ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.33-17.8
33 Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:
17 1 Յիսուս, երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը. փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի, 2 ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամէնքին, որ նրան տուեցիր: 3 Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ՝ Յիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր: 4 Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. կատարեցի այն գործը, որն ինձ տուեցիր, որ անեմ. 5 եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ այն փառքով, որ ունէի քեզ մօտ նախքան աշխարհի լինելը: 6 Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին: 7 Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուեցիր, ես նրանց տուեցի. 8 եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դու ուղարկեցիր ինձ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ Աստծո խոսքով՝ վաղ առավոտից: Աստված մեզ է հանձնել Իր հոգով գրված այս չքնաղ Գիրքը, որպեսզի այն կարդալով խաղաղություն ունենաք, իմաստություն ձեռք բերենք, և փորձառություն ունենանք դժվարությունների ժամանակ պատվով դուրս գալու փորձության միջից: Քրիստոնյաներիս ոչ ոք հանգիստ ու խաղաղ կյանք չի խոստացել, ոչ մեր Տէրը, ոչ առաքյալները, ոչ մեր եկեղեցու հայրերը: Սակայն մենք խոստում ունենք մեր Փրկչից, որ փորձության մեջ մեզ մենակ չի թողնի, եթե մենք Իրեն ապավինենք: Տէր Հիսուս աղոթքի ժամանակ երկնավոր Հորը հայտնում է այն մարդկանց մասին, որոնք Աստծու խոսքը պահեցին: Նա աշակերտներին աստիճանաբար ներկայացնում է գալիք բաների մասին, որ պիտի կատարվեն: Նրանց ասում է, որ իրենց հետ այլևս առակներով չի խոսելու, այլ ավելի պարզ և ավելի բաց: Քանի որ աշակերտների համար շատ բաներ դեռ հասկանալի չէր: Հիսուս նրանց ասում է,- մինչև ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ:
Իսկ Մխիթարիչը որ գա աշխարհին ապացուցելու է, որ նա սխալ է մեղքի և արդարության հարցում: Հիսուս Քրիստոս այդ սերնդի համար մեղք համարեց այն, որ Իրեն չհավատացին, չհավատացին, որ Նա Հոր մոտից է եկել և որ այս աշխարհի իշխաը դատապարտված է: Եթե ձեզ թվում է թե աշակերտները լիովին հասկացան, թե ինչ ասում իրենց Վարդապետը, սխալվում եք: Հիսուս զգում էր, որ նրանք չեն ընկալում Իր ասածը ամբողջությամբ, բայց սրտով հավատում են: Դրա համար ասաց,- դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ դուք չեք կարող տանել: Նրանց համար մի գեղեցիկ համեմատություն արեց, որպեսզի մտքերը բացվի և հասկական, որ իր մեռնելու և հարություն առնելու մասին է խոսում: Երբ կինը ծննդաբերում է, - ասում է աշակերտներին,- նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամը հասած է, բայց երբ մանկանը ծնի, այլևս չի հիշի նեղությունը՝ ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնվեց: Հիսուս տեսնում էր, որ աշակերտները տխրում են իր այդ խոսքերից, նրանց մխիթարելու համար ասում է, որ ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ և ձեր ուրախությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից: Պատրաստեց մեր Տէրը աշակերտներին Իր չարչարանքներին ականատես լինելու իրողությանը, Նրանց ներկայությամբ խոսեց Հոր հետ՝ աշակերտների մասին: Աշակերտները երկու անգամ ականատես էին եղել մեծ հրաշքին՝ երբ երկնքից լսվել է Հոր ձայնը:
Այստեղ է, որ նրանց ասում է,- եկա Հոր մոտից այս աշխարհը, այժմ թողնում եմ աշխարհը և դարձյալ գնում եմ իմ Հոր մոտ: Իրապես այսպիսի խոսակցությունը մարդ- Աստված հարաբերության մեջ, միայն սրտով կարելի հասկանալ ու հավատալ, այն մարդու մտքին հասու չէ: Տէր Հիսուս Քրիստոս այստեղ խոսելով Երկնավոր Հոր հետ, աղաչում է աշակերտների համար, աղաչում է ոչ թե ամբողջ աշխարհի համար, այլ այն մարդկանց համար, որոնք սիրեցին Իրեն, հավատացին, որ Նա Հոր մոտից է եկել և պահեցին Իր խոսքերը: Հետևաբար Քրիստոսի խաչը կամուրջ դարձավ երկնքի ու երկրի միջև: Քրիստոս ինքը Միջնորդ դարձավ Աստծու և մարդկության միջև: Առաքյալները միջնորդ դարձան հետագայում ձեռնադրվող եպիսկոպոսների, քահանաների և Քրիստոսի միջև: Այդպես շարունակվեց մինչև մեր օրերը՝ մինչև մեր եկեղեցու հոգևոր դասը: Մաղաքիա մարգարեն ասում է,- քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գիտութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը: Իսկ Պետրոս առաքյալը աղաչում է երեցներին, որպեսզի հոժարակամ արածեցնենք իրենց հանձնված հոտը, ոչ թե հակառակությամբ: Ոչ թե շահախնդրությամբ, այլ ըստ Աստծո կամքի: Ոչ թե տիրելով նրանց, այլ օրինակ լինելով հոտի համար: Այլապես ինչպես կստանաք փառքի պսակը, եթե սիրելով չարածեցնեք Իր հոտը:
Աստված թող մերօրյա քահանաներին իմաստություն տա հովվության ժամանակ, որպեսզի հանճարը նրանց առաջնորդի: Մեծ է հոգևոր դասի պատասխանատվությունը իրեն հանձնված հոտի պատճառով, սակայն նվազ կարևոր չէ նաև հոտի նախանձախնդրությունը և պատասխանատվությունը սեփական հոգու փրկության համար ջանք թափելու ձգտումը: Սիրելիներ, մենք կանչված ենք ձեզ քարոզելու փրկության Ավետարանը, դուք կանչված եք լսելու Աստծու խոսքի ճշմարտությունը մեր բերանից: Հավատը լսելուց է, լսելը ջանքից է, ջանքը Աստծու սիրուց է: Իսկ Աստծու սերը անսպառ է, միայն թե կամեցեք վայելել: Մնացեք սիրով, շնորհակալ սրտով, աղոթող շրթներուվ:
Աղօթենք միասին
Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցի՛չ գիշերոյ, որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան՝ ի փրկութիւն անձանց մերոց, եւ զգիշեր՝ ի հանգիստ քնոյ տկարացեալ բնութեանս մերոյ, իսկ այժմ զարթուցեալ բացեր զբերանս մեր յօրհնաբանութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ, ընկա՛լ եւ այժմ զաղաչանս մեր եւ յաջողեա՛ մեզ ուղիղ հաւատով եւ առաքինասէր վարուք ի նոյն պաշտօն Քո կանխել միշտ եւ նովին կանոնիւս անդադար փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն