Հայրական ծոցից իջնելով և դառնալով մեզ համար փրկության ճանապարհ, Տերն Իր երանելի և աստվածային ձայնով սովորեցնում է մեզ և ասում.
«Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին» (Մատթ.9:13)
Ինչպես որ Մովսեսը ևս գրում է. «Աստված ի՞նչ է խնդրում մեզանից, եթե ոչ այն, որ սիրենք Իրեն, հետևելով Իրեն» (Բ Օրինաց 10:12):
Երբ Նա խնդրում է, որ սիրենք, դրանով հայտնում է, որ Ինքը ևս սիրում է քեզ: Ոչ մի բան չի կարող մեզ Աստծո շնորհքը տալ, բացի այն բաներից, երբ Նրան և միմյանց սիրենք:
Այս բոլորի համար վարձք պիտի ստանանք, ինչպես որ ասված է. «Աղոթիր և վարձքդ առ, բարին խնդրիր և վարձքդ ստացիր»: Երբ զավակները առաքինի են լինում, հայրերը վարձատրում են նրանց, նույնը և անում է Աստված, որ ասում է. «Եթե առաքինի լինես, վարձքդ կստանաս և Հորդ կուրախացնես, իսկ երբ չար լինես՝ կզայրացնես ծնողիդ»: Արդ, մտածենք այս բոլորի մասին: Աստծո բոլոր հրամանները մեր հանգստի համար են, որովհետև Նա երբ երանի է տալիս աղքատներին, հեզերին ու սգավորներին, ողորմածներին և ուրիշներին, այս բոլորից ոչ մի օգուտ չի ակնկալում Իր համար, ուղղակի նրանցով մեզ է զարդարում: Երբ ասում է՝ «անոթեցա», Նա տվածիդ կարոտը չէ, Ինքը կարող է աղքատներին կերակրել: Սակայն այդ խոսքով քո բարիքն է ցանկանում, ինչպես որ արևը կարիք չունի մեր կողմից տեսնվելու, և եթե մեկը չնայի նրան, միևնույն է, սա իր պայծառությամբ կմնա, այլ մենք ենք, որ օգտվում ենք նրա ներկայությունից:
Այս իրականությունը շատ ավելիով պատշաճում է Աստծուն: Այս մեկը ևս սովորիր, մեր և մժեղի միջև որքան որ տարբերություն կա, նույնքան և առավել կա մեր և Աստծո միջև: Արդ, եթե մենք, որ փառքի կարոտ ենք, սակայն չենք ցանկանա մժեղներից պատիվ ընդունել, որչափ ավելի Աստված, որ անկարոտ բնություն է, չի ուզենա մեր կողմից պատվվել: Սակայն, Աստծու համար պատիվ է, երբ մենք փրկության արժանանանք, քանզի Նա Իր պատիվը թողած, մերն է փնտրում: Նա ասում է. «Եթե մեկից նեղված ես, հրամայում եմ, որ նա թողնելով իր պատարագը, նախ գա քեզ մոտ և ապա նոր պատարագը մատուցի» (Մատթ. 5:23): Նույնը տեսնում ենք և բյուր քանքարներ պարտք ունեցողի ողորմություն գտնելու օրինակով, քանզի երբ նա իր նման ծառայից հարյուր դահեկան պահանջեց, տերը նրան չար ծառա կոչելով՝ պատժեց: Նաև՝ Պողոսը, երբ հալածում էր առաքյալներին, նրան ասաց. «Ինչո՞ւ ես Ինձ հալածում», իսկ Սամուելին ասաց. «Ոչ թե քեզ անարգեցին, այլ՝ Ինձ»:
Արդ մտածենք այս բոլորի մասին, մանավանդ Նրա, որ մեզ ճանաչեցրեց Իրեն՝ բոլոր բարիքների Գլխին, որ մեզ սովորեցրեց առաքինի գործեր, բոլոր արարածները մեր համար ստեղծեց, իր սիրելի Որդուն մեզ համար մատնեց և Երկնքի արքայությունը խոստացավ: Ամեն ինչ անենք, որպեսզի Իր սիրուն արժանանանք,
չսպասենք, որ ուրիշները նախ մեզ ողջունեն, այլ մենք կանխենք նրանց ու մրցենք՝ իրար պատիվ տալու մեջ, և սա նվաստացում չհամարենք: Նաև մեզ չարիք գործողներին երբեք չհիշենք, այլ՝ միայն այն, ինչը որ բարի է: Եթե այս բաներն ուղղենք, կարող ենք սատանայի որոգայթից ազատվել և հասնել Աստծո կողմից խոստացված բարիքներին, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհքով, որին և վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
(Բարսեղ վարդապետ Մաշկևորցի)