hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Զ (6) օր Մեծ Պահք.
Այսօրվա խորհելիք թեման տխուր է, բայց մեր սեփականն է, իրականություն է, որից խուսափելու փոխարեն անհապաղ շտկվել է պահանջվում մեզնից սուրբգրային պահանջով:
Երբ, ինչ որ տեղ պարծանքով կասես, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, ապա ակնկալիր մի Ձայն, որ հարցնում է.
«Ինչո՞վ է երևում քո առաջինը լինելը, երբ ապրում ես վերջինների նման»:
Երբ ասում ես Առաքելական եմ, ապա սպասիր այսպիսի պատասխան.
«Դու Առաքելական ես միայն անունով, բայց ո՛չ Առաքյալի կյանքով ու վարքով»:
Երբ ասում ես հավատացյալ եմ, ասում է ձայնը հեռվից.
«Դևերը և՛ հավատում են և՛ սուրբ Գիրք գիտեն, ո՞ւր է քո Սուրբգրային իմացությունը»:
Երբ ասում ես եկեղեցու անդամ եմ, Նա անմիջապես հարցնում է.
«Եթե անդամ ես, ո՞ւր է քո եկեղեցական կյանքը և ակնածանքը եկեղեցու խորհուրդների և նրա անդամների նկատմամբ»:
Երբ ասում ես, թե ամեն կիրակի հաղորդվում եմ, Նա նեղանում է` ասելով.
«Ո՞ւր է քո փոխված սիրտը, կյանքը, խոսքը և գործը, եթե հաղորդվում ես: Ո՞ւր է»:
Երբ ասում ես ողորմություն եմ անում մարդկանց, Նա չի լռում, հարցնում է.
«Ինչո՞ւ բոլորը իմացան քո արած ողորմության մասին, բացի ինձնից, ինչո՞ւ»:
Մեր արտաբերած յուրաքանչյուր խոսք ունի իր արդար ու անհապաղ պատասխանը, ուղղակի աշխարհի խառնաշփոթ աղմուկի պատճառով մենք չենք լսում մեզ ուղղված հանդիմանությունները և գնում ենք դեպի «քաղաքակրթության» փակուղի: Աշխարհում ամեն ոք նվագում է իր երաժշտական գործիքը, առանց դիրիժորի փայտիկին նայելու: Ներդաշնակ երաժշտության փոխարեն ստեղծվել է քաոսային աղմուկ: Մենք մեզ համարում ենք քաղաքակիրթ, բավականաչափ կրթված ու գիտուն և կարիք չունենք Աստծո գթության: Հարց է առաջանում: Ինչո՞ւ ապա քաղաքակրթությունը մարդկությանը չի ազատում տարերային աղետներից: Եթե հրդեհ է, ուրեմն լափում է, ինչն իրեն պետք է, եթե հեղեղ ուրեմն տանում է առանց հաշվի առնելու մեր կամքը, նույնը երկրաշարժը և մնացած աղետները:
Երանի մի օր հասկանանք, որ աղետներից ոչ թե ողբանք, այլ մի փոքր խոնարհվենք մեր հպարտությունից: Աստված մեզ այսօր ավելի շատ է պետք քան, օրինակ մի հարյուր տարի առաջ, որովհետև մենք ինքնամոռաց գնում ենք վազող ժամանակի հետևից` չհասցնելով տեսնել կարևոր արժեքները: Ծնվեցինք որպես մարդ, ապրենք որպես մարդ, և մեռնենք որպես մարդ: Նմանվենք մեր Տիրոջը`որը ծնվեց որպես Թագավոր, ապրեց որպես Թագավոր, մեռավ որպես Թագավոր, Հարություն առավ, համբարձվեց և գալու է որպես երկրի ու երկնքի Թագավոր: Շնորհակալ ենք Աստծուն նաև այս խաղաղ գիշերվա և բարի առավոտի համար: Պարգևը այսօր էլ տրվեց մեզ, զղջումն ու դարձն էլ մեզնից է ակնկալվում հենց այսօր: Իմաստունի այս խոսքերը թող լինեն մեր օրվա պատգամը:
«Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն: Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում: Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան: Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհը եւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի: Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնից եւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից: Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին»: