Ի Օր Մեծ Պահք. Փորձառու Հայրերը պահքի մասին. Video

Ի(20) Օր Մեծ Պահք. Փորձառու Հայրերը պահքի մասին.

1. Պահեցողությունը պետք է զգուշությամբ գործել, քանի որ սատանան կարող է կորստի մատնել թե պահեցողությունը, թե պահողին՝ մղելով նրան անպարկեշտ բամբասանքների գիրկը, ինքն իրեն ավելի գերադաս համարելով մյուսներից: Անտոն Անապատական:
2. Օգտագործիր ամենահասարակ և էժան կերակուրը: Անտոն Անապատական:
3. Քո հացդ կեր լռությամբ և չափավորապես, նաև տես, որ կերակուրդ լինի համեստ: Անտոն Անապատական:
4. Մի կեր այնքան, որ ամբողջովին հագենաս: Ատոն Անապատական:
5. Չորեքշաբթի և ուրբաթ օրերը պահքը մի լուծիր: Անտոն Անապատական:
6. Հավաքույթների և հյուրասիրությունների մի շտապիր գնալ: Անտոն Անապատական:
7. Եթե ջահել ես, ձեռքդ ուտելիքներին մի մեկնիր մյուսներից առաջ: Անտոն Անապատական:
8. Իսկույն մի մեկնիր ձեռքդ քեզ առաջարկված ուտելիքին: Անտոն Անապատական:
9. Մարմնի պահքը դա հոգու սնունդն է: Հովհան Ոսկեբերան:
10. Ճարպակալած որովայնը նուրբ մտքեր չի ծնի: Հովհան Ոսկեբերան:
11. Մի լսիր ինքնահաճո մարդկանց, որոնք իրենց դարձրել են որովայնի և մարմնական կրքերի ստրուկներ: Եփրեմ Ասորի:
12. Գինին մի խմիր մինչև գինովանալդ, չնայած, որ քեզ համոզում են ընկերներդ: Եփրեմ Ասորի:
13. Եթե ուզում ես հաղթահարել որկրամոլությունը, սիրի՛ր չափավորությունը, Աստծո վախն ունեցիր ու կհաղթես: Եփրեմ Ասորի:
14. Կերակրի և խմիչքի չափից ավելի օգտագործումը միայն տվյալ պահին է հաճելի, իսկ հաջորդ օրը տհաճությամբ ենք մտածում այդ մասին: Եփրեմ Ասորի:
15. Հոգու հարստությունը պահեցողությունն է: Հայր Պիմեն:
16. Երբ Դավիթը կռվում էր առյուծի դեմ, նրա կոկորդից էր բռնում: Մենք էլ, եթե մեր կոկորդն ու որովայնը զսպենք, ապա Աստծով կհաղթենք անտեսանելի թշնամուն:Հայր Պիմեն:
17. Հոգին ոչնչով այնքան չի խոնարհվում, ինչքան, երբ մեկը զսպում է իրեն կերակրից (Հայր Պիմեն):
18. Եթե թագավորն ուզում է թշնամու քաղաքը գրավել, ապա նա ամեն բանից առաջ կտրում է այդ քաղաքը սնող ճանապարհները, ու քաղաքացիները սովից նեղվելով՝ հանձնվում են, որպեսզի չմեռնեն: Այսպես է լինում մարմնավոր ցանկությունների հետ, երբ մարդը կենցաղվարում է պահքով և ծոմով,ապա ցանկությունները ուժասպառ են լինում նրա հոգում: Հովհաննես Կոլոտ:
19. Քանի որ պահք չպահելով վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք: Բարսեղ Կեսարացի:
20. Ատի՛ր ուտեստեղենի տենչանքը: Աբբա Եսայի:
21. Եթե մարդը չարհամարհի իր մարմինը, չի կարող աստվածային լույսը տեսնել: Աբբա Եսայի:
22. Ոչ մի տեսակի կերակուր՝ թե հասարակ, թե համեղ, ցանկասիրաբար մի կեր: Աբբա Եսայի:
23. Պահքը սանձ է մեղքի համար: Հայր Եպարքոս:
24. Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում է սեռական կրակը և վառում է ճշմարտության լույսը: Օգոստինոս Երանելի:
25. Հացը կշռով կեր, իսկ ջուրը՝ չափով, ու շնության ոգին կփախչի քեզանից: Եվագր Պոնտացի:
26. Վախկոտ զինվորը դողում է փողի ձայնից, իսկ որկրամոլը` մոտակա պահքի ազդարարումից: Նեղոս Սինայեցի:
27. Համ ու հոտի հաճույքը մեռնում է արդեն իսկ, երբ կերակուրը անցնում է կոկորդով, բայց հասնելով գերեզման` (ստամոքս), այնտեղ կենդանացնում է կրքոտությունը: Նեղոս Սինայեցի:
28. Կերակրի չափավոր օգտագործումը, հայրերի կարծիքով, այնպես պետք է լինի, որ կերակրի ամենօրյա օգտագործումից հետո դեռ քաղց զգաս: Կերակրի այսպիսի օգտագործումը կպահի հոգին և մարմինը հավասարակշռված վիճակում, և ետ կպահի մարդուն ծայրահեղորեն պահքին ու ծոմապահությանը տրվելուց, որով տկարանում է մարմինը, ետ կպահի նաև գերհագեցումից, որը ճնշում է հոգին: Հովհաննես Կասիան:
29. Սրբերից մեկն ասել է. «Եթե տրվում ես հիշաչարությանը, ապա հիշաչար եղիր դևերի դեմ, թե թշնամանում ես, ապա թշնամություն տածիր մարմնիդ հանդեպ, քանի որ մարմինը՝ ստանալով իրենը, մեծ պատերազմ է մղում հոգու դեմ» Աբբա Իսիքիա:
30. Պահքի զորությունը և նրա նշանակությունը մենք հասկանում ենք թեկուզ և այն բանից, որ այն համեմատաբար ավելի ատելի է թշնամու համար: Երբ գալիս են ինձ մոտ՝ խղճի խայթից մղված կամ խոստովանության նպատակով, ես մյուս պատվերների հետ միասին, միշտ խորհուրդ եմ տալիս պահել Սուրբ պահքերը: Ամեն ինչի հետ համաձայնվում են, միայն թե, երբ գործը հասնում է պահքին, սկսում են. «Չեմ կարող, չեմ ուզում» և այլն: Թշնամին միշտ հրահրում է, նա չի ուզում, որպեսզի պահվեն Սուրբ պահքերը: Բարսեղ Մեծ: