Հիսուս Քրիստոս ամեն օր է խաչվում, երբ մեղանչում ենք գիտակցաբար:
Քրիստոս ամեն օր է ծնվում մեր սրտում, երբ հետևում ենք Իրեն:
Քրիստոս ամեն օր է քարոզում տարբեր մարդկանց միջոցով մեր ականջին:
Քրիստոս ամեն օր է խաչվում, երբ մեղք ենք գործում կամա թե ակամա:
Քրիստոս ամեն օր է Հարություն առնում, երբ ազատվում ենք մեր մեղքերից:
Քրիստոս ամեն օր է Համբարձվում, երբ հավատով ու լիահույս ենք Իրենով:
Քրիստոս ամեն օր է գալիս դատաստանի համար Իր Սուրբ Գրքով:
Նա ամենուրեք է, բերդում, հիվանդանոցում, ծերանոցում, մանկատանը, զորամասում, մեր տանը, սգավոր մոր կողքին և հսկում է մեր սրտերը, թե
ով է իրեն փնտրում որպեսզի նրա մոտ մնա, նրան մխիթարի, սփոփի, խրատի, բուժի, ների, կամ ասի` բարի ծառա, քչի մեջ հավատարիմ եղար, ապրես...
Խոսքս ուղղում եմ առաջին հերթին հիվանդներին.
Սիրելիներ, ձեզ Աստված է պետք, որ բուժվեք հոգով և մարմնով: Աստված ձեր նվիրական, անտրտունջ աղոթքներին է սպասում, որպեսզի ուղարկի դարմանը:
Սիրելի բանտարկյալ քույրեր և եղբայրներ, ձեզ Աստված է պետք, որ մխիթարի: Աստված սպասում է ձեր անկեղծ զղջումին ու արտասուքին, որ արձակի ձեզ:
Սիրելի ծերեր ծերանոցի, ձեզ Աստված է պետք, որ զգաք Որդու քաղցրությունը: Աստված սպասում է ձեր անկեղծ աղոթքին, որ հուսադրի ձեզ, թե` մենակ չեք:
Սիրելի և չքնաղ մանուկներ մանկատան, Աստված ի սկզբանե ձեզ է սիրել, ձեզ է օրինակ բերել մեծերի համար, ձեր մաքուր սրտով աղոթեք բոլորիս համար, Աստված միշտ ձեզ հետ է, և դուք Սիրասուն և Գթած Ծնող ունեք Երկնքում:
Սիրելի զինծառայողներ, ձեզ Աստված է պետք, որ առողջ վերադառնաք ձեր մայրերին: Փառք տվեք Աստծուն յուրաքանչյուր խաղաղ օրվա համար:
Սիրելի սգակիր մայրեր, մի՞թե Աստծուց բացի մեկը կարող է ձեզ մխիթարել, ձեր նահատակ զավակների հոգիները Նրա մոտ են, Նրա նախախնամության ներքո: Նա ձեր կոտրած սրտի աղոթքներին է սպասում, որ մխիթարի ձեզ:
Սիրելի Քրիստոսասեր ընկերներ և բարեկամներ, ծանոթներ և անծանոթներ, հոգևոր և մարմնավոր հայրենակիցներ, բոլորիս Աստված է պետք մեր փրկության համար: Սիրելի՛ «Հովնան Մարգարեներ» մեզ ապաշխարություն է պետք, որ չկորսվենք: Սիրելի Աստված մեզ Քո զորությունն է պետք, որպեսզի մնանք Քո կամքի մեջ ևարժևորենք ամեն իր օրը: Ողորմիր, ապրեցրու և լսիր մեր խնդրանքները այսօր: Այս տարվա մեր ձեռքբերումը պայմանավորված է մեր հոգևոր աճի մեջ առաջընթացով: Նորանոր հաջողություններ կարձանագրվեն նոր տարում միայն նրանց մոտ, որոնք հին մարդը կթողնեն հին տարում և համարձակություն կունենան նորովի ապրել նոր տարում: Սա է իմ մաղթանքը
և՛ տարվա սկզբից և՛ տարեվերջին: Մաղթում եմ ձեզ կամք և ուժ: Աստծու հետ ամեն ինչ հնարավոր է: