ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ.Առաջին մասի մեջ առաքյալը բացատրեց, որ Աստծու խոսքի սպասավորները մեկ են, և նրանց պարտքն է Աստծու խոսքի սերմը ցանել Աստծու այգում՝ որը հավատացյալ հոտն է: Սակայն Աստված փնտրում է այն տնտեսներին, որոնք հավատարիմ կգտնվեն Իր այգու մշակման հարցում: Հոգատար կլինեն Աստծու խոսքի սերմի հանդեպ և ժամանակին կցանեն ու կջրեն: Իսկ աճեցնողը Աստված է, ո՛չ թե սերմ ցանողները: Պողոս առաքյալը Աստծու այս պահանջը շատ լավ է հասկացել, և Կորնթոսի եկեղեցուն գրում է, որ իրեն հետաքրքիր չէ, թե իր մասին ինչ են մտածում մարդիկ: Նույնիսկ ինքն իր մասին կարծիք չի հայտնում, որովհետև Պողոսի հետաքրքիր է միայն Աստծու գնահատականը: Երբ քարոզիչը հավատարիմ է իր ծառայության մեջ, նա իրոք չի մտահոգվում, թե ինչ են խոսում իր մասին, քանի որ նա ջանում է հավատարիմ լինել Աստծուն, քան հաճոյանալ մարդկանց: Հավանաբար առաքյալի մասին էլ եղել են զրույցներ, որ հասել իրեն և ինքն էլ որպես պատասխան այսպես մեղմ պատասխան է տալիս: Հորդորում է, որ չդատեն իրեն մինչև Տիրոջ գալուստը, քանի որ միայն այդ ժամանակ են հայտնի դառնալու խավարի գործերը և սրտի խորհուրդները:Ապա ըստ դրա կլինի վարձատրությունը՝ Աստծուց: Սիրելիներ, դուք միշտ հիշեք, որ Կորնթոսի եկեղեցուն անհրաժեշտություն առաջացավ նամակ գրելու նրանց պառակտման համար: Մենք լավ գիտենք, թե երբ է պառակտում առաջանում: Երբ մեկը իրեն առավել է դասում մյուսից և կամենում է անջատվել, կարծելով, որ ինքը ավելին գիտի քան ընկերը: Բայց Պողոսն ասում է, որ օրինակ վերցնեն իրենից ու Ապողոսից, որ չձգտեցին ավելի իմանալ, քան գրված է սուրբ գրքերում: Որովհետև եթե մարդը մի առաքինություն ունի, դա Աստծուց է, ոչ թե իրենից: Չկա մի բան, որ մարդը ստացած չլինի Աստծուց, հետևաբար պարծենալը և մեծամտանալը բացառվում են, քանի որ Աստված է քննողն ու տեսնողը; Պողոս առաքյալին մեղադրում էին այն բանի համար, որ նրա խոսքը հռետորական չէ, ճարտար չէ, ականջ շոյող չէ: Իսկ Պողոսին հետաքրքիր չէ, որևէ մեկի կարծիքը, քանի որ նախորդ գլխում ասում է, որ ինքը խոսում է ո՛չ թե մարդկանց դուր գալու համար, այլ՝ խոսում է ինչ որ սուրբ Հոգին է թելադրում: Բաժանումների հիմնական պատճառն էլ դա էր, որ այդ խմբավորումները իրենց առավել համարեցին Պողոսից և կամեցան առանձին հետևորդներ ունենալ: Բայց քանի որ Աստված տնօրինում, ո՛չ թե մարդը, այդ խմբավորումների միայն անունները մնացին Ավետարանի մեջ, իսկ Պողոս առաքյալի գործերը չի դադարում մեկնաբանվելուց և քարոզվելուց: Պողոսը երբեք չի թաքցրել իր կենսագրության վատ էջերը և ամեն տեղ հրապարակավ պատմել է այդ մասին, մյուս թղթերում ներկայացնում է նաև իր հիվանդությունն ու տկարությունը;
Չի թաքցնում նաև իր հավատարմությունն ու նահատակության պատրաստակամությունը Քրիստոսի անվան համար: Բայց այստեղ ասում է ես ոչինչ չգիտեմ իմ մասին, քանի որ քննողը Աստված է; Ուրեմն Պողոսը ամեն բան դրել է Քրիստոսի ոտքերի առջև և ոչինչ իր սեփականը չի համարվում; Բայց այդ պառակտում առաջացնողները չգնահատեցին Պողոսի այդչափ ազնվությունը: Աստծու տված շնորհով և Քրիստոսի վարդապետության հիման վրա էր առաքյալը ամեն տեղ դնում եկեղեցու հիմքերը: Ասում է մի դատեք ինձ ժամանակից առաջ, մինչև որ Տերը գա: Այս միտքը, որ արտահայտում է առաքյալը, մեզնից յուրաքանչյուրը թող դարձնի իր սեփականությունը, քանի որ մենք էլ շատ խորացած ենք այս հարցի մեջ՝ սրա, կամ նրա դատաստանը մեր ձեռքով կայացնելու մեջ: Երբեմն լսում ենք, թե ինչպես են մարդիկ միմյանց Աստծու դատաստանի անունով դատում և նույնիսկ կամենում են որ դա ժամանակից առաջ կատարվի:Հիշենք առաքյալի այս խոսքերը: Քրիստոնյաներս մեղավոր ենք ինչպես ժամանակից առաջ դատելու, այնպես էլ ժամանակի շուտ մեկի մեծարելու: Երկուսն էլ նույն մեղքն է, քանի որ երկուսի դեպքում էլ մեզ տեսանելի է միայն սառցաբեկորի ծայրը, իսկ թե որքանն է ծովի խորքում մեզ տեսանելի չէ:Առաքյալի պահանջն է, որ ոչինչ ժամանակից առաջ չանեն, քանի որ սխալվելու հավանականությունը մեծ է ինչպես դատելու, այնպե՛ս էլ մեկին մեծարելու: Մենք մեր ողջ կյանքում ի՞նչ կարող ենք ձեռք բերել, որ կարելի լինի համեմատել Սուրբ Հոգու շնորհի հետ, որը տրվում է Աստծուց: Պողոս առաքյալի խոսքի մեջ հեգնանք կա ուղղված Կորնթոսի հավատացյալ համայնքին, որ իրենք արդեն հագեցել են, հարստացել են, թագավորի պես են զգում իրենց, և անտեսում են Պողոսին: Իսկ Պողոսը դրան զուգահեռ ներկայացնում է իր նեղությունները, քաղցը, թուլությունը, անարգ լինելը և այլն: Այս խոսքերով ակնարկում է, որ կորնթացիները հպարտանում են Քրիստոսով, իսկ ինքն ու Ապողոսը հիմարներ ենք Քրիստոսի պատճառով; Կորնթացիները մի փոքր գիտություն ունենալով, արդեն կամենում են մեծամեծ գործեր ու հրաշքներ կատարեն, Իսկ Պողոսն ու Ապողոսը դիմանում են ամեն հալածանքի, ու հայհոյանքի, որովհետև կարծում են, որ Քրիստոս իրենց դարձրեց այդպիսին, որպեսզի իրենց վարձը չկորի: Որովհետև ամեն փրկություն լինելու է խաչի միջոցով, ո՛չ թե փառքի: Առաքյալի այս խոսքերը բխում են Տեր Հիսուս Քրիստոսի այն խոսքից, որ ասաց,- Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն:
Եթե ինձ լսեցին, ապա ձեզ էլ կլսեն; Սիրելիներ, առաքյալը այս խոսքերը որ գրում էր Կորնթոսի հավատացյալներին, դեռ չգիտեր, թե ինչ տառապալի քարոզություն և նահատակություն էր սպասվում իրեն: Բայց այդ ամենի հետո չի կամենում նեղացնել համայնքի հավատացյալներին և ասում է, - Ձեզ ամոթով թողնելու համար չեմ ասում, այլ՝ խրատում եմ ձեզ՝ իբրև սիրելի որդիներ: Այնպես, ինչպես մի հոգատար հայր, թեպետ նեղսրտած է իր զավակի արարքից, բայց համբերատար խրատում է նրան, նրա իսկ փրկության համար: մենք գիտենք, որ Պողոս առաքյալը ամուսնացած չի եղել, բայց գրում է սիրելի որդիներ: Եթե մեկը հանձն է առնում մեկին որդի կոչել, ապա նաև պարտավորվում է նրան հայրություն անել հոգևոր իմաստով: Ո՞ւր են նրանք, որ առանց պատասխան լսելու միայն հարց են տալիս, թե՝ ինչո՞ւ են ձեզ տեր հայր անվանում: Աստված էր կարգել Պողոսին, որ հոգևոր հայրություն անի նորաստեղծ համայնքներին, որոնց մեջ կան հեթանոսներ և հրեաներ: Քանի որ նրանց ասում է, որ դուք բազում դաստիարակներ ունեք, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոսի ավետարանով ձեզ ծնեցի: Այսպես է ասում, որովհետև Պողոսը դրեց հիմքը և պատրաստեց դաստիարակներ, բայց ինքը մնաց որպես հայր: Հիմա աղաչում է, որ նմանվեն իրեն, և այդ պատճառով Տիմոթեոսին է ուղարկում Կորնթոս, որպեսզի նա պատմի Պողոսի կրած դժվարությունների ու նեղությունների մասին: Քիչ առաջ նկարագրում էր Կորնթոսի փարթամ կյանքը և իր նեղությունները, իսկ հիմա ասում է նմանվեք ինձ; Մի՞թե Պողոսը նախանձում է կորնթացիների լավ ապրելու վրա: Քա՛վ լիցի: Որովհետև Պողոսը գիտե Քրիստոսի խոսքերի ողջ էությունը, Քրիստոսի աշխարհ գալու նպատակ, իր կանչված լինելն ու առաքելությունը՝ նահատակությամբ, և ամենակարևորը գիտե, որ փրկությունը փառքի մեջ չեղավ, այլ խաչի վրա կատարվեց: Տիմոթեոսին է ուղարկում նրանց մոտ ո՛չ թե նրա համար, որ ինքը վախեցել է նրանց բամբասանքներից, թե Պողոսը չի՛ կարող գալ մեզ մոտ, այլ՝ ամեն ինչում Պողոսը Տիրոջ կամքն է փնտրում, և խոստանում է որ անպայման կգնա:
Սիրելիներ, եկեղեցին պետք է միաբան լինի, միախորհուրդ լինի, եկեղեցում բաժանումներ չի կարելի, որովհետև նախորդ սերտողության մեջ էլ խոսեցի այդ բաժանման մասին, որ իր մեջ բաժանված ամեն տուն կործանման է ենթակա՝ ըստ Տիրոջ խոսքի: Բաժանում և տարաձայնություն, բամբասանք ու խմբավորումներ կա նաև մերօրյա եկեղեցում, որը կապ չունի ոչ առաքելականության հետ, ոչ էլ քրիստոնեության հետ: Տեսնում ե՞ք թե առաքյալը ինչ ջանքեր է թափում, որպեսզի այդ բաժանումները վերանան եկեղեցուց: Ինչպես առաքյալն է ասում եկեղեցու սպասավորները համարվում են Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ: Իսկ նրանցից պահանջվում է միակ կարևոր առաքինությունը՝ հավատարմություն:
Մեր վերցրած դասն այսօր նույնպես կարևոր է, ինչպես որ ձևակերպեց առաքյալը՝ յուրաքանչյուր քրիստոնյայի համար, թե՝ եթե մեր մասին մի վատ բան չգիտենք, դա պատճառ չէ, որ մեզ արդար կարծենք, որովհետև Աստված է որ քննում է: Մեր գլխավոր նպատակակետը Քրիստոսն է, որի հետ է կապված մեր փրկությունն ու հավիտենական կյանքը, մնացածը երկրորդական է: Բայց եկեղեցում մշտապես վեճերն ու վիճաբանությունները չեն դադարել ինչպես ավանդությունների, այնպես էլ սուրբ Գրքի մեկնությունների վերաբերյալ: Մեկն այսպես է մեկնում, մյուսն այլ կերպ է մեկնում, բայց Քրիստոսն է թեման, որը անփոփոխ է երեկ. այսօր, և հավիտյան: Եթե ուշադրություն դարձրիք Պողոս առաքյալը մշտապես քարոզում է ո՛չ թե հրաշքներ, ու բժշկություններ կատարող Քրիստոսին, այլ՝ խաչյալ և հարուցյալ Քրիստոսին, որպեսզի իրենց մի բան կարծողներին բացատրի, որ Քրիստոս երբեք փառք չփնտրեց և փառքի համար չքարոզեց, քանի որ կրեց ամենածանր ու անպատիվ մահը՝ մարդկության փրկության համար: Իսկ Քրիստոսի եկեղեցում չի կարող լինել փառասեր սպասավոր կամ տնտես; Որտեղ փառասիրությունն է, այնտեղ փրկություն չկա: Խաչի ճանապարհը, Քրիստոսի տանջանքները, անպատվությունն ու անարգանքը, թուքն ու ապտակը և վերջապես խաչելությունն ու մահը փառքի հետ չեն առնչվում: Առաքյալը այս բաժնում հստակ նկարագիրը տվեց հոգևոր առաջնորդի, հոգևոր սպասավորի և հավատացյալ հոտի պարտականությունների մասին; Նամակի վերջում հարց է ուղղում կորնթոսի իր զավակներին, ասելով,- Արդ, ինչպե՞ս եք ուզում. գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրո, հեզության, արդարության և խոնարհության հոգով: Այ՛ո հոգատար հայրը կարո՛ղ է պատժել իր սիրելի զավակին, բայց առաքյալը ընտրության հնարավորությունը թողնում է նրանց, որպեսզի անդրադարձ ունենան իրեն բաժանման պատճառների վրա: Գավազանով գնալը մի՞թե սիրո դրսևորում չէ: Աստվածաշնչում բազում օրինակներ կան, որ պատիժը բխում է պատժվողի շահերից միայն: Մենք այստեղ տեսնում ենք Պողոս առաքյալի խորագիտությունը, այն առումով, որ Նամակի սկզբում ջերմորեն ողջունում է, նամակի ընթացքը խրատում է, իսկ նամակի վերջում ընտրությունը թողնում է եկեղեցու համայնքին, որպեսզի զգան իրենց սխալը: Առաքյալի հոգևոր հայրություն զգացվում է նաև այնտեղ, որ ինքը բացարձակ իշխանություն և իրավունք ունենալով հանդերձ, հարց է տալիս նրանց, ասելով,- Ինչպես եք ուզում, գավազանո՞վ գամ, թե՞ սիրով;
Ինչպես միշտ ազատ ընտրությունը մերն է՝ արժանանալ գեհենի՞, թե՞ արքայության, որովհետև Աստված էլ այդպես է հարցը դնում մեր առջև՝ մեր ազատ կամքի համաձայն: Երկու գեղեցիկ օրինակ կա այս մասին: Սիրաքի գիրքն ասում է,- Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը:Տերը քո առջև կրակ և ջուր է դրել, որին կամենաս՝ կմեկնես քո ձեռքը: մարդու առջև է կյանքն ու մահը, ինչը հաճելի կթվա իրեն, այն էլ կտրվի նրան: Սիրաք.15:16 Իսկ Եսայի մարգարեն ասում է,- Եթե հոժար լինեք ու լսեք Ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները, իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ: Եսայ. 1:19 Սիրելիներ Պողոս առաքյալը սուրբ գրքերի գիտակ է, գիտե Աստծու ամեն պատգամ ու գործելաոճ, հետևաբար զգուշացնում է կորնթոսի հավատացյալ համայնքին, ժամանակին անդրադառնալու բացթողումին: Մինչ այս պահը առաքյալը նրանց հանդիմանում էր իրենց ներսում բաժանումների և խմբավորումների պատճառով: Բայց բաժանումը միակ մեղքը չէր կորնթոսում, և առաքյալը խոսում է նաև հաջորդ մեղքի մասին, որն ավելի ծանր մեղք է: Մենք Ավետարանից արդեն գիտենք, թե ներքին բաժանումը ինչպես քայքայիչ ուժ ունի իր մեջ: Հետևաբար երբ կորնթոսի եկեղեցին արդեն բաժանվել էր, ուրեմն այլ մեղքերի ներթափանցումն անխուսափելի էր; Լուրը հասել էր Պողոսի առաքյալին որ կորնթոսի եկեղեցում տարածվել է պոռնկության մեղքը, նույնիսկ այն աստիճանի, որ չի՛ եղել անգամ հեթանոսների մոտ: Առաքյալը չի թաքցնում նաև մեղքի տեսակը, ասելով՝ իբրև թե՝ մեկն ապրի իր հոր կնոջ հետ: ,,Հոր կին,, ասելով հասկանում ենք ո՛չ թե երեխաների հարազատ մայրը, այլ իրենց մորը փոխարինողը, այսինքն՝ իրենց խորթ մայրը: Այս երևույթը խստիվ արգելված է օրինաց գրքում և սուրբ գրքերը կարդացողները գիտեն, որ դա ամոթալի երևույթ է բոլոր ժամանակների համար, քանի որ արհամարհում են իրենց հոր պատիվը; Այս մասին կարող եք կարդալ Օրինաց 22:30 համարում, որպեսզի ես այստեղ չանդրադառնամ այդ թեմային, ու չշեղվենք բուն թեմայից:
Այդ երևույթը բարկացնում է Պողոսին այն պատճառով, որ նրանք այդ մեղքի համար սգալու փոխարեն, նույնիսկ հպարտանում են դրանով: Այսինքն քրիստոնեական ազատությունը սխալ ընկալելու պատճառով, մարդիկ հայտնվել են մեղքի մեջ, և այդ մեղքի պատճառով հայհոյվում է Աստծու Սուրբ անունն ու պատվիրանը: Առաքյալը խոստանում է, որ երբ որ միասին հավաքվեն հանուն Հիսուս Քրիստոսի, այդպիսի մեկին պիտի մատնեն սատանային՝ նրա մարմինը կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի Հիսուս Քրիստոսի համար:
Սա անշուշտ մահվան մատնելու իմաստով չէ, ուղղակի նզովքով պետք է հեռացնեն եկեղեցուց, որպեսզի գայթակղություն չլինի շատերի համար, և նաև մեղավորի հոգին փրկելու համար: Նզովքը, կամ եկեղեցուց զրկելը միայն մեղավորի փրկության համար է առաջարկում առաքյալը, երկրորդն էլ որպեսզի դաս լինի շատերին;
Պոռնկության մեղքը թթխմորի պես կարող է խմորել մի ողջ զանգված խմորել և ապականել ամեն բան: Առաքյալը պատվիրում է իրենց միջից մաքրել այդ հին խմորը, որպեսզի նոր զանգված լինեն՝ առանց թթխմորի, և նորից հիշեցնում է, որ Քրիստոս՝ Աստծո գառը՝ մորթվեց մեղքի համար, իսկ դուք շարունակում եք մեղքի մեջ մնալ:
Հիշեցնում է, որ Կորնթոսի եկեղեցին առհասարակ պարծենալու ոչինչ չունի, քանի որ բաժանումից բացի մեկ այլ արատավոր երևույթ էլ է տեղ գտել իրեն մեջ:
Նամակով զգուշացնում է, որ չխառնակվեն պոռնիկների հետ, և եթե մի եղբայր պոռնիկ է, կռապաշտ է, կամ ագահ ու բամբասող, կամ հարբեցող ու հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք: Այստեղ պոռնիկ բառը միայն անբարո վարքի մասին չէ, այն վերաբերում է հեթանոսների վարքին, նրանց կռապաշտությունը՝ կուռքերի հետ, ևս համարվում է պոռնկություն: Այսինքն Աստծու փոխարեն պաշտել ձեռակերտ մի կուռք, նշանակում է անհավատարիմ լինել Աստծու նկատմամբ; Իսկ անհավատարմությունը անբարոյականություն է ամեն իմաստով; Պողոս առաքյալի վերջին հորդորը այն մասին, որ հաց չուտեն պոռնկացող մեկի հետ, վերաբերում է եկեղեցու ներսում գտնվող և պոռնկացող մարդուն, ոչ թե դրսի մարդկանց: Այլապես մարդիկ միմյանց հետ առհասարակ չէին կարող շփվել, քանի որ հեթանոսական միջավայրի մեջ ծեսերի մեջ ընդունված էր նաև մարմնական պոռնկությունը, ինչը զազրելի է Աստծու աչքին: Իսկ քրիստոնյան չի կարող պոռնկության մեջ լինել և մնալ քրիստոնյա: Պողոս առաքյալը նախորդ գլխի մեջ ասաց, որ Սուրբ Հոգու շնորհով իր կառուցած ուղղափառ հիմքի վրա չի կարող մեկը սխալ կառուցել: Կորնթոսի հոգևոր հիմքը Պողոսն էր դրել, դրա համար էլ ցավ էր ապրում որ, եկեղեցում նմանատիպ մեղքեր էր տեսնում: Պոռնկություն, կռապաշտություն,ագահություն, բամբասանք, հարբեցողություն, և գողության մեղքերի մասին է խոսում, որոնք մարդկանց կախման մեջ են պահում և հեռացնում են Աստծուց: Երբ առաքյալն ասում է մի կերեք այդպիսի մեկի հետ, հավանաբար նկատի ունի Սուրբ Հաղորդության խորհուրդը, որ այդպիսի մարդկանց հետ հաղորդության սեղանի թող չմոտենան;
Գուցե նկատի ունի նաև սիրո ճաշի սեղանները, որոնք ընդունված էր առաջին քրիստոնեական համայնքների կյանքում: Հավաքվում էին միասին և ամեն ինչ հասարակաց էր: Մեղքերի մեջ գտնվող քրիստոնյան չի կարող մասնակցել սիրո սեղանի շուրջ հավաքված հավատացյալների զրույցին, քանի որ նրա միտքը պղտոր է մեղքերի առումով և կարող է վարակել մեկին, ինչպես մի փոքր խմորը կարող է խմորել մի մեծ զանգված: Այստեղ մի նրբություն կա: Պողոս առաքյալը այս սահմանափակումներն անում է ոչ թե ատելով մարդուն, այլ հակառակը՝ նրան հնարավորինս շուտ դարձի բերելու համար: Ինչպես որ վերևում ասաց, թե մեղավորի հագին ապրի Քրիստոսի օրվա համար: Այլ բան է, երբ մեկին պատժում են՝ հեռացնելով իր ծառայության վայրից՝ վրեժխնդրության համար: բոլորովին այլ բան է մեկին դուրս դնել եկեղեցուց և զբաղվել նրա կյանքով, որպեսզի դարձի գա, ազատվի մեղքից և վերադառնա եկեղեցու համայնք: Առաքյալի համար մեղավոր մարդուն եկեղեցուց հեռացնելը հավասարազոր է սատանային հանձնելուն: Բայց ինչ որ մեթոդ պետք է կիրառել, մարդուն մեղքի ճիրանից ազատելու համար: Առաքյալը խոսում է քրիստոնեական ազատության մասին, բայց այս երևույթի ժամանակ, երբ մարդը մեղքի մեջ է, անտարբերության չի՛ մատնում, և չի՛ ասում, ինքը ազատ է իր դրսևորումների մեջ, ինչ ուզում է թո՛ղ անի: Այլ նամակում ասում է, ես հեռում եմ ձեզնից մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ: Համայնքի քրիստոնեական կյանքը միևնույն չէ Պողոս առաքյալի համար, նա այրվում է նախանձախնդրությունից և շտապում է հասնել նրանց մոտ և կարգավորել այդ հարցերը: Սա այն համայնքն էր, որի համար առաքյալն ասում էր, ես ձեզ ծնեցի Ավետարանով:
Հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ է առաքյալն այդքան մտահոգված: Առաքյալի մտահոգությունն այս մասին էր, որ քրիստոնյա համայնքը անտարբեր չգտնվի իր ներսում հայտնված մեղավոր մարդու նկատմամբ, և նրան դուրս դնի եկեղեցուց, մինչև ապաշխարությամբ դարձի գալը: Շարունակելով նամակը ներկայացնում է այն կարգն ու կանոնը, որը պետք է գործի համայնքից ներս, քանի որ առաքյալը համարվում է այդ եկեղեցու հոգևոր առաջնորդը, չնայած որ գտնվում է համայնքից հեռու: Մեծ հավանականությամբ այս նամակը գրել է Եփեսոսից: Պողոս առաքյալը կորնթացիներին տալիս է մի բարոյախրատական կանոն, որը դարերի ընթացքում չի հնացել, և չի կորցրել իր կարևորությունը՝ մինչև մեր օրեր: Համայնքի ներսում եթե գործի այս կանոնը, արդյունքը գերազանց կլինի: Տեսնե՛նք, թե ո՞րն է այդ կանոնը: ,, Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ո՛չ ամեն բան՝ օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնվա՛ծ է, բայց պետք չ՛է որևէ բանի իշխանության տակ լինեմ,, Այս խոսքերը առաքյալն ասում է այն բանից հետո, որ կորնթոսում սխալ պատկերացում կար քրիստոնեական ազատության մասին: Քրիստոնյան ազատ է, բայց իրավունք չունի դուրս գալու բարոյական օրենքներից սահմաններից: Ինչո՞ւ: Որովհետև քրիստոնյաների մարմինները Քրիստոսի անդամներն են: Քրիստոնյաների մարմինները Սուրբ Հոգու տաճար են: Ինչպե՞ս կարելի է վերցնել Քրիստոսի անդամները առնելով՝ պոռնիկի անդամներ դարձնել:
Քավ լիցի: Միթե չգիտեք, որ ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում՝ ըստ Սուրբ Գրքի: Իսկ ով մերձենում է Տիրոջը՝ մեկ հոգի է դառնում նրա հետ: Քիչ վերջ մենք կանդրադառնանք բոլոր այն մեղքերին, որոնց պատճառով մեղավոր մարդը Աստծու արքայությունը չի կարող ժառանգել: Բայց այդ բոլոր մեղքերը որ կատարվում են, մարդու մարմնից դուրս են, միայն պոռնկությունն է, որ մարմնի դեմ է մեղք գործում: իսկ մարմինը տաճար է սուրբ Հոգու համար: Սուրբ Հոգին էլ Աստծուց եք ստացել: հետևաբար մենք մեր մարմնի տերը չենք, քանի որ շատ թանկ գնով ենք գնվել, իսկ հիմա անարժեք մեղքի պատճառով անհավատարիմ ենք գտնվում մեր Տիրոջ առաջ: Ուտելիքը ստեղծված է որովայնի համար, և որովայնը՝ ուտելիքի համար: Բայց սրանք ժամանակավոր են և շուտով ամենալավ ուտելիքը մարսվում և դուրս է գալիս մարմնից: Իսկ մարմինը ոչ թե պոռնկության համար է, այլ՝ Տիրոջ համար է, և Տէրը մարմնի համար է: Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, ձեզ էլ է հարություն տալու: Ուրեմն ինչպե՞ս չեք սարսափում մեղանչելիս: Սիրելիներ, հստակ մեղքեր կան ըստ առաքյալի, որոնց կրողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու: Ահա այն մեղքերը, որոնց համար առաքյալն ասում է,- Մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ հափշտակողներ, ո՛չ անիրավություն գործողներ Աստծու արքայությունը չե՛ն ժառանգելու: Յուրաքանչյուր հաջորդ գլուխը կարդալիս հայտնի է դառնում, թե ինչի՞ համար էր ասված նախորդ միտքը: Հիշո՞ւմ եք, վերևում կարդացինք, որ առաքյալը հարցնում էր,- Գավազանո՞վ գամ, թե սիրով: Նյութի բովանդակությունից հասկանալի է դառնում, որ կորնթոսի հոգևոր վիճակն ավելի ծանր է, քան մենք ենք պատկերացնում: Այս մեղքերը տեղ են գտել համայնքում և առաքյալը զգուշացնում է գալիք վտանգի մասին; Մեկ ուրիշ կարևոր դիտողություն էլ է անում նրանց, որ իրենց մեջ եղած հարցերը լուծում են հռոմեական իշխանության ատյաններում, և ո՛չ թե իրենց մեջ:
Առաքյալը համայնքի բարեպաշտ հավատացյալներին համարում է սրբեր, և պատշաճ է, որ այդ սրբերը դատեն իրենց մեջ ծագած հարցերը, ո՛չ թե հռոմեական դատարանները: Դրա համար հարցնում է, եթե ձեզնից մեկը խնդիր ունենա, մի՞թե կկամենա դատվել անիրավի առաջ: Միթե չի կամենա դատվել սրբի առաջ: Ուրեմն ինչո՞ւ դուք ձեր մեջ եղած հարցերը ձեր մեջ չեք լուծում որ կանգնում եք անիրավ դատավորի առջև: Դարձյալ հիշեցնում է Սուրբ գրքից այն խոսքը. որ սրբերը հրեշտակներին էլ են դատելու, էլ ուր մնաց երկրավորներին: Ավարտում է խոսքը, ասելով,- Ամո՛թ ձեզ եմ ասում: Մի՞թե ձեր մեջ չկա արդար մեկը, որ իր և եղբոր մեջ դատ անի: Բայց ձեր անմտության պատճառով եղբայրը եղբոր դեմ է դատվում, այն էլ անհավատների առջև: Սիրելիներ Պողոս առաքյալը բոլոր քրիստոնյաներին սրբեր է անվանում այն պատճառով, որ նրանք թողեցին աշխարհը և անդամագրվեցին Քրիստոսի եկեղեցուն ծառայելու համար: Հետևաբար կոչվում են Քրիստոսի անդամներ: Իսկ Քրիստոսի անդամ համարվողը չի կարող սրբակենցաղ չլինել: Իսկ եթե սրբակենցաղ վարք չունի, նա Քրիստոսի անդամ չի կարող կոչվել: Պարզ պատճառով, քանի որ Քրիստոսի անդամները կոչված են Աստծուն ծառայելու, ո՛չ թե մարմնի ցանկություններին: Այնպես, ինչպես վերևում նշված մահացու մեղքեր ունեցողները Աստծու արքայության մեջ տեղ չունեն: Այլ խոսքով, եթե ամփոփելու լինենք նախորդ գլուխները, ապա առաքյալի նպատակն է իր սիրելի համայնքը նորից հաստատի ամուր հավատքի մեջ և վերջ դրվի բաժանումներին, և բաժանումների պատճառով առաջացած բարոյական խնդիրները, որոնք կարող են թուլացնել համայնքը և յուրաքանչյուրի հավատքը: Առաքյալն անդրադարձավ եկեղեցու պառակտմանը, բարոյական հարցերին, իսկ հիմա փորձում է կարգի բերել ամուսնությանը վերաբերող հարցերում դարձյալ նույն համայնքում: Առաքյալի խոսքից հասկանալի է դառնում, որ կորնթոսի համայնքի հետ մշտական նամակագրական կապի մեջ են եղել, և իրենց հուզող հարցերի մասին հաճախ են խորհուրդներ հարցրել Առաքյալից, իսկ այս պարագայում հարցեր են տվել առաքյալին ամուսնության վերաբերյալ:Ամուսնության վերաբերյալ հարցերը երբեք չեն ավարտվի և այդ հարցերը մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում են, քանի որ զույգը ամուսնանում է առանց սեփական պարտականությունների և իրավունքների հետ ծանոթ լինելու, առանց Աստվածաշնչի գիտության, որի մեջ հստակ հրամաններ կան այդ մասին: Մենք չգիտենք, թե ի՞նչ հարց են ուղղել առաքյալին կորնթոսի եկեղեցու հավատացյալները, սակայն առաքյալի պատասխանից հասկանալի է դառնում:
Առաքյալը շատ պատասխանատու հայտարարություն է անում տղամարդկանց վերաբերյալ, և անմիջապես պատասխանում է իր հորդորին, ասելով,- Լա՛վ է տղամարդու համար, կին արարածին չմերձենալ: Բայց չպոռնկանալու համար, յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա, և ամեն կին՝ իր ամուսինը: Ինչպե՞ս հասկանալ այս հարցը, երբ ամուսնական անկողին սուրբ է համարվել: Նշանակում է, առաքյալի հորդորը սուրբ ամուսնական զույգի մասին չէ, որոնք իսկզբանե հասկացել են տեր և հնազանդ լինելու իրենց պարտականությունները: Այս տեսակ ամուսնություն կարելի է մատների վրա հաշվել՝ սակավության պատճառով: Երբ ամուսինը կատարում է իր ամուսնական պարտականությունները, նույն ձևով և կինը՝ իր մարդու հանդեպ: Որովհետև ըստ սուրբ Գրքի այր ու կին մի մարմին են, ոչ թե երկու: Ոչ ամուսինն է իր մարմնի տերը, ոչ էլ կինը, այլ՝ մեկը՝ մյուսի, քանի որ մի են; Առաքյալը շատ մանրամասների է անդրադառնում, հավանաբար իրեն ուղղված հարցերի պատճառով, և խորհուրդ է տալիս, որ ամուսինները միմյանց չզրկեն, այլ՝ միայն այն դեպքում, երբ միասին են համաձայնության գալիս, և հետո աղոթքով միաբանվում են, որպեսզի սատանան փորձության չենթարկի զույգին: Այս տեսակ հարցերը Պողոս առաքյալի համար լուծելի են, քանի որ ինքը շնորհ ունի Աստծուց՝ մնալ ամուրի: Հազվագյուտ մարդիկ են այս շնորհին արժանանում, բայց առաքյալը խորհուրդ է տալիս ամուրիներին և այրիներին՝ նմանվել իրեն: Իսկ ովքեր չեն կարող նմանվել՝ ժուժկալություն չունենալու պատճառով, թող ամուսնանան; լավ է ամուսնանալ, քան կրքով այրվել: Իսկ ամուսնացածներին արդեն ոչ թե իր խորհուրդն է տալիս, այլ՝ Տիրոջ պատվերն է հայտնում, թե թող կինը ամուսնուց չբաժանվի, իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսին մնա, կամ վերստի դառնա իր ամուսնուն և հաշտվի նրա հետ: Նույն պատվերը ամուսնուն է տալիս, որ նա իր կնոջը չթողնի: Պողոս առաքյալը զորավոր խրատ ունի նաև ամուսնական այլ պարագաներում. օրինակ, եթե մի տղամարդ անհավատ կին ունի, և իրեն հաճելի է այդ կնոջ հետ ապրել, թող ապրի: Նույնը վերաբերում է կնոջը, եթե իր ամուսին անհավատ է, և հաճելի է նրա հետ ապրել, թող ապրի: Որովհետև անհավատ մարդը իր կնոջով է սուրբ: Իսկ անհավատ կինը՝ իր ամուսնով է սուրբ: Եթե այսպես ապրեն, նրանց զավակներն էլ սուրբ կլինեն: Իսկ եթե անհավատը ուզում է բաժանվել իր կողակցից, թող բաժանվի, քանի որ այսպիսի դեպքում հարկադրանք չկա, ո՛չ տղամարդու վրա, ո՛չ էլ կնոջ: Քանի որ Աստված մեզ խաղաղության կոչեց:Այս հորդորը ուղղում է բոլոր եկեղեցիներին: Ի միջի այլոց առաքյալի այս նամակը ամենաշատ կարդացված նամակներից է, քանի որ դավաճանության, և ամուսնական հարցերին վերաբերող մտահոգությունները ամենաշատ քննարկվող թեմաներն են: Չնայած Պողոս առաքյալի այսքան հասկանալի բացատրություններին, հայ ընտանիքներում այս հարցը առայժմ չի գտել իր լուծումը՝ շնության մեղքի, անհնազանդության և ինչու չէ նաև կողակցի անհավատության պատճառով;
Բայց եթե դուք ուշադրություն դարձրիք, Պողոս առաքյալը հավասարման նշան դրեց կնոջ և տղամարդու ամուսնական պարտականությունների և հավատարմության միջև, չնայած, որ հրեական ավանդության համաձայն կնոջը շատ հարցերում իրավունք վերապահված չէր, էլ ուր մնաց, թե հավասար լիներ ամուսնուն: Պողոս առաքյալը հետևում է Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, Իսկ մեր Տէրը առաջինը արեց այդ հավասարեցման քայլը՝ կնոջ իրավունքների վերականգնման վերաբերյալ: Ամուսնական կյանքի մեջ գլխավորը Քրիստոսն է, եթե զույգը ապավինում է Աստծուն՝ ընտանեկան բոլոր խնդիրները լուծում կստանան Տիրոջ ողորմությամբ, բայց եթե կողակիցը անհավատ է, մյուսը պետք է համբերատար լինի և իր սիրով ու խոնարհությամբ կարողանա անհավատին իր կյանքով ցույց տա Քրիստոսի սերը ինչպե՛ս հավատացյալի, այնպե՛ս էլ անհավատի համար; Եթե մեկը ամուրի է, և նրա կյանքի մեջ Քրիստոսն է կարևորը, ինքը ևս կհաղթահարի ամեն դժվարություն: Քրիստոս խաչվել է բոլորի համար, որպեսզի բոլորը դառնան դեպի իրեն, և ապրեն խաղաղության մեջ: Ըստ Պողոս առաքյալի հավատացյալ կողակցի աղոթքի և հավատքի շնորհիվ անհավատ կողակիցը կսրբվի: Ամուսնական կյանքի մասին խրատներ տալուց հետո, Առաքյալը խոսում է նաև այլ կարևոր թեմաների շուրջ: Քանի որ նոր քրիստոնեական համայնքներ են ձևավորվում և շատերն են դարձի գալիս հրեությունից, ու հեթանոսությունից, բնականաբար նաև շատ խնդիրներ են առաջ գալիս՝ կապված թլպատության և անթլպատության հարցի հետ; Իսկ առաքյալն ասում է, եթե քեզ Աստված կանչես թլպատված վիճակում, ուրեմն մի թաքցրու քո թլպատված լինելը: Իսկ եթե քեզ կանչել դեռ չթլպատված, ուրեմն մի թլպատվիր, որովհետև երկու վիճակն էլ ոչինչ են:
Կարևորը ո՛չ թե արտաքին նշաններն են, այլ՝ քրիստոնեությունը պահանջում է մարդու ներքին փոփոխություն, րև պատվիրանապահություն: Յուրաքանչյուր ո՛ք ինչ կոչման մեջ որ կար, երբ կանչվեց, թող դրանում էլ մնա: Օրինակ եթե մեկը ծառա է, թող մնա իր ծառայության մեջ հավատարիմ Քրիստոսին, իսկ եթե մեկը ազատ է, թող Քրիստոսի ծառան լինի: Առաքյալի պահանջը պարզ է, քանի որ բոլոր մարդիկ մեծ գնով գնվեցին, և պատշաճ չէ մարդկանց ծառաներ լինել, այլ հավատարի ծառա լինել Աստծու առաջ: Քրիստոս իրեն հավատացող ամեն հավատացյալի ազատ է համարում: Իսկ երբ արդեն պատրաստվում էր խոսել կուսության մասին, հավանաբար իրեն ուղղված հարցերի մեջ այս հարցն էլ կար, միանգամից ասաց, որ Տիրոջից պատգամ կամ հրաման չունի: Բայց կարող է խրատ տալ, որպես Տիրոջից ողորմություն գտած մեկը, որի խոսքը վստահելի է: Կարելի է հասկանալ, որ այստեղ էլ պահանջը նույնն է, ինչ որ վերևում: Ամեն ոք մնա այն վիճակում, ինչում որ կա; Քանի որ ասում է,- կապվա՞ծ ես կնոջ հետ, մի բաժանվիր: Չե՞ս կապված, մի կապվիր: Սակայն եթե ամուսնանաս մեղք չես գործի: Եթե կույսը ամուսնանա մեղք չի գործի: Բայց ամուսնացածները մարմնի նեղություններ են ունենալու, իսկ ես,- ասում է, - պիտի խնայեի ձեզ: Առաքյալի այս խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, քանի որ ամեն ամուսնացած զույգ գոնե մեկ անգամ իր մտքի մեծ մտածել է, որ ավելի լավ կլիներ, որ չամուսնանար: Որովհետև ամուսնական կյանքը չափազանց պատասխանատու է:
Բայց այլ է չամուսնացածի կյանքը:Առաքյալի բոլոր խրատների մեջ կարմի թելի պես անցնում է իր հավատարմությունը Քրիստոսի նկատմամբ, քանի որ կյանքի ամեն իրավիճակի համար,, նրա համար կյանքը Քրիստոսն է, և անկարևոր է ամուսնություն, թլպատություն, ծառա թե ազատ, հարուստ, թե աղքատ, կին թե տղամարդ, քանի որ ժամանակը մոտ է ավարտին, և այս աշխարհը ինչպես որ կա, անցնելու վրա է; Տեսեք, սիրելիներ, 2000 տարի առաջ Պողոս առաքյալը ասում էր աշխարհը անցնելու վրա է, և ճիշտ է նրա մտածումը, քանի որ ինքը ամեն օր էր սպասում Քրիստոսի գալուստին և ջանում էր ամեն օր պատրաստ լինել իր առաքելության մեջ: Իսկ մենք տեսնում ենք պողոսի և մյուս աշակերտների հոգածությունը՝ իրենց առաքելության մեջ: Այսօր մեզ համար ավելի հավանական է աշխարհի անցնելու ժամանակը, քանի որ մեր տեսած բոլոր նշանները համապատասխանում են Սուրբգրային ճշմարտություններին, բայց ի տարբերություն առաքյալների և առաջի դարի քրիստոնյաների, մենք թեպետ զգում ենք նշանները, բայց անտարբեր ենք այնպես, կարծես մեզ չվերաբերող մի բան է լինելու: Պողոս առաքյալը առանց պնդելու, հիմնավորում է իր ասածը հետևյալ կերպ: Օրինակ եթե մեկը ամուսնացած է, հոգում է, թե ինչպես հաճելի լինի իր կնոջը: Իսկ նա ով ամուսնացած չէ, հոգում է, թե ինչպես հաճելի լինի Տիրոջը: Դրանով են տարբերվում ամուսնացածը և կույսը: Այստեղ կույս բառը կարող է վերաբերել ինչպես աշխարհիկ մարդուն, այնպես էլ կուսակրոն քահանայությանը: Բայց ամենից հետո ասում է, որ սա պարտադրանք չէ, և ամեն ոք ազատ է իր որոշման մեջ՝ կո՞ւյս մնա, թե՞ ամուսնանա; Միայն թե ամեն ինչ թող լինի պարկեշտությամբ և ի սեր Աստծու: Բոլոր դրսևորումներում առաքյալի շեշտը Քրիստոսով ապրելու մասին, կլինի ամուսնացա՛ծ, թե՞ կույս: Սակայն Պողոս առաքյալը նախապատվություն տալիս է կուսությանը և իր խրատն էլ այդ մասին է, բայց ոչ երբեք պարտադրելով, այլ՝ սիրով: Գլխավոր ասելիքը այս նամակի այն է, որ Հիսուս Քրիստոսի սուրբ Մարմնի և Արյան հաղորդակցության միության մեջ չի կարող լիներ անհամաձայնություններ: Ցանկացած հարց կարող է լուծվել ըստ Աստծու խոսքի և ո՛չ մարդկային տրամաբանությամբ: նույնը վերաբերում է ինչպես եկեղեցու համայնքին, այնպես էլ ընտանեկան և ընկերային հարաբերություններում: Նպատակակետը Քրիստոսն է: Սիրելիներ շատ գեղեցիկ խրատներ ու հորդորներ կան առաքյալի նամակում, որոնք լուծված չեն նաև մեր եկեղեցում, ժամանակակից ընտանիքներում, ընկերային հարաբերություններու և ամենուր: Իմաստություն խնդրենք Տիրոջից՝ հավատարիմ լինելու այնտեղ, ինչո՛ւմ որ կանք, և հետևենք առաքյալի պատգամներին, քանի որ ամեն բան մեզ արտոնված է, բայց ո՛չ ամեն բան՝ օգտակար: Ավարտենք այսօրվա նամակը իր կարևոր պատգամներով և սպասենք վաղվա սերտողությանը:
(Աղոթք Արևագալի Ժամերգությունից)
«Մարդասե՛ր Տեր, գիշեր ու ցերեկ և ամեն ժամանակ աղաչում ենք Քեզ և խնդրում Քեզնից, լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, լսի՛ր մեր խնդրանքները, որպեսզի ունայն չլինեն մեր ջանքերը, այլ ընդունի՛ր դրանք որպես արդարության գործ և աստվածպաշտության պտուղ։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքն ու երկրպագությունը և Քո ողորմությամբ վարձատրիր մեզ առատապես։ Պահպանի՛ր մեզ Քո ամենազոր Աջի հովանու ներքո, զորացրու մեզ, Տե՛ր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահի՛ր մեզ աչքի բիբի պես և բարությունդ ցույց տուր մեզ՝ քո Սուրբ անվան գովաբանության և փառաբանության համար։ Որովհետև բոլոր արարածների մշտնջենական փառաբանությունը բարձունքներում Քո փառքի համար է՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 500