ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 7.12-25
12 Այսպէս ուրեմն, օրէնքը սուրբ է, պատուիրանն էլ՝ սուրբ եւ արդար ու բարի: 13 Իսկ արդ, բարի՞ն մահ եղաւ ինձ համար. քա՛ւ լիցի. այլ մեղքը, օգտագործելով, ինչ որ բարի է, ինձ մահ պատճառեց, որպէսզի պատուիրանի միջոցով մեղքը յայտնուի որպէս մեղք՝ իր իսկական սաստկութեամբ: 14 Գիտենք, որ օրէնքը հոգեւոր է. իսկ ես մարմնաւոր եմ՝ մեղքին վաճառուած. 15 քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ. 16 ապա եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, որ օրէնքը բարի է: 17 Իսկ արդ, ես չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը: 18 Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ. 19 որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում: 20 Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ես չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը: 21 Եւ արդ, գտնում եմ այն բանի օրէնքը, որ երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում. 22 հաճելի է ինձ Աստծոյ օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, 23 բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ: 24 Ի՜նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում: 25 Բայց գոհութիւն Աստծոյ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի ողջույն ձեզ, <<հանապազօրյա հաց>> եթերաժամի սիրելի ունկնդիրներ.
Եթե չլիներ Աստվածաշնչի սերտողությունը մարդու կազմության, նրա կյանքի պայմանների և որակի մասին, մարդկությունը կմնար խավար մտքով, կկատարեր մարմնի բոլոր ցանկությունները՝ ծառայելով մեղքին, և կկորցներ իր փրկության հույսը: Սակայն մեր Տէրը մեզ անմասն չթողեց Իր Լույսից: Իր առաքյալների միջոցով մեզ հասցրեց իր բոլոր խորիմաստ խոսքերի բացատրությունները: Հռոմեացիների այս նամակում Պողոս առաքյալը հստակ է բացատրում մարդու հոգու զորությունների դասավորությունը, մարդու մարմնի ցանկությունները և դեպի մեղքը մղելու հզոր ուժը: Մարդը մեղքի իշխանության տակ է այնքան ժամանակ, քանի դեռ չի տիրապետում իր վրա գործող ուժերի գաղտնիքը: Պողոս առաքյալը այս նամակը գրել է դարձի գալուց հետո, և իր օրինակով պարզ բացատրում է, որ մարդը կարող է լինել չարի ծառայության տակ և չգիտակցել, որովհետև անում է մի բան, որը չի ուզում անել, և չի կարողանում անել մի բան, որը շատ է կամենում անել: Այսինքն մեղքին վաճառված մարմնավոր մարդ է: Մարդու մեջ ապրում է մեղքը և գործել է տալիս մարդու չկամեցած արարքները: Արդյունքում մարդը հասկանում է, որ իր մարնի մեջ ոչ մի բարի բան չի բնակվում, որովհետև կամենալը կա մարդու մեջ, իսկ բարին կատարելը՝ ոչ: Առաքյալը մի շատ կարևոր բացահայտում է անում մեղք գործելու պատճառի վերաբերյալ: Երբ մարդը կամենում է բարին գործել, չարը դուրս է գալիս նրա դեմ: Մարդ արարածին հաճելի է Աստծու օրենքը, բայց մարմնի անդամների մեջ գործում է մեկ այլ օրենք և պայքարում է մտքի օրենքին հակառակ և մարդուն գերի է դարձնում մեղքի օրենքին: Ենթական հայտնվում է խղճալի վիճակում և փրկության կարիք է զգում այդ վիճալից դուրս գալու համար: Փաստորեն մարդը մտքով ծառայում է Աստծո օրենքի, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին: Սիրելիներ, տեսնում եք, որ մարդը նույնիսկ պատկերացում չունի, թե ինչպես է մեղք գործում: Թե ինչպես է մեղքի օրենքը պայքարում մտքի օրենքի դեմ, որը ներդաշնակ է Աստծո օրենքին: Մեր եկեղեցու հայրերը շատ լավ բացատրել են հոգու զորություններին հերթականությունը, նաև բացատրում են, որ դրանց հերթականությունը խախտվելու դեպքում մարդը անպայման մեղք է գործում: Հոգու զորություններից առաջինը բանականությունն է, որը իշխում է ցասմնականի և ցանկական զորությունների վրա: Երբ ցասմնական զորությունը հայտնվում է բանականի դիրքում՝ մարդը ընկնում է բարկության մեղքի մեջ: Իսկ երբ ցանկական մեղքն է իշխում բանականի վրա, այդ ժամանակ մարդը գործում է շնության մեղքը:
Այդ պատճառող գիտակից և ճշմարիտ հավատացյալը ջանում է որ բանականությունը միշտ լինի իշխող իրենից ներքև գտնվող զորությունների վրա: Նաև Ոսկեբերան Հայրապետն ասում է որ, մարդու կազմվածքի բնական վիճակն այնպիսին է, որ մեղքը միացած է ամոթի հետ, իսկ ապաշխարությունը՝ արիության հետ: Որպեսզի մարդը ամաչի մեղք գործել, իսկ եթե գործել է, արիություն ունենա ապաշխարելու: Սակայն սատանան միտումնավոր կերպով փոխում է դրանց տեղերն այնպես, որ մարդը քաջությամբ մեղք գործի և ամաչի ապաշխարել: Հուսամ, որ մեր սիրելի Պողոս առաքյալի այս հստակ բացատրությունը մարդու մեղք գործելու վերաբերյալ բոլորիս համար է օգտակար է: Սիրելիներ, տեսնում եք, թեև բարդ է մեխանիզմը մարդու ներքին զորությունների, բայց երբ հավատացյալը տեղեկացված է հոգևոր առումով, հեշտությամբ դուրս է գալիս մեղքի ճիրաններից: Մեր միակ հույսը պետք է լինի մեր տէր Աստծու վրա, և մեր անձերը հանձնենք Նրա աստվածային տեսչությանը և հետևենք Նրա պատգամների, որը մեր կյանքի որակը բարձրացնելու համար է: Խոսքս ավարտեմ Սուրբ Գրիգոր Նարեկացու հետևյալ տողով: Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝ այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին:
Աղոթենք միասին.
Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցի՛չ գիշերոյ, որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան՝ ի փրկութիւն անձանց մերոց, եւ զգիշեր՝ ի հանգիստ քնոյ տկարացեալ բնութեանս մերոյ, իսկ այժմ զարթուցեալ բացեր զբերանս մեր յօրհնաբանութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ, ընկա՛լ եւ այժմ զաղաչանս մեր եւ յաջողեա՛ մեզ ուղիղ հաւատով եւ առաքինասէր վարուք ի նոյն պաշտօն Քո կանխել միշտ եւ նովին կանոնիւս անդադար փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից : ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք հանապազ, զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ կալ ի կարգի կրօնաւորութեան մերում: Թեթեւացո՛, Տէ՛ր, զքաղցր լուծ Քո, զոր եդիր ի վերայ մեր. զի կարասցուք կալ ի պատուիրանի Քում եւ զհաճոյսն առնել առաջի Քո յամենայն ժամ ի տուէ եւ ի գիշերի, հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել, զՔեզ գովել եւ Քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազօր տէրութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: