hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ե (5) օր Մեծ Պահք.
Գոհանանք խաղաղ գիշերվա համար և խնդրենք Աստծու ողորմությունը` այսօրվա ընթացքի համար:
Խնդրենք օգնություն ճշմարիտ ապաշխարության համար: Ինչպես որ մեր կյանքն է լեցուն փորձություններով, այնպես էլ լեցուն է մեր պահքի շրջանը` ինչին ականատես ենք լինում ամեն օր: Փորձությունը կարող է գալ հենց մեր հարազատի միջոցով, ո՛չ թե մեր հարազատի պատճառով, այլ նրա միջոցով: Սակայն եթե մենք անտեղյակ լինենք չարի նպատակներին, կարող ենք նույնիսկ ընդհարվել մեր հարազատի հետ, պահի ազդեցության տակ, չգիտակցելով երևույթի փորձություն լինելը: Ամեն մի փորձությունից հետո ավելի ու ավելի ենք ամրանում մեր հավատքի մեջ, քանի որ համոզվում ենք, որ միշտ չարը ուզում է մեզնից խլել մեր ունեցած լավը` չափավորությունը: Ամեն կերպ փորձում է վնասել այն շնորհները, որ Աստված պարգևել է մեզ` անարժաններիս, որպեսզի պայքարենք չարի դեմ, ոչ թե մեծամտանանք մեր իմացածով:Մեր բոլոր պայքարները միայն նպատակաուղղված են մեր հոգին անվնաս պահելու համար, այնպես, ինչպես մեր Եկեղեցու Սուրբ Հայրերը մեզ սովորեցնում են մի պարզ ճշմարտություն.
Աստված մեզ զույգ տվեց ամեն բան` աչքեր, ականջներ, ձեռքեր, ոտքեր, որպեսզի եթե դրանցից մեկը երբևէ վնասվի, մյուսի միջոցով հոգանք մեր կարիքը, բայց Նա մեկ հոգի շնորհեց մեզ. եթե այն կորցնենք, ինչպե՞ս պիտի ապրենք: Նրա՛ն հոգ տանենք: Մեր հոգուց առավել ոչի՛նչ պատվարժան չհամարենք, որովհետև Քրիստոսի ատյանի առջև նա՛ է և՛ մեր դատախազը, և՛ մեզ համար հաշիվ տվողը: Հետևաբար հոգ տանենք նաև ամեն վայրկյան արթուն մնալու համար: Պետք չէ վախենալ փորձությունից, այլ պետք է գիտակցել նրա փորձություն լինելը, պայքարել, հաղթել փորձությանը և ամրանալ Տիրոջ կամքի մեջ: Մեր աղոթքներն ու խնդրանքները թող չդադարեն մեր հոգիների փրկությունը ստանալու համար: Գոհություն Աստծուն նաև այսօրվա համար: Հիսուս Քրիստոս մեզ զորություն է տալիս, որպեսզի կարողանանք Իր կամքի մեջ մնալ: Զորություն է նաև լսելու հատկություն պարգևելը, մտքի պայծառությունը, հոգու արթնությունը և այլն:
Աստված երբեք մարդուն չի պարգևել ամեն ինչ անելու հատկություն, սակայն երբ մարդը շնորհ է գտնում Աստծու առաջ, ապա Աստված նրան պարգևում է Իր կամքի մեջ մնալու շնորհը: Այդ շնորհով է, որ մարդը դառնում է ամեն ինչ կատարող: Այսինքն Աստված չի կատարում մարդու կարիքները, այլ շնորհում է մարդուն մի առաքինություն, որով մարդը կարողանում է հասնել իր կարիքների կատարմանը: Եթե ուշադիր եղանք, այսօրվա ընթերցվածքը Հոբի գրքից նույնպես փորձության մասին էր խոսում:
«Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր»։ Հոբ.7:1
«Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր։ Կամ թէ կը գոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր։ Կամ կ՚ուտուի՞ առանց աղի հաց։ Կամ համ կը լինի՞ դատարկ խօսքերում»։ Հոբ 6:5
Այս իմաստուն խոսքերի շուրջ էլ թող լինի մեր այսօրվա խոկումը: Գայթակղություններից հնարավորինս զերծ` բարի օր եմ մաղթում բոլորիս Տիրոջ կամքի և մեր հավատքի համաձայն: