Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018
ԻԲ օր. Մեծ Պահք
Դու ի՞նչ ես կրում այն ամենից, ինչ Քրիստոս կրեց քեզ համար, աստվածային բարձունքներից խոնարհեցրեց Իրեն, մարդ եղավ և Իր պատվական արյունով գնեց քեզ: Ով կերակուր է տալիս բոլոր մարմիններին, ծոմ պահեց քեզ համար: Ով մեղրին քաղցրությունը տվեց, քեզ համար լեղի ճաշակեց: Ով երկինքը պսակեց աստղերի բազմությամբ, քեզ համար փշերով պսակվեց և մահու չափ հնազանդվեց:
Արդ, այդ ամենին արժանի ի՞նչ կարող ենք հատուցել Նրան, Ով այս ամենը կրեց մեզ համար: Ս. Եփրեմ Ասորի
Ջանա, և քո կյանքում հարմարավետությունը մի դարձրու քեզ համար կուռք: Պատճառաբանությունները մի դարձրու ծուլության հետևանք:Մի խոնարհվիր քեզ հաճելի քնին, հանգստին, ուտելուն ու հագնելուն: Մարդկային հնարքներով Աստծուն գտնել չի լինի, աստվածային առաքինություն է պետք: Ինքը` մեր Հույս ու Լույս Հիսուս Քրիստոս քառասուն օր և գիշեր պահք պահեց և նախապատրաստվեց մարդկային ցեղի փրկության զոհաբերության սխրանքին: Դու ուզում ես առանց ջանքի հաջողությա՞ն հասնել քո մարդկային հնարքներով: Անօգուտ է: Նույնն է, ինչ որ հարվածես քամուն:
Ստուգիր քեզ, ի՞նչի համար ես պահք պահում: Որևէ բարի գործ ինչի՞ համար ես անում: Եկեղեցի ինչի՞ համար ես գնում. Ամեն ինչի մեջ նպատակիդ նայիր. ո՞ւմն է փառքը, Աստոծո՞ւնն է թե՞ քոնը:
Դու պահք պահիր, ու մի սևեռվիր այն բանի վրա, թե ինչում հաջողեցիր և ինչում ձախողեցիր: Կարևորն այն է որ դու կամեցար ծանոթանալ պահքի կյանքի հետ: Այս պահքին չստացվեց, մյուս տոնի պահքին պահիր, չորեքշաբթի և ուրբաթ պահիր: Թեկուզ տասը տարի տևի, դու ձգտիր դեպի կատարելություն, քո կյանքը դրա համար է, որ ընկնես ու վեր կենաս, ինչքան ձգտես դեպի Աստված այնքան կհեռանաս չարից: Միայն սիրիր Աստծուն, ու անտարբեր մի եղիր քո կյանքում: Փորձիր տարիների ընթացքում հանել քո «աչքի գերանը», համոզվիր, թե դա ինչքան դժվար բան է, որպեսզի հեշտությամբ չմեղադրես ուրիշին, այլ սրտացավությամբ կարողանաս օգնել ընկերոջդ` հանել իր աչքի շյուղը: Այո ամեն ինչ դժվար է կյանքում, բայց ավելի դժվար չէ, քան Հիսուս Քրիստոսի խաչելությունը Գողգոթայի Խաչի վրա: Դարձյալ արդյունքին նայիր, Իր Խաչելության արդյունքում այսօր դու ապրում ես և փրկության հույս ունես: Իսկ քո չարչարանքի արդյունքը թող լինի գոնե երախտագիտության քայլ քո սեփական փրկության համար… Ի՞նչ օգուտ կա նրանից, որ ճիշտը գիտենք… Հիսուս աշխարհ եկավ չարի ձեռքից այն փրկելու համար: Մենք աշխարհ ենք գալիս չարին սատարելու և աշխարհը կործանման տանելու համար:
Հիսուս իր երեքամյա հանրային ծառայության ժամանակ մեզ տվեց կյանքի ճշմարիտ կանոնները, որպեսզի դրանցով ապրելու դեպքում երջանիկ լինենք, իսկ մահից հետո հեշտությամբ դառնանք դեպի Իրեն:
Իսկ մենք ապրում ենք ինքնահնար կանոններով` ինչի պատճառով ողջ կյանքի ընթացքում տանջվում ենք, անվերջ փնտրում ենք մեղավորներ մեր ճանապարհին: Իսկ կյանքի ավարտին դողում ենք դատաստանի մասին լսելիս ու գեհենի կրակից: Քրիստոնյա Հայաստանում չես գտնի հարյուր քրիստոնյա, որոնք միաբան են, միասիրտ են, միախոհ են, և հարում են Քրիստոսի նույն ճշմարիտ վարդապետությանը: Դրա համար էլ իմաստուն խոսքն ասում է, թե` հարյուր սատանա, որ հավաքվեն, նրանց նպատակը մեկն է, կործանել քրիստոնեությունը և քրիստոնյային, իսկ հարյուր քրիստոնյա որ հավաքվեն, հարյուր կարծիք կառաջանա, ու երբեք ընդհանուր գաղափարի շուրջ չեն համախմբվի: Եկեք վերադառնանք Աստծուն մեր ապրած ժամանակ:
Այլապես ո՞րն է մեր աշխարհ գալու առաքելությունը, եթե ոչ հաշտ ապրել Աստծու և միմյանց հետ:
Ինչքա՞ն կարող ենք խնդրել Աստծուն և ձեռնունայն նստել…
Եթե չենք սիրում և օգնում միմյանց, ապա գոնե չվշտացնենք:
Տե՛ր, ողորմի՛ր Քո Արյամբ փրկված ժողովրդին, աղաչում ենք Քեզ: Ցույ՛ց տուր մեզ մեր հոգևոր մերկությունը, որ մեղքի պատճառով ունեցանք, և արժանացրո՛ւ արտաքսվածներիս նորից արժանանալու
Քո Լույս Երեսին, քանի որ Քո բոլոր պարգևները կատարյալ են, որ տվել ես մեզ: Փառավորում ենք Քո Սուրբ Անունը Հոր և Սուրբ Հոգու հետ միասին:
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Post Views: 2,404