր պարտականությունը կատարելու համար, այլ՝ հատկապես նրանց հասկացնելու և իրենց կյանքում կիրառելու համար: Մինչև քրիստոնյա դառնալը նրանք եղել են հեթանոսներ և անխոս կուռքերին են երկրպագել, իսկ հիմա երբ որ անդել լսել են Քրիստոսի վարդապետության և Կենդանի Աստծու մասին, ժամանակն է, որ վերջ դնեն իրենց նախկին կյանքին, և եթե դավանել են Քրիստոսին, որպես իրենց Փրկիչ, ուրեմն Քրիստոսից բացի այլ պաշտամունք չեն կարող ունենալ: Այսինքն եթե մեկը Սուրբ հոգով է խոսում նա չի ասի, թե՝ նզովյալ է Հիսուս: Նաև ոչ ոք չի կարող ասել, թե՝ Հիսուս Տեր է, եթե ո՛չ սուրբ Հոգով: Այդ նույն Հոգին է պարգևում զանազան շնորհներ, և բոլոր պաշտոնները մեծ թե փոքր, բոլորն էլ Տիրոջն են պատկանում;
Զանազան կարողություններ կան, որոնցով մարդիկ գործում են, սակայն այդ բոլորի մեջ Աստված է, որ գործում է: Բայց յուրաքանչյուրին տրված է հոգու հայտնություն՝ յուրաքանչյուրի օգուտի համար: Երբ մեկին Սուրբ Հոգուց տրված է իմաստություն, նշանակում է Աստված նրա օգուտի համար է նրան տվել իմաստություն և ոչ թե լեզուներ խոսելու շնորհ: Նույն Հոգին մյուսին տալիս է գիտության շնորհը, իր օգուտի համար, բայց ո՛չ մարգարեության շնորհ: Մեկին հավատ է տալիս, մյուսին բժշկությունների շնորհներ՝ նույն հոգուց: Մեկին մարգարեության շնորհ է տալիս, մյուսին հոգիներ զանազանելու շնորհ, նույն Հոգին տալիս է զանազան լեզուներ խոսելու շնորհ, բայց մեկ ուրիշին տալիս է այդ լեզուներ թարգմանելու շնորհը: Այս շնորհները միևնույն Հոգին է առաջացնում և բաժանում է յուրաքանչյուրին՝ ինչպես որ կամենում է: Առաքյալը շնորհների մասին խոսելով, նրանց նաև հուշում է, որ շնորհների զանազանության մեջ չի կարող լինել տարաձայնություններ, քանի որ յուրաքանչյուրի տրվում է շնորհը՝ ըստ իր հավատարմության, վերցնելու կարողության, և գործի դնելու պատրաստակամության: Այսինքն, եթե ավելի պարզ լեզվով ձեզ բացատրեմ, ապա եկեղեցին զորամաս չէ, որ բոլորը նույն հագուստը հագնեն, նույն հրամանը կատարեն նույն կերպ: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, այն չի կարող թերություն անկատարություն ունենա: Շնորհները նրա համար են տրվում տկար մարդուն, որպեսզի այդ շնորհը գործի դնի և եկեղեցին կատարյալ պահի: Տեսե՞լ եք, որ եկեղեցում մեկը լավ ձայն ունի, բայց նրա խոսքը տկար է; Մյուսը հոգեցունց քարոզխոսություն ունի, սակայն երգը տկար է;
Այս երևույթը կարելի է տեսնել մեր կենցաղի մեջ և ավելի լավ պատկերացում կազմել շնորհների մասին; Մեկը շատ լավ պարում է, մյուսը օտար լեզուներ է տիրապետում, մյուսը հիանալի մանկավարժ է, որը գուցե չի կարողանում լավ պարել: Մի խոսքով Պողոս առաքյալը ազատության քարոզիչ է՝ քրիստոնեության ներսում, և ամեն կերպ կամենում է, որ իր խոսքերը մարմին առնեն և ծառայեն Հիսուս Քրիստոսի փառքի համար, ինչը որ ի՛նքն է անում գիշեր ու զօր: Առաքյալի բերած օրինակներն այնքան առարկայական են, որ նույնիսկ երբեմն բացատրության կարիք չունեն; Օրինակը բերում է մարդու մարմնի վրա, որը կազմված է բազում անդամներից, և այդ բոլոր անդամները պատկանում են այդ նույն մարմնին; Նույնն է պարագան եկեղեցու և Քրիստոսի: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, քանի որ եկեղեցու անդամները բոլորը մկրտվում են Սուրբ Ավազանով՝ Քրիստոսի անունով; Հետևաբար եկեղեցու անդամները չեն կարող տարաձայնություն ունենալ իրար մեջ այնպես, ինչպես որ չե՛ն կարող մարդու մարմնի անդամներ ընդվզել մարմնի դեմ; Չի կարող ոտքը ասել, թե քանի որ ես ձեռք չե՛մ, ուրեմն այդ մարմնից չեմ, և հակառակը; Այդպես էլ բոլոր անդամները պատկանում են նույն մարմնին և ծառայում են նույն մարմնին և յուրաքանչյուրն իր գործն է անում անտրտունջ: Ամեն արվեստն Աստված այնպիսի գեղեցիկ դասավորությամբ է ստեղծել մարդուն, և այդ դասավորությունը արել է իր Իր ճաշակով ու կամքով: Մի՞թե որևէ մեկը կարող է քննել մարդու կազմության բարդությունը: Յուրաքանչյուրը եթե անդրադառնա իր մարմնի կառուցվածքին և քննի, թե նրանցից ո՞րն է ավելի կարևոր, կհամոզվի, որ յուրաքանչյուրը ի՛ր տեղում է, ի՛ր դերի մեջ է և ի՛ր պարտականությունն է անում; Չկա՛ մարմնի մեջ նվազ, կամ առավել անդամ, բոլո՛րն են կարևոր: Առաքյալը համեմատեց մարմնի անդամները եկեղեցու հետ, բայց ավա՛ղ, եկեղեցու ներսում այդ ներդաշնակությունը չկա, ինչ որ մարմնի անդամների մեջ; Երբեք սիրտը չի՛ կարող ասել, թե ի՛նքն է մարմնի կարևոր անդամը: Ինչո՞ւ: Որովհետև ոտքերն են հիվանդ սրտին տանելու բժշկի, և ձեռքերն են դեղ գնելու և բերանն է դեղ խմելու գործողությունը անելու: Այսօր մեր եկեղեցում այդպես չէ, անդամների մեջ մշտապես տարաձայնություններ կան պաշտոնների դասակարգման մեջ, իրավունքների գործադրման մեջ, և մեկը մյուսի վրա իշխելու մոլուցքով լցված: Այսինքն եկեղեցու ներսում երբ մեկը ցավ է զգում, մյուս անդամները հաղորդ չեն նրա ցավին, ինչպես որ օրինակ երբ մարդու ատամն է ցավում, ցավում է ողջ մարմինը:
Աստված կարգեց իր եկեղեցու մեջ՝ նախ՝ առաքյալներ, մարգարեներ, ուսուցանողներ, զորավոր գործեր կատարելու շնորհ ունեցողներ, բժշկելու շնորհ ունեցողներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ- տեսակ լեզուներ խոսելու շնորհներ, լեզուների թարգմանության շնորհներ: Բոլոր առաքյալ չեն, բոլորը բուժող չեն, բոլորը լեզուներ չեն խոսում, այլ՝ յուրաքանչյուրը իր շնորհն է գործադրում Աստծու փառքի համար: Ուշադրություն դարձրեք վերջի նախադասության վրա, որ ասում է, բայց դուք նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին, և ես առավել լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ: Շնորհները ներկայացնելիս, առաքյալը լեզուներով խոսելու շնորհը դասակարգեց վերջում, իսկ նրանից առաջ լավագույն շնորհներն են: Իսկ այսօր, որոշ կրոնական ուղղություններ լեզուներով խոսելու շնորհը դրոշի պես իրեն առջևից տանում են, որպես առավելությունը, մինչդեռ առաքյալը հստակ դասակարգում է դրել շնորհների համար և նշել է, որ կա լավագույն շնորհ: Կորնթոսում էլ կար պառակտում, մեզանում էլ կա պառակտում, որովհետև կարդացածը չենք կիրառում՝ հպարտության պատճառով; Բայց առաքյալի կամեցածը չեղավ կորնթոսի եկեղեցում և պառակտման պատճառով տարաձայնություն առաջացավ նրանց մեջ: Այս տարաձայնությունները պատճառ դարձան, որ Պողոս առաքյալը մտահոգվի և այս ծավալուն նամակը գրի նրանց՝ մինչև իր հանդիպումը:
Սիրելիներ, հիմա խոսելու ենք 13 րդ գլխի մասին, որը սիրելի է բոլորի համար: Ամենաշատ ընթերցվողն է եկեղեցում: Մեջբերում են այս գլխից նույնիսկ նրանք, որոնք Ավետարան չեն կարդացել: Խոսքը Սիրո Օրհներգի մասին; Առաքյալը սիրո մասին խոսելով մեր ուշադրությունը սևեռում է մեր կյանքի վրա, ինչ մասին որ խոսեց մինչ այս պահը: վերը նշված շնորհներից և ոչ մեկը արդյունավետ ծառայություն չի կարող մատուցել, եթե այդ ծառայության մեջ սեր չկա: Սա այնքան ապացուցված է, որ այս մասին գիտեն մեծից փոքրը: Սա այն միա՛կ առաքինությունն է, որով կատարվեց աշխարհի փրկությունը: Հայրը սիրեց, դրա համար ուղարկեց իր որդուն, Որդին սիրեց, դրա համար կամավոր գնաց խաչի ճանապարհը: Մենք չունենք սիրո առավել ներկայանալի օրինակ, քան մեր Տէր Հիսուս Քրիստոսի սիրո օրինակը: Զուր չէր, որ առաքյալը ամեն մանրամաս ներկայացնելուց հետո խոսեց սիրո մասին: Սիրո մասին սիրում ենք խոսել բոլորս: Սիրո վրա է կառուցվել աշխարհը: Սերը՝ նո՛ւյն ինքը Հիսուս Քրիստոս, աշխարհ է եկել 2000 տարի առաջ, դրել է հիմքը և կամեցել է որ այդ սիրո հիմքի վրա կառուցվի ամեն հոգևոր շինություն; Բայց ի սկզբանե մարդը այդ սիրուն կեղծիք խառնեց և վնասեց իրեն ու իր շրջապատը: Սիրո ստորոգելիները չեմ ուզում ձեզ թվարկեմ, բոլորդ անգիր գիտեք այս գլուխը, բայց անգիր իմանալով հանդերձ մենք միշտ սայթաքում ենք հենց այս առաքինության մեջ: Ինչո՞ւ մենք չենք կարողանում համբերել, բայց ասո՛ւմ ենք, որ սիրում ենք: Իսկ սերը համբերո՛ղ է: Ինչո՞ւ մենք չենք կարողանում մեզնից հեռացնել նախանձը: Սերը չի՛ նախանձում: Ամբարտավանությունը աշխարհով մեկ տարածվել է, իսկ սերը չի՛ ամբարտավանանում: Այսօր ամեն մարդ միայն իրենն է փնտրում, իսկ սերը իրենը չի փնտրում; Համայն մարդկությունը բարկության մեղքի մեջ է, իսկ սերը բարկությամբ չի գրգռվում: Մարդիկ չարն են խորհում միմյանց մասին և անիրավության վրա ուրախանում են, իսկ սերը չի՛ ուրախանում նման բաներից: Աստվածաշնչյան սերը երբեք չի անհետանում, իսկ մեր ընտանիքներում նույնիսկ սերը սիրո նման չէ: Ուրիշ ի՞նչ ապացույց է պետք, որ հաստատի մեր մեջ սիրո բացակայությունը: Եթե առաքյալը այս օրինակներն է բերում կորնթացիների համար, նշանակում է նրանց մոտ էլ սիրո պակասի է առաջացել տարաձայնությունները: Մինչ Պողոս առաքյալը Կորնթոսի եկեղեցուն այսպիսի հորդորներ էր գրում՝ ի շինություն նրան հոգևոր կյանքի, մեկ այլ տեղում Պետրոս առաքյալը իր առաջին ընդհանրական նամակն էր գրում՝ գրեթե նույն մտքերը արտահայտելով, թե՝
,,Ամեն ինչի վախճանը մոտեցել է։ Զգաստացե՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղեք աղոթքի համար։ Ամեն ինչից առաջ միմյանց միջև ամուր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու։ Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի որպես բարի տնտես Աստծու պես-պես շնորհների։ Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն,, Ա. Պետրոս. 4:7
Առաքյալները տարածվել են մարդկանց մեջ և քարոզում են Քրիստոսի ավետարանը, միևնույն ժամանակ իրենց սրտում փայփայելով իրենց Վարդապետին նորից տեսնելու հույսը: Քանի որ առաքյալները Պենտեկոստեի օրը լցվել էին Սուրբ Հոգով և խոսում էին ամենատարբեր լեզուներով, և քարոզում էին, որ ինչ լեզու որ ստացել էր սուրբ հոգուց: Առաքյալները և լեզուներ էին խոսում և սեր ունեին հավատացյալների նկատմամբ: Իսկ այսօր Հիսունականները միակ շեշտը դրել են լեզուներով խոսելու վրա: Իսկ Պողոս առաքյալն ասում է,- Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որը հնչում է, կամ էլ ծնծղաների, որ ղողանջում են: Տէր Հիսուս ասում է, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, լեռներ կարող եք շարժել: Իսկ Պողոս առաքյալն ասում է,- եթե ամբողջ հավատն ունենամ, մինչև իսկ Լեռները շարժելու, բայց սեր չունենամ, ոչի՛ն եմ: Այլ խոսքով, եթե Քրիստոս մեր մեջ չէ, սերը իսպառ բացակայում է մեզնից: Եթե մենք մեզ այս չափանիշներով քննենք, մեր գործերի մեջ մենք նույնպես ոչինչ ենք; Բայց մենք իրավունք չունենք մնալ այդ կարգավիճակում, որովհետև Տէր Հիսուս սիրեց մեզ և մեր համար խաչվեց: Նա մեզ գնահատեց և մեր փրկության համար գնաց զոհողության: Մենք ենք մեր գործերով մեզ իջեցնում ,,ոչնչի,, մակարդակի:
Սիրելիներ, այս միտքը պետք է մեզ արթնացնի հոգևոր թմբիրից, քանի որ Քրիստոս ,,ոչնչի,, համար չէր խաչվի, Նա մարդու համար խաչվեց; Ուրեմն մենք պետք է վերականգնենք մեր պարգև՝ Աստծու պատկերն ու նմանությունը: Բացի այս պատվավոր պարգևից, մեզ սուրբ Հոգու տաճար անվանեց: Միթե մենք մեր կյանքով արժանի ենք Սուրբ հոգու տաճար կոչվելու: Որպեսզի տաճար կոչվենք սուրբ Հոգու համար, մեզ ուրիշ տաճարներ են պետք՝ սովորելու համար: Ինչպես որ Մարիամ Աստվածածնին երեք տարեկանում տաճարին ընծայեցին, այնտեղ կրթվեց, դաստիարակվեց, Գրքերը կարդաց, և Աստված նրան ընտրեց և դարձրեց տաճար՝ Իր Միածնի համար: Ի՞նչ է մեր տաճարի հոգևոր վիճակն այսօր: Մեծամասնությունը Պատարագին չի մասնակցում, մասնակցողներից շատերը Պատարագը չեն հասկանում; Հազվագյուտ մարդկանց սեղանի բաց գիրքն է Աստվածաշունչը, եզակիներ են ապրում իրական քրիստոնյայի կյանքով: մեզ համար ամենևին էլ մխիթարություն չէ, որ առաջին դարում նույնիսկ Կորնթոսում այդ վիճակն էր: Նրանք դեռ անփորձ էին, իսկ մե՞նք, որ 2000 տարվա քրիստոնյա ենք: Երկու առաքյալ են Հայաստան եկել ու քարոզել: Հետևաբար, երբ մենք լսում ենք Կորնթացիների 13- րդ գլխի Սիրո Օրհներգի մասին, չշտապենք ասել, որ շատ ենք սիրում այդ գլուխը: Ավելի լավ է քննենք մեզ՝ հասկանալու համար, ինչի՞ մեջ որ կանք այս պահին, սեր կա՞ մեր գործերի մեջ, ինչ շնորհ որ ունենք, սիրո՞վ է գործի դրել: Թե՞ մենք էլ ծնծղայի պես միայն ղողանջում ենք: Կա՞ մեզանում մեկը, որ ամե՛ն բանի դիմանում է, ամե՛ն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, և ամե՛ն բանի համբերում է: Եթե կան այսպիսի մարդիկ, որ սեր ունեն ամեն բանում, ուրեմն աշխարհը դեռ կանգուն կլինի՝ այս մարդկանց աղոթքով: Որովհետև այսպիսի մարդկանցով պատճառով է Աստված ուշացնում Իր Երկրորդ Գալուստը: Առաքյալն ասում է, որ հիմա խոսում ենք այդ մասին, ինչպես պատկերը հայելու մեջ, որ կգա այն օրը, երբ մենք դեմ հանդիման կկանգնենք բոլորի Տիրոջը, և կստուգվի մեր աստվածային առաքինությունները՝ հավատ, Հույս, սեր: Այո, այս երեքը կստուգվի, և սրանցից մեծագույնը սերն է: Պողոս առաքյալի ,,Սիրո հիմնը,, հիմքն է բոլոր այն շնորհներից, որոնց մասին խոսեցինք: Եթե շնորհը չի ուղեկցվում սիրով, շուտով այդ շնորհը բերում է հպարտություն, մեծամտություն, ինքնաերկրպագություն, և այլն: Այո, մարդ արարածը ունի այդ տկարությունը և պատրաստ է որևէ շնորհ վերագրել իր ճարպկությանը և շուտով հեղինակազրկվել այդ պատճառով: