hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Դ օր Մեծ Պահք.
Կյանքում ամենահաճելի դժվարությունը սեփական սխալը շտկելու գործընթացն է, երբ արդյունքը գերազանցում է կրած չարչարանքը:
Փառք Աստծո պահքի բոլոր օրերի համար:
Գոհություն հայտնենք մեր Տիրոջը խաղաղ գիշերվա համար և խնդրենք նրա ողորմությունը` հնարավորինս զերծ մնալ սխալներից: Եթե մենք կարողանանք մեր օրը հոգեպես արթուն անցկացնել, կկարողանանք դիմակայել այն փորձություններին, որ գալիս են հատկապես պահոց օրերին: Պահքի մեջ փորձառուները արդեն հմուտ են, իսկ սկսնակները երբեք թող չհուսահատվեն և չընդհատեն պահքը, պատահած որևէ փորձության պատճառով: Փառք Աստծո, որ երկար են պահքի օրերը, և ապաշխարության օրերին կարող ենք ընկնել և վեր կենալ, շարունակելով մեր ընթացքը, մեր աչքը հառած պահելով նպատակակետին, որին պետք է հասնենք հաղթությամբ, տքնելով, ջանալով, ընկնել ու վեր կենալով, երբեմն ցավից ողբալով, որովհետև, ինչին պետք է հասնենք, թանկ է մեր թափած ջանքից: Այն Սուրբ Հարության տոնն է մեր Տիրոջ, որի համար էլ նախատեսված է այս երկար ու ձիգ, սակայն հաճելի հոգևոր ճամփորդությունը: Մենք պարտավոր ենք ճանաչել Աստծուն` մեր Արարչին, առավել ևս տեղյակ լինել Նրա պահանջներին, որոնք բխում են լոկ մեր շահերից: Իսկ Աստծուն ճշմարտապես ճանաչելու համար ունենք երեք հորդահոս աղբյուր` Աստվածաշունչ, Եկեղեցու քարոզ և մեր հայրերի հոգևոր ժառանգությունը: Առանց այս ամրությունների մեր հոգևոր հիմքերը շատ թույլ կլինեն, էլ չեմ ասում թե ինչքան վտանգավոր: Մկրտված ենք, քրիստոնյա ենք, ունենք մեր առաքելահիմն եկեղեցին, մեր հոգեկիր նախնիների փայլուն օրինակը ունենք և որ ամենակարևորն է ունենք մեր կատարելատիպը` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը քառասուն օր պահք պահելուց հետո հաղթեց սատանայի փորձությունները և վռնդեց նրան: Սատանան պարտված հեռացավ, և հրեշտակները մոտեցան Քրիստոսին: Մենք ունենք այսքան գոտեպնդող փաստեր և առհասարակ երկմտելու կարիք չունենք:Պետք չէ վիճել սատանայի հետ, այլ մերժել նրան իսպա՛ռ: Շնորհակա՜լ ենք Աստծուն, որ հարթում է մեր ճանապարհը դեպի լույս: Խաղաղ օր եմ մաղթում բոլորիս` սթափ մտքով:
Սրտերը ուրախ պահելու համար միլիոնավոր գումարներ է ծախսվում. երգիծանք, հումորային ծրագրեր, շոուներ և այլն: Աշխարհիկ միջոցները նույնպես կարող են ուրախացնել, մոռացնել տալով առկա խնդիրները: Սա ևս ժամանակավոր է և խնդրի լուծման համար բարենպաստ չէ: Միակ մխիթարությունը, խաղաղությունը և ուրախությունը Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ ապրելու մեջ է, մնացած ամեն ինչ ժամանակավոր է և ունայն, ինչպես Սողոմոն իմաստունն է ասում ունայնություն ունայնությանց: