ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ: Պողոս առաքյալը շարունակում է Կորնթոսի համայնքից ներս բարեկարգման աշխատանքները՝ գրավոր նամակների միջոցով: Երանի թե ներկայից թեմերի առաջնորդները Պողոս առաքյալի չափ տեղյակ լինեին իրենց հովվության տակ գտնվող եկեղեցիների ներսի խնդիրներից, և ինչո՛ւ չէ, թող երբեմն գավազանով գնային, երբեմն՝ սիրով, երբեմն՝ նամակով: Ափսոս, որ առաքելական շրջանի շատ հոգևոր կանոններ չեն գործում Առաքելական Եկեղեցում: Առաքյալի այս մոտեցումը նախ սթափ է պահում համայնքին, և բարձրացնում է նաև իր պատասխանատվությունը: Ինչպես տեսնում ենք Պողոսը տեղյակ է իր հիմնած եկեղեցիների ներքին ու արտաքին խնդիրներին: Խոսեց նրանց հետ ներքին բաժանման, պոռնկության մեղքի, ամուսնական հարցերի, թլպատության և անթլպատության մասին՝ նախորդ համարների մեջ: Բայց դրանով չավարտվեց եկեղեցու բացթողումները, քանի որ ինչպես երեկ նշեցի, եկեղեցին նորադարձ մարդկանց մի խումբ է, որոնք դժվարությամբ են ձերբազատվում իրենց նախկին կյանքից ու նախկին մեղքերից: Այսօր խոսելու է կուռքերին մատուցած զոհերի մասին, և առհասարակ՝ ուտելու և չուտելու մասին:
Նորաստեղծ համայնքը պետք է օրինակ լիներ մյուսների համար, որոնք դեռ չունեն այն գիտությունը, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, որովհետև չկա ուրիշ Աստված, բացի միակ Աստծուց: Թեպետ ոմանք կարծում են որ կան բազում աստվածներ թե՛ երկնքում, և թե՛ երկրի վրա, բայց մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով, և միայն մեկ Տէր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով: մենք արդեն գիտենք, որ Կորնթոսը հեթանոսական կրոնի քաղաք էր, և բազմաստվածությունը ընդունելի կրոն; Մեծամասնությունը կուռքերին մատուցած զոհերի մասին ունեին իրենց անխախտ գիտությունը, որը գայթակղություն էր նրանց համար, ովքեր տկար են հավատքի մեջ: Ամեն օր հեթանոսները զոհեր էին մատուցում իրենց աստվածներին և այդ միսը ուտում էին, որպես զոհի միս, ինչը արգելված էր հրեաներին և քրիստոնյաներին; Պատահում էր, որ զոհի մսի առատությունից, այդ միսը վաճառվում էր խանութում և անտեղյակ մարդը կարող էր գնել և ուտել: Այստեղ հարց է առաջանում, ի՞նչ կլիներ այն մարդուն, որը միամիտ խանութից գնել է այդ միսը և կերեն են ողջ ընտանիքով: Ինչպես որ մեր օրերում պահքի օրերին հոգևորականին տրվող գլխավոր հարցը ուտելու և չուտելու հարցն է, թողած պահքի գլխավոր կետերը: Կորնթոսի եկեղեցում էլ է առաջացել այս հարցը, ինչ անեն այդ զոհի մսի ուտելու և չուտելու հետ:
Առաքյալը վերևում հստակ ասաց, որ կուռքերը աշխարհում ոչինչ են, հետևաբար նրանց զոհաբերած միսն էլ ոչինչ է հոգևոր առումով և չի կարող որևէ վնաս հասցնել այդ միսը ուտող մարդուն; Բայց վատն այն է, որ այս գիտությունը բոլորը չունեն: Մեկը խստորեն պահում է զոհաբերած միս ուտելու կանոնները , իսկ մյուսը՝ ոչ: Իրենց մեջ ընդունված տեսակետ էր, որ ով պահում է զոհի միս ուտելու կանոնները, նա ավելի շատ է հավատում, քան նա, որը չի ուտում: Իսկ Պողոս առաքյալի բացատրությունը բոլորովին այլ է, քանի որ Ինքը կուռքին ոչինչ է համարում, հետևաբար զոհի միսն էլ ոչինչ: Բայց կան եղբայրներ, որոնք տկար են հավատքի մեջ, և եթե տեսնեն մեկի, որ ուտում է զոհի միսը, դա իրենց համար կլինի գայթակղություն: Ուտելիքը չի կարող մեզ Աստծու առաջ կանգնացնել: Եթե ուտենք, ոչնչով առավել չենք լինի, և եթե չուտենք, ոչնչով չենք պակասի: Բայց պետք է մեր ազատ կամքի մեջ նաև հաշվի առնենք այլոց հավատքի տկարությունը: Այսինքն եթե մեկը ունի այդ գիտությունը, որ զոհ մատուցած միսը չի տարբերվում սովորական մսից, թող չուտի այդ մսից իր եղբոր մոտ, ով դեռ չունի այդ գիտությունը:
Քրիստոնյայի համար ամեն բան մաքուր է, և քրիստոնյան գիտե, որ ուտելիքը կամ ըմպելիքը չեն կարող իրեն հեռացնել միակ ճշմարիտ Աստծուց: Քրիստոնյան իր համար որպես հիմք ունի Պողոս առաքյալի նախորդ համարում ասված խոսքը, թե,- Ամեն բան ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար: Այո, ամեն ինչ կարելի է քրիստոնյային, բայց չպետք է մոռանալ, որ ամեն ինչ օգտակար չէ, այսինքն պետք է նայել իրավիճակին: Մեր պատճառով անկարելի է, որ գայթակղվի մի հավատացյալ, որը տկար հավատքի տեր է: Չէ որ նրա համար էլ խաչվեց Քրիստոս; Կարևոր է մարդը, որը արժեք է Աստծու համար, հետևաբար կարելի է կամավոր հրաժարվել մի բանից, որից կարող է գայթակղություն առաջանա մեր նմանի համար: Երբեմն մարդիկ չափազանց ծայրահեղության գնալով ասում են, որ մարդը ոչնչություն է Աստծու առջև: Իսկ եթե ոչնչություն է մարդը, ապա ինչպե՞ս Աստված մեռավ այդ մարդու համար: Ինչպե՞ս է հոգ տանում, որ մարդը գայթակղություն չունենա: Ուրեմն մարդը արժեք է Աստծու համար, նույնիսկ եթե տկար է, հիվանդ է, անգետ է և այլն: Առաքյալը դարձյալ կրկնում է նույն միտքը, թե եթե մեկը կարծում է, թե բան գիտե, դեռ չգիտե, թե՝ ինչպես պետք է գիտենալ: Որովհետև գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ հաստատում: Եթե ամփոփելու լինենք այս հատվածը, ապա կարող ենք ասել, որ քրիստոնյան ազատ է, բայց այդ ազատությունը երբեք պետք չէ, որ որևէ մեկի համար գայթակղություն լինի: Այստեղ առաքյալը ուտելիքի, կամ մսի մասին չէ, որ ուզում է մեզ հասցնել, այլ՝ ընկերոջ համար գայթակղություն դառնալը: եթե ուտելիքը պետք է գայթակղեցնի իմ եղբորը,- ասում է,- առաքյալը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի չգայթակղեցնեմ իմ եղբորը:
Մենք կարո՞ղ ենք անել այսպե՛ս: Իհա՛րկե չենք կարող, նույնիսկ դեպքեր են պատահում, որ դիտմամբ կարող են անել մի բան, որը գայթակղեցին մեկին, քանի որ չեն կարդացել առաքյալի այս խոսքերը: Կորնթացիներին տված խրատներից հետո զարմանալի ձևով առաքյալը դառնում է իր անձին և նկարագրում է իր կարգավիճակը, ասելով, որ ինքը առաքյա՛լ է, ազա՛տ է, Քրիստոսին իր աչքերո՛վ է տեսել, Կորնթոսի եկեղեցին ի՛ր աշխատանքի արդյունքն է, և նույնիսկ Կորնթոսի նորաստեղծ եկեղեցին իր առաքելության կնիքն է անվանում: Ի՞նչ է ուզում ասել առաքյալը, իր այս առավելությունները ներկայացնելով: Կնիք նշանակում է անխախտ երաշխիք: Ո՞ւմ է ուզում ապացուցել, որ ինքն է հաստատել Կորնթոսի եկեղեցին, ո՞վ է հակառակվում Պողոսին, որ ասում է, ես ուրիշների համար առաքյալ չեմ, բայց ձեր առաքյալն եմ: Մենք գիտենք, որ Պողոսը չի եղել աշակերտների թվի մեջ, բայց ասում է իմ աչքերը տեսել են Հիսուս Քրիստոսին:
Մենք Գործք Առաքելոցի մեջ արդեն կարդացինք, որ Հիսուս նրան երևաց Դամասկոսի ճանապարհին, և ևս երկու անգամ՝ տարբեր առիթներով; Դրա համար Պողոսի բոլոր խոսքերը հավաստի են: Կամենում է ասել, որ ինքը այսքան առավելություն ունենալով իրավունք ունի ամեն բանի, բայց քանի որ իր սկզբունքի համաձայն, ամեն բան կարելի է, բայց ո՛չ ամեն բան՝ օգտակար, հարց է տալիս,- Միթե իրավունք չունեմ ուտելու և խմելու: Կամ հավատացյալ կանանց իրեն հետ ման տալու, ինչպես որ մյուս առաքյալներն են անում: Միթե միայն Ինքն է պարտավոր իր ապրուստի համար աշխատելու: Մի՞թե զինվորը իր ծախսով է ծառայում պետությանը: Մի՞թե այգի տնկողը իր այգու պտղից չի ուտի: Կարելի՞ է, որ հովիվը իր արածեցրած հոտի կաթից չխմի: Այս ամենը նույնիսկ օրենքով է հաստատված: Մովսեսի օրենքում գրված է.- Կալ անող եզան դունչը չեն կապում:
Մի՞թե Աստված միայն եզների համար էր հոգ տանում: Չէ՞ որ Աստված մարդուն նկատի ունի, որ մարդը հույսով պետք է վար ու ցանք անի և հույսով վայելի: Պողոս առաքյալի այս խոսքերից հասկանալի է դառնում, որ հակառակվողներ և ամբաստանողներ կան առաքյալին, քանի որ իր խոսքի մեջ նշեց, որ կան մարդիկ, որոնց համար ինքը առաքյալ չէ: Այդ պատճառով իր խոսքի մեջ թեթև հեգնանք կա: Այսինքն առաքյալը այդքան առավելություններ և իրավունքներ ունենալով հանդերձ, ապրում է իր սեփական քրտինքով, քանի որ վրանագործ էր մասնագիտությամբ: Այդքան առավելություններ ունենալով հանդերձ հրաժարվում էր անել մի բան, որը կարող է գայթակղություն պատճառել իր եղբորը: Պողոս առաքյալը կատարյալ օրինակ էր համայնքի համար և առանց վարանելու հայտնում է բոլորին, որ հանուն համայնքի հոգևոր կյանքի, ինքը հրաժարվում է վերը նշված բաներից, քանի որ չի կամենում գայթակղություն լինել հավատացյալների համար:
Բայց նաև մի տրամաբանական հարց է տալիս իր նամակում, թե.- Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ սերմանեցինք, մեծ բան է, եթե ձեզնից մարմնավոր բաներ հնձենք: Այսինքն սա նշանակում է, որ առաքյալները իրենց ողջ ժամանակը, գիտելիքը տրամադրում են հավատացյալի հոգևոր կարիքները բավարարելու համար, հետևաբար հավատացյալն էլ հարկ է, որ հոգա առաքյալների մարմնավոր կարիքները: Ենթադրենք Պողոս առաքյալը մասնագիտություն ուներ և աշխատում էր իր ձեռքերով, բայց չէ որ կային առաքյալներ, որոնք ձկնորսությունից բացի այլ մասնագիտություն չունեին, ինչպես պետք է ապրեին, եթե նրանց առաքելությունը քարոզության մեջ էր: Դրա համար նրանց հիշեցրեց Մովսեսի օրենքի գրվածը, թե.- Կալ անող եզան դունչը մի կապի, և հիշեցրեց, որ Աստված եզների մասին չէր հոգում, այլ մարդու: Առաքյալի ջանքերով է հիմնադրվել Կորնթոսի եկեղեցին, հետևաբար առաքյալն իրավունք ունի համայնքից ակնկալել նյութական բարիքներ, այնպես ինչպես հոտի հովիվը իրավունք ունի խմելու իր ոչխարների կաթը, կամ ինչպես այգեգործը իրավունք ունի օգտվելու իր այգու պտղից: Բայց Պողոսն ասում է, որ ես ձեզնից չե՛մ օգտվել նյութապես, ինչպես որ օգտվել են ձեր բարիքներից ձեր վրա իշխանություն ունեցող այլ մարդիկ: Եթե օտարները իրավունք ունեն օգտվելու ձեր նյութական բարիքներից, ապա ես առավել ևս իշխանություն ունեմ օգտվելու ձեզնից; Բայց ես երբեք իմ իշխանությունը գործի չեմ դրել, այլ ամեն ինչի համբերել եմ: Ինչո՞ւ Պողոսը չի ստացել նյութական օգնություն համայնքից, որի իշխանությունը ուներ: Որպեսզի որևէ մեկը իրավունք չունենար ասելու, թե Պողոսը նյութականի համար է քարոզում, որպեսզի դիմացը շահ ունենա: Պողոսի միակ շահը Քրիստոս քարոզել էր; Թեպետ օրենք էր, որ տաճարի սպասավորը օգտվում էր տաճարից, և Սեղանի սպասավորները օգտվում էին այդ սեղանից: Տէր Հիսուս նույնպես հրամայեց օգտվել Ավետարանը քարոզողներին՝ օգտվել Ավետարանից: Պողոս առաքյալը նորից հիշեցնում է, որ ինքը այս բաները ասելիս, դարձյալ չի ակնկալում որևէ նյութական օգնություն: Այն պարզ պատճառով, որ իր նախանձախնդրությունը Քրիստոսի խոսքի հանդեպ որևէ նյութական ակնկալություն չունի:
Քրիստոսի Ավետարանի քարոզությունը առաքյալը համարում է ոչ թե պարծանք իր համար, այլ՝ պարտականություն է դրված իր ուսերին: Սիրելիներ, տեսեք, թե Պողոս առաքյալը ինչ նվիրական խոսքեր է ասում իր ծառայական պարտականությունների վերաբերյալ, որը ոչ մի նյութական ակնկալություն չունի: Առաքյալի այս խոսքը կտրում , անցնում է դարերի սահմանները, մինչև մեր օրերը, և այս խոսքերը կարելի է գրել յուրաքանչյուրի ծառայության վայրում: ,,Լավ է, որ ես ավելի շուտ մեռնեմ, քան մեկն իմ պարծանքը ընդունայն համար, որովհետև երբ ավետարանում եմ, դա ինձ համար պարծանք չէ, այլ պարտավորություն,,
Այսինքն ասել կուզե, որ ես նյութականի համար թույլ չեմ տա, որ որևէ մեկը իմ նվիրական ծառայությունը ունայն համարի նյութականի համար: Առաքյալը չի ակնկալում նյութական բարիք ո՛չ մեկից, բայց երբեք չի մեղադրում նրան, որը օգտվում է իր ծառայության վայրից, քանի որ իրավունք ունի: Առաքյալն այստեղ բացատրում է քրիստոնեական ազատության մասին, որ քրիստոնյան ազատ է ամեն բանի մեջ, բայց երբեք պետք չէ, որ որևէ մեկը լինի ինչ որ բանի իշխանության տակ: Ամեն ինչ կարելի է, բայց չափի մեջ:
Հրաժարվում է ամեն տեսակ օգնություններից, որ չլինի թե իր եղբայրների համար գայթակղություն հանդիսանա, և իր վարձը համարում է այն, որ ավետարանելիս՝ Ավետարանը ձրի տա մարդկանց,որպեսզի քարոզելու մեջ ունեցած իր իշխանությունը չարաշահած չլինի: Մինչ այս պահը առաքյալը նկարագրում էր իր վերաբերմունքը՝ ավետարանելու նկատմամբ: Իսկ այս պահից սկսած, Պողոս առաքյալը նկարագրում է իր ծառայության ձևը, կիրառած խորագիտությունները՝ դարձյալ մեկին Քրիստոսով փրկության առաջնորդելու համար: Հրեաների մեջ քարոզելու ժամանակ, իրեն պահում է ինչպես հրեա, որպեսզի շահի մյուս հրեաներին; Օրենքի տակ է մտնում, ազատ լինելով օրենքից, որպեսզի շահի օրենքի տակ եղողներին և դարձի բերի նրանց: Իսկ նրանց համար որ օրենքի տակ չեն, դարձյալ իրեն պահում է այնպես, ինչպես որ օրենքի տակ չեղողները ո՛չ թե նրա համար, ու Պողոսը դեմ էր օրենքին, այլ որպեսզի շահի նրանց: Տկարների հետ տկար եղավ, որպեսզի շահի տկարներին: Բոլորի հետ եղավ այն, ինչ նրանք էին, որպեսզի շահի նրանց: Այս բոլորը առաքյալն անում է Ավետարանի սիրուց մղված: Առաքյալի այս խոսքերը հաստատելու կարիք չկա, որովհետև մենք գործք Առաքելոցում կարդացինք, որ Դեոնիս Արիսպագացու առջև քարոզեց հեթանոսների մեջ՝ առանց նրանց մեղադրելու կուռքերի պաշտամունքի համար, և հակառակը խոսեց նրանց կուռքերից մեկի մասին, որ նվիրված էր անծանոթ Աստծուն, որպեսզի շահի նրանցից շատերին: Այսպես էր քարոզում Պողոս առաքյալը, քանի որ ներքին համոզում ուներ իր պարտականության վրա, որ ստացել էր Քրիստոս Հիսուսից:
Այսպիսի քարոզություն էր ակնկալում Տէր Հիսուս Քրիստոս իր աշակերտներից, որպեսզի գնան աշխարհով մեկ և քարոզեն Աստծու արքայության Ավետարանը: Մրցանակը կստանա նա, որը ամեն ինչում ժուժկալ կլինի, ինչպես Պողոսը: Քանի որ նա ճնշելով իր մարմինը, հնազանդեցնելով Աստծու կամքին՝ վազեց մրցասպարեզում, և ստացավ մրցանակը, որովհետև հավատարիմ եղավ իր առաքելությանը՝ մերժելով նյութական բարիքները, ինչի ստացման իրավունքը ուներ: Առաքյալը գերադասեց մահը, քան՝ իր ծառայությունը ընդունայն համարելը, կամ քննադատելը: Դառնա՛նք մեր օրերը և տեսնենք, թե՝ մենք կյանքի այս մրցավազքում ո՞ւր ենք վազում, ինչի՞ համար ենք վազում, ո՞ւմ հետևից ենք վազում և ո՞րն է մեր ակնկալիքը վազքից հետո: Մեր այսօրվա խելակորույս վազքի ակնկալիքը իշխանությունն է, համբավն է, փառքն է, դրամն ու հարստությունն է, և մեր ստացածը ժամանակավոր պսակ է, որը շուտով թառամելու է և վերանա: Իսկ առաքյալը անմահական պսակի մասին է խոսում, որի համար ժուժկալեց ամեն ինչում՝ նպատակակետում միայն Քրիստոսին ունենալով, ոչ թե սեփական փառքը: Եթե այսօր Պողոս առաքյալը այսօր տեսներ մեր վազքը, այն կանվաներ դատարկ քամի, որն իր ուղղությունը հաճախ է փոխում և իր ընթացքը հայտնի չէ: Սիրելիներ, Եկեղեցու հայրերը աշխարհից հրաժարումը հոգևոր կյանքի մեջ դրել են առաջին աստիճանի վրա, առանց որի անկարելի է հաջորդ աստիճանները բարձրանալ: Առանց աշխարհից հրաժարվելու անկարելի է Սուրբ հոգուն ընդունեմ հոգու մեջ: Աշխարհի մեջ ապրող մարդը չի կարող իր միտքը պահել դժոխքում: Իսկ երբ միտքը աշխարհի վայելքների դրախտի մեջ է, այս մարդը դեռ երկար ժամանակ չի հասնի հայրերի հաստատած առաջին աստիճանին:
Հաջորդ գլխավոր պատգամը, որ տալիս է Կորնթոսի եկեղեցուն, ևս շատ կարևոր է իր տեսակի մեջ, քանի որ բխում է օրենքից ու պատվիրաններից: Աստծուն փորձելու մասին է զգուշացնում եկեղեցուն, քանի որ իսրայելացիները փորձեցին Աստծուն, և հավատարիմ չգտնվեցին Նրա նկատմամբ:
Իս Պողոսը չի ուզում, որ եկեղեցու անդամը անգետ լինի որոշ հարցերում, և շարունակի կրկնել նույն սխալը, ինչ որ արեցին իրենց հայրերը:; Որովհետև նրանք հետևեցին Մովսեսին, որին առաջնորդում էր Աստված, և այդպես էլ չիմացան, որ առաջնորդողը Ինքը՝ Տէր Հիսուս Քրիստոսն էր: Այդ պատճառով նրանցից շատերը հաճելի չեղան Աստծուն, քանի որ անապատում ընկան ու մեռան: Նրանց օրինակը պետք է դաս լինի ամենքին, որպեսզի չար բաների ձգտող չլինեն, ինչպես որ իրենց հայրերն էին; Վերացնեն իրենց միջից կռապաշտությունը, պոռնկությունը, և չփորձեն Աստծուն: Այս օրինակները առաքյալը մեջբերում է Մովսեսի գրքերից, որտեղ գրված է, որ պոռնկության պատճառով մի օրում ընկան 24 հազար մարդ; Փորձեցին Տիրոջը, և կոտորվեցին օձերից: Տրտնջացին, և շատերը կորստյան մատնվեցին մահվան հրեշտակից: Այս բոլորը պատահեց Իսրայելի ժողովրդի հետ, և խրատ գրվեց հետագա սերունդներին, որպեսի սխալը ավարտ ունենա: Այս դեպքերը պատահեցին Եգիպտոսի գերությունից դուրս գալու ժամանակ, և երբ որ անցան կարմիր ծովով և դա նրանց համար համարվեց մկրտություն: Նրանք բոլորն էլ սնվել էին նույն երկնային սնունդ՝ մանանայով, խմել էին նույն հոգևոր վեմից ժայթքած ջրից, բայց ոչ բոլորը արժանացան Ավետյաց երկրին:
Այս խոսքը ուղղելով Կորնթոսի եկեղեցուն՝ նկատի ունի, որ նրանք էլ օգտվում են Քրիստոսի Ավետարանի քարոզությունից, օգտվում են նույն սեղանից՝ ճաշակելով Կենարար Խորհուրդը՝ Քրիստոսի մարմինն ու Արյունը: Այս բաների օգտվելով պետք է զգուշանան իրենց կյանքի ու կենցաղի համար, որպեսզի չնմանվեն իրեն հայրերին և չմնան անգիտության մեջ: Եթե մեկը կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի ընկնելուց: Քանի որ փորձությունը միայն հավատքի մեջ տկարների համար չէ, այլ՝ նաև նրանց, որոնք կարծում են թե ամուր են հավատքի մեջ: Բայց Աստված հավատարիմ է, և մարդու ուժերից վեր փորձության մեջ չի գցելու, քան կարող մարդը է տանել, այլ՝ փորձության հետ միասին փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել փորձությանը: Ճի՛շտ է, առաքյալը իր խոսքը ուղղում է բոլորին, բայց խոսքից հասկանում ենք, որ որոշ մարդիկ ավելի ուշադրությամբ պետք է լսեն խոսքը, քանի որ համայնքի մեջ դեռ կան մարդիկ, որոնք համագործակցում են հեթանոսների հոտ և մասնակցում են նրանց զոհաբերություններին և ճաշակում են զոհի այդ մսից: Հորդորում է նրանց փախչել կռապաշտությունից և լուրջ անդրադառնալ իր այդ խոսքերի վրա: Որովհետև բոլորն են մի հաց և մի մարմին ենք, քանի որ այդ նույն հացից ենք վայելում: Նկատի ունի Քրիստոսի մարմինն ու Արյունը:
Մենք արդեն Պողոսի դիրքորոշումը գիտենք կուռքերի վերաբերյալ, որ ոչի՛նչ է համարում նրանց, հետևաբար ոչի՛նչ է նաև նրանց զոհ մատուցած միսը: Որովհետև ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում, ո՛չ թե Աստծուն: Դրա համար առաքյալը չի կամենում, որ եկեղեցու համայնքից որոշ մարդիկ հաղորդակից լինեն դևերին: Ինչո՞ւ: Որովհետև անկարելի է, խմել Տիրոջ Բաժակը և դևի բաժակը: Չե՛ք կարող ճաշակել Տիրոջ սեղանից և դևի սեղանից: Այսպիսով կարող ենք Տիրոջ նախանձ գրգռել: Մի՞թե ձեզ ավելի զորեք եք կարծում, քան՝ Աստված: Քրիստոնյան ազատ է, բայց որ սանձարձակ: Քրիստոնյան ազատ է իր ժուժկալության մեջ: Քրիստոնյան այնքան ազատ է, որ կարող է մեղք չգործել, քանի որ պարտադրանք չկա: Սիրելիներ, մեր այս սերտողությունը գրեթե հիմնված է առաքյալի այն խոսքի վրա, որ քրիստոնյային ամեն ինչ կարելի է, բայց ամեն բան օգտակար չէ իր համար: Ամեն ինչ թույլ է տրվում, բայց ամեն ինչ չէ, որ հավատը հաստատում է: Այստեղ դարձյալ նույն տրամաբանությունն է, որ քրիստոնյան միայն իր մասին չի կարող մտածել, այլ պետք է հոգ տանի նաև ընկերոջ համար: Առաքյալը հստակ բացատրություն է տալիս համայնքին, թե ե՞րբ կարելի է ուտել զոհաբերված միսը, և ե՛րբ չի՛ կարելի մոտենալ: Կարելի է խանութից գնել միս և ուտել, եթե նույնիս այն զոհաբերության միս է, և առատության պատճառով հայտնվել է խանութներում, քանի որ առավոտից երեկո հեթանոսները զոհեր են մատուցում իրենց աստվածներին; Խորհուրդ է տալիս չհետաքրքրվել, թե արդյո՞ք դա զոհաբերված միս է, որ առնում եմ: Քանի որ Տիրոջն է երկիրն ամբողջությամբ: Բայց կա մեկ այլ տարբերակ, երբ անհավատ մեկը ձեզ հրավիրի իր տուն և հյուրասիրի, կերե՛ք ի՛նչ որ դրված է ձեր դիմաց, առանց խղճմտանքի: Սակայն եթե այդ անհավատը նախապես ձեզ զգուշացնի, որ հյուրասիրածը ողջակեզի միս է, և ինքը ակնկալում է, որ դուք հատուկ ակնածանք ունենաք այդ մսի հանդեպ, դուք հրաժարվե՛ք, և մի կերեք այդ մսից: Որովհետև ուտողի համար կարևոր չէ, թե ինչ միս է ուտում, բայց դա կարող է գայթակղություն լինել մի եղբոր համար, որը կկարծի թե դուք խառնակվեցիք հեթանոսության մեջ: Մի արեք այդ բանը, ո՛չ թե ձեր խղճմտանքի պատճառով, այլ նրա, որը կարող է գայթակղվել: Այստեղ կարող է հարց առաջանալ.
Ինչո՞ւ ուրիշի խղճմտանքի պատճառով պետք է կաշկանդեմ իմ ազատությունը: Առաքյալը ունի նաև այս հարցի պատասխանը, թե՝ այդ դեպքում դու ինչպե՞ս կարող ես Աստծուն գոհություն հայտնել ուտելիս, երբ քո ուտելիքը գայթակղություն եղավ քո եղբոր համար: Նորից հիշենք Պողոս առաքյալի խոսքը, որն ասում է, - Եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան չեմ ուտի միս: Հետևաբար իր միտքն ավարտում է օգտակար խորհրդով, թե, ինչ որ անում եք ձեր գործերի մեջ, արեք Աստծու փառքի համար, գայթակղության առիթ մի եղեք ոչ մեկի համար, կլինի հրեա՞, թե՞ հեթանոս, թե՞ Աստծու եկեղեցի: Խորհուրդ է տալիս նմանվել իրեն, որ ոչ մեկի համար գայթակղություն չէ, ոչ մեկին վատություն չի անում, ամեն ինչում հաճելի է լինում՝ երբեք չփնտրելով իր օգուտը, այլ՝ շատերինը, որ փրկվեն: Սիրելիներ, սա հազվագյուտ պատահող մի առաքինություն է, որ կարող ենք հանդիպել քրիստոնեական եկեղեցում՝ հանդուրժել բոլորին՝ շահելու համար նրանց: Հեռու մնալ ամեն հաճույքից՝ գայթակղություն չլինելու համար, որպեսզի շահենք շատերին; Կարևոր չէ մեր անձը, այլ՝ կարևոր է շատերին տանել դեպի Քրիստոս:
Սիրելիներ, եթե ուշադիր եղաք, Պողոս առաքյալը շատ հմտորեն միաձուլեց հին և նոր կտակարանները, որպեսզի իր ժամանակի քրիստոնյաներին բացատրի, որ Հին ուխտի մեջ բոլոր սլաքները մշուշոտ մարդկությանը ուղղորդել են դեպի Նոր ուխտ և դեպի Հիսուս Քրիստոս: Եթե իրենց հայրերը սխալվել են, ապա իրենք արդեն իրավունք չունեն նույն սխալը թույլ տալու, քանի որ Հիսուս Քրիստոս ծնվեց, ապրեց, քարոզեց, խաչվեց և Հարություն առավ իրենց սերնդի մեջ: Երբեն պատահում են մարդիկ, որոնք ասում են, թե Հին Կտակարանը հրեաների պատմությունն է, և ինչո՞ւ պետք է մենք կարդանք այդ գիրքը: Բայց եթե տեղյակ չլինենք Հին կտակարանից, որն ամբողջությամբ խորհրդանիշներով բացում է Հիսուս Քրիստոսի ճանապարհը: Այդ ճանապարհը Քրիստոսն էր, Իր անվան մկրտությամբ հին մարդը դառնում է նոր: Հին կտակարանում այդ մարդը Մովսեսն էր, որ անցկացրեց իսրայելի ժողովրդին կարմիր ծովով՝ որպես մկրտություն: Հոգևոր հացն էլ Մանանան էր, որ բոլորը կերան հավասարապես: Ինչո՞ւ է կոչվում հոգևոր: Այն ինչ գալիս է Աստծուց, կոչվում է հոգևոր: Այդ է պատճառը, որ հին ու նոր կտակարանները այդքան սերտորեն կապված են միմյանց, քանի որ այդ նուն Հիսուս Քրիստոսն էր որ տվեց հին ուխտի պատվիրանները և իսրայելի ժողովրդին հանեց գերությունից դեպի ազատություն, այնուհետև Իրեն միացրեց բոլոր ազգերին և հաստատեց Իր եկեղեցին, որը հիմնվեց Քրիստոսի հավատի վրա:
Ամեն մանրամասներին անդրադառնալուց հետո, առաքյալը նամակը շարունակեց, անդրադառնալով ևս մի գլխավոր թեմայի՝ տղամարդու և կնոջ պաշտամունքին: Բոլոր նամակների մեջ Պողոս առաքյալը հանդիսանում է որպես մի ցուցանակ, որը մարդկանց ցույց է տալիս Աստծուն՝ ամենատարբեր ճանապարհներով: Բոլոր մարդիկ պետք է իմանան այս դասակարգումը, որ հաստատել է առաքյալը ամենուրեք: Կամենում է, որ բոլորը նմանվեն իրեն, ինչպես որ ինքը Քրիստոսին, և այդ դասակարգումը հետևյալն է՝- Ամեն մարդու գլուխ Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինն է, և Քրիստոսի գլուխը՝ Աստված: Այս դասակարգմամբ է ստեղծվել աշխարհը:
Պատվիրում է, որ ամեն տղամարդ աղոթքի կանգնելիս, կամ մարգարեանալիս, բաց գլխով լինի, այլապես անպատվում է իր գլուխը: Ինչո՞ւ է այսպես: Որովհետև տղամարդու գլուխը Քրիստոսն է, և Քրիստոսի փառքը պետք է երևա աղոթելիս կամ մարգարեանալիս: Սակայն կնոջը պատվիրում է գլուխը ծածկել աղոթքի կամ մարգարեանալու ժամանակ. եթե եթե գլխաբաց կանգնի, անարգում է իր գլուխը: Ինչո՞ւ: որովհետև իր գլխից վեր ամուսնու գլուխն է: Եթե տղամարդը պատկերն ու փառքն է Աստծու, ապա կինը իր մարդու փառքն է: Քանի որ ոչ թե մարդը ստեղծվեց կնոջ համար, այլ՝ կինը՝ մարդու համար: Սիրելիներ, մենք չգիտենք այս հորդորը վերաբերում էր Կորնթո՞սի եկեղեցուն, թե՞ հրահանգ էր բոլորի համար: Դժվար է ասել: Սակայն ով ակնածանք ունի Աստվածաշնչի պատգամների նկատմամբ, նրա համար ընդունելի է այս պատգամը նաև այսօր: Սակայն մեր օրերում կանայք իրենց իրավունքների պաշտպանության հետևից ընկած, երբեմն անտեսում են այս պատվերը, որ գրել է Պողոս Առաքյալը: Թեպետ գլխաշորը չի որոշում կնոջ հնազանդությունն ու հավատքը, սակայն գլխաշոր կրելուն ընդդիմանալը որոշում է կնոջ անհնազանդությունը պատվիրանի նկատմամբ, և իր գլխի նկատմամբ, որ ամուսինն է: Սիրելիներ այս դասակարգումը պետք է հասկանալ խոնարհությամբ, այ՛ո, կնոջ գլուխը ամուսինն է, ամուսնու գլուխը Քրիստոսն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված: Մենք գիտենք, որ Որդին հավասար է Հորը, իսկ այստեղ ասվում է Աստված է գլուխը Քրիստոսի: Դասակարգումը սրտով պետք է ընդունել, ոչ թե ըմբոստությամբ: Քրիստոս եկավ և հավասարեցրեց իրավունքները կնոջ և տղամարդու միջև, բայց դա չի նշանակում որ կինի պետք է չհնազանդվի ամուսնուն, կամ ամուսնու գլուխը Քրիստոս չլինի:
Մշտապես կնոջ գլուխը ամուսինն է, եթե՛ ամուսնու գլուխը Քրիստոսն է: Բայց կարծեմ ամեն բան գլխիվայր շրջված է մեր օրերում և շատերն են կորցրել իրենց գլուխները ամեն առումով, թե կանայք, թե տղամարդիկ: Քրիստոսով վերանում են սահմանները կնոջ և տղամարդու միջև, բայց խելացի կինը հնազանդ է իր ամուսնուն ի սեր Աստծու, ոչ թե ստրուկն է նրա: Իսկ խելացի ամուսինը Քրիստոսի կունենա որպես Գլուխ, իսկ կնոջը՝ որպես օգնական: Առաքյալն էլ ասում է, կինն առանց ամուսնու և ամուսինը առանց կնոջ՝ չկա՛ն ի Տէր: Իսկ ի՞նչ է այն խոսքը, որ առաքյալն ասում է, կինը թո՛ղ ծածկի իր գլուխը՝ հրեշտակների պատճառով: չէ որ Տէրն ասաց, - զգույշ եղեք այս փոքրիկներից, որովհետև նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր որ երկնքում է: Մատթ. 18:10 Սիրելիներ ես նորից եմ կրկնում, Ոչ թե հրեշտակին ներկայանալու համար պետք է գլուխը քողով ծածկել, այլ՝ կախված է թե սրտի ինչպիսի խոնարհությամբ է կինը կանգնած սուրբ Խորանի առջև, ու հրեշտակներն են սպասավորում Քրիստոսի Պատարագը, որը թագն ու Պսակն է ողջ քրիստոնեության: Գալով Պատարագին, առաքյալը մի ուղերձ էլ հղում է նրանց, իրենց հացի բեկման հավաքույթների վերաբերյալ: Առաքյալը տեղեկացել է, որ համայնքը ի մի հավաքվելու ժամանակ, նրանց մեջ բաժանումներ են նկատվում, և գուցե կան նաև հերձվածողներ, որպեսզի ճշմարիտ հավատքի տեր մարդիկ ի հայտ գան:
Պողոսը սաստում է նրանց խիստ խոսքերով: Տեղեկացել է նաև, որ Տիրոջ տանը հավաքվելու ժամանակ, նրանց հավաքույթը վերածվում է ուտել խմելու, դրա համար հանդիմանում է, ասելով, - Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ, քանի որ ամեն ոք իր ընթրիքն է ուտում, մեկը քաղցած է, իսկ մյուսն արդեն հարբած է: Միթե տներ չունեք ուտել, խմելու համար, թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում: Առաքյալը այս խիստ խոսքերն ասում է այն բանի համար, որ ինքը Տիրոջից վերցրած պատգամները ճշգրտությամբ ավանդել է նրանց, այն, որ Տէր Հիսուս վերցրեց հացը, գոհություն հայտնեց, կտրեց և ասաց,- Այս է Իմ մարմինը, որ ձեզ համար է, արեք այս իմ հիշատակի համար: Նույն ձևով էլ վերցրեց բաժակը և ասաց,- Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով. արեք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ որ խմեք:Քանի անգամ, որ այս հացն ուտեք, և այս բաժակը խմեք, պատմեցեք Տիրոջ մահը, մինչև որ Նա գա: Իսկ երբ հացն ու գինին անարժանորեն են ճաշակում, պարտական պիտի լինեն Տիրոջ մարմնին և արյանը: Իսկ ի՞նչ է նշանակում անարժանորեն ուտել: Մի՞թե երբևէ արարածը կարող է արժան լինել իր Արարչին: Ինչպես կարող է մեղավորը արժան լինել անմեղ Աստծուն; Աստված ինքը հրավիրեց մեզ մասնակցելու իր խորհրդավոր ընթրիքին:
Բայց յուրաքանչյուր ոք նախ ինքը պետք է քննի իրեն և խոստովանի, որ արժանի չէ Տիրոջ մարմնին և Արյանը, հիշի իր մեղքերը՝ խոստովանությունից առաջ, ապա մոտենա Տիրոջ մարմնին; Հոգևորականը կարող է խոստովանությունից հետո արտոնել մոտենալ Սուրբ Հաղորդությանը, սակայն յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ սրտերը քննողը Աստված է, և այդ Սուրբ Հաղորդությունը Աստծու Որդու Մարմինն ու Արյունն է, որին իրավունք ենք ստացել մոտենալու: Շատերը անգիտակցաբար և անարժանաբար մեղքերի մեջ լինելով հանդերձ մոտենում են Սրբությանը, դրա համար էլ բազում հիվանդություններ և մահեր է պատահում: Որովհետև ամեն ոք չի քննում իրեն, որպեսզի չդատապարտվի: Ուրեմն Պողոսի հորդորն է, որ ի մի հավաքվելիս սպասեն միմյանց, իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանը ուտի, որպեսզի դատապարտության համար հավաքված չլինեք: Շատ ուրիշ պատվերներ էլ ունի առաքյալը, բայց խոստանում է անձամբ տեսնելուց հայտնի Կորնթոսի եկեղեցու հավատացյալներին: Սիրելիներ, մարդկային ցեղի փրկության համար ամենաթանկ զոհը պահանջվեց: Ամեն բան կատարվեց խաչի վրա: Տէր Հիսուս Քրիստոս Իր Մարմնով բացեց դեպի Աստված տանող ճանապարհը: Մեծագույն ակնածանք ունենանք իր Կենարար Խորհրդի նկատմամբ, որ Իր Մարմինն ու Արյունն է՝ մեր մեղքերի քավության և թողության համար: Սիրելիներ, ավարտենք այսօր մեր սերտողության երրորդ մասը, որտեղ զետեղված խրատները վերաբերում են մեզ և այսօրվա մեր եկեղեցուն՝ նույնպես: Թող ողորմի մեզ Տէրը՝ Իր հաստատած եկեղեցում ամուր հավատք չունենալու համար:
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:Ամեն
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 546