ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, Աստծու նախախնամ կամքով և օրհնությամբ այսօր կսկսենք Պողոս առաքյալի առաջին նամակը՝ ուղղված Կորնթոսի եկեղեցուն: Մեզ հայտնի են երկու նամակներ: Մենք չգիտենք միայն այս երկո՞ւսն են մեզ հասել, եղե՞լ են արդյոք ուրիշ նամակներ, որ չեն մտել Ավետարանի մեջ: Մեզ հայտնի չե՛ն, միայն ափսոսանք պետք է հայտնենք, եթե մեզ չեն հասել ամբողջությամբ, քանի որ մեկական գանձեր են Պողոս առաքյալի նամակները՝ ուղղված եկեղեցիներին և անհատներին: Երբ նամակ էր գրում Հռոմի եկեղեցուն, բոլորովին այլ էր, քանի որ ինքը չէր եղել այնտեղ, և փափագում էր լինել: հետևաբար նամակը գրում էր հիմնականում անծանոթ միջավայրի մարդկանց: Իսկ Կորնթոսի պարագան այլ է: Եկեղեցին ինքն էր հաստատել մեծ ջանքերի շնորհիվ, այն էլ հեթանոսության մեջ: Եթե Հռոմի եկեղեցուն աստվածաբանական ոճով էր գրում, այստեղ այլ է պատկերը, քանի որ ուղերձներ է հղում՝ քրիստոնեական կյանքը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ: Բոլոր նամակներն են կարևոր մեզ համար, քանի որ Առաքյալը շատ ասելիք ունի ամենքին: Պողոս առաքյալի սկզբունքը նույնն է բոլոր նամակներում. բացատրել բոլոր քրիստոնյաներին, թե ինչպե՛ս է ինքը հասկանում իր առաքելությունը՝ ո՛չ հրեա ժողովրդի քարոզության մեջ: Նամակների մեջ հիմնականում գլխավոր շեշտը դնում է մի գաղափարի վրա, որի մասին գրել է Հռոմեացիներին ուղղված նամակում, թե՝ - Ավետարանը Աստծու զորությունն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների. նախ՝ հրեաների, ապա նաև ո՛չ հրեաների: Հրեաների և ոչ հրեաների հարաբերության հարցը կարևոր նշանակություն ուներ առաջին քրիստոնյաների համար: Առաքյալի նպատակն է մարդկությանը հասցնել մի կարևոր միտք, որ Քրիստոսի Ավետարանը ուղղված է բոլոր մարդկանց, առանց բացառության, և նաև, որ Աստված փրկում է Իրեն հավատացող ամեն մոլորված մարդու՝ ո՛վ էլ որ լինի նա: Առաքելական իր երկրորդ ճամփորդության ժամանակ Պողոս առաքյալը մոտ մեկուկես տարի անցկացրեց Հունաստանի Կորնթոս քաղաքում: Այն եկեղեցական համայնքը, որը առաքյալը հաստատեց Կորնթոսում, հիմնականում կազմված էր համես միջավայրի պատկանող նախկին հեթանոսներից: Այդ ժամանակ Կորնթոսը գտնվում էր շատ բարգավաճ վիճակում, իր երկու նավահանգիստների շնորհիվ:
Քաղաքում բավական աշխույժ էր վաճառականությունը, մշակութային կյանքը, ակտիվ գործունեություն էին ծավալում փիլիսոփայական և կրոնական հոսանքները: Այս ամենի հետ միասին մեծապես տարածված էր անբարոյականությունը: Նորաստեղծ քրիստոնեական համայնքը ենթակա էր ամեն տեսակ ազդեցությունների և փորձությունների: Նման անմխիթար վիճակը չէր կարող մտահոգություն չպատճառել Պողոս առաքյալին: Կորնթոսից մեկնելուց հետո առաքյալը բազում մտահոգիչ լուրեր է ստացել համայնքին վերաբերող: Հավանաբար այդ լուրերն են եղել պատճառ, որ առաքյալը գրել է իր նամակները Կորնթոսի եկեղեցուն: Առաքյալի բնավորությանը մենք արդեն ծանոթացանք նախորդ նամակից, որ իր ողջույնի մեջ մի միտք է ասում, և հետո նամակի բովանդակության մեջ անդրադառնում իր ասած մտքին; Այս նամակի մեջ հիշատակում է մեկ այլ անուն՝ Սոսթենես, որը նույնպես ողջունում է Կորնթոսի եկեղեցում, և հավանաբար Սոսթենոսն էլ Պողոսի գրագիրն է Եփեսոսում, ուր գտնվում էր Ինքը: Կորնթոսի եկեղեցուն անվանում է Հիսուս Քրիստոս նվիրվածներ, և սուրբ լինելու կոչվածներ, որոնք ամեն տեղ պաշտում են Հիսուս Քրիստոսի անունը: Տեսեք, թե ինչ պարտավորեցնող բառերով է սկսում նամակի ուղերձը: Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում, որն այսօր սկսեցինք, Պողոսը ողջույնի և երախտագիտության խոսքեր հղելուց հետո, հաղորդում է եղբայրներին, որ հաղթահարեն իրենց մեջ տեղի ունեցող բաժանումները, և հատկապես համայնքից դուրս նետեն անբարոյականությունը: Իրենց վեճերն ու անհամաձայնությունները հեթանոսների դատարանների առաջ թող չտանեն: Նաև մի քանի որոշակի հրահանգներ է տալիս նորադարձ քրիստոնյաներին, թե ինչպես վարվեն իրենց մտերիմների հետ: Կորնթացիների նամակը ևս իր մեջ ներառում է շատ կարևոր հարցեր, որոնք ծառացած են նաև մեր առջև այսօ՛ր: Այ՛ո, մե՛ր, որ առաջին քրիստոնյաներ ենք համարվում միա՛յն թվականով: Տեսե՛ք, թե ի՛նչ կարևոր հարցեր է առաջ քաշել առաքյալը՝ համայնքին կրթելու համար: 1.Ամուսնության հարցը. 2 Կուռքերին մատուցած զոհերի միսն օգտագործելու հարցը և առհասարակ հեթանոսության նկատմամբ շիտակ դիրք ճշտելու հարցը: 3. Քրիստոնեական հավաքույթներին և Տիրոջ Ընթրիքին վերաբերող հարցը. 4. Սուրբ Հոգու շնորհների վերաբերող հարց. 5 Մեռելների հարությանը վերաբերող հարց, և էլի շատ կենցաղային հարցեր, որոնց մեջ տկարացած էր համայնքը: Սիրելիներ, Պողոս առաքյալը այս բոլոր հարցերի լուծումների մասին խոսելով, ամենևին չի կամենում մարդկանց աչքին բարոյագետ երևալ: Նա ուղղակի ցույց է տալիս, որ Քրիստոսի հանդեպ հավատարմությունը և միմյանց նկատմամբ եղբայրական սերը թույլ են տալիս լուծել այդ հարցերը: Մեկը, որ Քրիստոսի հանդեպ ունի անսխալ հավատարմություն, կունենա նաև սեր իր նմանի նկատմամբ: Այս պարագայում բոլոր հարցերը, լինեն կենցաղային, հոգևոր, թե՝ քաղաքական, լուծում են ստանում նույն հարթության վրա, որի հիմքում խոնարհությունն է՝ Աստծու խոսքի նկատմամբ, և անտեսումն է սեփական ,,Ես - ի,, Ինչո՞ւ Պողոս առաքյալը հաջողեց մենակ լինելով հանդերձ հեռավար կառավարել նորաստեղծ քրիստոնեական համայնքները: Պա՛րզ պատճառով: Ամեն ինչից վեր դասելով Քրիստոսի անունը և մշտապես իրեն Քրիստոսի ծառա անվանեց: Չնայած, որ իր կոչումը ոչնչով նվազ չէր մյուս առաքյալների կոչումից: Այստեղ մի զուգահեռ կարող ենք տանել մերօրյա հոգևոր առաջնորդների անվան առջև դրվող տիտղոսների գրության հետ, որ պողոս առաքյալի պես մեկը, որը Աստծուց էր ընտրվել, իրեն Քրիստոսի ծառա է անվանում, իսկ մեր առաջնորդների միայն անունն ու տիտղոսները մի ամբողջ նախադասություն է կազմում: Այս տիտղոսները խանգարում են միայն անվան տիրոջը, որովհետև սրանք նույնպես փառքի ձգտման դրսևորումներ են: Դրա համար էլ առաքյալը նամակով կարողանում է երկրից երկիր Աստծու խոսքը լսել տա, իսկ ներկա ժամանակում, իրենց կենդանի խոսքով համայնք չի ձևավորվում:
Պողոսը մինչ Քրիստոսին ճանաչելը հալածում էր Նրան: Իսկ երբ ճանաչեց Նրան, ողջ աշխարհով մեք քարոզեց Նրան: Եթե Աստված չհայտնի, թե որքան է սիրում մարդուն, մարդը ինքնուրույն իր գիտությամբ չի կարող հասկանալ: Պողոս առաքյալի խոնարհությունը իր դարձից հետո, եղավ իր հաղթանակների պատճառը: Խոնարհ մարդու հոգին, որն ընդունել է Սուրբ Հոգուն, երբե՛ք առաջնահերթություն չի փնտրում: Իսկ հպարտ հոգին նույնիսկ դրախտում կարող է դժգոհել, թե ինչո՞ւ ինքը առաջին տեղում չէ կանգնած: Մենք տեսնում ենք, թե որքան ծանր է առաքյալի ծառայությունը, նախ տարածաշրջանի մեծության առումով, երկրորդն էլ իրեն բաժին ընկած հեթանոսների քարոզության պատճառով; Հեշտ է հավատացյալների մեջ քարոզել, իսկ ի՛նչ հմտություն, զորավո՛ր հավատք և խոնարհությո՛ւն է պետք քարոզել հեթանոսներին: Իր այս թղթով ուղերձ և ողջույն է հղում Կորնթոսի հավատացյալներին՝ հիշեցնելով նրանց, որ իրենք կանչված են սուրբ լինելու և նվիրված մնալու Հիսուս Քրիստոսին, որ բոլորի Տէրն է: Վերը նշեցինք, որ առաքյալին լուր էր հասել Կորնթոսի եկեղեցու մասին, թե նրանց մեջ բաժանումներ է սկսվել: Առաքյալի մտահոգությունը մեծ է այն առումով, որ այդ եկեղեցին զուրկ չէր գիտությունից, հակառակը՝ հարուստ էր Աստծու խոսքի գիտությամբ, և Աստծու վկայությունը հաստատ էր նրանց մեջ: Ի՞նչ պատճառով կարող էր նրանց մեջ բաժանումներ տեղի ունենալ: Ինչո՞ւ Աստծու խոսքը բաժանվեց, և նրանք այլևս միաբան չէին, և հակառակություններ առաջացան: Բաժանման պատճառները նույնն են, ինչ որ մեր օրերում է եկեղեցին բաժանվել տարատեսակ անունների և ուսմունքների և ամեն ոք իրեն եկեղեցի է անվանում: Կորնթոսի եկեղեցին էլ էր բաժանվել մարդկային հպարտության պատճառով, ամեն ոք կամենում էր առաջին լինել և իր անունով հետևորդներ ունենալ: Գոնե Կորնթոսի այս օրինակը մեզ հասկանալի է այնքանով, որ մեր աչքի առջև ունենք բազում օրինակներ: Առաքյալը կարևոր հարցով է դիմում նրանց, ասելով, - Մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ միթե Պողոսի անունով մկրտվեցիք: Նշում է նաև Ապողոսի անունը, որին մենք ծանոթ ենք Գործք Առաքելոց գրքից: Եղել է նաև Կեփասյան և Քրիստոսյան կրոնական շարժումներ, որոնք չեն միաբանվել և այդ պատճառով էլ բաժանվել է համայնքը; Այս հարցը բոլոր ժամանակների համար թարմ հարց է, քանի որ սեփական անձը գերագնահատելով, մոռանում են թե ո՛ւմ անունով հաստատվել եկեղեցին, ո՛վ է հիմնել եկեղեցին, ո՞ւմ արյունն է թափվել խաչի վրա, որպեսզի եկեղեցին հաստատվի: Բոլոր ժամանակներում եկեղեցին ունեցել է այս խնդիրը՝ հպարտության պատճառով:
Մենք, որ այսօր երկու կաթողիկոսություն ունենք, նմանատիպ մի պատճառի հետևանք է: Նամակի բովանդակությունից հասկանալի է, որ Պողոսը չի մկրտել, կամ շատ քիչ է մկրտել, քանի որ նրա առաքելությունը քարոզության մեջ էր, ոչ թե ծեսերի: Այս հարցն էլ այսօր մեզանում լավ վիճակում չէ: Ծեսերի առատության պատճառով շատ հաճախ նվազում է քարոզությունը, որն ավելի կարևոր է, քան բուն ծեսը: Օրինակ՝ եթե ենթական մկրտվում է առանց համապատասխան քարոզության և տեղյակ չէ, թե ո՛ւմ անունով մկրտվեց և ի՞նչ դավանում: Այստեղ ո՞րն է կարևորը: Մի՞թե միայն մկրտվելը, որպես պարտականություն: Նրա համար էլ առաքյալն ասում է, չե՛մ հիշում թե ո՞ւմ եմ մկրտել Ստեփանոսի ընտանիքից բացի: Առաքյալը հանձն է առնում, որ Քրիստոս իրեն կանչել է ո՛չ թե մկրտության, այլ՝ ավետարանելու համար: Նույնիսկ ավետարանի քարոզությունն էլ պետք չէ՛ որ խոսքերի ճարտարությամբ լինի՝ մարդկանց ականջները շոյելու համար: Եթե անկեղծ լինենք, կան հավատացյալներ, որոնք սիրում են այսպիսի ճարտարախոս քարոզիչների, որոնք Աստծու խոսքի աճպարարությամբ են զբաղված, որպեսզի մեծ բազմություն հավաքեն, ո՛չ թե հոգիներ փրկեն: Առաքյալն ասում է չի կարելի շեշտը դնել խոսքի ճարտարության վրա, այլ այն ապրել և ճիշտ մատուցելու վրա, Որպեսզի, չլինի՛ թե Քրիստոսի խաչի քարոզությունը ընդունայն դառնա մարդկանց սրտի համար: Որովհետև կորստյան մատնվածներ կան, որոնք խաչի քարոզությունը հիմարություն են համարում: Բայց մենք, որ փրկություն ենք գտել Քրիստոսով, խաչի քարոզությունը Աստծու զորությունն է: Մենք հիմք պետք է ունենանք Աստծու այն խոսքը, որն ասում է Եսայի մարգարեի միջոցով,- Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարների մտածումները պիտի արհամարհեմ: Եսայի. 29:14 Դրա համար Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը, քանի որ իմաստություն ունենալով հանդերձ չճանաչեցին Աստծուն և Աստծու իմաստությունը: Իսկ Աստծուն հաճելի եղավ փրկել իրեն հավատացողներին այդ քարոզության հիմարությամբ, որ այդպես էր թվում շատ անհավատների: Առաքյալը տեղեկացնում է կորնթացիներին, որ հրեաները անվերջ նշան են հայցում, Աստծուն հավատալու համար: Իսկ հեթանոսները իմաստություն են փնտրում: Առաքյալը քարոզում է հավատացյալներին խաչված Քրիստոսին, որը գայթակղություն է հրեաների համար և հիմարություն է հեթանոսների համար: Բայց կան նաև կանչվածներ և՛ հրեաներից, և՛ հեթանոսներից, որոնց համար Քրիստոսը Աստծու զորությունն ու իմաստությունն է: Բազմաստվածության կրոնի հետևորդները չեն կարողանում ընկալել, որ Քրիստոս Աստված անհատականություն է, և այդ անհատականություն Աստվածը կարող է խաչվել: Նույնիսկ հրեաները դրան չէին հավատում ըստ այն խոսքի, որ նզովյալ է այն մարդը որ կախված է խաչից: Այդ պատճառով էլ Աստծու հիմարն ավելի իմաստուն է քան մարդկային իմաստությունը. նույնպես Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը:
Ինչո՞ւ է այս խոսքերը գրում քրիստոնեական եկեղեցուն, որովհետև նրանց մեջ բաժանումներ էր սկսվել՝ հպարտության պատճառով: Ուստի առաքյալը փաստում է, որ Աստծու հիմարը ավելի իմաստուն է, որպեսզի իրենց մի բան կարծողները հասկանան, որ Աստծու առաջ հպարտ մարդը զազրելի է: Քանի որ Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին: Ընտրեց տկարներին, որպեսզի ամաչեն իրենց զորեղ կարծողները: Այս բոլորը նրա համար արեց Աստված, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծու առաջ: Քրիստոսն է Աստծուց եկած իմաստությունը, զորությունը, արդարությունը, սրբությունը, փրկությունը: Հիսուս Քրիստոս Աստծու սիրո հայտնությունն է. եթե մեկը կամենա պարծենալ, թող պարծենա Տիրոջով: Իհարկե երբ այս տողերը կարդային Պողոսյաններն ու Ապողոսյանները, Կեփասյաններն ու Քրիստոսյանները, անշուշտ անդրադարձ պետք է ունենային, քանի որ սրանք արթնության կոչեր են ուղղված Պողոսից: Հեթանոսները համարում էին, որ խաչը մահվան անպատիվ մի գործիք է, որին հավատալը անհեթեթություն է, իսկ պողոսի քարոզության թեման Քրիստոսի խաչն ու հարությունն է: Ինչպես կարող էին կորնթոսի եկեղեցում այլ բան մտածել և պառակտում առաջացնել հավատացյալ հոտի մեջ, որը մեծ չէր, և հատկապես որ գտնվում է հեթանոսների մեջ: Բնականաբար միջավայրի ազդեցությունը մեծ կարող էր լինել նորաստեղծ քրիստոնեական համայնքի վրա, քանի որ իրենց աչքի առջև հրեաները մշտապես գերբնական մի նշան են փնտրում հավատալու համար, իսկ հույները ձգտում են փիլիսոփայության և իմաստության: Այս երկու ուժերի միջև Պողոսը քարոզում է Խաչյալ Քրիստոսին և համոզում է, որ Նա Աստծու զորությունն է: Սա վիճաբանությունների մեծ դաշտ էր բացում հրեաների և հեթանոս հույների առջև, քանի որ նրանք կարծում էին, որ Քրիստոս անզորությունից խաչվեց և մեռավ խաչի վրա: Գուցե հրեաները կամենում էին այնպիսի Մեսիա, որից ցանկացած ժամանակ կարող են երկնային նշան հայցել: Բայց Քրիստոս երկնային նշան ցույց տվեց, երբ ժամանակը հասավ, ոչ թե երբ հրեաների քմահաճույքն էր պահանջում; Մնացած բոլոր հրաշքները Տէր Հիսուս գործում էր, երբ կարիքը կար, բայց ո՛չ երբեք, երբ փարիսեցիներն էին պահանջում; Բայց այս բոլորը հասկանալու համար պետք է, որ հրեաներն էլ հեթանոսներն էլ Պողոս առաքյալի խոնարհությունից ունենային, որ Աստված երևար նաև իրենց: Այն բանի համար էր հանդիմանում Կորնթոսի եկեղեցուն, որ նրանք վերցնելով Աստծու արդարությունը, իմաստություն և զորությունը, գործածում են մարդկային նկատառումներով և բաժանումներ են առաջացնում դարձյալ մարդկային հպարտությունը մեջտեղ բերելով, մոռանալով Աստվածայինի մասին:
Առաքյալը ևս մեկ կարևոր սկզբունք ունի, որ անկախ նամակի բովանդակությունից, խաղաղություն և շնորհ է մաղթում այն համայնքին, որին ուղղված է նամակը: Առաջին գլխից մեր վերցնելիք դասն այն էր, որ եկեղեցին չի կարելի բաժանել հոգևորականների միջև և իրենց անունով, որ պատճառով կարող ՝ բաժանվել հավատացյալ համայնքը: Որովհետև եկեղեցին ունի մեկ և միակ գլուխը՝ Տէր Հիսուս Քրիստոս: Առաքյալը երբ հիշատակում է այդ անունները, որոնց մեջ կա նաև իր անունը, ամենևին չի հրճվում դրանից, որ իր անունով կա մի կրոնական խմբավորում, որ իրենից բացի ոչ ոք չի ընդունում; Նույնը վերաբերում է Կեփասյաններին, որոնք Պետրոս առաքյալից բացի ուրիշ մելի խոսքը չեն ընդունում; Ապողոսին գիտենք արդեն, որը սովորեց քարոզել Պրիսկիղայից և Ակյուղասից: Ապողոսի հետևորդները չեն ուզում լսել նախորդ երկուսին; Իսկ ովքե՞ր են Քրիստոսյսնները: Կամ Պողոս առաքյալը խորհրդանշական է ասում այս անունը, կամ էլ Քրիստոսյսնները այն խմբավորումն է, որը Քրիստոսից բացի չի ընդունում ո՛չ մի առաքյալի խոսք: Եթե մենք նայենք մեր եկեղեցիներին, մեր հավատացյալներն էլ բաժանված են ըստ քահանաների համակրանքի; Սա առաջանում է հավատի տկարությունից և Աստծու խոսքի երերուն գիտելիքից: Տեսա՞ք, սիրելիներ, թե միայն առաջի գլուխը ինչքան բան սովորեցրեց մեզ, որը մենք նույնիսկ սխալ էլ չէինք համարում: Բայց Պողոս առաքյալը սիրում էր Կորնթոսի այդ համայնքին, որի ստեղծման գործում մեծ ջանք ուներ և ինչպես վերևում նշեցինք, մեկուկես տարի ապրել էր նրանց հետ՝ կորնթոսում:
Սիրելիներ, մենք խոսեցինք այն մասին, որ Կորնթոսը փիլիսոփայության և իմաստասիրության դպրոցների քաղաք էր, և այդ քաղաքում դժվար է որևէ մեկին ինչ որ նոր գաղափարներով զարմացնել: Դրա համար է առաքյալը գրում, որ ինքը ճարտար խոսքերի քարոզիչ չէ, և նրա խոսելու ոճը աչքի չի ընկնում խոսքի գերազանցությամբ, այլ առաքյալի նպատակն է եղել մարդկանց մեջ տեսնել Հիսուս Քրիստոսին և ուրիշ ոչինչ: Թե ի՛նչ տկարություն է ունեցել Պողոս առաքյալը, պարզ գրված չէ, բայց ինքը խոսում է իր տկարության մասին, որ այդ տկարությամբ է քարոզել հատկապես խաչյալ ու հարուցյալ Քրիստոսին, ինչը անհասկանալի է եղել տեղի հեթանոսների համար, որոնք խճճված էին աստվածների լայն տեսականու մեջ: Իր տկարությամբ հանդերձ Պողոս առաքյալը չի վախեցել ոչ մի իշխանությունից և որևէ հալածողից, բայց ասում է, որ վախով և դողով եղա Աստծու խոսքի հանդեպ: Սիրելիներ, մեծ է տարբերությունը պարզ մարդու, որը Աստծուն ճանաչում է Սուրբ Հոգով, և այն մարդու միջև, որը Աստծուն ճանաչում է բնությամբ, և չի տեսել Սուրբ Հոգու շնորհն ու քաղցրությունը: Ով Աստծուն ճանաչում է Սուրբ Հոգով, ինչպես Պողոս առաքյալը, նրա սիրտը այրվում է Աստծու սիրուց գիշեր ցերեկ, և նրա հոգին այլևս չի կապվում աշխարհի հետ:
Իսկ այն սիրտը, որը չի զգացել Սուրբ Հոգու քաղցրությունը, նա ամեն ինչով կապված է աշխարհին, հարստությանը, փառքին, թեպետ գիտե, որ Աստված կա: Պողոս առաքյալը սուրբ Հոգով էր ճանաչում Աստծուն և գիշեր ու ցերեկ չէր դադարում քարոզել ու պատմել Քրիստոսի խաչելությունն ու Հարությունը: Պողոսը չէր կամենում, որ մարդկանց հավատը հիմնված լինի մարդկային իմաստության վրա, այլ՝ Աստծու զորության: Որովհետև հավատի ընդունման կերպերը տարբեր է նաև մեր օրերում; Մի մասը հավատում են զգացմունքային ֆոնի վրա: Մի մասը հավատում է հրաշքների միջոցով: Սա ոչ թե վատ է, այլ զգացմունքները գալիս գնում են, կամ հրաշքներ միշտ չէ որ պատահում է, հետևաբար այսպիսի հավատքը երերում է ժամանակի ընթացքում; Աստծու խոսքի զորությունը պետք է լինի մարդու հավատի հիմքը; Այսպիսի զգացմունքային հավատը ընդունված էր հեթանոսների շրջանում: Իսկ առաքյալը Աստծու իմաստությունը քարոզում է այն հոգեպես կատարյալ մարդկանց, որոնք պատրաստ են ընդունելու այդ իմաստությունը: Այդ իմաստությունը աշխարհինը չէ, դրա համար ծածկված է մարդկանցից, որովհետև չկամեցան ճանաչել Աստծու իմաստությունը: Իսկ առանց Աստծու իմաստությունը ճանաչելու, նրանց քայլերը նրանց տարան մարդու Որդու խաչելությանը: Առաքյալն ասում է,- Այս աշխարհի իշխաններից ո՛չ մեկը չճանաչեց Աստծու իմաստությունը, որովհետև եթե ճանաչած լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի: Ո՞ւմ է ուղղված առաքյալի այս խոսքերը: Առաքյալը չի պարզաբանում, թե իրականում ո՞վ խաչեց փառքի Տիրոջը: Հարց է առաջանում, թե՝ իրո՛ք, ո՞վ խաչեց Հիսուս Քրիստոսին, հարցը հետաքրքիր է նաև մեր օրերում; Պոնտացի Պիղատոսը տվե՛ց հրամանը, բայց չէ որ նա ձեռքերը լվաց այդ գործից: Քահանայապետնե՞րը խաչեցին, որոնք ամբոխին սովորեցրին աղաղակել,- խա՛չը հանիր, չէ՞ որ իրենց ձեռքով չխաչվեց: Հռոմեական զինվորնե՞րը խաչեցին, չէ՞ որ նրանք միայն հրաման էին կատարում: խաժամուժ ամբո՞խը խաչը հանեց Հիսուսին, բայց չէ որ նրանք նախորդ օրը գոռում էին օվսաննա, բարձրյալ Աստծու Որդի: Ո՞ւմ վրա է այդ պատասխանատվությունը: Պողոս առաքյալը չի լուսաբանում կոնկրետ մարդկանց անուններ: Սիրելիներ, բայց երբ Աստվածաշնչի լուսավոր ճառագայթները ընկնում են դարերի պատմության վրա, մենք հասկանում ենք որ Քրիստոսին խաչեցին այն մարդիկ, որոնք աշխարհի հոգին էին ընդունել, և ո՛չ թե Աստծու: Այսօ՛ր էլ աշխարհը իր հոգով խաչում է Քրիստոսին, քանի որ չընդունեց այն հոգին, որն Աստծուց է, և չընդունեց նաև Աստծու իմաստությունը:
Ո՛չ մի նշանակություն չունի իշխանությունը քաղաքակա՞ն է, թե՞ հոգևոր, եթե աշխարհի հոգին ունի, ուրեմն նա է խաչել և այսօր էլ խաչում է Հիսուս Քրիստոսին; Ի՞նչ ենք մտածում մենք: Կարևոր չէ, գտնել մեղավորին, թե ո՞վ խաչեց; Կարևոր է թե այս ամենը իմանալուց հետո, ի՞նչ է մե՛ր դիրքորոշումը՝ Աստծու հոգին մաքուր պահելու հարցում; Կամ նշվածներից ո՞ր խմբի մեջ ենք մենք այսօր: Պիղատոսի՞, քահանայապետի՞, ամբոխի՞, զինվորի՞, թե Մարիամ Աստվածածնի, որը ցավից ուշաթափվում էր խաչի մոտ:
Մինչդեռ Աստված իր սիրելիների համար երբեք չծածկեց իր խորհրդավոր թաքուն իմաստությունը: Քանի որ առաջին դարի քրիստոնյաները և առաքյալները մշտապես սպասում էին Տիրոջ Գալստյանը, քանի որ վստահ էին, որ Աստված իրենց համար պատրաստել է այն, ինչը ուրիշները չտեսան ու չլսեցին: Ո՛չ ոք չգիտե Աստծու խորհուրդները, եթե ոչ Աստծու հոգին: Առաքյալը մարդկանց բացատրում է մարդկանց միջև եղած տարբերությունը, որը շատ հաճախ մենք էլ չենք տարբերում; Մարդը կարող է ապրել և ընդունել աշխարհի հոգին, և ապրել աշխարհի մեջ, բայց այսպիսի մարդը չի կարող քննել այն մարդուն, որ դարձյալ ապրում է աշխարհի մեջ, բայց ընդունել է Աստծու հոգին; Աստծու հոգին առած մարդը կարող է քննել աշխարհի հոգին առած և աշխարհում ապրած մարդու գործերը: առաքյալը Աստծու հագին էր ընդունել, դրա համար ուսուցանում էր Հոգու Վարդապետությամբ, և հոգևոր բաները հոգևոր խոսքերով էր բացատրում: Մենք շատ ենք նկատում, որ ո՛չ հոգևոր մարդը Աստծու հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև դա հիմարություն է նրա համար: Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ, և ինքը ոչ ոքից չի քննվում, այն պարզ պատճառով, որ հոգևոր մարդը գիտե իր խոսքը ասելու ժամանակը, իմաստը, օգուտը, գիտե նաև իր լռելու ժամանակը: Այսինքն ինչպես պողոսն ասում է, երկյուղ ունի Աստծու խոսքի հանդեպ, որ քարոզում է; Իսկ աշխարհի հոգին ստացած մարդը ուշադիր չէ իր խոսքի նշանակության վրա: Պողոս առաքյալը ո՛չ թե իր արտաքին հմայիչ տեսքով, կամ հռետորական ճառերով դարձավ լսելի համայն աշխարհին, այլ՝ իր չափավոր ու իմաստալից մտքերով, որ բխում էր Սուրբ Հոգու շնորհով: Մենք իմացանք, որ կորնթոսում բավական լուրջ հարցեր են ծագել Պողոս առաքյալի բացակայության ժամանակ, և այդ լուրերը այժմ հասել են Պողոսին, և Նա իր խոսքի մեջ հիշեցնում է կորնթացիներին, որ երբ իրենց մոտ էր, իրենց հետ խոսում էր ոչ թե որպես հոգևոր մարդիկ, այլ որպես մարմնավորներ: Ավելի հստակ նրանց անվանում է մանուկներ, որոնք դեռ կաթ են ուտում, ո՛չ թե կերակուր: Բայց անցել է ժամանակ և կորնթոսի եկեղեցին դարձյալ մանուկի վիճակում է, և մարմնավոր վիճակում է: Քանի որ նրանց մեջ տեղի ունեցած բաժանումները չափազանց մտահոգում է Պողոսին, որովհետև երբ հոգևոր միջավայրում բաժանում տեղի ունեցավ, ուրեմն չարը գործում է այնտեղ: Այդ մասին փարիսեցիների ասաց մեր Տէրը, թե իր մեջ բաժանված ամեն տուն կործանման է ենթակա: Մենք վերևում անդրադարձանք, որ կորնթոսի եկեղեցու մեջ առաջացել էին տարբեր խմբավորումներ, տարբեր անուններով, որը չէր բխում քրիստոնեական վարդապետությունից:
Առաքյալը նրանց գրում է, որ հիմա էլ չեմ կարողանում ձեզ հետ խոսել որպես հոգևորներ, քանի որ մարմնավոր մարդկանց պես եք մտածում: Միթե Պողոսը, Ապողոսը, Կեփասը ձեզ հույն Քրիստոսի մասին չէին քարոզում, ինչպես կարող եք դուք բաժանվել մարդկային մտածումների համաձայն: Միթե Քրիստոսին կարող եք բաժանել, չէ որ Նրա Պատմուճանը ամբողջական մնաց և չբաժանվեց մասերի: Այդ մարդկանցից մեկը տնկել է, մյուսը ջրել է, բայց Աստված է, որ աճեցրել է: Պողոսը, Ապողոսը և Կեփասը միայն Աստծու հոգևոր խոսքի մատուցողներն են, ո՛չ թե խոսքի տերերը: Ուրեմն պետք է համախմբվել ո՛չ թե մարդկանց շուրջ, այլ՝ Աստծու, ով ասաց այդ խոսքերը: Սիրելիներ, մենք կարող ենք մտնել մի հանրային վայր և մեզ հրապուրի այդտեղի սպասարկումը, որը իրականացվում է որոշակի մարդկանց միջոցով: Բայց այդ կազմակերպությունը ունի տեր, որը լավ է կազմակերպել այդ աշխատանքները և սպասարկումը: Առաքյալները հոգևոր խոսքի սպասավորներ են, այդ խոսքի մատուցումից պետք է գոհ մնան իրենց լսողները, որպեսզի փառաբանեն Աստծուն՝ այդ սպասարկման համար: Այսպիսի մի հոգևոր սեղանի սպասարկում է մեր Սուրբ Պատարագը, որտեղ ամեն ոք գիտե իր անելիքը, հիանալի մատուցվում է Պատարագը, բայց թեման Քրիստոսն է, իսկ թեման մեզ մատուցողը՝ խորհրդակատար քահանան է: Դու հողի մեջ տնկում ես մերկ սերմը, մեկ ուրիշը ջրում է այդ սերմը, իսկ հողից կատարյալ պտուղ՝ բոլորովին այլ տեսքով դուրս բերողը Աստված է: հետևաբար ամեն կատարյալ բանի հետևում կանգնած է Աստված, որն այդ կատարելությունը մեզ մատուցում է պատկան մարդկանց միջոցով: Քրիստոսի Մարմինն ու Արյունը մեզ փոխանցում է Պատարագիչ քահանան, բայց մեր ներսում Իր զորությամբ գործում է Ինքը՝ Աստված: Ուրեմն ամեն ինչում փառքը Աստծո՛ւնն է, ո՛չ թե Աստծուն մեզ ներկայացնողինը: Առաքյալը այս պարզ բաներն էր ուզում բացատրել Կորնթոսի եկեղեցուն, որը հայտնվել էր բաժանումների մեջ: Պողոս առաքյալը այս բաները բացատրելու ժամանակ մի հետաքրքիր միտք է արտահայտել իր նամակում, ասելով,- Մի բան չէ նա, ով տնկեց, ո՛չ էլ մի բան է նա, ով ջուր տվեց, այլ Նա՛, ով աճեցրեց: Այս խոսքերը ամենևին չի՛ նսեմացնում ո՛չ Պողոսին, ո՛չ Ապողոսին, ո՛չ էլ Կեփասին:
Այլ առաքյալը կամենում է ասել որ Քրիստոսի զինվորները բոլորը մեկ են, նույնն են, և նշանակություն չունի, թե ո՞վ է քարոզում, ո՞վ է մկրտում, ո՞վ է Պատարագ մատուցում, այս իշխանությունն ու զորությունը Աստծուց է: Իրենք իրենց վարձը կստանան՝ ըստ իրենց ծառայության հավատարմության: Եկեղեցու սպասավորները Աստծու գործակիցներն են, իսկ հավատացյալ հոտը՝ Աստծու այգին: մենք գիտենք, որ Պողոսը չի քարոզել այնտեղ, որտեղ արդեն մեկ այլ առաքյալ դրել է Աստծու խոսքի հիմքը, այլ ինքը քարոզել է այն վայրերում, որտեղ լուր չեն ունեցել Քրիստոսի անունից: Օրինակ Հռոմի եկեղեցու հիմքը ինքը չի դրել, բայց նրանց էլ է նամակ ուղարկել: Իսկ Կորնթոսի եկեղեցին իր ձեռքով է հիմնվել: Այդ պատճառով է ասում , որ ինքը որպես հմուտ ճարտարապետ դրեց եկեղեցու հիմքը, ըստ Աստծու շնորհի: Բայց ուրիշը կարող է կառուցել այդ հիմքի վրա: Սակայն յուրաքանչյուր կառուցող թող զգույշ լինի իր կառուցածից, որովհետև ոչ ոք չի կարող այլ բան կառուցել, քան Հիսուս Քրիստոսի դրած հիմքը: տեսնում եք, սիրելիներ, թե Պողոս առաքյալը շատ հետաքրքիր գործիքներ է օգտագործում իր խոսքը ընթերցողի մտքին ու սրտին հասցնելու համար: Երբեք չի ասում, թե ես դրեցի հիմքը, այլ ասում է Քրիստոսի դրած հիմքը չի կարող փոխվել որևէ մեկի սխալ կառուցումից: Հաջորդ պարբերության մեջ ևս մի գեղեցիկ օրինակ է բերում, բացատրելու համար մարդկանց իրենց հոգևոր կյանքի և դրա վարձատրության մասին, ովքեր եկեղեցուց ներս ծառայում են: Եթե մեկը Քրիստոսի դրած հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի, որովհետև դատաստանի օրը այդ պիտի երևա: Ինչպե՞ս կերևա: Քանի որ Դատաստանի ժամանակ կրակով պիտի փորձվի մարդու գործերը: Եթե ոսկուց, արծաթից ու թանկարժեք քարերից են մարդու գործերը, ապա կրակը կստուգի և այդ գործերը անշարժ կմնան, ու վարձ կստանան դրա դիմաց; Իսկ եթե մեկի կառուցած գործերը խոտից, եղեգից ու փայտից է, բնականաբար կրակը պիտի լափի փայտն ու խոտը: Վստահ եմ, որ հասկանում եք, որ այս նյութերը փոխաբերական իմաստով է ասում առաքյալը, իր սովորության համաձայն՝ խոսքը հասկանալի դարձնելու համար: Բոլորս էլ գիտենք, որ եկեղեցի չեն կառուցում ոսկուց, կամ խոտից; Բայց նաև գիտենք, որ եկեղեցում ծառայություն կա, որ ոսկի է, ծառայություն կա, որ խոտի արժեք ունի: Այս միտքն է արտահայտում առաքյալի այս տողերը:
Հարց է ուղղում առաքյալը ինչպես Կորնթոսի, այնպես էլ մերօրյա եկեղեցուն՝,- Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք և Աստծու հոգին է բնակվում ձեր մեջ. եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք: Օրինակ հեթանոսների համար տաճար բառը յուրահատուկ հարգանքի է արժանի, քանի որ նրանք մտածում են, որ Աստված միայն այդ տաճարում է ներկայանում մարդկանց և այդտեղ է լսում նրանց: Նույն վերաբերմունքն ունեն նաև հրեաները տաճարի նկատմամբ:Բայց որպեսզի մենք հասկանանք,թե արդյո՞ք ճիշտ է հրեաների և հեթանոսների մոտեցումը տաճարի նկատմամբ, պետք է հիշենք Քրիստոսի հանդիպումը սամարացի կնոջը, որ ասաց, - կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, որ Նրան հոգով և ճշմարտությամբ պետք է երկրպագել, ոչ թե տեղով ու ժամանակով; Անշուշտ եկեղեցին Աստծու տունն է, աղոթքի տուն է, բայց միակ տեղը չէ, որ Աստված ներկա է: Մարդ արարածը կարող է Աստծուն ծառայել ոչ միայն եկեղեցում, այլ նաև իր սրտում, իր աշխատանքի վայրում, փողոցում, և ամենուր: Ամփոփելով իր խոսքը, առաքյալն ասում է, որ ոչ ոք թող իրեն չխաբի, եթե մեկը կարծում է, թե ինքը իմաստուն է այս աշխարհում, թող հիմար լինի, որպեսզի իմաստուն դառնա: Քանի որ այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ: Հատկապես Պողոս առաքյալն է ջանում այս մասին մարդկանց բացատրել ու համոզել, որ մարդկային իմաստությունը ոչինչ է Աստծու առաջ: Գիտե՞ք ինչու: Որովհետև Աստծու տված շնորհը զգալի է Պողոսի վրա, քանի որ նա սկզբից հալածում էր Քրիստոսի եկեղեցուն՝ չափազանց գրագետ և աշխարհի իմաստությամբ լցված: Բայց երբ հանդիպեց Քրիստոսին, չկարողացավ Նրա մեկ հարցին պատասխանել, թե ,- Ինչո՞ւ ես հալածում Ինձ: Պողոսին այդ ժամանակ թվում էր թե ինքը լավագույն ծառայություն է մատուցում Աստծուն: Աստված նրան չպատժեց, իր այդ արարքի համար, այլ՝ ասաց, որ քեզ համար դժվար կլինի հակառակվել Աստծու խոսքին: Սա է պատճառը, որ Պողոս ջանք չի խնայում, որպեսզի իր զգացածը փոխանցի իրենց իսկ փրկության համար՝ Քրիստոսի խաչելությունն ու Հարությունը պահելով իր քարոզի առանցքում: Նամակի այս հատվածն ավարտում է մի գեղեցիկ մտքով, որ մխիթարություն է նաև մեզ համար, որ ասում է,- Մարդկանցից ոչ ոք չպարծենա, որովհետև ձե՛րն է ամեն ինչ. թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանք. թե՛ մահ, թե՛ այն բաները որ կան, թե՛ լինելիքները, ամեն ինչ ձերն է, դուք Քրիստոսինն եք, իսկ Քրիստոս Աստծունն է: Պողոսը ամեն ինչ տեսավ կյանքում, թե՛ իմաստություն, թե՛ գիտություն, թե՛ ծառայություն, բայց վերջում եկավ այն համոզման, որ ինքը Քրիստոսինն է, իսկ Քրիստոս Աստծունը: Ուրիշ իրականություն և ճշմարտություն չկա աշխարհի վրա: Սիրելիներ, մենք կարող ենք հարգանքով վերաբերվել մեր հոգևոր սպասավորների նկատմամբ, բայց երբեք չմոռանանք, որ Քրիստոսն է ամեն բանի սկիզբն ու ավարտը, Նրանով սկսվեց ամեն բան և Նրանով էլ ավարտվելու է: Այս նամակը գրվել է 2000 տարի առաջ, մի՞թե կորցրել է իր վաղեմությունը, և այսօր մենք նույն խնդրի առջև չենք կանգնած, թե՛ անհատներս, թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը, ինչո՞ւ չէ նաև աշխարհը: Դարը դարին է փոխանցում, սերունդը սերնդին է փոխանցում, և այսպես շարունակում ենք ապրել մեղքի մեջ, Աստված շարունակում է համբերել ու սպասել մեր ապաշխարությանը, մինչև Տիրոջ օրը գա հասնի: Կրկնենք մեր այսօրվա վերցրած դասի գլխավոր միտքը՝ Մենք առայժմ հնարավորություն ունենք ջերմանալու Քրիստոսի սիրո կրակից, ինչպես Ի՛նքն էր կամենում, որ այդ կրակը արագ բռնկվի, բայց կգա ժամանակ, որ այդ հնարավորությունը կավարտվի և մենք մեր անտարբերության պատճառով կայրվենք այդ կրակից՝ Դատաստանի ժամանակ: Շատ կարևոր դասեր տվեց մեզ Պողոս առաքյալը՝ իր այս նամակի բովանդակությամբ; Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, յուրացնենք այս նյութը, որն ամբողջովին է մեր մասին է և մեզ է ուղղված նաև այս նամակը:
Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան։ Սաղմոս 1