ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 18.1-9
Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է, ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա է մեծ: 5 Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունի, ի՛նձ կընդունի: 6 Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղի, նրա համար լաւ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: 7 Վա՜յ աշխարհին գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է, որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգայ գայթակղութիւնը: 8 Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: 9 Եւ եթէ քո աչքն է գայթակղում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միաչքանի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Թող բարի լինի առավոտը՝ Հիսուս Քրիստոսի խոսքին հետևող յուրաքանչյուր անձի կյանքի և գործերի համար:
Աստծո բարի կամքի համաձայն, մենք նորից միասին ենք, խորհելու այսօրվա Ավետարանի պարզ թվացող, բայց իր մեջ շատ խորը միտք պարունակող մի նյութի մասին, որը շատ նման է մեր այն ծրագրերին ու որոշումներին, որ կայացնում ենք հետագա տարիների համար, առանց խորը մտածելու, մենք կապրե՞նք արդյոք այդ տարում, կամ այդ ժամանակում: Քանի որ մարդկային պարզ տրամաբանությամբ մենք էլ նման ենք Քրիստոսի անուս աշակերտներին, տեսնենք, թե ի՞նչ պատասխանեց Տէրը նրանց այն հարցին, թե երկնքի արքայության մեջ ո՞վ է մեծը լինելու:
Ինչպես որ Տէր Հիսուս ամեն մանրունք աշակերտներին առակներով ու օրինակներով էր բացատրում, այնպես էլ մենք կարիք ունենք ըմբռնելու ամեն խոսք, որ դուրս է գալիս Տիրոջ Սուրբ բերանից: Քանի որ ապրում ենք երկրի վրա, երկրի օրենքներով, և մեր կյանքը այնպես է դասավորված, որ մեկը պետք է մեծ լինի, մյուսներին ուղղորդելու համար: Օրինակ՝ այդպես է տանը, ուսման մեջ, աշխատանքում և այլն: Այդպես է նաև եկեղեցում, կա դպիր, սարկավագ, քահանա, վարդապետ, եպիսկոպոս, բայց կա մեկը արդեն որ կոչվում Կաթողիկոս, այսինքն նա է մեծը եղածներից:
Որո՞նք են այն առաքինությունները, կամ աշխարհական իմաստով ասենք, այն արժանիքները, որոնցով մեկը կարող է մեծ կոչվել, դառնալ, կամ ընտրվել, կամ նշանակվել: Ո՞ւժը, իմաստությո՞ւնը, թե՞ նպատակասլացությունը՝ հասնելու համար մեծ կոչմանը: Վերադառնանք նորից աշակերտների հարցին: Ոչ թե հարցրին, ինչպե՞ս մտնենք երկնքի արքայություն, այլ ո՞վ կլինի մեծը այնտեղ՝ երկնքի արքայությունում: Ինչպես որ հանդիպում ենք մեր շրջապատում կրոնական որոշ ուղղվածության հարող մարդիկ պնդում են, որ իրենք փրկված են արդեն: Մարդկանց միշտ հետաքրքրում է երկրորդական հարցերը առավել, քան հիմնականը: Օրինակ՝ ի՞նչ ենք ուտելու, ի՞նչ ենք հագնելու, ի՞նչ մեքենա ենք քշելու: Նույնիսկ չենք էլ անդրադառնում, մենք այդ ժամանակ, եթե նույնիսկ ապրենք, առողջություն կունենա՞նք, որպեսզի հագնենք, կամ ուտենք, կամ վարենք մեքենան: Դեռ կամենում ենք իմանալ, թե ով է մեծը լինելու մեզնից:
Պատասխանելու փոխարեն Հիսուս նախ Իր մոտ է կանչում մի մանուկ: Մանուկը լսում, և գալիս կանգնում է Նրա առջև: Այստեղ կանգ առնենք: Մինչ մենք իմանաք մեր տեղը երկքի արքայության մեջ, նախ կանչվում ենք Տիրոջից: Եթե մենք չենք լսում Նրա ձայնը և չենք գալիս կանգնում Նրա առջև, որպեսզի նա մեզ որպես օրինակ ցույց տա մարդկանց, որպեսզի մարդիկ նայելով մեզ տեսնեն Երկնավոր Հոր փառքը, առանց Նրան տեսնելու, ուրեմն դեռ վաղ է խոսել երկնքի արայությունում տեղ գրավելու մասին: Հիսուս Քրիստոս աշակերտների համար այդքան կարևոր առաջնային հարցը միանգամից մղում է երկրոդ պլան, որպեսզի նրանք հասկանան, որ որևէ պաշտոն ունենալու համար, նախ պետք է արժանանալ հայտնվել այդ վայրում: Այդ մանուկը, որ կանգնած էր բոլորի առջև, ոչինչ չէր անում, ուղղակի խոնարհությամբ եկել ու կանգնել էր պատրաստ, թե ինչ կասեն իրեն: Քանի անգամ ենք կանչում մեր երեխաներին, մինչև մոտենում են մեզ: Կա, որ առաջին կանչից, կա, որ ոչ մեկից:
Երկրորդ կարևոր զգուշացումը, որ արեց աշակերտներին, այն էր, նրանք պետք է դառնան ու լինեն այդ մանուկի պես: Այսինքն դուրս գան իրենց «Առաջինը լինելու» հպարտությունից, գան ու խոնարհ կանգնեն՝ լսելու Տիրոջ ձայնը, կամ հրահանգը: Պետք է հրաժարվեն իրենց նախկին կյանքից, ու դառնան դեմքով դեպի Աստված և թիկունով սատանային: Բայց սա դեռ բոլորը չէ, ասում է դառնաք և լինեք մանուկի պես: Ուրեմն դառնալ նախկին կյանքից և դեմքով կանգնել Երկնավոր հոր առջև, դեռ բավական չէ, բավական չէ թողնել ամբարտավանությունը, այլ պետք է ապրել իրական քրիստոնեական բարոյական կյանքով: Բավական չէ թողնել ժլատությունը, այլ պետք է բարիք գործել: Դեմքով դառնալ դեպի Աստված, ամենևին չի նշանակում հրաժարվել վատ սովորություններից: Մենք հարյուրավոր քրիստոնյաներ գիտենք, որ վատ մոլությունների մեջ են, թեպետ Աստծուն ճանաչում են:
Այս բոլորը միանգամից չի ստացվում, ինչպես ասում են՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ: Սա երկարատև գործընթաց է, և կյանքի որակի փոփոխությունը այսպես դանդաղ է սկսվում: Այսինքն՝ ըստ մեր Տիրոջ խոսքի, մենք երկնքի արքայություն չենք մտնի, եթե միայն թողնենք մեր խավար գործերը և չավելացնենք մեր բարի ու օգտակար գործերը: Հետևաբար նա է մեծ երկնքի արքայության մեջ, որը և թողել է մեղավոր կյանքը և ապրում է բարոյական կյանքով՝ դեմքը հառած դեպի երկնավոր խոսքին:
Սիրելիներ, մեր Տիրոջ այս պայմանը այնքան հասկանալի է, որ ուրիշ օրինակ պետք չէ բերել, բացի նրանից, որ ամենքս նայենք մեր տան երեխային, թե ինչպես է նա հավատում և վստահում իր հոր խոսքին: Մանկական այս վստահությունն է ուզում Տէր Հիսուս Քրիստոս իր աշակերտներից մինչև մեր օրերը և մինչև աշխարհի վախճան: Նա, ով ընդունում և կատարում է Տիրոջ խոսքը, նա է այդ մանուկը և նա է մեծը երկնքի արքայությունում: Այսքանն էր որ ուզեցի այսօր կիսվել ձեզ հետ սիրելի քույրեր և եղբայրներ: Մնացեք սիրով, և խաղաղությամբ: Երբ սկսենք ապրել Տիրոջ խոսքի համաձայն մեր մեր կկորի առաջինը լինելու ցանկությունը:
Աղօթենք միասին
Գոհաբանելով աղաչեսցուք զբարերար Հոգին Աստուած եւ խնդրեսցուք զողորմութիւն ի Նմանէ, զի անցուսցէ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Իւրով:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
Ներեա՛ եւ լո՛ւր մեզ, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Որդւոյն Միածնի այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: