ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 18.10-14
10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: 12 Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ: Այսօրվա Ավետարանը մեզ պատմում է Քրիստոսի շրթներով իսկ արտասանված մոլորյալ ոչխարի առակը՝ և թե ինչպես մի հովիվ 99 ոչխարները թողած գտնում է մոլորվածին և Իր ուսին դնելով ուրախ վերադառնում է: Կիրակնօրյա բոլոր ընթերցվածքները վերաբերում են մեզնից յուրաքանչյուրին, հոգևորական, թե՝ աշխարհական: Սակայն այսօրվա առակը՝ սիրելիներ, մեզ՝ հոգևորականներիս համար է ասված: Ճիշտ է, ու դուք էլ հովվության եք կանչված ձեր ընտանիքի անդամների համար, սակայն հովվությունը իր լայն հասկացողությամբ պատկանում է մեզ՝ հոգևորականներիս, և այսօր պիտի փորձեմ ավետարանական այս հատվածի միջից քննել ինձ՝ որպես հոգևորական, և տեսնել, թե ես որպես հովիվ ինչքանո՞վ եմ համապատասխանում Քրիստոսի բանավոր հոտը արածեցնելու իմ պարտականությանը: Ինչպիսին որ մեր հավատքն է, այնպես էլ մեր կյանքն է, այնպես էլ կլինի մեր վարձատրությունը Տիրոջից: Մեն հաճախ կարիք ունենք հիշելու Պետրոսին` զղջալու համար, իսկ Հուդային՝ գայթակղությունը մեր ձեռքով չբերելու համար.
Կորոնայի պատճառով հաստատված արտակարգ դրությունը մեզ համար հարկադրված ապաշխարության շրջան եղավ կամ պետք էր որ լիներ: Մենք պետք է քննության ենթարկենք մեր քրիստոնեական կյանքը, և մեր անձերը: Համարենք, որ արտակարգ դրությունից հետո քննություն ենք հանձնլու <<քրիստոնեական կյանք>> առարկայից: Տեսնենք, թե ինչի՞ վրա է հիմնված մեր հավատքը, ի՞նչն է նպաստում մեր հոգևոր աճին, կամ հակառակը՝ ի՞նչն է վնասում մեզ՝ մի քայլ առաջ գնալ: Մեր ներկա վարած քրիստոնյա կյանքը որքանո՞վ է գոհացնում Աստծուն և որքանո՞վ է համապատասխանում Աստվածաշնչյան ճշմարիտ պահանջներին:
Սրանից 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսի անվան դպրոցը տվեց 12 շրջանավարտ: Երեքամյա Դպրոցը Նա հիմնեց անգետ մարդկանցով, և այնպես ուսուցանեց, որ 12 աշակերտները աշխարհը կրթեցին: Այսօր մենք հազարապատիկ ենք, և այլևս աշակերտ էլ չենք, այ քահանա, վարդապետ, եպիսկոպոս և արքեպիսկոպոս, և կրթվում ենք ոչ թե հասարակ դպրոցներում, այլ համաշխարհային աստվածաբանական ու հոգևոր ճեմարանում, սակայն հոգևոր արդյունքը հասարակության մեջ բավարար չէ: Քրիստոնեությունը զարթոնք չի ապրում, հավատացյալ հոտը գաղջ վիճակում է: Որտե՞ղ է խնդիրը, ո՞վ պետք է դարման դնի մեր արյունահոսող վերքի վրա, եթե ոչ հոգևորականները՝ վերից՝ վար: Ո՞րն է ելքը այս վիճակից: Կամ մենք պետք է բարձրաձայնենք մեր թերություննները և շտկենք դրանք, որոնց մասին տարիներով խոսում եմ, կամ հավատացյալ հոտը անգիտության պատճառով մոլորվում է՝ կորցնելով փարախի դուռը և իր հոգու փրկությունը:
Հաճախ ենք հոգևորականներս Դավիթ մարգարեի օրինակը բերում, երբ որևէ մեկը մեզ քննադատում է մեր թերությունը տեսնելով՝ ասելով Դավիթը Տիրոջ օծյալի վրա ձեռք չբարձրացրեց: Բայց ոչ մի անգամ չենք բերում այն լավագույն օրինակը, որ Նաթան մարգարեն բացահայտեց Դավթի մեղքը, և Դավիթը ինչպիսի անդրադարձ ունեցավ և դարձավ ապաշխարության լավագույն օրինակ: Այդ սաղմոսը ամենաշատն է կարդացվում եկեղեցում: Կամ ինչո՞ւ չենք հիշում, և կամ մօռացութեան կուտանք այն՝ որ Տիրոջ Հոգին վերացավ Սավուղի վրայից և տվեց Դավթին: Ա Թագ. 16.12-14
Աստվածաշունչը երբեք չի թաքցրել իր մեծ անուների գործած մեղքերը՝ սկսած Աբրահամից մինչև Պողոս ու Պետրոս: Իսկ մենք խնամքով թաքցնում ենք մեր մեղքերը, որոնք չեն վրիպում մանաւանդ 21րդ դարի հավատացյալ համայնքի աչքից: Դա ազդում է մեր հեղինակության վրա, կորում է վստահությունը մեր և Աստծո խոսքի նկատմամբ: Դրա արդյունքում այսօր ունենք այնպիսի հավատացյալ հոտ, որը պատրաստ չէ որևէ մեծ ու փոքր փորձության դիմակայելու: Խոսքը բոլոր հավատացյալներին չի վերաբերում, նրանք, որոք Աստվածաշնչի գիտակ են սրտով, գուցե նրանց համար հոգևորականի սխալը այլևս գայթակղություն չլինի: Բայց մենք տեղյակ ենք մեր հավատացյալ հոտի հոգևոր որբության մասին: Ժողովրդի լայն մասսաները հայտնվել են քաղաքական դաշտի պատերազմի կիզակետում՝ մոռանալով իրենց հոգևոր կյանքը: Ինչի վառ օրինակը այսօր մեր աչքի առջև է՝ վերջին իրադարձությունների պատճառով: Սա՞ է մեր ունեցած հավատը, այսպիսի՞ հավատք և առաքելություն է մեզնից պահանջում մեր Տէրը:
Եթե այսօր Հիսուս Քրիստոս շրջեր մեր եկեղեցիներում, ի՞նչ կտեսներ ձեր կարծիքով. Միայն քրիստոնեական արտաքին կանոնների կատարում եկեղեցիներում. Ժամերգություններ՝ առավոտյան- երեկոյան պարտադիր, կապ չունի հավատացյալը հասկանում է, թե՝ ոչ: Պատարագներ՝ ամեն կիրակի, կապ չունի հավատացյալը ներկա է, թե ոչ (կարող են ուղիղ եթերով նայել),Բարեպաշտական սովորություններ, ավանդություններ, ծեսեր, մոմավառություններ, խաչերթեր և այլն: Անկեղծ լինենք ասելով, թէ՝ Հավատացյալը եկեղեցում Քրիստոսին չի գտնում: Սա՞ է մեր հավատքն ու առաքելությունը.. Մենք հոտի հոգևոր պահանջները բավարարելու համա՞ր ենք, թե՞ միայն ծեսերի անխափան կատարման: Մենք Քրիստոսի հոտը արածելու՞ համար ենք թէ մենք մեզ արածելու: Մեծամասնություն կազմող, մկրտված քրիստոնյա հավատացյալների եկեղեցական պարտականությունը Պատարագների մասնակցությունն է ամեն կիրակի՝ առանց սեփական կյանքի մեջ որևէ դրական փոփոխություն նկատելու: Ընդհանրական և անհատական խոստովանություններին մասնակցել, զղջումի կարևորությունը չգնահատելով: Սնոտիապաշտական սովորությունները դեռևս չեն լքել 21 րդ դարի հավատացյալների բազմությանը:
Այո, մենք այսպիսի քրիստոնյանե ենք: Պատարագի ժամանակ կանգնելու պահերը գիտենք, նստելունը՝ նույնպես, կանայք գլխաշոր են կրում անպայման, տղամարդիկ գլխաբաց են: Երկրպագությունները մինչև գետին խոնարհումով է, << Ամենները >>՝ սրտաբուխ: Երգելու պահերը միանում ենք երգչախմբին, երբեմն այնքան ոգևորված ենք, որ նույնիսկ քահանայի բաժինն էլ ենք երգում: Սա՞ է մեր հավատքը, ուսուցումը և առաքելությունը... Մեղքերի խոստովանության ժամանակ ծնկի ենք գալիս և այնպես ենք մեր կուրծքը ծեծում որ հարվածների ձայնը լսվում է ողջ եկեղեցով: Այո մենք խոստովանում ենք, չնայած , որ շատ ժամանակ չենք հասկանում թե ինչ են կարդում այնտեղ, և շատ յաճախ կարդացողն էլ չգիտի, բայց կարգն այդպես է: Այսպիսի՞ հավատք է պահանջվում մեզնից մեր Տէրը:
Տեր ողորմեան էլ երգում ենք, ու հանգիստ խղճով մոտենում հաղորդություն ստանալու՝ զրուցելով, երբեմն միմյանց նկատողություն անելով, մոտենում ենք սրբությանը…..մեր ականջի տակ լսելով՝ այս միապաղաղ խոսքերը, թե՝ ովքեր կերել են, խմել են, պատրաստ չեն, մկրտված չեն,, թող չմոտենան հաղորդությանը, կանաք՝ միայն գլխաշորով և առանց շրթներկի: Այո, այս բոլորը անում ենք պարտաճանաչ ձևով, առանց զլանալու, որովհտև սրանք եկեղեցու կարգ ու կանոններն են, եկեղեցու օրենքներն են: Այս վիճակը տարիներով նույնն է, ու անփոփոխ : Մինչդեռ Ավետարանն ահազանգում է ամեն օր՝ չլռելով: Սա՞ էր պահանջվում մեզնից՝ հոգևորականներիցս: Ո՞վ է պատասխանատուն՝ ժողովրդի հոգևոր այս անմխիթար վիճակի համար: Նրանց հոգևոր աճի և փրկության համար, չէ որ մեզնից է պահանջվելու նրանցից յուրաքանչյուրի արյունը: Եթե նրանց մասին չենք մտածում, մի՞թե մեր մասին էլ անհոգ ենք այդքան:
Իսկ եթե հանկարծ եկեղեցու դռանը հանդիպենք Տէր Հիսուսին, որը հարց տա մեզ՝ կարգապահներիս. Գիտե՞ք արդյոք, թե ով խաչեց ինձ: Օրինապահ կարգապահները, որոնք ոչ մի օրենք չէին խախտում: Հիշո՞ւմ եք, Նույնիսկ ինձ զգուշացնում էին, որ իմ աշակերտները առանց լվացվելու էին հաց ուտում: Մի՞թե չեք հիշում, որ Հուդան էլ հաղորդություն ստացավ իմ ձեռքից և սատանան մտավ նրա մեջ: Մի՞թե այս անելով դուք քահանայության պսակ եք ակնկալում ինձնից: Խոսեք ինձ հետ, դուք քահանաներդ, որ այսօր ոչնչով տարբեր չեք քահանայապետներից ու փարիսեցիներից: Մի՞թե ես խաչվեցի, որ դուք արտաքին օրենքներով ապրեք: Մի՞թե դեռ 2000 տարի այդքանը հասկացաք: Մի՞թե չլսեցիք, որ ես օրենսգետներին սպիտակեցրած գերեզման անվանեցի հենց այդ պատճառով: Ինչո՞ւ եք ինքնախաբեությամբ զբաղված, հետևելով արտաքին ձևապաշտությանը, մոռանալով ներքին մարդու փոփոխությանը և վերածննդին: Մի՞թե կուրծքը ծեծելը մեղքից հրաժարվել է, ես ձեզնից զոհ չեմ ուզել, այլ՝ ողորմություն միմյանց նկատմամբ, եկեղեցում կուրծք եք ծեծում, փողոցում միմյանց եք ծեծում ու հայհոյում: Տգիտությունն ու տկարությունն են մեղքի աղբյուրը: Ոչ սովորել եք ուզում, ոչ էլ սանձահարում եք ձեր ցանկությունները: Ինչպե՞ս վարվեմ ես ձեզ հետ, որ ձեզ հանձնեցի իմ գառները՝ արածեցնելու համար: Չե՞ք կարդացել որ Գրված է՝ Երբ գամ հավատ կգտնե՞մ.
Բայց սպասեք, հոտը միշտ էլ գլուխը կախ արոտ է անում, երբեմն էլ արածելով հատում է նախատեսված սահմանը և մտնում օտարի դաշտ արածելու: Հոտը ինքը պատասխանատու չէ իր համար և միմյանց համար, նրանք հանձնված են ձեր՝ հովիվներիդ հսկողությանը և հովիվն է պատասխանատու ամեն մեկ ոչխարի կորստի համար: Հովիվներ, մի՞թե չեք հիշում, թե ինչ հարցրի Պետրոսին և ինչ հանձնարարեցի նրան՝ թե արածեցրու իմ ոչխարներին: Եթե սայթաքել եք Պետրոսի պես, վեր կացեք, հոտը ձեզ է սպասում, բացեք դռները և ներս առեք ձեր հիվանդ գառները, բուժումը երկար ժաամանակ է ուզում: Կարևորը հերթականությամբ ծեսեր անելը չէ, կարևորը անելու նպատակն է: Այս էր իմ ասելիքը ձեզ՝ այսօրվա քահանաներ ու քահանյապետներ, որ հանձն եք առել իմ լուծը, վերցրել եք իմ խաչն ու Ավետարանը, ոչ ինքներդ եք մտնում, ոչ էլ ուրիշին եք թույլ տալիս:
Իսկ մենք՝ հոգևորականներս մնացինք եկեղեցու դռների միջև շվարած՝ մեր հանդիմանանքի պատճառով: Եթե այս պահին Քրիստոս չէր մեզ հանդիմանողը, ուրեմն Ավետարանն էր աղաղակում: Սա՞ է մեր հավատքը, որ մանանեխի հատիկի չափ էլ չկա: Գրված է, սիրո՞ւմ ես ինձ, արածեցրու իմ հոտը. Գրված է, գայթակղությունններ գալուն են , բայց վայ նրան, ում ձեռքով կգա.
Միթե մեր ձեռքերը օծվեցին, որ գայթակղություն բերեն մարդկանց համար: Օծված ձեռքից անուշաբույր մյուռոնի փոխարեն սիգարետի ծխի հոտ է գալիս: Քրիստոսի վարդապետությունը քարոզող շրթներից խմիչքի հոտ է գալիս. Սուրբ Խաչը համբուրելով քահանան իր երեցկնոջ համբույր է փոխանցում խորանից. Կուսակրոնության ուխտը դրժած եպիսկոպոսն ու վարդապետը սիրուհիներ ունեն. Մեղքերի անհատական խոստովանություն ժամանակ, մեղքի մեջ են ընկնում խոստովանազանվակն ու խոստովանահայրը՝ իրենց անժուժկալության պատճառով:
Իսկ ինչո՞ւ մեր Ձրի առածը ոչ մի կերպ ձրի չենք ուզում տալ: Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունը որոշ եկեղեցիներում արդեն հավատացյալների ձեռքի վրա են դնում, վախենալով վիրուսի տարածումից: Այսքա՞ն է միթե մեր հավատքը մեր օծված ձեռքի, և մեր ձեռքում պահած խաչի զորության նկատմամբ:
Հոգևորականների թվից շատ գուշակներ ու կախարդներ կան, որոնց դռների առջև հերթեր են առավոտից երեկո: Հայտնի աստղագուշակի տեսանյութի տակ հազարավոր հարցեր կան, իսկ հոգևոր տեսանյութերը տակ ոչ մեկ: Սա՞ է մեր հավատքն ու մեր կրթած հոտը: Հայ հանրությունը մասնատված է, տագնապած է, մոլորված է, տկար է հավատքի մեջ, անզոր է փորձության մեջ, անգետ է գալիք եղելությունների մասին, իր փրկության մասին, իր զղջման կարևորության մասին: Ո՞վ պետք է պատրաստի հասարակությանը՝ մեծ նեղություններին դիմակայելու համար: Եթե պարզ բաները հասկանալի չեն, ապա վերին բաների մասին խոսելիս ի՞նչ կլինի: Համատարած վախը և սթրեսները համակել են մարդկանց, մարդիկ վաղից ավելի շուտ են հայտնվում հիվանդության ճանկերի մեջ: Առողջ հոգի է պետք նույնիսկ հիվանդ մարմնի մեջ: Այսպես անցնում են օրերը, և մարդկությունը ամեն օր հաստատվում է իր մեղքի մեջ, եկեղեցի գնալով, Հաղորդություն ստանալով, մեղքերը խոստովանելով: Սա՞ էր ուզում մեզնից Քրիստոս: Սրա՞ համար խաչվեց: Սրանք հավերժական հարցեր են, որ վերջ չունեն: Ցավով եմ ասում, բայց նաև պատասխան չունեն:
Մի հոգևորական քարոզ է խոսում, մարդիկ չեն լսում: Մեկ ուրիշ հոգևարական խոսում է, լսում են, բայց չեն կատարում: Երրորդը մի բան է ասում, և լսում են և կատարում և փառք են տալիս Աստծուն: Այս հոգևարականի հետ է Սուրբ Հոգին և հիշեցնում է Տիրոջ խոսքերը: Մարդիկ փոխվում են միայն լավ օրինակից:
Հայոց Հայրապետի հայրական խոսքը ժողովուրդը տարիներով չի լսում: Ասում եք, տկար է բանավոր խոսքի մեջ ընդունելի և ոչ մեղադրելի է: Սակայն Եթե տկար է մեր Մովսեսը, ո՞ւր է Ահարոնը՝ նրա եղբայրը կամ (եղբայրները): Հայոց Հայրապետի անունը շահարկվում է ամեն հանցագործ տարրի անվան հետ: Հոգևորականները հարկադրված սատար են կանգնում Հայրապետին՝ վնասելով իրեն հեղինակությունը նույնպես: Ժողովուրդը երբեմն ակնկալում է հայրապետի գավազանի հարվածը՝ որոշ հարցերի լուծման համար: Ավաղ, հայրապետի գավազանը միայն ոսկեզօծ է, և գեղեցիկ, բայց ոչ զորավոր: Այս բոլորը կատարվում է համայն մարդկության աչքի առջև:
Եկեղեցու խորաննեից քարոզում ենք Սէր ու Շնորհ, սկայն գործնականորեն ապրում ենք ատելութեան ու կանոնների սահմանների ծիրից ներս և կենդանի օրինակները շատ են: Թողնում եմ ձեր դատին, ձեր խղճին, ձեր առաքելությանը և ամենակարևորը՝ ձեր քննարկմանը: Իսկ այսօրվա Ավետարանը աղաղակում է. Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը:
Աղօթենք միասին
Տէր Աստուա՛ծ մեր, Որոյ կարողութիւնդ անքնին է, եւ փառքդ՝ անհասանելի, Որոյ ողորմութիւնդ անչափ է, եւ գթութիւնդ՝ անբաւ, Դու ըստ առատ մարդասիրութեանդ Քում նայեա՛ց ի ժողովուրդս Քո եւ ի տաճարս այս սուրբ: Եւ արա՛ ընդ մեզ եւ ընդ աղօթակիցս մեր առատապէս զողորմութիւն Քո եւ զգթութիւն: Զի Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: