ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, Քրիստոսի բանական հոտի սիրելի հավատացյալներ.
Այսօր ձեզ համար ընտրել եմ Սողոմոնի իմաստության գրքի վեցերորդ գլուխը, որն ընդգրկված էր այսօրվա ընթերցվածքի մեջ: Սողոմոնի իմաստության գիրքը ևս շատ սիրված և կարդացվող գրքերից է: Սողոմոնը Դավթի որդին է, և միայն նրա մասին է գրված, որ Աստծուց իմաստություն խնդրեց և մնացածը ավելիով ստացավ: Իմաստությունը որպես պարգև ստացած մարդը ուրիշ ի՞նչ խորհութդ կարող է տալ իր նմաններին, եթե ոչ իմաստություն փնտրելու գաղտնիքները, ձևերը և ճանապարհները: Սողոմոնին իմաստությունը միանգամից տրվեց, որովհետև նա հպարտ չէր, և ասաց, որ եթե ինքը իմաստություն չունենա, ինչպե՞ս կարող է թագավորել ժողովրդին:
Նրա պատասխանը մեր օրերի համար շատ տարօրինակ է, և անհավանական: Երկրի ղեկավարները մեր օրերում իրենց բոլոր հնարավոր ուժերը և աշխարհիկ հնարամտությունները գործադրում են, երբեմն էլ այլոց կյանքերի հաշվին, և դառնում են երկրի ղեկավար, և սկսում են տարիներով պայքարել իրենց աթոռի համար: Ուրախալի կլիներ իմանալ, որ նրանք էլ Աստծուց իմաստություն են խնդրում: Չնայած իմաստունն ասում է, եթե ձգտում եք իշխանության գահերի, ապա պատվեք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք: Բայց սիրելիներ, իմաստությունը միայն թագավորների մենաշնորհը չէ: Յուրաքանչյուր անհատին իմաստություն է պետք՝ կյանքը աստվածահաճո և հեշտ ապրելու համար: Ուրեմն իմաստություն ձեռք բերելու համար նախ պետք է հետևել իմաստունի խորհուրդներին, որն ասում է, եթե ուզում եք սրբանալ, ուրեմն սրբությամբ պահեք այն, ինչը սուրբ է: Քրիստոնյա հավատացյալների մեջ սուրբ բառը շատ մեծ ակնածանք է առաջացնում և ամեն ոք մտածում է, որ դա իրենից հեռու մի բան է, անհասանելի իրեն և ինքը անկարող է սուրբ դառնալ:
Սակայն իրականում այդպես չէ, սուրբ լինել չի նշանակում անպայման գլխին լուսեպսակ կրել: Սուրբ լինել, նշանակում է տարբերվել մյուսներից հոգևոր նկարագրով, ապրելակերպով, բարությամբ և այլն: Ամեն մարդ կարող է հասնել այս վիճակին՝ ցանկության դեպքում, երբ սրտացավ է իր աշխատանքի ծառայության մեջ: Սողոմոն իմաստունը ասում է, իմաստությունը դյուրին է գտնում այն մարդը, ով փնտրում է, ով վաղ է արթնանում, ով անվերջ նրան գտնելու մասին է մտածում, ով տքնում է նրա համար, ով մեծ ցանկություն ու սեր ունի իմաստություն սովորելու, ով պահում է իմաստության օրենքները և հասնում է անեղծության աստիճանի, իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն: Իմաստունին միանգամից տրվեց, որովհետև նա գնահատեց իմաստության արժեքը, իսկ մենք ծույլ ենք, և նույնիսկ մեր ոտքեր մոտ ընկածը չենք տեսնում: Մեզնից յուրաքանչյուրը մկրտված է Սուրբ Մկրտությամբ: Որքանո՞վ ենք սուրբ պահում այս սրբությունը մկրտությունից հետո: Մեծամասնությունը պսակված է Սուրբ Պսակով: Քանի՞ տոկոսն են պահում այս սրբությունը: Աստվածաշնչի բոլոր պատգամները սրբություններ են: Ժողովրդի ո՞ր հատվածն է տեղյակ նրանից, և ո՞ր հատվածն է սրբությամբ պահում Աստծու խոսքը:
Ո՞վ է վաղ արթնանում Աստծո խոսքը լսելու կամ կարդալլու համար: Ո՞վ է ջանք թափում այս բոլորը ձեռք բերելու համար: Թող ամեն ոք իր մտքում պատասխանի այս հարցերին և տեսնի, ինքը փնտրո՞ւմ է արդյոք իմաստություն: Իսկ Պողոս Առաքյալը այսօրվա իր թղթում ասում է.- ներկայացեք որպես Աստծո պաշտոնյաներ, սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտութեան խօսքով, Աստծոյ զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար: Մենք ունե՞նք այս բոլորը մեր կյանքն ապրելիս: Եթե ունենք, ուրեմն իմաստություն ձեռք ենք բերել և կարող ենք ներկայանալ որպես Քրիստոսի պաշտոնյա: Քանի որ իմաստության շատությունը աշխարհի փրկությունն է, և ժողովուրդների ամրությունը: Լավագույն և արժեքավոր առաքինությունները ջանքերի շնորհիվ է ձեռք բերվում:
Աղոթենք միասին.
Իմաստութիւն Հօր Յիսուս, Տուր ինձ զիմաստութիւն, Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել Առաջի քո յամենայն ժամ. Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց Փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս: Զառաւօտու աղօթս եւ զբանաւոր պաշտօնս ընկա՛լ, ամենակալ, ամենամեծդ Աստուա՛ծ, ի Քո անապական եւ յերկնային խորանսդ: Ծագեա՛ առ մեզ զարդարութեան եւ զիմաստութեան զլոյս Քո, արա՛ զմեզ որդիս լուսոյ եւ որդիս տուընջեան, որպէս զի ի գալ աւուրս երկիւղածութեամբ վարեսցուք զկեանս մեր եւ առանց գայթակղութեան կատարեսցուք. զի Դու ես օգնական եւ փրկիչ մեր, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն
Օրվա ընթերցվածք.
Իմաստություն Սողոմոնի 6.11-21
11 Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն: 12 Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: 13 Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից: 14 Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար: 15 Ով վաղ է ելնում նրան փնտրելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կգտնի այն իր դռան մօտ: 16 Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կթեթեւանայ հոգսից: 17 Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ՝ ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն: 18 Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է. 19 իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը: 20 Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն, 21 եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն: