ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 12.9-15
9 Յիսուս, այստեղից մեկնելով, եկաւ նրանց ժողովարանը: 10 Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: 11 Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնի ու վեր հանի այն: 12 Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: 13 Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: 14 Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արեցին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան: 15 Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի բարեպաշտ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Եթե հիշում եք կիրակի օրվա Ավետարանը՝ շաբաթ օրով պոկված հասկերի մասին, ուրեմն այսօրվա Ավետարանը շատ ավելի հասկանալի կլինի ձեզ, քանի որ դրա շարունակությունն է: Մենք բազմիցս անդրադարձել ենք արդեն փարիսեցիների և դպիրների նենգ հետապնդումը Քրիստոսին և իր աշակերտներին ծուղակը գցելու փաստին: Հերթական անգամ Քրիստոսին ամբաստանելու պատրվակով հարցեր են տալիս շաբաթ օրը պահելու վերաբերյալ և դարձյալ ամոթահար են լինում: Եթե նախորդ համարների մեջ Հիսուսին մեղադրում էին շաբաթ օրով աշակերտների հասկը պոկել և ուտելու մեջ, ապա այս անգամ ժողովարանում զարմացած հարցնում են, թե կարելի՞ է արդյոք հիվանդ բժշկել շաբաթ օրով: Ամեն անգամ Հիսուս նրանց հիշեցնում է օրենքը, և հարցնում,- չե՞ք կարդացել, որ շաբաթ օրը քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են: Քանի որ շաբաթ օրով զոհաբերություններ և ծեսեր էր արվում տաճարում և ոչ ոք չէր մեղադրվում դրա համար: Բայց քաղցած աշակերտների ցորենի հասկ պոկելը մեղք է համարվում, կամ ժողովարանում հիվանդ մարդու գոսացած ձեռքը բուժելը անթույլատրելի է համարվում: Հիսուս փորձում է փարիսեցիների նեղ մտահորիզոնը մի փոքր ընդլայնել և ավելի վերին բաների մասին մտածել տալ: Օրինակ, որ անձեռակերտ տաճար մարդը առավել է քան մարդու ձեռքով կառուցած տաճարը, և այդ մարդուն Աստված է ստեղծել: Ուրեմն շաբաթը պետք է ծառայի մարդուն, ոչ թե հակառակը: Հիսուս նրանց սովորեցնում էր, որ շաբաթ օրով պետք է բարիք գործել, և ողորմություն անել, Իսկ նրանք մտածում էին, թե ինչ հնարք գործադրեն Նրան կարստյան մատնելու համար:
Ազգությամբ հրեա, Քրիստոսին հավատացող ուսուցիչներն ասում են, որ հրեական ավանդության համաձայն շաբաթ օրն արգելված է միայն ստեղծագործական աշխատանքներ անելու համար, քանի որ Աստված Իր Արարչական ստեղծագործությունը ավարտեց և շաբաթ օրը հանգստացավ: Իսկ մնացած կենցաղային հարցերը չեն մտնում դրա մեջ: Բայց քանի որ փարիսեցիները տառապաշտ են, և կառչում են ամեն մի բառից, այդ պատճառով է ամեն անգամ տարաձայնություն առաջանում շաբաթ օրվա վերաբերյալ:
Երբ մարդ արարածը չի ընկալում տիեզերքի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, այդպիսին միշտ կառչած է երկրորդական հարցերից՝ անտեսելով գլխավորը: Քրիստոնյաների մեջ էլ կան շատ այդպիսիք, որոնց համար հետաքրքիր է Նոյան Տապանի մեջ եղած կենդանիների տեսակն ու քանակը, քան բուն փրկությունը ջրհեղեղից: Կամ ցանկացած հրաշք ավելի գնահատելի է, քան իրենց փրկությունը: Մեր իրականության մեջ էլ կան քրիստոնյաներին հետապնդող՝ այսպես կոչված՝ փարիսեցիներ, որոնք խոշորացույցով նայում են հավատացյալի կյանքին՝ միայն թերություն և մեղք գտնելու համար, որպեսզի վարկաբեկեն քրիստոնեությունը: Անշուշտ օրինապահությունը լավ է, բայց ոչ մի բանում ծայրահեղական մոլորությունը չի խրախուսվում: Քրիստոնեությունը ձևապաշտության հետ ոչ մի աղերս չունի, ցուցադրական զոհաբերությունների, ողորմությունների և ծեսերի հետ որևէ կապ չունի, Քրիստոնեությունը կյանք է, որը անվերջ կատարելագոծելու կարիք ունի, հին մարդը նորով փոխելու անհրաժեշտություն ունի, դեպի փրկություն տանող ճանապարհին՝ սիրտը մաքրելու ջանքի կարիք ունի :
Աղօթենք միասին - Հանապազօրեայ ՀԱՑ
Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու օրհնեալ ես, Տէ՛ր, վասն զի Թագաւոր քաղցր ես, եւ անուն Քո ահեղ է ընդ ամենայն տիեզերս: Քաղցրասցին սաղմոսերգութիւնք մեր առաջի Քո, ելցեն իրաւունք յարդարութենէ Քումմէ ի տկարութիւնս մեր, եւ փառաւորեսցի ամենասուրբ անուն Քո: Եւ մեք արժանի եղիցուք կալ ի պատուիրանի Քում եւ Քեզ երգել զօրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Աստուա՛ծ մշտնջենաւոր, Աստուա՛ծ յաւիտենական, որ ի ստորին աշխարհս լոյս ծագեցար եւ լուսաւորեցեր զմեզ ի խաւարային մեղաց մերոց. որ վասն մեր ի չափաւորութիւն եկիր, անչա՛փդ Աստուած, եւ հեղեալ ծաւալեցեր զշնորհս Հոգւոյդ Սրբոյ յարարածս Քո: Այժմ եւ յաւիտեանս ժամանակաց բարեբանեալ ես, ամենամե՛ծդ Աստուած, ընդ Հօր եւ Ամենասուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: