ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 15.1-10
1 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: 5 Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ: 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտրի, մինչեւ որ գտնի: 9 Եւ երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ կասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: 10 Ասում եմ ձեզ. Աստծոյ հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կլինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, մեր էջի սիրելի հետևորդներ:
Գոհություն եմ հայտնում Աստծուն այն մարդկանց համար, որոնք լսում են Աստծու խոսքը, և կիրառում են իրենց կյանքում. որովհետև Սուրբ Գիրքը հանդիմանում է Իր խոսքը չլսողներին՝ ասելով, - Լսեցէ՛ք ինձ դուք՝ սրտով մոլորուածներդ եւ արդարութիւնից հեռացածներդ: Սիրելիներ, Աստծու խոսքը լսող մեղավոր մարդն առավել ընդունելի է Աստծուն, քան այն ձևապաշտ փարիսեցին, որի մեղքը թաքնված է իր ձևապաշտության տակ: Ավետարանների բազում օրինակներ կան, երբ փարիսեցիներն ու օրենսգետները հանդիմանում էին Հիսուսին՝ մեղավորների հետ շփվելու համար: Նրանց արարքը մի ճշմարտություն է բացահայտում, որ իրենք շահագրգռված էին միայն իրենց պաշտոնների, իրենց իշխանության և իրենց կեղծ հեղինակության համար: Այդ պատճառով կամ չէին ուզում հասկանալ, կամ իրոք չէին հասկանում Քրիստոսի աշխարհ գալու նպատակը: Աստված աշխարհը սիրո հիման վրա կառուցեց, սիրով արարեց և հանուն սիրո հաստատեց: Գլխավոր պատվիրաններից մեկն էլ որ տվեց, այն է, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի: Կամ սիրեք միմյանց, որպեսզի հայտնի լինի, որ դուք իմ աշակերտնեն եք: Լինել Քրիստոսի աշակերտ, նշանակում է կյանքով արտացոլել Վարդապետի էության բնորոշ գծերը:
Եթե քո կյանքը չի արտացոլում քո ուսուցչի վարդապետությունը, ուրեմն դու Նրան աշակերտ կոչվել չես կարող: Սիրելիներ, երբեմն պատվերը այնքան հստակ է տրված, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չի ունենում: Եթե պահում ես Նրա պատվիրանը, ուրեմն սիրում ես Նրան, իսկ եթե չես պահում, ուրեմն՝ չես սիրում: Ոչ պատճառաբանություններն են արդարացված, ոչ էլ արդարանալն է ընդունելի: Այս վարդապետության ուսուցման պարտականությունը այսօր և միշտ դրված է եկեղեցու սպասավորների ուսերին: Կամ սովորեցնում են մեղավոր մարդուն՝ զղջալու ճանապարհով սիրել Աստծուն և մերձավորին, կամ հավատացյալին մասնակից են դարձնում եկեղեցական կյանքին, մինչև մեղավոր մարդը զգա իր եկեղեցի գալու նպատակը: Մեր աչքի առջև են այսօր մեր հանրության մեծամասնությունը, որը եկեղեցի է հաճախում, պատարագների է մասնակցում ամեն կիրակի, եկեղեցական կյանքի մեջ ակտիվ է, բայց միմյանց ատում են ու չեն հանդուրժում: Ինչպես կարող են այսպիսիք կոչվել Քրիստոսի աշակերտներ, երբ նրանց կյանքը չի արտացոլում իրեն Վարդապետի ուսմունքը:
Ինչու է այսօր մեր քրիստոնյա համայնքը այսպիսի հոգևոր տկար վիճակում, ինքներդ դատեք՝ նայելով ձեր շուրջը: Եկեղեցում քարոզներ լինում են կիրակնօրյա պատարագների մեջտեղում, բայց դա բավական չէ համայնքային կյանքում քրիստոնեական հավատքը զորացնելու համար: Մեզանում ընդունված չէ անհատների կյանքով հետաքրքրվել, այն մեկ կորած ոչխարի նման, որը այդպես էլ կորած է մնում հովվի աչքից, բայց ոչ՝ Հովվապետի, որը աշակերտներին անվերջ այդ մասին էր ուսուցանում, թե արածեցրեք իմ հոտը: Եթե հովիվը ոչխարներին սոված թողնի մի որոշ ժամանակ, նրանց քաշը կնվազի, կտկարանան, կհիվանդանան ու կսատկեն և կորուստ կլինի տիրոջ համար: Նույնը հոգևոր հոտին է վերաբերում: Ո՞վ է այսօր փնտրում կորած ոչխարին: Քանի՞ կորած ոչխար ունենք, քանի՞ մոլորված ոչխար ունենք, Քանի՞ նախանձախնդիր հովիվ ունենք, որն ընկած հատիկ հատիկ փնտրում է Քրիստոսի թանկ արյունով գնված մեղավորներին: Ո՞վ է փնտրում և գտնում կորած ոչխարին, որպեսզի երկնքում ուրախություն լինի այդ գտնվածի մեկ մեղավորի համար:
Ո՞վ է, որ ուզում է ուրախացնել Աստծուն մեր օրերում; Սրանք հավերժական հարցեր են, որոնք լուծում են աղերսում բոլոր ժամանակներում, քանի դեռ Քրիստոսի Ավետարանը քարոզվում է երկրի վրա: Սիրելիներ, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, չեմ ուզում որ անգետ լինեք ձեր փրկությանը վերաբերող հարցերին: Անհատների մեղքերը գումարվելով դառնում է հասարակության մեղք, իսկ հասարակության մեղքը հասարակության վերքն է, որ մարդու ձեռքով չի կարող բուժվել: Զղջում է պետք, անկեղծ աղոթք է պետք, մեղքից հեռանալ է պետք: Իսկ աղոթող սիրտը կարիք չունի աշխարհի լուրերին հետևի, որպեսզի իմանա, թե որքան հիվանդ է այս աշխարհը: Քրիստոնեական հավատքով զորացած կամք ունենանք՝ հնազանդվելու Աստծու խոսքին, և հրաժարվելու մեր կամքից և մանր ու մեծ մեղքերից, որպեսզի մեր աղոթքը պտղաբեր լինի Աստծո առջև: Մենք չենք կարող մեղքի մեջ հաստատվել և աղոթք անել: Քանի դեռ անտեսում ենք սիրո գլխավոր պատվիրանը, մեր աղոթքը անօգուտ խոսակցություն է: Սիրով մնացեք, հույսով ջանացեք և հավատով սպասեք, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօրվա պատգամը լսող հավատացյալներ:
Աղօթենք միասին
Անկեալ առաջի Քո, բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, աղաչեմք ամենայն սրտիւք մերովք եւ խնդրեմք զգթութիւն ի Քէն, որպէս խոստացար ծառայից Քոց եւ ասացեր. «Զամենայն, զոր ինչ խնդրիցէք հաւատով յանուն Որդւոյ ի Հօրէ, տացի ձեզ»: Շնորհեա՛ եւ այժմ հաւատացելոցս ի Քեզ եւ կատարեա՛ ի բարի զխնդրուածս մեր, զի ի Քեզ եմք ապաւինեալ: Եւ Քո առատ ողորմութեամբդ մխիթարեա՛ զմեզ ի կեանս յայսոսիկ եւ առաջնորդեալ հասո՛ յանճառ երկնից արքայութիւնդ ի փառաբանութիւն եւ ի պատիւ Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: