ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հաջորդ գլխավոր պատգամը, որ տալիս է Կորնթոսի եկեղեցուն, ևս շատ կարևոր է իր տեսակի մեջ, քանի որ բխում է օրենքից ու պատվիրաններից: Աստծուն փորձելու մասին է զգուշացնում եկեղեցուն, քանի որ իսրայելացիները փորձեցին Աստծուն, և հավատարիմ չգտնվեցին Նրա նկատմամբ:
Իս Պողոսը չի ուզում, որ եկեղեցու անդամը անգետ լինի որոշ հարցերում, և շարունակի կրկնել նույն սխալը, ինչ որ արեցին իրենց հայրերը:; Որովհետև նրանք հետևեցին Մովսեսին, որին առաջնորդում էր Աստված, և այդպես էլ չիմացան, որ առաջնորդողը Ինքը՝ Տէր Հիսուս Քրիստոսն էր: Այդ պատճառով նրանցից շատերը հաճելի չեղան Աստծուն, քանի որ անապատում ընկան ու մեռան: Նրանց օրինակը պետք է դաս լինի ամենքին, որպեսզի չար բաների ձգտող չլինեն, ինչպես որ իրենց հայրերն էին; Վերացնեն իրենց միջից կռապաշտությունը, պոռնկությունը, և չփորձեն Աստծուն: Այս օրինակները առաքյալը մեջբերում է Մովսեսի գրքերից, որտեղ գրված է, որ պոռնկության պատճառով մի օրում ընկան 24 հազար մարդ; Փորձեցին Տիրոջը, և կոտորվեցին օձերից: Տրտնջացին, և շատերը կորստյան մատնվեցին մահվան հրեշտակից: Այս բոլորը պատահեց Իսրայելի ժողովրդի հետ, և խրատ գրվեց հետագա սերունդներին, որպեսի սխալը ավարտ ունենա: Այս դեպքերը պատահեցին Եգիպտոսի գերությունից դուրս գալու ժամանակ, և երբ որ անցան կարմիր ծովով և դա նրանց համար համարվեց մկրտություն: Նրանք բոլորն էլ սնվել էին նույն երկնային սնունդ՝ մանանայով, խմել էին նույն հոգևոր վեմից ժայթքած ջրից, բայց ոչ բոլորը արժանացան Ավետյաց երկրին:
Այս խոսքը ուղղելով Կորնթոսի եկեղեցուն՝ նկատի ունի, որ նրանք էլ օգտվում են Քրիստոսի Ավետարանի քարոզությունից, օգտվում են նույն սեղանից՝ ճաշակելով Կենարար Խորհուրդը՝ Քրիստոսի մարմինն ու Արյունը: Այս բաների օգտվելով պետք է զգուշանան իրենց կյանքի ու կենցաղի համար, որպեսզի չնմանվեն իրեն հայրերին և չմնան անգիտության մեջ: Եթե մեկը կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի ընկնելուց: Քանի որ փորձությունը միայն հավատքի մեջ տկարների համար չէ, այլ՝ նաև նրանց, որոնք կարծում են թե ամուր են հավատքի մեջ: Բայց Աստված հավատարիմ է, և մարդու ուժերից վեր փորձության մեջ չի գցելու, քան կարող մարդը է տանել, այլ՝ փորձության հետ միասին փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել փորձությանը: Ճի՛շտ է, առաքյալը իր խոսքը ուղղում է բոլորին, բայց խոսքից հասկանում ենք, որ որոշ մարդիկ ավելի ուշադրությամբ պետք է լսեն խոսքը, քանի որ համայնքի մեջ դեռ կան մարդիկ, որոնք համագործակցում են հեթանոսների հոտ և մասնակցում են նրանց զոհաբերություններին և ճաշակում են զոհի այդ մսից: Հորդորում է նրանց փախչել կռապաշտությունից և լուրջ անդրադառնալ իր այդ խոսքերի վրա: Որովհետև բոլորն են մի հաց և մի մարմին ենք, քանի որ այդ նույն հացից ենք վայելում: Նկատի ունի Քրիստոսի մարմինն ու Արյունը:
Մենք արդեն Պողոսի դիրքորոշումը գիտենք կուռքերի վերաբերյալ, որ ոչի՛նչ է համարում նրանց, հետևաբար ոչի՛նչ է նաև նրանց զոհ մատուցած միսը: Որովհետև ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում, ո՛չ թե Աստծուն: Դրա համար առաքյալը չի կամենում, որ եկեղեցու համայնքից որոշ մարդիկ հաղորդակից լինեն դևերին: Ինչո՞ւ: Որովհետև անկարելի է, խմել Տիրոջ Բաժակը և դևի բաժակը: Չե՛ք կարող ճաշակել Տիրոջ սեղանից և դևի սեղանից: Այսպիսով կարող ենք Տիրոջ նախանձ գրգռել: Մի՞թե ձեզ ավելի զորեք եք կարծում, քան՝ Աստված: Քրիստոնյան ազատ է, բայց որ սանձարձակ: Քրիստոնյան ազատ է իր ժուժկալության մեջ: Քրիստոնյան այնքան ազատ է, որ կարող է մեղք չգործել, քանի որ պարտադրանք չկա: Սիրելիներ, մեր այս սերտողությունը գրեթե հիմնված է առաքյալի այն խոսքի վրա, որ քրիստոնյային ամեն ինչ կարելի է, բայց ամեն բան օգտակար չէ իր համար: Ամեն ինչ թույլ է տրվում, բայց ամեն ինչ չէ, որ հավատը հաստատում է: Այստեղ դարձյալ նույն տրամաբանությունն է, որ քրիստոնյան միայն իր մասին չի կարող մտածել, այլ պետք է հոգ տանի նաև ընկերոջ համար: Առաքյալը հստակ բացատրություն է տալիս համայնքին, թե ե՞րբ կարելի է ուտել զոհաբերված միսը, և ե՛րբ չի՛ կարելի մոտենալ: Կարելի է խանութից գնել միս և ուտել, եթե նույնիս այն զոհաբերության միս է, և առատության պատճառով հայտնվել է խանութներում, քանի որ առավոտից երեկո հեթանոսները զոհեր են մատուցում իրենց աստվածներին; Խորհուրդ է տալիս չհետաքրքրվել, թե արդյո՞ք դա զոհաբերված միս է, որ առնում եմ: Քանի որ Տիրոջն է երկիրն ամբողջությամբ: Բայց կա մեկ այլ տարբերակ, երբ անհավատ մեկը ձեզ հրավիրի իր տուն և հյուրասիրի, կերե՛ք ի՛նչ որ դրված է ձեր դիմաց, առանց խղճմտանքի: Սակայն եթե այդ անհավատը նախապես ձեզ զգուշացնի, որ հյուրասիրածը ողջակեզի միս է, և ինքը ակնկալում է, որ դուք հատուկ ակնածանք ունենաք այդ մսի հանդեպ, դուք հրաժարվե՛ք, և մի կերեք այդ մսից: Որովհետև ուտողի համար կարևոր չէ, թե ինչ միս է ուտում, բայց դա կարող է գայթակղություն լինել մի եղբոր համար, որը կկարծի թե դուք խառնակվեցիք հեթանոսության մեջ: Մի արեք այդ բանը, ո՛չ թե ձեր խղճմտանքի պատճառով, այլ նրա, որը կարող է գայթակղվել: Այստեղ կարող է հարց առաջանալ.
Ինչո՞ւ ուրիշի խղճմտանքի պատճառով պետք է կաշկանդեմ իմ ազատությունը: Առաքյալը ունի նաև այս հարցի պատասխանը, թե՝ այդ դեպքում դու ինչպե՞ս կարող ես Աստծուն գոհություն հայտնել ուտելիս, երբ քո ուտելիքը գայթակղություն եղավ քո եղբոր համար: Նորից հիշենք Պողոս առաքյալի խոսքը, որն ասում է, – Եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան չեմ ուտի միս: Հետևաբար իր միտքն ավարտում է օգտակար խորհրդով, թե, ինչ որ անում եք ձեր գործերի մեջ, արեք Աստծու փառքի համար, գայթակղության առիթ մի եղեք ոչ մեկի համար, կլինի հրեա՞, թե՞ հեթանոս, թե՞ Աստծու եկեղեցի: Խորհուրդ է տալիս նմանվել իրեն, որ ոչ մեկի համար գայթակղություն չէ, ոչ մեկին վատություն չի անում, ամեն ինչում հաճելի է լինում՝ երբեք չփնտրելով իր օգուտը, այլ՝ շատերինը, որ փրկվեն: Սիրելիներ, սա հազվագյուտ պատահող մի առաքինություն է, որ կարող ենք հանդիպել քրիստոնեական եկեղեցում՝ հանդուրժել բոլորին՝ շահելու համար նրանց: Հեռու մնալ ամեն հաճույքից՝ գայթակղություն չլինելու համար, որպեսզի շահենք շատերին; Կարևոր չէ մեր անձը, այլ՝ կարևոր է շատերին տանել դեպի Քրիստոս:
Սիրելիներ, եթե ուշադիր եղաք, Պողոս առաքյալը շատ հմտորեն միաձուլեց հին և նոր կտակարանները, որպեսզի իր ժամանակի քրիստոնյաներին բացատրի, որ Հին ուխտի մեջ բոլոր սլաքները մշուշոտ մարդկությանը ուղղորդել են դեպի Նոր ուխտ և դեպի Հիսուս Քրիստոս: Եթե իրենց հայրերը սխալվել են, ապա իրենք արդեն իրավունք չունեն նույն սխալը թույլ տալու, քանի որ Հիսուս Քրիստոս ծնվեց, ապրեց, քարոզեց, խաչվեց և Հարություն առավ իրենց սերնդի մեջ: Երբեն պատահում են մարդիկ, որոնք ասում են, թե Հին Կտակարանը հրեաների պատմությունն է, և ինչո՞ւ պետք է մենք կարդանք այդ գիրքը: Բայց եթե տեղյակ չլինենք Հին կտակարանից, որն ամբողջությամբ խորհրդանիշներով բացում է Հիսուս Քրիստոսի ճանապարհը: Այդ ճանապարհը Քրիստոսն էր, Իր անվան մկրտությամբ հին մարդը դառնում է նոր: Հին կտակարանում այդ մարդը Մովսեսն էր, որ անցկացրեց իսրայելի ժողովրդին կարմիր ծովով՝ որպես մկրտություն: Հոգևոր հացն էլ Մանանան էր, որ բոլորը կերան հավասարապես: Ինչո՞ւ է կոչվում հոգևոր: Այն ինչ գալիս է Աստծուց, կոչվում է հոգևոր: Այդ է պատճառը, որ հին ու նոր կտակարանները այդքան սերտորեն կապված են միմյանց, քանի որ այդ նույն Հիսուս Քրիստոսն էր, որ տվեց հին ուխտի պատվիրանները և իսրայելի ժողովրդին հանեց գերությունից դեպի ազատություն, այնուհետև Իրեն միացրեց բոլոր ազգերին և հաստատեց Իր եկեղեցին, որը հիմնվեց Քրիստոսի հավատի վրա:,
Ամեն մանրամասներին անդրադառնալուց հետո, առաքյալը նամակը շարունակեց, անդրադառնալով ևս մի գլխավոր թեմայի՝ տղամարդու և կնոջ պաշտամունքին: Բոլոր նամակների մեջ Պողոս առաքյալը հանդիսանում է որպես մի ցուցանակ, որը մարդկանց ցույց է տալիս Աստծուն՝ ամենատարբեր ճանապարհներով: Բոլոր մարդիկ պետք է իմանան այս դասակարգումը, որ հաստատել է առաքյալը ամենուրեք: Կամենում է, որ բոլորը նմանվեն իրեն, ինչպես որ ինքը Քրիստոսին, և այդ դասակարգումը հետևյալն է՝- Ամեն մարդու գլուխ Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինն է, և Քրիստոսի գլուխը՝ Աստված: Այս դասակարգմամբ է ստեղծվել աշխարհը:
Պատվիրում է, որ ամեն տղամարդ աղոթքի կանգնելիս, կամ մարգարեանալիս, բաց գլխով լինի, այլապես անպատվում է իր գլուխը: Ինչո՞ւ է այսպես: Որովհետև տղամարդու գլուխը Քրիստոսն է, և Քրիստոսի փառքը պետք է երևա աղոթելիս կամ մարգարեանալիս: Սակայն կնոջը պատվիրում է գլուխը ծածկել աղոթքի կամ մարգարեանալու ժամանակ. եթե եթե գլխաբաց կանգնի, անարգում է իր գլուխը: Ինչո՞ւ: որովհետև իր գլխից վեր ամուսնու գլուխն է: Եթե տղամարդը պատկերն ու փառքն է Աստծու, ապա կինը իր մարդու փառքն է: Քանի որ ոչ թե մարդը ստեղծվեց կնոջ համար, այլ՝ կինը՝ մարդու համար: Սիրելիներ, մենք չգիտենք այս հորդորը վերաբերում էր Կորնթո՞սի եկեղեցուն, թե՞ հրահանգ էր բոլորի համար: Դժվար է ասել: Սակայն ով ակնածանք ունի Աստվածաշնչի պատգամների նկատմամբ, նրա համար ընդունելի է այս պատգամը նաև այսօր: Սակայն մեր օրերում կանայք իրենց իրավունքների պաշտպանության հետևից ընկած, երբեմն անտեսում են այս պատվերը, որ գրել է Պողոս Առաքյալը: Թեպետ գլխաշորը չի որոշում կնոջ հնազանդությունն ու հավատքը, սակայն գլխաշոր կրելուն ընդդիմանալը որոշում է կնոջ անհնազանդությունը պատվիրանի նկատմամբ, և իր գլխի նկատմամբ, որ ամուսինն է: Սիրելիներ այս դասակարգումը պետք է հասկանալ խոնարհությամբ, այ՛ո, կնոջ գլուխը ամուսինն է, ամուսնու գլուխը Քրիստոսն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված: Մենք գիտենք, որ Որդին հավասար է Հորը, իսկ այստեղ ասվում է Աստված է գլուխը Քրիստոսի: Դասակարգումը սրտով պետք է ընդունել, ոչ թե ըմբոստությամբ: Քրիստոս եկավ և հավասարեցրեց իրավունքները կնոջ և տղամարդու միջև, բայց դա չի նշանակում որ կինի պետք է չհնազանդվի ամուսնուն, կամ ամուսնու գլուխը Քրիստոս չլինի:
Մշտապես կնոջ գլուխը ամուսինն է, եթե՛ ամուսնու գլուխը Քրիստոսն է: Բայց կարծեմ ամեն բան գլխիվայր շրջված է մեր օրերում և շատերն են կորցրել իրենց գլուխները ամեն առումով, թե կանայք, թե տղամարդիկ: Քրիստոսով վերանում են սահմանները կնոջ և տղամարդու միջև, բայց խելացի կինը հնազանդ է իր ամուսնուն ի սեր Աստծու, ոչ թե ստրուկն է նրա: Իսկ խելացի ամուսինը Քրիստոսի կունենա որպես Գլուխ, իսկ կնոջը՝ որպես օգնական: Առաքյալն էլ ասում է, կինն առանց ամուսնու և ամուսինը առանց կնոջ՝ չկա՛ն ի Տեր: Իսկ ի՞նչ է այն խոսքը, որ առաքյալն ասում է, կինը թո՛ղ ծածկի իր գլուխը՝ հրեշտակների պատճառով: չէ որ Տերն ասաց, – զգույշ եղեք այս փոքրիկներից, որովհետև նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր որ երկնքում է: Մատթ. 18:10 Սիրելիներ ես նորից եմ կրկնում, Ոչ թե հրեշտակին ներկայանալու համար պետք է գլուխը քողով ծածկել, այլ՝ կախված է թե սրտի ինչպիսի խոնարհությամբ է կինը կանգնած սուրբ Խորանի առջև, ու հրեշտակներն են սպասավորում Քրիստոսի Պատարագը, որը թագն ու Պսակն է ողջ քրիստոնեության: Գալով Պատարագին, առաքյալը մի ուղերձ էլ հղում է նրանց, իրենց հացի բեկման հավաքույթների վերաբերյալ: Առաքյալը տեղեկացել է, որ համայնքը ի մի հավաքվելու ժամանակ, նրանց մեջ բաժանումներ են նկատվում, և գուցե կան նաև հերձվածողներ, որպեսզի ճշմարիտ հավատքի տեր մարդիկ ի հայտ գան:
Պողոսը սաստում է նրանց խիստ խոսքերով: Տեղեկացել է նաև, որ Տիրոջ տանը հավաքվելու ժամանակ, նրանց հավաքույթը վերածվում է ուտել խմելու, դրա համար հանդիմանում է, ասելով, – Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ, քանի որ ամեն ոք իր ընթրիքն է ուտում, մեկը քաղցած է, իսկ մյուսն արդեն հարբած է: Միթե տներ չունեք ուտել, խմելու համար, թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում: Առաքյալը այս խիստ խոսքերն ասում է այն բանի համար, որ ինքը Տիրոջից վերցրած պատգամները ճշգրտությամբ ավանդել է նրանց, այն, որ Տէր Հիսուս վերցրեց հացը, գոհություն հայտնեց, կտրեց և ասաց,- Այս է Իմ մարմինը, որ ձեզ համար է, արեք այս իմ հիշատակի համար: Նույն ձևով էլ վերցրեց բաժակը և ասաց,- Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով. արեք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ որ խմեք:Քանի անգամ, որ այս հացն ուտեք, և այս բաժակը խմեք, պատմեցեք Տիրոջ մահը, մինչև որ Նա գա: Իսկ երբ հացն ու գինին անարժանորեն են ճաշակում, պարտական պիտի լինեն Տիրոջ մարմնին և արյանը: Իսկ ի՞նչ է նշանակում անարժանորեն ուտել: Մի՞թե երբևէ արարածը կարող է արժան լինել իր Արարչին: Ինչպես կարող է մեղավորը արժան լինել անմեղ Աստծուն; Աստված ինքը հրավիրեց մեզ մասնակցելու իր խորհրդավոր ընթրիքին:
Բայց յուրաքանչյուր ոք նախ ինքը պետք է քննի իրեն և խոստովանի, որ արժանի չէ Տիրոջ մարմնին և Արյանը, հիշի իր մեղքերը՝ խոստովանությունից առաջ, ապա մոտենա Տիրոջ մարմնին; Հոգևորականը կարող է խոստովանությունից հետո արտոնել մոտենալ Սուրբ Հաղորդությանը, սակայն յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ սրտերը քննողը Աստված է, և այդ Սուրբ Հաղորդությունը Աստծու Որդու Մարմինն ու Արյունն է, որին իրավունք ենք ստացել մոտենալու: Շատերը անգիտակցաբար և անարժանաբար մեղքերի մեջ լինելով հանդերձ մոտենում են Սրբությանը, դրա համար էլ բազում հիվանդություններ և մահեր է պատահում: Որովհետև ամեն ոք չի քննում իրեն, որպեսզի չդատապարտվի: Ուրեմն Պողոսի հորդորն է, որ ի մի հավաքվելիս սպասեն միմյանց, իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանը ուտի, որպեսզի դատապարտության համար հավաքված չլինեք: Շատ ուրիշ պատվերներ էլ ունի առաքյալը, բայց խոստանում է անձամբ տեսնելուց հայտնի Կորնթոսի եկեղեցու հավատացյալներին: Սիրելիներ, մարդկային ցեղի փրկության համար ամենաթանկ զոհը պահանջվեց: Ամեն բան կատարվեց խաչի վրա: Տէր Հիսուս Քրիստոս Իր Մարմնով բացեց դեպի Աստված տանող ճանապարհը: Մեծագույն ակնածանք ունենանք իր Կենարար Խորհրդի նկատմամբ, որ Իր Մարմինն ու Արյունն է՝ մեր մեղքերի քավության և թողության համար: Սիրելիներ, ավարտենք այսօր մեր սերտողության երրորդ մասը, որտեղ զետեղված խրատները վերաբերում են մեզ և այսօրվա մեր եկեղեցուն՝ նույնպես: Թող ողորմի մեզ Տերը՝ Իր հաստատած եկեղեցում ամուր հավատք չունենալու համար:
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:Ամեն