ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Այժմ սովորենք, թե ինչպես կարող ենք իրար սիրել: Ի՞նչն է մարմնական ցանկություններ առաջացնում, եթե ոչ մարմնի վայելչությունը: Ուրեմն մեր հոգին ևս գեղեցկացնենք, այն ժամանակ էլ իրար կսիրենք, որովհետև մարդը ոչ միայն պիտի սիրի, այլ նաև պիտի սիրվի: Ինչպես որ մարմնով գեղեցիկները սիրվում են շատերի կողմից և իրենց նման ուրիշներին են սիրում, այսպես էլ նրանք, որ հոգով գեղեցիկ են, շատերի կողմից սիրվում են և իրենք էլ ուրիշներին են սիրում: Իսկ մենք իրար չենք սիրում, քանզի հոգով գեղեցիկ չենք: Ուստի մեծ իմաստուն է նա, որ սեր է գոյացնում: Արդ, ինչպես առաքյալները քարոզով, մարգարեները՝ սովորեցնելով, նույնպես և դուք Աստծուց մեծ պարգև կստանաք, եթե ճշմարիտ սիրով սիրելիներ բազմացնեք: Ինչպես որ թագն ու ծիրանին ցույց են տալիս, թե ով է թագավորը, իսկ առանց նրանց, եթե նույնիսկ ոսկյա հագուստ էլ ունենաս, նրա թագավոր լինելը չի իմացվի, նմանապես, եթե ամեն տեսակի առաքինություններ ունես և եթե նույնիսկ կարող ես հրաշքներ գործել, սակայն եթե սեր չունես, հայտնի չի լինի թե արդյո՞ք պատկանում ես Քրիստոսին: Սա է կնիքը, այսինքն՝ Քրիստոսի նշանը, այն խոսքի համաձայն թե՝ «Իմ աշակերտներն եք, եթե իրար սիրեք» (Հովհ. 13:35): Ինչպես որ յուրաքանչյուր ոչխար իր կնիքով, այսինքն նշանով ենք ճանաչում,
նույնպես և քրիստոնյան ճանաչվում է իր սիրով, որ կնիք է, այսինքն՝ Քրիստոսի նշան է, իսկ կարող ենք այն ունենալ, երբ օգնենք զրկյալներին, ինչը որ անելուց այնքան հեռու ենք:
Մարդիկ ինչքերի պատճառով է, որ այսպես նեղվում են, և շատերին այդպես ատելի են դառնում, իսկ մենք, Աստծո համար մի կտոր բան մեր բերանից չենք ուզում կտրել, որպեսզի օգնենք զրկյալներին, որպեսզի ոչ ոքի ատելի չլինենք: Շատերը հաճախ կրկնում են. «իզուր սիրիր, բայց զուր տեղը մի ատվիր», թեև Աստծո համար ուրիշների կողմից ատելի դառնալուց ավելի լավ բան չկա: Աստծու համար հանձն առած ատելությունը ավելի շահավոր է, քան՝ Աստծո համար սիրված լինելը: Երբ Աստծո սիրո համար սիրվենք, մենք պարտապան կգտնվենք Նրա սիրուն, իսկ երբ ատվենք Իր համար, Նա պարտապան կգտնվի մեզ:
Որքան որ ագահները սիրում են հարստություն, ցավոք, նույնքան էլ մենք չենք սիրում Քրիստոսին, և ինչ օգուտ կստանանք, երբ ինչքեր չենք սիրում, սակայն չենք սիրում նաև Քրիստոսին: Արդարև, ոչ միայն պետք է հավատանք Քրիստոսին, այլև սիրենք նրան, ինչպես Պողոսն է գրում. «Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքով ու սիրով» (Բ Տիմ. 1:13): Ինչպե՞ս կարող է մեկը համարձակվել և ասել, թե սիրում է Քրիստոսին, երբ սիրելիի կեցվածք ցույց չի տալիս: Ուստի, ինչպես որ մեկը սիրում է մտերիմ բարեկամի, գոնե այդպես սիրենք Քրիստոսին, ինչը երբեք չեմ տեսնում: Հաճախ բարեկամների համար անարգվում ենք, իսկ Քրիստոսի համար ոչ ոք չի ուզում նախատվել: Երբ տեսնում ենք, որ բարեկամը հեռու երկիր է մեկնում, լացում ենք և նեղվում, իսկ երբեք չենք ցավում, երբ Քրիստոս մեր մեղքերի պատճառով հեռանում է մեզանից: Նրան որպես
բարեկամ չունենալը այնքան մեծ չարիք չէ դեռ, քանզի շատ ավելի վատթարը կա, այն, որ նույնիսկ Նրան թշնամի ենք դառնում, ինչպես որ ասում է առաքյալը. «Մարմնի խորհուրդը թշնամի է Աստծու հանդեպ» (Հռոմ. 8:7): Մենք միշտ մարմնի կամքը կատարելով, թշնամություն ենք ցուցաբերում: Նա միշտ մոտենում է մեզ, իսկ մենք անարգելով Նրան, հեռացնում ենք մեզանից՝ մեր չար գործերով:
Հետևաբար, աղաչում եմ, սիրենք Աստծուն, ինչպես որ Ինքը սիրում է մեզ: Եթե Նա մեզ սիրեց, երբ Իրեն ատում էինք, որքան ավելի պիտի սիրի մեզ, երբ այսուհետև մենք ևս սիրենք Իրեն: Պետք չէ միայն
խոսքերով սիրել, որովհետև Ինքը ևս ոչ միայն խոսքով, այլև գործով ցուցաբերեց Իր սերը: Արդ, դու ևս գործով ցույց տուր՝ կատարելով Իր կամքը: Թեև Նա կարոտ չէ մեր սիրուն, և սա Իր սիրո մեծ գութն է հայտնում, որովհետև երբ մեկը կարիք չունի և սիրում է, ուրիշ ինչ պիտի ցանկանաս, եթե ոչ սիրվել քեզ սիրողից:
Բարսեղ Մաշկևորցի «Խրատներ»
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.23-27
Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»:
Post Views: 1,052