ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Կամք կա, ուժ կա, կամքի ուժ չկա.
Հավատքը տկար է.
Հոգևոր գիտելիքը բավարար չէ.
Ճանապարհը վտանգավոր է.
Աներևույթ թշնամին շատ է.
Առանց զենքերի դուրս ենք եկել պայքարի.
Պարտությունը անխուսափելի է:
Մինչդեռ կարող էինք հաղթել, քանզի հզոր է մեր զենքը...
Գիտե՞ս, թե ինչու չես կարողանում պայքարել մեղքի դեմ.
Մենք հաճախ մեղանչում ենք ոչ թե այն պատճառով, որ չգիտենք դա մեղք է, այլ այն պարզ պատճառով, որ անկարող են պայքարել այդ մեղքի դեմ:
Մենք քաջ գիտակցում ենք, որն է սխալ և որը` ճիշտ, սակայն գիտակցելով հանդերձ մեղանչում ենք:
Միթե ամուսինը, որը հավատարիմ չէ կնոջը, կամ հակառակը, չգիտե՞ն որ դա սխալ է:
Անշուշտ գիտեն, ուղղակի չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները:
Նրանց մոտ տեղի է ունենում հակառակ գործընթացը` զգացմունքը իշխում է բանականությանը:
Կամ երբ նստում ենք ճաշի, մի՞թե չենք գիտակցում, թե որքանն է մեզ բավարար հագենալու համար,
բայց ուտում ենք լիարժեք հագենալու և երբեմն էլ չափն անցնելու աստիճան:
Բազում են օրինակները մեր օրերում մեղքով լցված այս աշխարհում և բոլորն էլ տեղյակ են սխալի մասին:
Եթե չգիտակցենք, որ մեր արածը սխալ է, ապա չենք թաքցնի մարդկանցից մեր սխալ քայլերը:
Ուրեմն մեղքի գիտակցությունը կա, պայքարելու ուժ չկա, իսկ պայքարել անկարող ենք:
Մենք տկար ենք պայքարելու մեջ, որովհետև թույլ է գիտելիքը Աստծու խոսքի հանդեպ և թույլ է հոգին հաճախ չհաղորդվելու պատճառով:
Իսկ Աստծու գործերը միայն խոսքի մեջ չեն, նրանք համակ ուժ են, որ մեր մեջ մտնելով դուրս են վռնդում ամեն տեսակ մեղք ու տկարություն:
Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունն է, որ Կենդանի ուժով մտնում է մեր էության մեջ և տալիս է մեզ ոչ միայն լսելու Աստծու խոսքը, այլ նաև լինելու այն կատարողներ:
Այդ պատճառով է, որ մեր Շնորհալի Հայրերը հորդորում են, որպեսզի հաճախ հաղորդվենք, սիրով հաղորդվենք, աներկբա հավատով հաղորդվենք,
մեղքի գիտակցումով ու զղջումով հաղորդվենք: Եվ Սուրբ Հաղորդությունը կլինի մեզ համար քավություն և թողություն մեր մեղքերին:
Իսկ երբ մոտենում ենք Սրբությանը անգիտակցաբար, ապա ըստ Առաքյալի այն դառնում է մեզ համար դատապարտություն և
մենք մեղքի նկատմամբ դառնում ենք անզոր և անկարող: Իսկ ի՞նչ ասենք նրանց, որոնք անտեղյակ են Սուրբ Հաղորդությունից,
կամ հազվադեպ են հաղորդվում` չկարևորելով Նրա միջոցով կատարվող Փրկությունը: Ամենայն կատարյալ բարիք մեզ անվճար է
տրվում մեր Տիրոջից, իսկ մենք միշտ ձգտում ենք ձեռք բերել շնորհք, ուժ, կարողություն և այլն առանց Տիրոջ օրհնության և օգնության:
Այդպես չի լինում: Մի պակասեցրեք ձեր սերը մարդիկ: Չէ որ այս աշխարհը սիրո վրա է հիմնված, սերը պակասելուց կարող է նրա հիմքեր թուլանալ:
Իսկ թույլ հիմքերով շինությունը քանդվում է ժամանակին: Ուժ, կարողություն բոլորիս Աստծու կամքով, պայքարելու համար հատկապես այս օրերին,
որովհետև բարոյականության ոսկե օրենքը խախտված է:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
Post Views: 1,409