ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելիներ նախորդ սերտողությունն այն մասին էր, որ Աստված բոլոր հնարավոր միջոցները գործադրում է Իսրայելի ժողովրդին արդարության հավատքի բերել: Նույնիսկ մեջտեղ բերելով ոչինչ չարժող ժողովուրդ և մի ուրիշ անմիտ ժողովուրդ, որպեսզի նախանձախնդրություն առաջացնեն Իսրայելի մարդկանց մեջ: Աստված երբեք չի անտեսել և երբեք չի մերժել այդ անհնազանդ սերնդին, որ իր ժողովուրդն էր: Առաքյալը իսրայելացիների միայն այդ մասին է քարոզում, որ փրկությունը Հիսուս Քրիստոսով է միայն և իր նամակի բովանդակությունը Քրիստոսի հարությունն է և իսրայելի ժողովրդի անհնազանդությունը:Նամակում հետաքրքիր հարց է ուղղում իր ազգակիցներին և անմիջապես հերքում է իր հարցը: Սա առաքյալը խորագիտության դրսևորումն է Քրիստոսին չընդունողների առջև, որպեսզի գրավի նրանց ուշադրությունը: Միթե մերժեց Աստված Իր ժողովրդին,- հարցնում է առաքյալը, և անմիջապես պատասխանում,- Քավ լիցի: Վստահ է, որ Աստված չի մերժել երբեք Իսրայելի ժողովրդին, քանի ինքն էլ իսրայելացի է, Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից: Առաքյալը չի խուսափում վիճելի թեմաներից, տարակարծություններից, քանի որ Սուրբ Հոգին Պողոսի խոսել է տալիս գիշեր ու ցերեկ: Եկեք մի պահ մտնենք Պողոսի դրության մեջ, որպեսզի հասկանանք նրա մտահոգությունը իր ազգի գաղջ վիճակի համար: Բանտարկվեց, հալածվեց, զրպարտվեց, նույնիսկ փորձեցին սպանել իրեն, իր կյանքի գնով քրիստոնեական համայնքներ հաստատեց, բայց երբեք չդադարեց քարոզել Քրիստոսին: Բայց իր խոսքից հասկանալի է դառնում, որ իր չարչարանքի արդյունքը իրեն չի գոհացնում, քանի որ կամենում է որ շատ մարդ դարձի գա, թե հեթանոսներից, թե հրեաներից: Հավանաբար Պողոսն էլ հուսահատության պահեր է ունենում իր կյանքում այդ առումով: Որովհետև հիշում է Եղիա մարգարեին, որը նույն հուսահատության մեջ գանգատվում է Աստծուն Իսրայելի դեմ, և ասում,- Տէ՛ր կոտորեցին քո մարգարեներին և կործանեցին քո սեղանները, և ես մնացի միայն, և այժմ իմ կյանքն են ուզում; Բայց Աստված մխիթարում է Եղիային, ասելով,- Ինձ համար թողել եմ յոթ հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին; Իսկ մի՞թե շատ է այդ յոթ հազարը համեմատած Իսրայելի ժողովրդի հետ: Իհարկե շատ չէ, բայց Աստված հուսադրում է Եղիային, որ այդ յոթ հազարը ապրում են բազմության մեջ և կարող են խմորել ողջ բազմությանը: Այսպիսի զգացողություն կարող է ունենալ այն անձը, որ անձնուրաց ծառայում է Աստծուն և իր ծառայության դիմաց չի տեսնում զգալի և տեսանելի արդյունք: Այսպիսի զգացողություն կարող է ունենալ այն քարոզիչը, որը գիշեր ցերեկ ելքեր է փնտրում Աստծու խոսքը մարդկանց հասցնելու համար, բայց մարդիկ անտարբեր են նրա ջանքերի հանդեպ: Այսպիսի զգացողություն ունեցավ նաև Հովհան մարգարեն, որի քարոզությանը չէին հետևում Նինվե մեծ քաղաքում:
Ոչ ոք չի կարող ասել, որ այս զգացողությունը իր մեջ հպարտություն է պարունակում, թե իբրև ինքը միայնակ է մնացել և բոլորը խոտորվել են; Պողոսը իրավունք ունել այսպես մտածելու, քանի որ իր քարոզության ընթացքում միայն խոչնդոտների ու հալածանքների էր հանդիպում, երբեմն բանտարկության: Բայց Պողոս առաքյալի ցանած սերմերը առատորեն պտուղ տվեցին իր մահից հետո և մինչև մեր օրերը: Պողոսին հայտնի չէր այդ նախանձախնդիր մարդկանց քանակը, բայց Աստծուն էր տեսանելի, այնպես ինչպես որ Եղիային ասաց, որ յոթ հազարը կան որ հավատում են: Առաքյալը նայում էր հրեաների գործերին և կրկին համոզվում էր, որ փրկությունը գործերից չէ, այլ՝ Աստծու շնորհից: Իսրայելի ժողովուրդը իր ողջ կյանքի ընթացքում փնտրեց և սպասեց Մեսիային, Բայց չհասավ իր սպասածին՝ իր խստասրտության պատճառով, բայց նրանք, որ կանչվեցին, նրանք հասան և տեսան Մեսիային: Շատերին Աստված հիմարության հոգի տվեց, աչքեր տվեց, որոնցով չպիտի տեսնեն և ականջներ, որոնցով չպիտի լսեն: Նույնիսկ հրեաների անհավատությունը ծառայեց հեթանոսների փրկության համար: Քանի որ հրեսները չտեսան Քրիստոսին, որպես Աստծու Որդի, իսկ հեթանոսները տեսան և դա եղավ նրանց համար փրկություն: Աստված հայտնվեց հեթանոսների մեջ, որպեսզի նախանձ առաջացնի հրեաների մեջ: Պողոսը իրեն համարում է հեթանոսների առաքյալ, և գոհանում է իր պաշտոնից, որպեսզի դրանով շարժի իր ազգակիցների նախանձը և նրանք փրկություն գտնեն թերևս հեթանոսների դարձի պատճառով: Հռոմի քրիստոնյաները, որոնց որ ուղղված է այս նամակը, կազմված էր դարձի եկած հրեաներից և հեթանոսներից: Առաքյալը հրեաներին հիշեցնում է իրենց նախահայրեր՝ Աբրահամին, Իսահակին և հակոբին և ասում է,- Եթե երեխայրիքը սուրբ է, սուրբ է և զանգվածը, և եթե արմատը սուրբ է, սուրբ են նաև ճյուղերը: Ի՞նչ են նշանակում այս տողերը: Առաքյալը վստահեցնում է հրեաներին, որ ձեր նախահայրերը սուրբ են եղել, դուք ևս պարտավոր եք սուրբ լինել, նրանց նման և ոչ միայն պարծենալ, որ դուք Աբրահամի որդիներ եք: Իսկ դարձի եկած հեթանոսներին դիմելով ասում է, որ չնայած հրեաները կտրվեցին որպես չոր ճյուղ և իրենց փոխարեն դուք պատվաստվեցիք արմատի վրա, դուք ևս հպարտանալու իրավունք չունեք, այլ պետք է ապրեք և սնվեք արմատից: Որովհետև ոչ թե ճյուղերն են արմատի պահում, այլ՝ արմատն է ճյուղերին սնում և պահում:
Գեղեցիկ և պատկերավոր համեմատություն է անում հրեաներին համեմատելով ձիթենու հետ, որոնց ճյուղերը կտրվեցին չորության պատճառով և նրանց փոխարեն պատվաստեցին վայրի ձիթենու ճյուղեր, որ հեթանոսներն են: Հորդորում է հեթանոսների երբեք չհպարտանալ այն բանի համար, բուն ճյուղերը կտրվեցին և դրանց փոխարեն վայրի ճյուղեր պատվաստեցին:Նորադարձ հեթանոսները ոչ թե պետք է հպարտանան իրենց դարձով, այլ՝ վախենան: Որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, չի խնայի նաև վայրի ճյուղերը: Աստված խիստ է կործանվածների հանդեպ, և բարի է հնազանդների հանդեպ, որոնք լսեցին Աստծու խոսքը և դարձան դեպի Աստված, եթե դարձի եկածները մնան բարության մեջ: Աստված կարող է վերստին պատվաստել նաև այն ճյուղերը, որոնք անհավատության պատճառով կտրվել են ձիթենու ծառից: Եթե Աստված պատվաստեց վայրի ձիթենին, ապա որքան առավել կպատվաստի բուն ճյուղերին, որոնք կտրվել են իրական ձիթենուց:Սիրելիներ, ուշադրություն դարձրեք Պողոսի արդարամտության վրա, որ տարբերություն չի դնում հրեայի և հեթանոսի միջև և երկուսին է հավասարապես քարոզում է, մատնացույց անելով Աստծու և՛ խստությունը, որ կարող է չոր ճյուղերը կտրել, և՛ Աստծու բարությունը, որ կարող է նորից պատվաստել բուն արմատի վրա՝ դարձի գալուց հետո: Սիրելիներ, դուք տեսնում եք, որ առաքյալը հավասարապես խոսում է թե հրեաների և թե հեթանոսների հետ նույն հարթության վրա, առանց աչառության, քանի որ Քրիստոս եկավ ոչ միայն հրեաներին այլ նաև հեթանոսների փրկության համար: Նաև չի կամենում, որ հռոմի եկեղեցին անգետ լինի այս հարցում, նաև չի ուզում նրանց տեսնել որպես թե գիտակներ արդարության հավատի մեջ: Աստված խստասիրտ դարձրեց Իսրայելի մի մասին, որպեսզի փրկի հեթանոսների մի մասին և միաձուլի և հիմնի իր քրիստոնեական եկեղեցին՝ ամբողջ աշխարհում: Հրեաները թշնամիներ համարվեցին, միայն հեթանոսների օգուտի համար, որպեսզի նրանք դարձի գան, բայց հրեաները չկորցրին իրենց ընտրյալ ազգ լինելու պատիվը՝ իրենց հայրերի հավատքի համար: Անհնազանդը ողորմություն կգտնի, երբ խոնարհվի Աստծու առջև: Աստծու հարստության, իմաստության և գիտության խորությունը անքննելի է այնպես, ինչպես անքննելի են Նրա դատաստանները: Արդարև ո՞վ կարող է իմանալ Աստծու միտքը:Կամ ո՞վ կարող է խորհրդատու լինել Նրան: Կամ ո՞վ կարող է Նրա փոխ տալ և փոխարենը առնել նրանից:
Աշխարհում ամեն ինչ նրանով է, ամեն ինչ Նրանից է, և ամեն ինչ Նրա համար է: Այս խոսքերով առաքյալը տալիս է իր վերջնական եզրակացությունը Քրիստոսին հավատացող և չհավատացող բազմությանը, որ որևէ մեկը թող չհպարտանա իր հավատքով, քանի որ որևէ մեկը կատարյալ չէ դրանում: Եվ որևէ մեկը թող չհպարտանա իր անհնազանդությամբ և անհավատությամբ, քանի որ չկա մի ծունկ, որ չխոնարհվի Աստծու հարստության, իմաստության, և գիտության առջև: Եթե Աստծու ողորմությունը չլիներ, որևէ մեկը չէր կարող փրկվել ո՛չ իր հավատքով, և ո՛չ էլ առավել ևս իր գործերով; Աստված է ողորմողը: Բայց Աստված կամենում է, որ տկար մարդը հավատարիմ մնա քչի մեջ, գործածության մեջ դնի իր բաժին քանքարը: Իր լապտերի ձեթը անպակաս անի, իր սրտի հողը միշտ պարարտ պահի Աստծու խոսքի համար: Թագավորին դիմավորելու վայել զգեստ ունենա Իր Երկրորդ Գալուստին: Պատրաստակամ տկարը ողորմություն կգտնի Աստծուց, իսկ հպարտ անհնազանդից կվերցվի այն, ինչը կարծում է թե ունի:Սիրելիներ, Պողոս առաքյալը մտահոգ է բոլոր մարդկանց համար, և չի դադարում խոսել ինչպես ժողովարաններում, այնպես էլ նամակներով, որպեսզի կարողանա հաստատ պահել նորաստեղծ համայնքները՝, որ հաստատել են իրենք բոլոր վայրերում: Պողոս առաքյալը հեռու է ամեն տեսակ ծայրահեղական մոտեցումներից և ձևապաշտական ծեսերից, այլ կամենում է, որ Քրիստոսին հավատացող և դավանող ամեն մի նորադարձ քրիստոնյա որպես ճշմարիտ պաշտամունք, իր անձը պահի սրբությամբ՝ հեռու մեղքից և աստվածահաճո կյանքով ապրի: Աստվածպաշտությունն է համարվում կենդանի զոհ, երբ հավատացյալը չի կրում իր վրա աշխարհի կնիքը, այլ կրում է Սուրբ Հոգու կնիքը, որպեսզի կարողանա զատել լավը՝ վատից, Աստծու կամքը՝ մարդու կամքից, հաճելին՝ օգտակարից: Քանի որ քրիստոնյան չի կարող իրեն ավելի գնահատել, քանի իր արժանիքն է, այլ՝ զննելով իր մեջ եղած Աստվածային շնորհը, այն ծառայեցնի Աստծու փառքի համար և իր նմանի օգուտի համար: Քանի որ բոլոր մարդիկ հավասարապես նույն շնորհները չեն ստանում Աստծուց, այլ՝ զանազան են շնորհները Քրիստոսի եկեղեցու տարբեր անդամների: Ոմանց տրվել է մարգարեական շնորհ՝ ըստ իրենց հավատի: Ոմանց տրվել է ծառայասիրության շնորհը: Ոմանց՝ ուսուցանելու շնորհը, շատերի քարոզելու շնորհը: Այս բոլոր շնորհները եթե չծառայեն Աստծու փառքի համար, այլ ծառայեն մարդկային նկատառումներով, կամ անձի հեղինակության համար, այսպիսի շնորհը չի կարող պտուղ տալ և չի կարող գոհացնել Աստծուն: Առաքյալը հռոմի եկեղեցու համար մի օգտակար կանոնադրություն է գրել, որի իրագործման դեպքում քրիստոնեությունը կարող է արագ ծաղկել ամենուր: Այս կանոնադրության կետերը ես կկարդամ ձեզ համար, որպեսզի համեմատենք մեր կյանքի հետ և տեսնեք, թե մենք որքա՛ն սխալ ենք ապրում մեր քրիստոնեական կյանքը, և մեզ համարում ենք քրիստոնյաներ:
Ահա այդ կանոնները, որով պետք է ապրեն ո՛չ միայն Հռոմի, այլ աշխարհի բոլոր քրիստոնյաները:
«Սէր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել. ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգո՛վ եռացէք. Տիրո՛ջը ծառայեցէք. յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք. հաղորդակի՛ց եղէք սրբերի կարիքներին. հետամո՛ւտ եղէք հիւրասիրութեան։ Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք. ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ. համերա՛շխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնա՛րհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք. մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք. ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», - ասում է Տէրը. այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»։ Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին»։ Սիրելիներ Աստված տալիս է շնորհները առատապես, խնդիրը մարդու վերցնելու և Աստծու փառքի համար կիրառելու մեջ է: Այո, առաջին դարում հաստատվեցին եկեղեցիներ, իսկ ինչպես պետք է ապրեն իրենց քրիստոնեական կյանքը՝ այլ մշակույթներից եկած նորադարձ հրեաներն ու հեթանոսները: Պողոս առաքյալը այս աստվածաբանական կանոնադրությունը պատրաստել է համայն մարդկության համար: Ընդ որում այս պատվիրանները քրիստոնյաները պետք է պահեն որպես պատասխան Աստծու մեծ ողորմության դիմաց, որ արել է մարդկության համար: Առաքյալը որ ասում էր ձեր պատրաստեք մարմինները որպես կենդանի զոհ, նկատի ուներ, ոչ թե իրական մարմնի զոհաբերությունը, այլ մարմինը ենթարկել առաքինության կանոններին և ապրել աստվածահաճո կյանքով; Այլ խոսքով քրիստոնյան առաջին հերթին իր միտքն ու սիրտը պետք է նորոգի և ջնջի այնտեղից ամեն անպետք բան և դրանք փոխարինի աստվածային առաքինություններով; Բայց այս ամենը կարելի է անել միայն հավատքի ուժով: Որքան զորավոր է հավատը, այնքան հեշտ է սրտի նորոգությունը: Աշխարհում ամեն բան կարելի է չափել և համեմատության մեջ դնել, բացի հավատից; Որևէ մեկը չի կարող չափել մեկի հավատը: Սակայն յուրաքանչյուր ոք կարող է իր հավատի չափն իմանալ՝ պատվիրանի կատարմամբ, և իր ներքին մարդու վերափոխությամբ: Հավատը զորավո՛ր է, վերստին ծնունդը՝ ակնհայտ է: Հավատը զորավոր է, մարդու ներքին որակները դրսևորվում են արտաքին երևույթների միջոցով, և ճշմարիտ քրիստոնյան անմիջապես հայտնի է դառնում: Առաքյալը նախ նշում է պարգևների զանազանությունը, որոնց իրագործման համար պետք են առաքինություններ, որպեսզի դրանք ծառայեն աստծու փառքի և մեր նմանի հոգևոր շահի համար:
Դրա համար հենց առաջին պատվիրանը սիրո մասին էր, որը պետք է առանց կեղծիքի լինի: Այս համար բանալին է մնացած պատվիրանների: Մարդ արարածի համար ամենադժվար բանը բնական լինելն է՝ առանց կեղծելու: եթե սիրում ենք մեկին, ուրեմն պետք է ներկայանանք մեր բնական վիճակով, որպեսզի հեշտ հասկացվենք; Ավելի լավ է լսել բարկացած մարդու գոռոցը, որը բնական է, քան լսել ներսում նախանձից այրվող, բայց դեմքին ժպիտ ունեցող մեկի փաղաքշական խոսքը: Առաքյալի այս կանոնները հավասարապես վերաբերում են բոլոր մարդկանց՝ ինչպես հոգևոր, այնպես էլ իշխանավոր: Հորդորում է նաև հռոմեացիներին, որպեսզի ամեն մարդ, ով իշխանության տակ է, թող հպատակի նրան, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի: Եղած բոլոր իշխանությունները Աստծուց են կարգված: Այստեղ առաքյալը կտրուկ անցում է կատարում քաղաքական դաշտ և բացատրում իշխանության հետ պահվող հարաբերությունների մասին: զարմանալի է, որ Պողոսը խոսում է իր ժամանակի իշխանության մասին, որ Ներոնն է իշխանության գլուխը, և ասում է, ով հակադրվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում; Իսկ հակառակվողները իրենց դատաստանն են ընդունում: Սա հավիտենական հարց է, որը անվերջ հակառակություն և անհասկացողություն է առաջ բերում մարդկանց միջև: Ընդ որում այս պատգամը գրվել է առաջին դարում, երբ լուրջ պատճառներ կար իշխանությանը չսիրելու և չհնազանդվելու: Բացի հալածանքից որ ամենուրեք էր, կար նաև մահվան դաժան պատիժներ: Ավելի շուտ հեշտ էր հեղափոխություն կազմակերպել այսպիսի իշխանության դեմ, քան հնազանդվել այդպիսի դաժան իշխանությանը: Բայց առաքյալը այլ լուծում է տալիս, նա չի՛ ասում եթե իշխանությունը լավն է, կարո՛ղ եք հնազանդվել,իսկ եթե դաժան է, մի ենթարկվեք: Ո՛չ, միանշանակ ասում է ենթարկվե՛ք, քանի որ Աստծուց է: Ո՞վ կարող է հստակ ասել, թե ո՞ր իշխանությունն է Աստծուց և որը՝ Աստծուց չէ: Պետք է Աստված լինել՝ հստակ իմանալու համար, թե որ իշխանությունն է Աստծուց: Հիշենք մի դրվագ, երբ Քրիստոս կանգնած էր Պիղատոսի առջև և փորձում էր համոզել, որ ինքը իշխանություն ունի իրեն ազատելու, և իշխանություն ունի բանտարկելու: Հիշո՞ւմ եք ի՛նչ ասաց Քրիստոս:
Դու ո՛չ մի իշխանություն էլ չէիր ունենա ինձ վրա, եթե այն քեզ ի վերուստ տրված չլիներ: Ուրեմն ճշմարիտ է ասում առաքյալը, որ ամեն իշխանություն Աստծուց է: Մենք գիտենք իշխանության գլուխներ, որոնք սարսափ են տարածել մարդկանց վրա, ինչպես Ներոնը, այնպես էլ Նաբուգոդոնոսոր արքան: Ինչո՞ւ էր Աստված սրանց կարգել իշխանության գլուխ, որ հալածեն ու կործանեն: Եթե իշխանավորը կամ առաջնորդը վատն է, դա Աստվածային նախախնամություն է որևէ նպատակի համար: Իսկ երբ խռովություն են անում վատ իշխանավորի դեմ, խափանում են Աստծու այդ նախախնամությունը, որը պետք է իրականանար այդ չար մարդու միջոցով: Բայց Առաքյալը մի պահ խոսում է կատարյալ հարաբերությունների մասին, որ պետք է ընթանա իշխանավորի և ժողովրդի միջև: Որպեսզի ժողովուրդը իշխանավորից չվախենա, պետք է բարին գործի և իշխանավորից գովեստի խոսք լսի: Քանի որ նա Աստծուց է կարգված: Իսկ եթե ժողովուրդը չարիք գործի, իշխանությունը վրեժխնդիր կլինի այդ չարիքի համար; Ուրեմն հորդորում է ամեն դեպքում հնազանդվել, մնալով բարի: Ինչու է Պողոսը Հռոմին գրում այսպիսի բաներ: Հռոմը մայրաքաղաք էր, և Պողոսը ակնկալում էր, որ իշխանությանը անպայման կհասնի իր նամակի բովանդակությունը, և հասկանալի կդառնա, որ քրիստոնյաները խռովարարներ չեն, այլ իշխանությանը հնազանդվող մարդիկ են, քանի որ պարտավոր են վճարել բոլոր հարկերն ու տուրքերը: Սա ևս Պողոսի խորագետ քայլերից էր՝ ի պաշտպանություն Հռոմի քրիստոնյա հավատացյալների: Պողոս առաքյալը այս նամակը գրել է առաջին դարում և զգուշացրել է բոլոր հավատացյալներին, որ ժամանակն է քնից արթնանալ, քանի որ փրկությունը իրենց ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ որ հավատացին; Ժամանակն է դեն գցել խավարի գործերը և հագնել լույսի զրահը: Ժամանակն է շարժվել առաքինությամբ, ինչպես ցերեկը, ո՛չ պոռնկությամբ, ո՛չ նախանձով, և կռվազանցությամբ; Բոլոր կանոնների և պատվիրանների մասին խոսելուց հետո պատվիրում է զգեստավորվել Տէր Հիսուս Քրիստոսով և մարմնի համար խնամք չտանել՝ ցանկությունները գոհացնելու համար: Սիրելիներ, կարդալով Պողոս առաքյալի նամակները և գնահատելով նրանց խորությունն ու օգտակարությունը կարելի է ասել որ մի ավետարան է գրել է Պողոս առաքյալը՝ նորաստեղծ քրիստոնեական համայնքների համար, որը ծառայում է մինչև մեր օրերը, հոգևոր կրթություն ստանալու և քրիստոնեական կյանքի մեջ հաստատվելու համար:
Ամեն գլխի մեջ անդրադառնում է մարդկային տկարություններին վերաբերող հարցերին և տալիս է հստակ լուծումներ: Ես ձեզ նամակի սկզբից էլ ասացի, որ այնպիսի տպավորություն ենք զգում նամակներից, կարծես առաքյալը դեմ հանդիման կանգնած է հավատացյալների և խոսում է նրանց համար: Երբեք նամակի տպավորություն չի թողնում ընթերցողի վրա, և կարելի է ասել, որ հոգով կարդալու ընթացքում ընթերցողին է փոխանցվում առաքյալի ներքին ապրումները, ուսուցանելու մեծ ցանկությունը, Քրիստոսի հարությունը քարոզելու մեծ բաղձանքը և սրտացավությունը հավատացյալների տկար հավատքի համար: Հավատքի մեջ զորավորներին առանձին հորդոր է տալիս, հավատի մեջ տկարացածներին պատվիրում է ընդունել առանց երկմտությամբ և առանց տարակուսանքի: Քանի որ զորավոր հավատ ունեցողները իրավունք չունեն մեղադրել կամ դատելու նրանց, որոնք դեռ տկար են հավատքի մեջ և ինչ որ հարցում թերանում են: Քանի որ Տիրոջն են պատկանում իր բոլոր ծառաները, ընկա՛ծ լինեն նրանք, թե՝ կանգնած: Այսինքն ասում է,- ով ուտում է, Տիրոջ համար է ուտում, և գոհություն է հայտնում Աստծուն: Իսկ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում, և Գոհություն է հայտնում Աստծուն: Որովհետև այլևս մարդն իր համար չի ապրում և իր համար չի մեռնում: Եթե ապրում և մեռնում ենք, Տիրոջ համար է մեռնում: Որովհետև այս բանի համար Քրիստոս մեռավ և կենդանացավ, որպեսզի հավասարապես տիրի կենդանիներին և մեռելներին; Այս գեղեցիկ պատգամը ուղարկում է քրիստոնյաներին և նաև մեզ՝ այսօր, որովհետև մի օր բոլորս ենք կանգնելու Քրիստոսի ատյանի առաջ՝ պատասխանատվության համար: Ինչպես մեր արտաբերած ամեն խոսքի, այնպես էլ մեր կատարած ամեն գործի համար մի օր կանգնելու ենք Տիրոջ Առև և պատասխան ենք տալու: Ինչպես որ Եսայի մարգարեի բերանով ասում է,- Կենդանի եմ Ես,- ասում է Տէրը,- որպեսզի ամեն ծունկ Ինձ ծնրադրի և ամեն լեզու Աստծուն դավանի: Եսայ. 45:23 Հետևաբար մեզնից յուրաքանչյուր ո՛ք հաշիվ է տալու միայն ի՛ր համար, ո՛չ իր եղբոր, որին դատում է: Առաքյալի այս խոսքերը հատկապես կիրառելի է պահոց շրջանում, երբ մեկը ուտում է, իսկ մյուսը՝ ոչ, և մեկը մյուսին մեղադրում են; Եթե մեկը կարծում է, որ պահքի օրերին չի կարելի միս ուտել և դա անում է որպես բարություն, ուրեմն պետք չէ որ մեղադրի մեկին, որը միս է ուտում: Այլապես այդ բարությունը կծառայի չարախոսության: Աստծու արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարություն և խաղաղություն և խնդություն՝ Սուրբ Հոգով: Այս մոտեցումը ընդունելի է Աստծու առջև և օգուտ է մերձավորին:
Քրիստոնյաների մեջ երբեմն ծայրահեղության աստիճան է հասնում պատվիրանի կիրառումը՝ հատկապես այլոց նկատմամբ: Երբեմն մեր ,,ուղղափառ փարիսեցիությունը,, վնասում է մեր նմանին և խեղում է քրիստոնեական վարդապետությունը: Հռոմի քրիստոնյաներին ուղղված նամակի 14 րդ գլուխը ամբողջության վերաբերում է ուտելու և չուտելու կանոններին, և խորհուրդ եմ տալիս ուշադրությամբ կարդաք, որովհետև նա՛և միմյանց մեղադրելու հարցն է շատ հասկանալի բացատրում; Քրիստոնյայի կյանքի մեջ անձնուրացությունը և համբերությունը կայանում է նրանում, որ քրիստոնյան պարտավոր է տանել թույլերի տկարությունը, եթե նույնիսկ հաճելի չէ: Քանի որ Քրիստոսն էլ ոչ թե միայն Իր համար հաճելի եղավ, այլ՝ Իրեն նախատողների նախատինքը Իր վրա ընկավ: Ամփոփիչ հորդորն այն է, որ քրիստոնյաները ընդունեն միմյանց այնպես, ինչպես որ Քրիստոս ընդունեց բոլորին՝ ի փառս Աստծու: Առաքյալը շատ է հիշատակում, որ ինքը կանչված է որպես հեթանոսների առաքյալ, բայց ո՛չ այն բանի համար, որ պարծենում է, այլ՝ գնահատելով նորաստեղծ եկեղեցիների երեցների գիտելիքը և հավատացյալների հավատքը, որոշ պատգամներ իր կողմից է ուղարկում նրանց ուսուցման և հոգենորոգության համար: Քանի որ նրանք ունեն բավական փորձառություն՝ միմյանց խրատելու և միմյանցից սովորելու խոնարհություն: Աստված ընտրեց Պողոս առաքյալին, որպեսզի դարձի բերի հեթանոսներին և նրանք ընդունելի ընծա լինեն Աստծուն՝ Սուրբ հոգով նվիրագործված: Բայց այստեղ առաքյալը մի բան ունի պարծենալու, քանի որ Քրիստոս իր միջոցով բազում զորավոր գործեր է արել հեթանոսների հնազանդության համար՝ ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով: Սուրբ Հոգու զորությամբ Տէրը Պողոս առաքյալին առաջնորդեց քարոզելու Քրիստոսի Ավետարանը՝ Երուսաղեմից սկսած: Առաքյալը քարոզել է բոլոր այն վայրերում, որտեղ Քրիստոսի անունը լսած չեն եղել: Իսկ այն վայրերում, որտեղ եղել են Ավետարան քարոզողներ, առաքյալը ուրիշի դրած հիմքի վրա չի կառուցել: Հռոմին նամակ գրելու ժամանակ, Պողոս առաքյալն արդեն ավարտած է եղել քարոզելը՝ իր բնակելի վայրերում, և նամակում տեղեկացնում է, որ մեծ փափագ ունի Հռոմի կողմերն էլ գնալ Ավետարանի օրհնության լիությամբ: Աղաչում է Հռոմի հավատացյալներին, որպեսզի նրանք էլ աղոթքի միություն ունենան իր հետ, քանի որ մեկնում է Երուսաղեմ՝ ծառայության, իսկ Հրեաստանում հավատի դեմ ապստամբողների պակաս չկա: Այստեղ առաքյալը մի ուշագրավ միտ է փոխանցում Հռոմի եկեղեցուն: Առաքյալը գնում է Երուսաղեմ և իր հետ տանում է մակեդոնացիների և աքայացիների հավաքած հանգանակությունը՝ եկեղեցիների կարիքները հոգալու համար:
Առաքյալն ասում է,- Եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, ապա պարտավոր են նրանց մարմնավոր կարիքներին մասնակից լինել: Այսինքն, եթե հեթանոսները, և առհասարակ հավատից հեռու մարդիկ դարձի են գալիս ավետարանի քարոզիչների միջոցով և փրկություն են գնտում, ապա նրանք պարտավոր են քարոզիչների մարմնավոր կարիքներին մասնակից լինեն իրենց հանգանակությամբ, քանի որ Ավետարանի քարոզիչը զբաղված է միայն ուսանելով Աստծու խոսքը և իր սեփական աշխատանքը չունին; Խոսքը Պողոսին չի վերաբերում, քանի որ նա վրանագործ էր, և ապրում էր իր ծախսով, բազում զբաղվածություն ունենալով հանդերձ: Պողոս առաքյալն իր նամակը ավարտում է անուն- անուն ողջույնի խոսքեր հղելով բազմաթիվ մարդկանց, որոնց որ հանդիպել է, որոնց անձամբ ճանաչել է, որոնք որ իրեն ծառայություն են մատուցել: Մի խոսքով բոլորին ողջունում է սուրբ համբույրով: Այս մարդիկ, որոնց նա ողջույններ է հղում, մենք չենք ճանաչում, բայց իր համար թանկ մարդիկ են բոլորը, որոնց հետ նամակագրական կապով ավելի ջերմ է խոսում երկրից- երկիր, քան մենք, որ եկեղեցում կողք կողքի կանգնած ենք ու իրար չենք ճանաչում: Նաև վերջի զգուշացումն է անում Հռոմի եկեղեցուն, որ զգուշանան հերձվածողներից և գայթակղություն առաջացնողներից, քանի որ նրանք Քրիստոսի վարդապետությանը չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին: Այդպիսիները քաղցրությամբ և կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղ սրտերը: Մխիթարիչ խոսքեր է փոխանցում հավատացյալներին, ասելով,- Խաղաղության Աստվածը շուտով պիտի խորտակի սատանային ձեր ոտքերի տակ: Մեր Տէր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ: Հավանաբար Պողոս առաքյալը իր նամակը ուղարկում է Հռոմ՝ Փիբեյի միջոցով, որի անունը սկզբից էր նշել, որպեսզի Տիրոջ անունով ընդունեն նրան, որը ծառայում էր Կենքրայի եկեղեցում: Այս կինը հոգ է տարել շատերի և Պողոս առաքյալի համար, հետևաբար Պողոսն էլ կամենում է, որ Հռոմում նրան ընդունեն և հոգան նրա կարիքները հավուր պատշաճի: Սա է կենդանի եկեղեցու նկարագիրը, որը ծառայել է Քրիստոսին՝ սրբությամբ:
Այսպիսի հարաբերություններ է ակնկալել մեր Տէրը բոլոր քրիստոնյաներից, և այսօ՛ր էլ է ակնկալում: Ավարտվեց հռոմեացիների ուղղված Պողոս առաքյալի նամակը, որը երբ տեղ հասներ, կարող ենք պատկերացնել, թե տեղի եկեղեցիները ինչպիսի խանդավառությամբ պետք է հավաքվեին հավանաբար Պրիսկիղա և Ակյուղաս ամուսինների տանը, որտեղ միշտ հավաքվում են քրիստոնյաները, որպես տնական եկեղեցի, և մեծագույն ուշադրությամբ պետք է կարդային այս օգտակար խորհուրդները և պատգամները, որը մեկիկ մեկիկ ձեռքով գրի է առել Պողոս առաքյալի գրագիրը՝ Տերտիոսը: Պողոս առաքյալը ինչպես արդեն ասել էի սկզբում, ունի 14 նամակ՝ ուղղված ինչպես եկեղեցիների, այնպես էլ անհատների, որոնց մենք կանդրադառնանք հատ հատ, եթե Աստված մեզ կյանք պարգևի և Իր օրհնությունը տա: Նույն Պողոս առաքյալի ողջույնի խոսքով ավարտենք մեր խոսքը՝ հաջորդ նամակների բովանդակությանը անդրադառնալու ակնկալիքով: Հռոմի եկեղեցուն ուղղված նամակը 16 գլխից է բաղկացած:
Տէր Յիսուս Քրիստոսը, որի միջոցով ստացանք շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր մարդկանց, որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին. ամենքի՛դ, որ աշխարհի տարբեր վայրերում եք, Աստծու սիրելիներիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
Տեղեկութիւններ
Ձեր հարցումները
Post Views: 530