ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2020
3 մայիսի 2020թ
Ավետարան ըստ Ղուկասի 23.32-46
Սիրելի ունկնդիրներ, այս պահին որ լսում եք ինձ, մի պահ մտովի բարձրաացեք Գողգոթա և մասնակից եղեք Արդարի խաչելությանը: Տեսեք, որ Արդարի երկու կողմերում ավազակներ են խաչված, ինչը նույնպես անարգանք է Տիեզերքի Արարչի նկատմամբ, որը նույն պատիժն է կրում հանցագործների հետ միասին: Բոլորը լքել էին Նրան և խաչի մոտ մնացել էին Հովհաննեսը և Մարիամները: Հիմա վերադառնանք մեր օրերը և համեմատենք ժամանակակից աշխարհի մարդկությանը Քրիստոսի ժամանակվա մարդկանց հետ: Մի՞թե որևէ տարբերություն կգտնենք մեր օրերում: Այսօր աշխարհը խաչի վրա է, և դարձյալ բաժանված է երկու մասի՝ աջակողմյան և ձախակողմյան: Մեր օրերում էլ մարդկության մի մասն ասում է, «Եթե Աստված կա, ինչո՞ւ են այսքան արհավիրքներ ու փորձություններ գալիս մարդկության գլխին»: Իսկ ժողովրդի մյուս մասն ասում է նրանց սաստելով, «Աստծուց չե՞ք վախենում, մենք իրավացիորեն արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, ինչո՞ւ եք մեղադրում Աստծուն»: Բոլորս ենք մեղավոր Քրիստոսի առջև և Նրա հանդեպ: Սակայն Նա է մեզ տվել բացարձակ ազատություն՝ ընտրելու աջակողմյան, թե ձախակողմյան լինելու իրավունքը: Եվ դեռ ասում է. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: 2000 տարի սպասում է, որ համայն մարդկությունը միաբերան ասի. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո արքայութեամբ» իսկ Ինքը պատասխանի. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այսօր ինձ հետ դրախտում կլինես»: Իսկ մենք առանց խորը գիտակցելու նույնիսկ այսօր խաղում ենք մեր հավիտենականության հետ՝ առանց վախենալու: Աղոթենք միասին Քրիստոս Աստուա՛ծ մեր, Քո սուրբ հրաշափառ յարութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ: Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛: Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ուրիշ երկու հոգի ալ՝ չարագործներ՝ բերուեցան անոր հետ սպաննուելու։ 33 Երբ Գագաթ ըսուած տեղը հասան, հոն խաչը հանեցին զանիկա եւ այն չարագործներն ալ, մէկը աջ կողմը ու միւսը ձախ կողմը խաչեցին։ 34 Յիսուս ըսաւ. «Հա՛յր, թողութիւն տուր ատոնց, վասն զի չեն գիտեր թէ ի՛նչ կ’ընեն»։ Ու անոր հանդերձները բաժնելու ատեննին վիճակ ձգեցին։ 35 Եւ ժողովուրդը կայներ կը նայէր. իշխաններն ալ անոնց հետ կը նախատէին զանիկա ու կ’ըսէին. «Ուրիշները ազատեց, թող ինքզինք ալ ազատէ, եթէ ատիկա է Քրիստոսը, Աստուծոյ ընտրեալը»։ 36 Զինուորներն ալ կը ծաղրէին. առջեւը կու գային, քացախ կը մատուցանէին անոր, 37 Ու կ’ըսէին. «Եթէ դուն ես Հրէից թագաւորը, քու անձդ ազատէ»։ 38 Ուր գիր մը գրուած էր Յունարէն, Լատիներէն եւ Եբրայեցերէն գրերով, թէ ‘Ասիկա է Հրէից թագաւորը’։
39 Այն կախուած չարագործներէն մէկը հայհոյութիւն կ’ընէր անոր ու կ’ըսէր. «Եթէ դուն Քրիստոսն ես, ազատէ քու անձդ ու մեզ ալ»։ 40 Իսկ միւսը զանիկա յանդիմանելով՝ ըսաւ. «Դուն Աստուծմէ չե՞ս վախնար, որովհետեւ նոյն դատապարտութեան մէջ ես։ 41 Մենք իրաւունքով, քանզի ահա մեր ըրածներուն արժանաւոր հատուցումը կ’առնենք. բայց ասիկա գէշ բան մը չըրաւ»։ 42 Եւ ըսաւ Յիսուսին. «Տէ՛ր, յիշէ՛ զիս, երբ քու թագաւորութիւնովդ գաս»։ 43 Յիսուս ալ ըսաւ անոր. «Ճշմարիտ կ’ըսեմ քեզի, ‘Դուն այսօր ինծի հետ դրախտին մէջ պիտի ըլլաս’»։
ՅԻՍՈՒՍԻՆ ՄԱՀԸ
44 Ժամը վեցին ատեններն էր ու բոլոր երկրին վրայ խաւար եղաւ մինչեւ իններորդ ժամը։ Արեւը խաւարեցաւ 45 Ու տաճարին վարագոյրը մէջտեղէն պատռուեցաւ։ 46 Յիսուս մեծ ձայնով աղաղակեց ու ըսաւ. «Հա՛յր, քու ձեռքդ կ’աւանդեմ իմ հոգիս»։ Ու երբ այս ըսաւ, հոգին տուաւ։