Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 6.14-29
14 Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»: 15 Ուրիշներն ասում էին, թէ Եղիան է. իսկ միւսները թէ՝ մարգարէ է, կամ թէ՝ մարգարէների նման մէկը: 16 Երբ Հերովդէսն այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա է. մեռելներից յարութիւն է առել»: 17 Արդարեւ, ինքը Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, 18 եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»: 19 Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ եւ ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, 20 որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար ու սուրբ մարդու եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան: 21 Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսն իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին: 22 Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կտամ»: 23 Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ «Դու ինձնից ինչ էլ ուզես, կտամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը»: 24 Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց. «Ի՞նչ ուզեմ»: Եւ սա ասաց. «Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 25 Եւ աղջիկը, շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ, ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 26 Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել: 27 Եւ թագաւորն իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում 28 ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը: 29 Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ:
Հոգևոր քարոզներ 2018
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»
Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Հարկ է, որ մենք ոչ միայն բավարարվենք տոնասիրությամբ և Սուրբ Մասունքները համբուրելով, այս լսենք, կարդանք ու մտապահենք սրբերի վարքը օրինակ վերցնելու համար, մեր կարելիության չափով նմանվել նրանց, որոնք իրենց հավատքի անսասանության համար արժանացան մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծ սիրուն: Շնորհավորում եմ բոլոր Հովհաննեսներին, Կարապետներին. Մկրտիչներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ և հայցում սուրբի բարեխոսությունը նրանց համար: Յանուն կանանց ծնունդների մէջ մեծի՝ Յովհաննէս Մկրտչի, եւ բոլոր սուրբերի, նրանց բարեխօսութեամբ սրբի՛ր մեզ Տե՛ր, հոգու եւ մարմնի ամէն տեսակ պղծութիւններից եւ արժանացրո՛ւ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագելու եւ փառաւորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդութեանդ ամէն:
Երբ լրացավ Հովհաննեսի 30 տարին, Աստծո հրամանով նա եկավ դեպի Հորդանան գետը և սկսեց քարոզել ժողովրդին: «Ապաշխարեցե՛ք, - ասում էր նա,- որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»: Նա հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, շուտով կկործանվեն, քանզի մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Այդ ժամանակ մկրտության եկողների մեջ հայտնվեց Հիսուսը և բոլորի պես Ինքն էլ մկրտվեց Հովհաննեսի կողմից: Սուրբ Հովհաննեսը մինչև վերջ կատարեց իր գործը՝ նախապատրաստելով Տիրոջ ճանապարհը, ճանաչելով և ընդունելով Նրան: Վկայելով Փրկչի մասին՝ նա ցնծում էր ուրախությունից և մարգարեանում իր մոտալուտ մահվան մասին: Հովհաննես Մկրտիչը գլխատվեց Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսի կողմից, որին հանդիմանել էր անօրինական ամուսնության համար: Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» Մատթ.11:11: