ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, հավանաբար դուք էլ շատ հանդիպած կլինեք մարդկանց, որոնք ասում են, թե՝ բավական է ճանաչենք Աստծուն և դրանից ավելի պետք չունենք Աստվածաշնչի գիտության մեջ խորանալու, և այդպես էլ անում են: Սակայն ինչպես Ավետարանները այնպես էլ առաքյալների թղթերը կարդալիս, հասկանում ենք, որ առանց գիտության անկարելի է առաքինություն ձեռք բերել և հավատն առավել ամրացնել: Այս խոսքերը ասում է Պետրոսը, որն անուս մի մարդ էր մինչև Քրիստոսին հանդիպելը, սակայն Քրիստոսից հետո գիրք գրեց, քանի որ անձամբ իր վրա զգաց Քրիստոսի վարդապետության դրական արդյունքը, և իր հավատքը պատվական համարեց: Թող շատանա,- ասում է Պետրոսը,- խաղաղութիւնը Աստծոյ եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեամբ: Քրիստոսի մասին գիտությունն ու զորությունն է, որ մեզ տալիս է ճշմարիտ պատկերացում կյանքի և աստվածպաշտության վերաբերյալ: Առաքյալը չի ասում Քրիստոսին ճանաչեք, դա ձեզ բավական է, այլ ասում է,- ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինութեամբ՝ գիտութիւն, գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստուածապաշտութիւն, աստուածապաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր: Նաև հիշեցնում է, որ այս շնորհներն ունենալուց մենք հարուստ կդառնանք և այդ հարստությունը անպտուղ չի լինի մեր կենցաղավարության մեջ: Եկեղեցու քարոզների ժամանակ անվերջ լսում ենք, որ Քրիստոս Սէր է: Հավատում ենք որ Քրիստոս սեր է, սակայն բավական է մի նեղության կամ մի փորձության մեջ ընկնենք, ինչպե՞ս այդ այդ սերը մեզ կօգնի, եթե մենք չունենանք վերը նշված առաքինությունները, որոնցից գլխավորը և գլուխը սերն է կարգել Պետրոս առաքյալը: Մենք չենք կարողանում սիրել մեր նմանին, քանի որ չունենք գիտություն, որով որ կկարողանայինք ձեռք բերել մնացած առաքինությունները և վերջապես սէրը: Պետրոս առաքյալը կույր, կամ կարճատես է անվանում նրան, որը չունի այս բաները: Այսօր սովորեցինք, որ միմյանց չսիրելու պատճառը առաքինություններից զուրկ լինելն է: Ջանք է պետք լավ բան ունենալու համար, թանկ պետք է վճարել առաքինի գործի համար, ինչպես մեր Տէրը թանկ վճարեց մեր փրկության համար: Աղոթենք միասին. Կենդանարար զօրութիւն եւ աղբիւր անմահութեան Դու ես, Քրիստո՛ս Աստուած Փրկիչ մեր, որ շնորհեցեր մեզ ի մէջ գիշերի յառնել եւ խոստովան լինիլ առ Քեզ վասն իրաւանց եւ արդարութեան Քո. եւ այժմ աղաչեմք զՔեզ, Տէր Աստուա՛ծ մեր, արա՛ զմեզ արթունս եւ պատրաստս ի ժամ առաւօտու ընդ սուրբս Քո եւ ընդ նոսին գոհանալով փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Բ թուղթը 1.1-11
Սիմոն Պետրոսը՝ ծառան եւ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ ձեզ, որ մեզ հետ հասաք նոյն պատուական հաւատին մեր Աստծոյ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ. 2 շնո՜րհ ձեզ, եւ թող շատանայ խաղաղութիւնը Աստծոյ եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեամբ: 3 Արդարեւ, նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին եւ աստուածապաշտութեանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինութեանը: 4 Դրանցով մեծամեծ եւ թանկագին խոստումներ պարգեւուեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինէք աստուածային բնութեանը եւ հեռու մնաք այս աշխարհի ցանկութիւններից ու ապականութիւններից: 5 Եւ այս բանի համար իսկ ամէն ջանք գործադրելով՝ ձեր հաւատով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, 6 գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստուածապաշտութիւն, 7 աստուածապաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր: 8 Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ: 9 Իսկ նա, ում մէջ այս բաները չկան, կոյր է կամ կարճատես եւ մոռացութեան տուած իր նախկին յանցանքներից մաքրուած լինելը: 10 Ուստի, եղբայրնե՛ր, առաւե՛լ ջանացէք, որպէսզի բարի գործերով ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահէք: Այս բանն անելով՝ երբեք յանցանքի մէջ չէք ընկնի, 11 քանի որ այսպիսով լայնօրէն մուտք պիտի շնորհուի ձեզ դէպի մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը: