ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Երբ բացակայում է լույսը, միայն այդժամ ենք հիշում նրա կարևորության մասին:
Ինչո՞ւ է լույսը այդքան կարևոր մեզ համար...
Երբ արթնանում ենք, առաջինը որ տեսնում ենք, դա լույսն է, եթե դեռ բնական լույսը չի բացվել, ապա միացնում ենք էլեկտրականը:
Երբ մութը ընկնում է, փողոցում վառում են էլեկտրական լույսերը:
Եթե որևէ գործ ենք անում, և մեր աչքի լույսը չի բավարարում, ապա միացնում ենք ավելի պայծառ լույս:
Երբ պատահաբար լույսը մարում է, առաջին գործը մոմով տունը լուսավորելն է:
Հաճախ քնելուց տան մի անկյունում մի փոքր լույս ենք թողնում վառած:
Երբ մեր միտքը լուսավոր չէ, մեր կարդացածն էլ չենք հասկանում:
Եկեղեցուց` Ճրագալույցի լույս ենք բերում մեր տուն, այլն...
Այս շարքը կարող ենք ավելացնել, ինչքան որ կամենանք...
Երբևէ մտածե՞լ ենք, թե ինչո՞ւ ենք այդքան նեղվում լույսի բացակայությունից,
թեպետ լույսի առկայությունը մեր կյանքում միշտ չէ, որ նկատում, գնահատում
և փառք ենք տալիս Աստծուն:
Հիմա տեսնենք թե ի՞նչ ուղղակի և անմիջական կապ կա մեր և լույսի միջև:
Առաջին նախադասությունը, որ արտաբերեց Աստված արարչագործության ժամանակ` այսպիսին է.
Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։ Ծննդոց 1:3
Մեր Տերը ասաց. «Ես եմ աշխարհի լույսը: Ես որպէս լոյս եկայ աշխարհ,
որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ»։ Հովհ.12:46
Ահա թե ինչու մենք առանց լույս չենք կարող ապրել ինչպես մարմնավոր, այնպես էլ հոգևոր կյանքում: Եթե մեր մարմնավոր աչքերը չեն հանդուրժում խավարը, ապա որքան առավել մեր հոգու աչքերին է կարևոր Լույսը`մեր Տիրոջ խոսքն ու պատգամը, Ավետարանն իր համակ լույսով...
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1
Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:
7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:
Post Views: 1,315