ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Ո՞ւր են նրանք, որոնք ասում են, թե ինչո՞ւ սատանան եղավ: Իրականության մեջ բանսարկուն ոչինչ չի անում, այլ՝ մենք: Թեև այս բաներն ասելու իրավունք ունեն ավելի միայնակյացները, որոնք իրենց մտածումները մաքրել են և ինչքերն ու այլ բաներն արհամարհելուց հետո՝ հանձն առել հրաժարվելու իրենց հայրերից ու մայրերից, տներից ու այլ շատ բաներից, սակայն նրանք նման խոսքեր չասացին, այլ միայն նրանք, ովքեր ասելու պատճառ չունեին, և սրանք են ասում, թե սատանան է ընչասիրության պատճառը և նա է մեր մեջ առաջացնում պոռնկության չար խորհուրդը: Եթե իսկապես նա է պատճառը, պետք է փախչեիր, այլ ոչ թե հանձն առնեիր, իսկ երբ հոժարում ես, այնժամ ոչ թե սատանան է մեղադրելի, այլ դու:
Երբ մեկն աղբն իր տնից դուրս թափի իսկ մեկ ուրիշը ամբողջությամբ այն իր տունը տանի, ոչ թե աղբ թափողին, այլ վերցնողին պիտի մեղադրենք և անվանենք անմիտ: Այսպես էլ հիմա գիտես, որ արծաթսիրությունը բանսարկուից է, նաև ժահահոտ ու գարշելի աղբի նման չար և աղտոտ շնության խորհուրդը նա է մեջդ սերմանում, իսկ դու առանց անդրադառնալու պատրաստակամությամբ այն ընդունում ես: Պետք է նմանօրինակ ամեն բանից էլ խույս տալ և կամաց-կամաց ձերբազատվել: Ինչպես որ մեր ճամփան շեղելով հեռանում ենք աղբանոցից, նույնպես և դու փախիր ընչասիրությունից և աղտեղի խորհուրդներից: Թերևս հարցնես. «Ինչո՞ւ փախչեմ»: Եթե հակառակն ասած լինեի, թե՝ ինչքեր ցանկացիր և մարմնի հեշտանքը սիրիր, կարող էիր տարակուսել, օրինակ, առջևդ ոսկի ու թանկարժեք քարեր եթե լինեին, և քեզ ասեի սրանք անարգիր և փոխարենը կապար վերցրու, այն ժամանակ կարող էիր չհամոզվել և ասել, թե ինչպե՞ս կարող եմ այդ անել: Իսկ եթե ասեի կապար մի ցանկացիր, այլ՝ ոսկին, հարցը կդյուրանար: Նմանապես, այս և անդենական կյանքի հեշտության
տարբերությունը ոչ միայն ոսկու և կապարի միջև գոյություն ունեցող տարբերության չափն է, այլ՝ շատ ավելին: Ուստի, պետք է զարմանանք ոչ թե այս կյանքի հեշտությունները արհամարհողների
վրա, այլ չարհամարհողների, որովհետև գարշահոտ աղբը և անուշահոտ յուղը միմյանցից զանազանել չկարողանալը չափազանց անմտության նշան է:
Եվ ի՞նչ, ցանկանում ես հավիտենական կյանքը ժառանգել և առարկում ես, թե ինչպես ներկա կյանքն արհամարհե՞մ: Ուզում ես արքայական ծիրանի հագնել և ասում ես, թե ինչպե՞ս մերկանամ ցնցոտիներիցս: Թագավորի պալատում պետք է բնակվես ու բազմես և ասում ես, թե ինչպե՞ս ատեմ աղքատիկ հարկս: Իսկապես, ամեն ինչի պատճառը մենք ենք, որ չենք ուզում մեր հայացքը մի քիչ վեր բարձրացնել, մինչ նրանք, որ փորձեցին, շատ հեշտությամբ հաջողության հասան: Դուք ևս հավատ ընծայեք ասածներիս և նախանձախնդիր եղեք ուղիղ բաներին՝ ընկերոջը ձեր անձի պես սիրելով, որի մասին միայն խոսում ենք, իսկ գործով ցույց չենք տալիս:
Մտածիր, թե բոլոր բարիքներից որքան ավելի մեծ է ընկերասիրությունը, ոչ օրենքի և ոչ էլ տանջանքների պետք կունենայինք, եթե բոլորն էլ ուրիշներին սիրեին այնպես, ինչպես իրենք կուզեին սիրվել, ոչ ոք ուրիշին չէր զրկի, այլ կռիվներն ու հափշտակությունները, չար նախանձն ու բարկությունը ինչպես նաև այլ ախտերը ամբողջությամբ կանհետանային: Արդարև, սերը բուսնում է առաքինի հոգիների մեջ, իսկ այնտեղ, ուր չարություն կա, այս բույսը չորանում է,համաձայն այն խոսքի, թե. «Երբ անօրենությունը բազմանա, սերը կցամաքի» (Մատթ. 24:12): Ինչպես որ մարդն իր անձին չարիք չի ուզում հասցնել, նույնը կանի և իր ընկերոջ համար, եթե սեր ունենա: Սրա համար է, որ Քրիստոս ճշմարիտ սիրո նշանը ընկերասիրությունը նկատեց և ասաց. «Պետրոս, եթե ինձ սիրում ես, արածեցրու Իմ ոչխարներին» (Հովհ.21:17): Տես, ընկերոջ հանդեպ սերը մարտիրոսությունից վեր համարեց, որովհետև չասաց. «Իմ համար մեռիր, այլ՝ ինձ հավատացողներին ծառայիր»: Ահա թե ինչու, առաջին պատվիրանի նման պահանջեց նաև երկրորդը՝ այսպես ասելով Աստծո համար. «Քո ամբողջ սրտով Նրան սիրիր, -իսկ ընկերոջ համար ասաց, -քո անձիդ պես նրան սիրիր»: Եթե իսկապես կարենայիր այս գործադրել, սատանան ոչ հարուստին և ոչ աղքատին, ոչ ամուսնուն և ոչ կնոջը չէր կարող վնասել: Նույնիսկ, հազար սատանա եթե լինեին, և մենք սեր ունենայինք, մեզ ոչինչ չէին կարող անել:
Խրատանի ապաշխարության գրքից մի հատված
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.44-48
Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ: Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամէնի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը, որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»: Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ այն ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան: Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ով է մեծ: Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետեւ ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա է մեծ»:
Post Views: 1,000