Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Օրվա ընթերցվածք.
Հակոբոս առաքյալի թուղթը 3.1-12
Եղբայրնե՛ր իմ, շատերդ մի՛ ձգտէք ուսուցանող լինել: Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու, քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում: Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը: Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք: Ահաւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են, ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է: Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը՝ բորբոքուած գեհենի կրակով: Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած են եւ հնազանդւում են մարդկային բնութեանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծոյ նմանութեամբ: Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ: Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի: Մի՞թէ մի աղբիւր նոյն ակունքից քաղցր եւ դառը ջուր կբխեցնի: Եղբայրնե՛ր իմ, մի՞թէ կարելի է, որ թզենին ձիթապտուղ տայ, կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս՝ աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:
Հոգևոր քարոզներ 2018
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»
Երանի է մեզ, որ առանց տեսնելու հավատացինք:
Հայտնի է, որ Քրիստոսի հարությամբ միաշաբաթ օրը նվիրագործվեց և դարձավ կիրակի, ուստի Զատկին հաջորդող առաջին միաշաբաթը կոչվեց Նոր կիրակի կամ Կրկնազատիկ (կրկին Զատիկ): Նոր կիրակին խորհրդանշում է Քրիստոսի Եկեղեցու հաստատման և ծավալման սկիզբը: Հիսուս Հարությունից հետո հաճախակի առիթներով երևում էր Իր աշակերտներին և ուրիշների: Մի օր էլ երբ աշակերտները հրեաներից սարսափելով հավաքված էին, դուռ պատուհան փակած մի վերնատան մեջ, հանկարծ երևաց Հիսուս: Այնտեղ էր նաև Թովմաս առաքյալը, որ Հարության օրը, ինչպես նաև նրանից հետո, չէր տեսել Հիսուսին և ասել էր, որ, մինչև մատս չխրեմ Նրա կրծքի վերքի մեջ, չեմ հավատա Իր Հարությանը: Թովմաս առաքյալը երբ տեսնում է Հիսուսին, քննում և ստուգում է Նրա խոցված տեղերը և հավատում է: Հույները այս կիրակին կոչում են Թովմայի կիրակի, թերևս իր թերահավատության պատճառով: Առաքելական կանոններով հաստատվեց, որ բոլոր կիրակի օրերը տոն լինի և պաշտոն կատարվի, կարդացվեն նաև մարգարեական և առաքելական թղթեր, ամենից հետո կարդացվի Ավետարանը և Սուրբ Պատարագ մատուցվի:
Կրկնազատիկ. Նոր կիրակի. Դու էլ կյանքդ սկսիր նորովի:
Նա, որը հանձն առավ մեռնել քեզ համար, Որքան պիտի կամենա տեսնել քո փրկությունը Իր միջոցով: Մենք էլ աղոթենք մեր թերահավատության համար, ինչպես որ Թովմասի թերահավատությունն էր, և այս պահից ասենք. Տեր իմ և Աստված իմ, մեր միակ Օգնական ու Պաշտպան, մեր միակ Մխիթարություն բոլոր ժամանակների համար, ապավինում ենք Քեզ անվերապահ: Առաջնորդիր՛ մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, և սովորեցրու՛ մեզ գնալ Քո արդարության ճանապարհով, պահիր՛ խաղաղությամբ մեր երկրի սահմանները, մեր զինվորի կյանքը և մեր ընթացքը` միայն Քո կամքի համաձայն:
Պատարագի Խորհուրդը սթափության ահազանգ է բոլոր մարդկանց համար: Ինքնաքննության հրավեր է յուրաքանչյուրիս, զղջումի հնարավորություն է, փրկության հույս է, մեր կյանքի առանցքն է Սուրբ Պատարագը: Ուրիշ ո՛չ մի տեղ չկա խաղաղություն, սեր օրհնություն և միասնություն: Մեր հանապազօրյա Հացն է այնտեղ բաշխվում ամեն կիրակի: Աստծուց գոհություն հայտնելու լավագույն հնարավորություն է: Մենք Հայր Մեր աղոթքի մեջ մեր հանապազօրյա հացն ենք խնդրում ամեն օր, և կիրակի օրերը չենք մասնակցում Պատարագի: Մի՞թե միայն նյութական հաց ենք ուզում մեր Տիրոջից: Ամեն կիրակի պետք է մասնակցենք Պատարագի և հաղորդվենք մեր Տիրոջ հետ: Ո՞վ գիտե հաջորդ կիրակի ո՞ւր կլինենք...
Գնա Եկեղեցի, որպեսզի Պատարագի ժամանակ լսես օրվա Ավետարանը: Երբ դուրս գալուց հետո չես հիշում, թե ինչ կարդացվեց եկեղեցում, ուրեմն այդ բացը լրացրու հաջորդ կիրակի: Անհնար է մասնակցել Պատարագին ու չհիշել թե որն էր օրվա Ավետարանը, կամ օրվա խորհուրդը: Այլապես ոչինչ չես սովորի այդ օրը: Ծուլությունը հոգևոր ասպարեզի անեծքն է դարձել: Քունը պատճառ է դարձել զրկվել փրկությունից, որովհետև չարը հետապնդում է հանապազ: Կամ, Երբ քեզ ճաշի են հրավիրում, անհնար է, որ ավարտին շնորհակալություն չհայտնես հյուրասիրության համար: Իսկ ինչպե՞ս ես եկեղեցուց դուրս գալիս Սուրբ հաղորդություն ստանալուց անմիջապես հետո, առանց գոհության աղոթքին մասնակցելու: Սուրբ Հաղորդությունից հետո քաղցր ձայնով երգում են. «Աստուած մեր և Տէր մեր երևեցաւ մեզ, օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»: Մեր Տեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։
Իսկ դու, որ արդեն դուրս ես եկել եկեղեցուց չես լսում այս գեղեցիկ մեղեդին: Իսկ դպիրներն ու ժողովուրդը գոհունակության երջանիկ զգացումով երգում են. «Լցաք ի բարութեանց Քոց, Տէր»։
Այսինքն՝ Քո բարիքներով լցվեցինք, Տեր, Մարմինն ու Արյունը ճաշակելով. փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ, որ միշտ կերակրում ես մեզ։ Ուղարկիր մեզ քո հոգևոր օրհնությունը. փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ։ «Գոհություն ենք մատուցում Քեզ, ո՛վ Տեր, որ քո անմահական Սեղանից կերակրեցիր մեզ՝ քո Մարմինն ու Արյունը բաշխելով աշխարհին փրկություն և մեր անձերին կյանք լինելու համար»։ Եթե դու մինչև Քահանայի արձակումը դուրս գաս, կլինի, որ օգտվեցիր բարիքներից և շնորհակալություն չհայտնեցիր Պարգևատուին: Միշտ էլ կարելի է սովորել, երբեք ուշ չէ, կարևորը ցանկությունն է:
Աստված բոլորի Արարիչն է, բայց ոչ բոլորի Հայրը, որովհետև մարդիկ երկու խմբի են բաժանված, Աստծո զավակներ և սատանայի զավակներ: Սովորիր Աստծո մատնանշած ճանապարհը, և ցույց տուր քո սիրելի զավակին, որպեսզի նա հաստատ լինի իր գործերում: Իսկ երբ դու էլ տեղյակ չես Աստծո շիտակ ճանապարհներից, նրան ցույց ես տալու քո պատկերացրած ճանապարհը, իսկ մարդը չգիտե շիտակ ճանապարհի սկիզբը առանց Աստծո: Իսկ Կղեմես Ալեքսանդրացին հոգևոր քրիստոնյայի կյանքի համար այսպիսի գեղեցիկ տողեր ունի...
«Կատարյալ քրիստոնյայի բովանդակ կյանքը նման է սրբազան հանդեսի. նրա զոհաբերություններն աղոթքներն են, նրա աստվածպաշտությունը՝ Աստվածաշնչի ընթերցանությունը... Քաջատեղյակ լինելով Սուրբ Գրքին և ծերության մեջ էլ ընթերցելով այն, նա ապրում է՝ լիովին հնազանդվելով Ավետարանին... Նրա բովանդակ կյանքը ոչ այլ ինչ է, քան ուսում և գործեր՝ հիմնված Տիրոջ վարդապետության վրա»: