ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.1-6
1 Եւ նա, կանչելով տասներկու առաքեալներին, նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները: 2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին: 3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք՝ ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4 որ տունն էլ մտնէք, այնտեղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք: 5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»: 6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ. Այսօր շաբաթ է, և մեր եկեղեցին հիշում է Թադեոս առաքյալին և Սանդուխտ կույսին, որը Հայոց Սանատրուկ արքայի դուստրն էր: Արքայի դուստրը գաղտնի աշակերտում է Թադեոս առաքյալին, ընդունում է քրիստոնեություն և հորից գաղտնի մկրտվում է: Այդ մասին իմանալով թագավորն ամեն միջոց գործադրում է, որպեսզի դուստրը ուրանա իր հավատը, բայց տեսնելով, որ նա անդրդվելի է, հրամայում է սպանել նրան: Սուրբ Սանդուխտը դարձավ առաջին հայ մարտիրոսուհին: Նրա գերեզմանը դարեր շարունակ հայ քրիստոնյաների համար ուխտավայր է եղել, որի շուրջը հետագայում հիմնադրվել է հռչակավոր Նարեկավանքը: Թադեոսը Քրիստոսի տասներկու աշակերտներից էր, որը Հայաստան բերեց Տիրոջ լույսը և տարածեց մարդկանց մեջ: Թադևոս առաքյալի ձեռքով Հայաստան բերվեց նաև Գեղարդը, որով խոցել են Խաչված Հիսուս Քրիստոսի կողը:
Ղուկասի Ավետարանն ասում է Տէրը կանչեց իր աշակերտներին և զորություն տվեց նրանց: Անշուշտ զորություն ստացած էր նաև Թադեոս առաքյալը, որը Հայաստան եկավ առանց իր կյանքի համար անհանգստանալու: Մենք տեսանք, թե ինչպես թագավորը իր հարազատ դստերը սպանել տվեց քրիստոնեութուն ընդունելու համար: Իսկ Թադեոս առաքյալը այդտեղ էր քարոզում քրիստոնեությունը՝ Քրիստոսից զորություն ստացած: Զորություն տվեց, իշխանություն տվեց բոլոր դևերի վրա, բժշկելու շնորհ տվեց և պատվիրեց, որ ճանապարհի համար ոչինչ չվերցնեն: Նրանք քաղաքներ, գյուղեր էին ոտնատակ տալիս, որպեսզի Արքայության Ավետարանը տարածեն:
Պողոս առաքյալն ասում է. - Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ:
Եթե համեմատելու լինենք մեր օրերի հետ, գուցե և որևէ նմանություն չգտնենք նրանց քարոզության և մեր օրերի քարոզության մեջ: Մեր եկեղեցիներում ամեն ինչ շքեզ է, հագուստները, արդերն ու զարդերը, եպիսկոպոսական խույրերը, գավազաններն ու մատանիները, դեռ չեմ խոսում տիտղոսների մասին, որն ամենաշքեղն է: Ամենագետն Աստված պատվիրեց աշակերտներին չունենալ դրանցից և ոչ մեկը, որովհետև ծառայության գնացողը չի զարդարվում, քանի որ նրա նպատակը ծառայելն է, սովորեցնելն է, Քրիստոսի անձի հետ մարդկանց ծանոթացնելն է: Իսկ ավելորդ ճոխությունը շեղում է մարդու ուշադրությունը բուն նպատակից և բուն առաքելությունից: Իմաստունն ասում է,- Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտրեցէ՛ք նրան: Առաքյալները հենց այդպես էլ փնտրել են, քանի որ առաքյալներից հետո աստիճանաբար թուլացավ զորությունը՝ ձեռնադրված եպիսկոպոսների և նրանց հաջորդողների շրջանում: Այնպես, ինչպես առաջին մարդն ապրեց 930 տարի, իսկ մեր օրերում ապրում են միջինը 70 ից 80 տարի: Սուրբ Գրքի մեկնաբաններն ասում են, որ մարդու կյանքի որակը ընկել է մոտավորապես 13 անգամ: Մարդն առհասարակ որակազրկվում է իր թերահավատության, ինքնահավանության, նյութապաշտության և փառքի բաղձանքի պատճառով: Առաքյալների կյանքի օրինակը մեր աչքի առջև է Սուրբ Գրքում, էլ չեմ ասում աշխարհի Փրկչի, որը ծնվեց մսուրում, ապրեց աղքատության մեջ, շրջեց ոտքով քաղաքներ և գյուղեր, քարոզեց, բժշկեց, մխիթարեց, հուսադրեց, խոստացավ և այդքանի դիմաց խաչվեց: Հարության առավ, որպեսզի մարդն էլ հարություն առնի իր ընկած վիճակից: Բայց մարդը շարունակում է վազել փառքի հետևից, կորցնելով աստվածապարգև փայլը, որի տակ գործում է Աստծո տված զորությունը:
Դուք երբևէ կարո՞ղ եք պատկերացնել, օրինակ եթե իր ժամանակին ասեին ՆՍՕՏՏ Թադեոս առաքյալ: Կամ օրինակ Գերաշնորհ Պողոս արքեպիսկոպոս առաքյալ: Հոգեշնորհ ծայրագույն վարդապետ՝ Հովհահհես Ավետարանիչ: Անկարելի է պատկերացնել, որովհետև Հիսուս Քրիստոս եկավ մարդուն այդ ծանր տիտղոսներից ու փառավոր կոչումներից ազատելու համար: Պարզ էին առաքյալները, պարզ էր նրանց հավատը, առավել պարզ ու թափանցիկ էր նաև նրանց կյանքն ու գործերը:
Այդ պատճառով այսօրվա մարդու ոչ հավատն է հաստատուն, ոչ էլ շնորհը՝ գործուն: Թադեոս առաքյալը, որ Հայաստան եկավ քարոզելու, նա հավատում էր, Քրիստոս է իր սրտի ճշմարիտ Վերակացուն, իր ներքին մտածումների Վկան և իր լեզվի Ունկնդիրն է: Քարոզեցին բոլորը, քարոզեցին անվախ, նահատակությունը աչքի առջև ունենալով, քանի որ գիտեին, թե ում են քարոզում:
«Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին»: Իմաստունի այս խոսքերով ավարտեմ միտքս այսօրվա ավետարանի վերաբերյալ: Թադեոս և Սանդուխտ անունը կրողներին շնորհավորում եմ իրենց անվանակոչության օրվա առթիվ և մաղթում եմ նրանց բարեխոսությամբ որակյալ քրիստոնյաներ լինեք Քրիստոսի անվան ու փառքի համար: Մնացեք սիրով և խաղաղությամբ, թող բարի լինի օրը բոլորիդ համար:
Աղօթենք միասին
Հա՛յր գթութեանց եւ Աստուա՛ծ ամենայն մխիթարութեանց, որ մխիթարես զմեզ յամենայն նեղութեան մերում. լո՛ւր եւ այժմ ձայնի պաղատանաց ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր. անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով: Ներեա՛ եւ լո՛ւր մեզ, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: