ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 12.38-45
Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»:Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն՝ Յովնան մարգարէի նշանը. որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից Մեծը կայ: Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից Մեծը կայ: Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է. “Դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ”. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթ այլ ոգիներ եւ մտնում-բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս:
Քանի որ այսօր հունիս ամսվա վերջին կիրակին է, փորձենք միասին անդրադարձ կատարել նաև նախորդ երեք կիրակիների Ավետարանական պատգամների ասելիքին և բովանդակությանը: Չորս կիրակիների Ավետարաններն էլ շեշտը դնում են մարդկության, կամ ազգերի մեղավոր կյանքի, նրանց անզեղջ բնության և անհնազանդության վրա: Դրան զուգահեռ հնչում է Աստծու հայրական խրատը, հորդորը և դարձի պահանջը: Այլ խոսքով Աստված մարդկությանը ցույց է տալիս իր մեղքերը, պատմում է Երկնքի Արքայության և մեծ նեղության ու դատաստանի արհավիրքի մասին՝ ասելով.-Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերո՛վ լի ժողովուրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայելի Սրբին: Իսկ եթե ավելի մեծ առումով քննենք Աստվածաշունչը, ապա Աստծու պահանջը նույնն է մարդուց՝ երեկ, այսօր և միշտ: Այսօրվա Ավետարանում Հիսուս Քրիստոս չար և շնացող ազգ է անվանում հրեաներին՝ Իրեն չվստահելու, չհավատալու և անվեջ նշաններ հացելու համար: Հրեա ազգը աշխարհին հայտնի է որպես Աստծու ընտրյալ, իսկ մեր Տերը նրանց շնացող ու չար է անվանում: Նինվե մեծ քաղաքի մասին էլ կարդացել ենք, որ իրենց անօրեն կյանքի պատճառով Հովնան մարգարեն փախչում է Աստծո երեսից, քանի որ չէին լսում իր քարոզությունը, որպեսզի դարձի գան: Դարձի եկան միայն Հովնան մարգարեի հետ պատահած երեքօրյա կետի փորում տանջանքից հետո: Շատ զարմանալի համեմատություններ է անում Քրիստոս իրենից նշան պահանջողների համար: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան, - ասում է Քրիստոս,- եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին և ահաւասիկ այստեղ Յովնանից Մեծը կայ: Նաև հիշատակում է Հարավի թագուհուն, որը եկել էր Սողոմոն իմաստունին լսելու, նա նույնպես պիտի լինի դատապարտողների մեջ՝ դատաստանի ժամանակ, քանի որ այդտեղ Սողոմոնից մեծ մեկը կար: Հովնանի քարոզությամբ դարձի եկած մեղավոր ազգը պիտի դատաստանի ժամանակ մեղադրի հրեաներին՝ քանի որ նրանք չլսեցին և չհավատացին Հիսուս Քրիստոսին, որ Մեծ է բոլոր մարգարեներից և իմաստուններից:
Սիրելիներ, որն է մեր ազգի սովորելիք դասը այստեղից, որ կոչվում ենք առաջին քրիստոնյա ազգ, և այսօր ապրում ենք հեթանոսների և կռապաշտների կյանքով: Այսօրվա Ավետարանի և առհասարակ ողջ Աստվածաշնչի պահանջը վերաբերում է ինչպես ազգերին, այնպես էլ անհատներին և յուրաքանչյուրիս՝ առանձին վերցրած: Ուրեմն խելացի է նա, որը նաև ուրիշների սխալից է ուղղում իր կյանքը: Իմաստունը նա չէ, որը շատ բան գիտի, այլ նա, որը բոլորից սովորելու ցանկություն ունի: Քանի դեռ ապրում ենք, պետք է սովորենք տեսնել մեր սխալները՝ նայելով ազգերին և անհատներին: Աստված, որի կարողությունը անքննին է, և փառքը՝ անհասանելի, պարզ բառերով բացատրում է, թե ինչ է պահանջը մարդկությունից, և չկատարելու դեպքում ինչ կլինի մեղքի վարձը: Աստված ասում է ուրացիր անձդ, արի իմ հետևից, մարդկության մեծամասնությունը ուրանում է Աստծուն և գնում է մեղքի հետևից: Թող այսօրվա Ավերարանի սթափեցնող հայտարարությունը արթնացնի նաև մեր ազգին, մեր հասարակությունը, քանի որ Առաքյալներից երկուսն է Հայաստան են եկել Քրիստոսի լույսը մեզ բերելով: Ուրեմն մեր հոգին և սիրտը պատրաստ պահենք Աստծո առջև, Դատաստանի օրը ապաշխարած ազգերից չդապարտվելու համար:
Աղօթենք միասին:
Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց՝ երեւելեաց եւ աներեւութից, առ Քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Քո, եւ արքայութիւն Քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն Քո կանխել հանապազ, սիրել զՔեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ պահել զպատուիրանս Քո, համբառնալ առ Քեզ զձեռս մեր ի սրբութիւն՝ առանց բարկութեան եւ երկմտութեան, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Քում ամենազօր եւ յաղթող տէրութեանդ կրկնի ամենայն ծունր յերկրպագութիւն, եւ փառաւորի յամենեցունց թագաւորութիւն Քո: Նայեա՛ յերկրպագութիւնս մեր եւ ուսո՛ մեզ առնել զարդարութիւն ճշմարտութեան: Վասն զի Դու ես Աստուած խաղաղութեան, որ բարձեր զթշնամութիւն ի միջոյ եւ արարեր զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի, հեռաւորաց եւ մերձաւորաց աւետարանեցեր զնոր պարգեւս Քոյին բարեացդ. որում եւ զմեզ մեծի շնորհացդ արժանաւորս արասցես՝ դասելով ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, Աստուա՛ծ մեր եւ Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս, որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: