«Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9:13) և դարձյալ` «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին» (Ղուկ. 5:31): Եթե ես ասեմ այս խոսքերը, այդ դեպքում դու կարող ես չլսել ինձ: Բայց եթե այս ասում է Ինքը՝ Աստված, ապա ինչո՞ւ ես անտարբեր այս բանի նկատմամբ, և անհոգ՝ կյանքիդ հանդեպ: Եթե տեսնում ես, որ քո մեջ կան խորհուրդների և գործերի թարախակալված խոցեր, ապա ինչո՞ւ ես անհոգ գտնվում այդ թաքնված խոցերիդ հանդեպ: Ինչո՞ւ ես վախենում Բժշկից: Նա դաժան չէ և ոչ էլ անկարեկից և ոչ անողոք, բժշկելու համար գործի չի դնում ոչ մետաղական գործիքներ, ոչ ծանր բուժումներ, և ոչ էլ այրումներ, այլ բժշկում է միայն խոսքով: Թե ցանկանում ես՝ արի Նրա մոտ, քանի որ նա լցված է մարդասիրությամբ և բարօրությամբ: Քեզ համար խոնարհվեց հայրական ծոցից: Քեզ համար մարմնացավ, որպեսզի դու Նրան մոտենաս առանց վախի, քեզ համար մարդացավ,որպեսզի բժշկի քո ծանր խոցերը: Մեծ սիրով և մեծ բարեգթությամբ Նա կանչում է քեզ Իր մոտ: Մոտեցիր, մեղավոր, և բժշկվիր առանց ջանքի: Վայր նետիր քեզանից մեղքի լուծը, աղոթք մատուցիր և թրջիր նեխած խոցերդ արցունքներով: Քանի որ Երկնային Բժիշկը, որպես բարեգութ, արցունքներով և հոգոցներով է բուժում վերքերը:
Մոտեցիր, մեղավոր, բարի Բժշկին՝ բերելով հետդ արցունքներ, քանի որ սա է ամենաբժշկարարը: Քանի որ սա է ցանկալի երկնային Բժշկին, որպեսզի ամեն ոք իր սեփական արցունքներով բժշկի ինքն իրեն և փրկվի: Նման բժշկությունը չի գործում երկարատև, և աստիճանաբար չի, որ առողջացնում է խոցը, այլ հանկարծահաս բժշկում է քեզ: Բժիշկը սպասում է, որ տեսնի արցունքները քո, մոտեցիր, մի վախեցիր: Ցույց տուր Նրան վերքդ՝ բերելով նաև բժշկության համար անհրաժեշտ պարագաները՝ արցունքներ և հոգոցներ: Ահա բաց է ապաշխարության դուռը, ջանա, մեղավոր, մտիր, քանի դեռ այն չի փակվել: Նա ժամանակ չի ընձեռում քո անտարբերությանը և Ինքը՝ Դուռը, տեսնելով քեզ անհոգության մեջ, չի սպասի մինչև քո անփութության վերջը: Ինչո՞ւ ատեցիր քո կյանքը, ո՛վ դժբախտ:
Ի՞նչն է քո հոգուց ավելի արժեքավոր, ո՛վ մարդ: Բայց դու մեղավոր, քամահրեցիր այն:
Չէ որ չգիտես, ով սիրեցյալ, թե որ ժամին երկնային Բժիշկը կկարգադրի փակել Իր բժշկության դռները: Մոտեցիր, աղաչում եմ քեզ, և աշխատիր բժշկվել: Նա ուզում է քո ապաշխարությամբ ուրախացնել երկնային զորություններին: Արևն արդեն հասել է մայրամուտին, և քեզ համար է միայն դանդաղում, որպեսզի դու արժանանաս երկնային կացարաններին:
Դեռ երկա՞ր պիտի հանդուրժես քո անմաքուր թշնամուն՝ անամոթորեն կատարելով նրա կամքը: Նա ուզում է նետել քեզ կրակը: Ահա թե ինչի համար են նրա ջանքերը: Ահա սա է վարձքը նրանց, ովքեր սիրում են նրան: Նա մշտապես պատերազմ է մղում բոլոր մարդկանց դեմ, խոցելով նրանց վատթար և անմաքուր ցանկություններով, իսկ նա՝ պիղծը, իրեն հնազանդվողներին հասցնում է անհուսության, կարծրացնում է սիրտը, չորացնում արցունքները, որպեսզի մեղավորը վշտանալով չգա զղջման: Ամեն կերպ փախիր նրանից, ով մարդ: Ատիր և գարշանքով վերաբերվիր այն ամենին, ինչը որ նրա համար սիրելի է: Ատելություն տածիր նենգավորի հանդեպ և փախիր դավադրից, քանի որ նա «մարդասպան է ի սկզբանե» և մինչև վերջ (Հովհ. 8:44): Փախիր նրանից, ով մարդ, որպեսզի չսպանի քեզ: Լսիր, սիրելիս, երանելի ձայնը, որ ասում է ամեն օր. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես ձեզ կհանգըստացնեմ: Իմ լուծը ձեր վրա վերցրեք և սովորեցեք Ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:28-30):
Սուրբ Եփրեմ Ասորու քարոզը` ապաշխարության վերաբերյալ.