Ինքդ խնդրէ Անոր ծառայելու համար: 5 մայիսի 2020թ


Սիրելի ունկնդիրներ, ամփոփելով այս հատվածը այսօրվա Ավետարանից, մենք համոզվում ենք, մի բանում, որ մենք Սուրբ գրքի պատմությունները կարդում ենք որպես ճշմարտություններ, որպես հետաքրքիր պատմություններ, բայց երբ մեր Տէրը մեզ ասում է «Արի՛ իմ յետեւից», մենք նույն պահին հորինում ենք հազարավոր պատճառներ՝ խուսափելու համար, օրինակ՝ ժամանակ չկա, աշխատում եմ, մի կիրակի եմ տանը դրա համար չեմ գնում Պատարագ, Աստվածաշունչ կարդում եմ չեմ հասկանում, եկեղեցու շարականները և Պատարագը գրաբար են, դրա համար չեմ գնում, քանի որ չեմ հասկանում: Այսինքն ժամանակի Տիրոջ համար մենք ժամանակ չունենք:
Բայց մենք տեսնում ենք, որ Հիսուս իր աշակերտներից բոլորից նույնը չէր պահանջում: Հովհաննեսի համար ասում էր, ես ուզում եմ, որ դա ապրի, իսկ Պետրոսին ցույց էր տալիս, թե ինչ մահով է մեռնելու: Մեկի անհավատությունը փարատեց, մյուսի հավատի վրա եկեղեցի շինեց: Նույնիսկ երբ շրջում էր գյուղերով, մեկին ասում էր արի իմ հետևից, մյուսին ասում էր դու չես կարող կրել այն ծանրությունը, որ ես կրում եմ: Երրորդին ասում էր.«Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզի՛ր Աստծոյ արքայութիւնը»:
Բոլորս անելիք ունենք Քրիստոսի պարտեզում: Անշուշտ բոլոր պարտիզպաններ չենք կարող լինել, բայց կարող ենք հողը մշակել, ծաղիկ ցանել, կամ ջրել, կամ պահակ լինել պարտեզին: Բայց որ Քրիստոսի պարտեզը պետք է միշտ խնամված լինի, դրանում երկրորդ կարծիք չկա: Երբեք չասենք, թե մենք չենք կարող օգտակար լինել Քրիստոսին ծառայության գործում, որովհետև մեր Տէրը ասում է, ինձ հետևողը չի կարող նաև աշխարհին ծառայել: Աստծո Արքայությանը հասնելու համար նվիրված ծառայություն է պետք: Իսկ մենք աշխարհին սիրահարված ենք ապրում, դրա համար Տիրոջ պարտեզը անխանամ է մնացել և չի բուրում ինչպես հարկն է::

Աղոթենք միասին:
Լցաք առաւօտու ողորմութեամբ Քով, ցնծացաք եւ ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց մերոց:
Ուրախ եղաք փոխանակ աւուրցն, յորս խոնարհ արարեր զմեզ, եւ ամացն՝ յորս տեսաք զչարչարանս:
Հայեա՛, Տէ՛ր, ի ծառայս Քո եւ ի գործս ձեռաց Քոց եւ առաջնորդեա՛ որդւոց նոցա. եղիցի լոյս Տեառն Աստուծոյ ի վերայ մեր:
Զգործս ձեռաց մերոց ուղի՛ղ արա ի մեզ, Տէ՛ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՛ մեզ:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: