ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Վստահ եմ, որ ամենքդ ձեր ձեռքի տակ ունեք Աստվածաշունչ, և այն ձեր կողմից ամենաշատ ընթերցվող գիրքն է: Սակայն երբեմն միայն ընթերցելը բավարար չէ, կարդացած միտքը հասկանալու համար: Աստվածաշնչի մեկնաբանները ասում են, որ ընթերցելը նման է անձրևաջրին, որ տեղում է հողի վրա, իսկ սերտելն այն է, որ մի փոքրիկ հողակտոր վերցնես, և մշակելով թափանցես մինչև խորքերը՝ առատ պտուղ տալու համար: Աստվածաշնչի սերտողության հիմնական պարտականությունը դրված է այն բարի հովվի ուսերին, որի մասին խոսում է այսօրվա Ավետարանը: Կատարյալ Բարի Հովիվը մեր Տէրն է, որ եկավ, ուսուցանեց, և Իր կյանքը տվեց Իր հոտի փրկության համար, և թողեց մեզ համար բարի հովվի լավագույն օրինակը: Բոլորս կամենում ենք տեսնել ր ունենալ բարի հովիվ, քանի որ հոտի հոգևոր դաստիարակությունը և կրթություն դրված է հովվի ուսերին: Սակայն սա չի նշանակում, որ միայն նրա ուսերին է դրված: Տիրոջ առջև պատասխանատվություն են կրում ինչպես Սուրբ Գրքը մեկնաբանողը, այնպես էլ լսողն ու կատարողը: Գրված է ով ականջ ունի լսելու, թող լսի: Երբ Ավետարանն ասում է հունձը առատ է, մշակները սակավ, հաջորդ տողում անմիջապես ասում է ուրեմն խնդրեցեք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի Իր հնձի համար: Տեսնում եք, որ սերտ է կապը հնձի և մշակի, հովվի և հոտի միջև, և այդ պատվերը տալիս է մեզ մեր Տէրը: Որպեսզի ասելիքս ավելի հստակ լինի, ձեզ կպատմեմ մի առակ, որը բնորոշում է այսօրվա իրական պատկերը:
Մի վարդապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խոսում էր քրիստոնեական արժեքների մասին: Այդժամ նա սկսում է պատմել մի հորինած պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակ է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա։ Երբ կեսօրին արևն սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել ավանակի ստվերի ներքո, սակայն վիճելով՝ սկսում են հրմշտել իրար ստվերի համար։ Պատանին ասում է, որ ինքն է վարձել ավանակին, ուստի նրա ստվերը ևս իրեն է պատկանում, իսկ ավանակի տերը, թե՝ վարձով է տվել առանց ստվերի։ Պատմելով այսքանը՝ վարդապետը թողնում է իր տեղը, որ հեռանա, սակայն ժողովուրդը ետ է պահում նրան՝ պահանջելով, որ ավարտի պատմությունը և ասի, թե ինչպես լուծվեց վեճը։ Այդժամ վարդապետը ծիծաղում է և ասում. «Ի՜նչ մարդիկ եք դուք։ Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ ձեր հոգիների փրկության մասին՝ ոչ»: Այդպիսին են որոշ քրիստոնյաներ. երբ նայում, լսում կամ կարդում են ունայն բաներ, բնավ չեն ձանձրանում, թեկուզ այն տևի մի ամբողջ օր։ Իսկ Աստծո խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ չունեն։ Մյուս խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծո խոսքն արմատավորվի մարդկանց սրտերում և պտղաբերի, խստասրտությունն է։ Իրականության մեջ ունենք և՛ բարի հովիվ, և՛ լսող հոտ, սակայն դրա կողքին ունենք նաև վարձկան հովիվ և անհնազանդ հոտ: Տեսնում ենք հովիվներ, որոնց ձայնը լսում են իրենց հոտի ոչխարները և գնում են նրանց հետևից: Տեսնում ենք նաև վարձկան հովիվներ, որոնց անփութության պատճառով գայլերը հափշտակել ու տարել են ոչխարներին: Իսկ մեր Տէր Հիսուս Քրիստոս կամեցավ, որ լինի մի հոտ և մի հովիվ: Սիրելիներ, եթե դուք եթովպացու պես փնտրեք Աստծու խոսքի մեկնաբանությունը, վստահեցնում եմ ձեզ, որ Փիլիպոսներ կհայտնվեն ձեր շուրջը Սուրբ հոգու միջոցով: Խոսքս ավատեմ Պողոս առաքյալի ընտիր վկայությամբ՝ հոտի և հովվի վերաբերյալ:
«Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծոյ շնորհը աւետարանելու: Նաև՝ Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզ եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով»:
Աղոթենք միասին:
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով: Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի: Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից: Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս: Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ: Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ: Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ: Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ: Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի: Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ: Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ: Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ: Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ: