Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018
Դ. Կիրակի որ կոչվում է «Տնտեսի». Նյութական հարստության տնօրինումը:
«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամ արեք» Ղուկաս 16: 9
Մեծ պահքի 4 -րդ կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից: Այս առակը դուռ է բացել թեր ու դեմ վիճաբանությունների համար: Շատերը տարակույս են հայտնել, թե Հիսուսը կարո՞ղ էր այսպիսի առակ ասել: Կարելի՞ է անհավատարիմ ու «անիրավ» կոչված ստահակի խարդախ արարքը գործածել բարոյական դաս թելադրելու համար: Հուլիանոս կայսրը (+363), ով թեև քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, բայց հետագայում հեթանոսություն որդեգրեց և ջանաց վերահաստատել այն, որի պատճառով պատմության մեջ «Ուրացող» մականունը ժառանգեց, այս առակն ընդդեմ քրիստոնեության գործածեց` Հիսուսին և Նրա հետևորդներին ամբաստանելով իբրև խարդախություն և անարդարություն քաջալերողների: Տարակույսները և վերագրումները, բնականաբար, արդյունք են սխալ հասկանալու, որից դժվար է զերծ մնալ առակի առաջին և մակերեսային ընթերցումից հետո:
Տնտեսի առակը չի նմանվում, օրինակ, Բարի սամարացու կամ Անառակի առակներին, որոնցով թելադրվում է բարի գործ կատարել կամ զգուշացվում չար արարքից: Տնտեսի, ինչպես նաև հաջորդ կիրակիի Դատավորի առակը, տարբեր դասավորումների ներքո են: Այս առակների հերոսները շինարար կամ հանձնարարելի ոչինչ չունեն: Ավետարանում երկուսն էլ ծանոթ են «անիրավ» մակդիրով: Տնտեսի առակով Հիսուսը մի դրվագ է պատմում բոլորովին աշխարհիկ և բարոյական սկզբունքներից զուրկ ինչ-որ անձնավորության կյանքից` Իր աշակերտներին հանձնարարելու համար, որպեսզի նրանք էլ կյանքում նման եռանդ, հնարք և ուշիմություն ցույց տան` ապահովելու համար իրենց բարոյական ու հավիտենական ճակատագիրը, ինչպես «Անիրավ տնտեսն» էր արել իր երկրավոր ու ֆիզիկական
կյանքն ապահովելու համար: Ըստ այսմ, առակի բանալին հետևյալ խոսքի մեջ է. «Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են իրենց շրջանակում իրենց գործերը և հետապնդած նպատակները հաջողեցնելու համար, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ»: Իսկ առակի խորհուրդը վերոհիշյալ խոսքին հաջորդող Հիսուսի այս պատգամն է.
«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Հիսուսը ցանկանում է ասել` ինչպես աշխարհիկ մարդիկ, օրինակ, անիրավ տնտեսը, մամոնան գործածում են վաղանցիկ և անձնասիրական նպատակներով բարեկամներ շահելու, նույնը դուք արեք հոգևոր ու հավիտենական նպատակների համար: Ավետարանի այս խոսքն առակի հարուցած գայթակղությունն իր գագաթնակետին է բարձրացնում: Գործված խարդախությունները կարծես բավական չէին, այդ ամենին վրադիր դրանք գործողին գովում էլ են… Այս առումով աշխարհը տնտեսի առակից այս կողմ շատ քիչ է փոխվել: Մի պահ եթե անդրադարձ ակնարկ նետենք մեր շրջանակի առօրյա կյանքին, պիտի տեսնենք, որ սա աշխարհիկ շրջանակներում ամենաբնական «ռեակցիաներից» մեկն է նման երևույթներին: «Աշխարհի» մարդիկ գիտակից կամ անգիտակից ինչ-որ հիացում ունեն ամեն կարգի հաջողությունների հանդեպ, հոգ չէ, թե այդ հաջողություններն ինչ գնով են ձեռք բերված: Մարդիկ գիտակից կամ անգիտակից ինչ-որ համակրանք ունեն ճարպիկ գողերի հանդեպ:
«Վա՛յ, սատանի ձագ, սրանից էլ հաջող դուրս եկավ» և սրա նման ավելի գունագեղ դրվատական արտահայտություններ են ուղղվում նրանց հասցեին, ովքեր ամեն ստահակություն գործում, բայց իրենց օձիքն ազատում են: Արդարև, ինքնավստահ անզգամությունն էլ իր կախարդանքն ունի:
Աշխարհիկ շրջանակներում աղվեսությունն առաքինություն է համարվում և դրվատանքի արժանանում: Սակայն Ավետարանը այլ բան է ասում տնտեսության ևտնտեսի խորհրդի մասին:
Ինչո՞ւ կ՛ըսես ո՜վ մարդ, ե՛ս, ե՛ս,
Գիտցի՛ր, որ ինքդ անձիդ տերը չես.
Կը պատկանիս Է- ին հըզոր
Եվ ամեն բան պարտիս անոր.
Ծանի՛ր, դու ինքդ երբեք տէ՛ր չես.
Հապա` տնտես:
Post Views: 2,630