hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Մենք դարձյալ արթնացանք Աստծո ողորմածության շնորհիվ, որպեսզի շարունակենք երեկվա կիսատ թողած գործը և լրացնենք բաց թողածը:
Շնորհակալ ենք Աստծուց ամենօրյա այս պարգևի համար, սակայն մենք երբեմն այնքան անշնորհակալ ենք գտնվում, որ մոռանում ենք գոհություն հայտնել ամեն օր ստացած պարգևի համար: Մենք նույն կերպ ենք վարվում Աստծու կողմից մեզ պարգևած Ավետարանի ճշմարտությունների հանդեպ: Այդ ճշմարտությունները մեր կյանքի լուսատուներն են, բայց մենք անտեսում ենք, մեր հույսը դնելով մեր մարդկային գործոնի վրա: Օրինակ` երբ մենք Աստվածաշնչում կարդում ենք.
«Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում» (Մատթ 5:44): Ի՞նչ ենք մտածում մենք…Անմիջապես անցնում ենք ինքնապաշտպանության, պատճառաբանելով, որ դա թերևս ամենադժվար պատվիրանն է մեզ համար՝ հասկանալու և պահելու, հատկապես մեր օրերում: Ինչպե՞ս կարելի է սիրել թշնամուն… Այդ համարին անմիջապես հաջորդում է 46 համարը. ասելով`
«Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է.»: Եթե անկեղծ լինենք, կտեսնենք, որ յուրաքանչյուր պատվիրանի նկատմամբ ձեռք ենք բերում արդարանալու և պաշտպանվելու վճռականություն: Եթե մեր թշնամուն չենք կարող սիրել, չսիրելուց բացի չենք էլ կարողանում ընկալել այդ գաղափարը, իսկ արդյոք սիրո՞ւմ ենք մեր բարեկամին, մերձավորին և նույնիսկ հարազատին:
Կամ եկեղեցում կողք կողքի կանգնած նույն կրոնի, նույն դավանանքի, նույն ազգության, նույն լեզվի տեր մարդկանց սիրո՞ւմ ենք արդյոք: Բոլորս էլ նկատել ենք, որ եկեղեցում նույնիսկ Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո մարդիկ իրար կոպտում են: Չէ՞ որ նրանք թշնամի չեն իրար: Բացահայտում չի լինի, որ ասենք, թե ինչքան ընտանիքներ կան այսօր մեր շրջապատում, որ իրենց բարեկամական հարաբերություններում դրամի, ունեցվածքի, տան, գույքի պատճառով ձեռք են բերել թշնամություն, անհարգալից վերաբերմունք միմյանց նկատմամբ, խռովություն և բաժանություն: Հիմա հարց. թշնամուն չենք կարող սիրել, իսկ բարեկամին սիրո՞ւմ ենք արդյոք, թե միայն մեզ ենք սիրում, ու բացառում ենք բոլոր տեսակի փոխզիջումները: Եթե մենք հաշվի առնենք «սիրել» բառի բազմաթիվ իմաստները, ապա կտեսնենք, որ թշնամուն սիրել չի նշանակում գրկել շոյել, այլ նրան միտումնավոր վատ բան չանել, իսկ հակահարվածը թող լինի միայն արդարամտությամբ: Մենք սիրում ենք Հայրենիքը, եկեղեցին, ընտանիքը, բայց հարկ եղած դեպքում վատություն ենք անում երեքին էլ, որովհետև մեր ունեցած սերը բխում է մարդկային պատկերացումներից:
Իսկ Աստված սիրեց մարդուն, այնպես սիրեց, որ Իր կյանքը տվեց մարդկության համար, այն էլ ոչ արդարի` այլ մեղավորի ու չարագործի: Մեր միակ գործը վարպետորեն պատճառաբանելն է հատկապես պատվիրանների կատարման հարցում: Սովորենք «սիրել» բառի բոլոր իմաստները և կյանքի կոչենք հենց այսօրվանից: Թշնամուդ չես կարող, իսկ մերձավորիդ կարո՞ղ ես.
Աստծո օգնությամբ ամեն ինչ հնարավոր է, ինչպես որ գրված էլ է` «Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող»։ Հովհ.15:5
Տեր Աստված, մեր անկայուն մտքին թույլ մի տուր մեղանչել, այլ իմաստություն տուր մեզ Քո բարի կամքին դեմ չգնալ:
Աստուած է, որի միջոցով մեր էութեան լաւագոյն մասը ենթակայ չէ վատթար մասին:
Աստուած է, որ մեր մէջ փափագ է արթնացնում այն ըմպելիքի նկատմամբ, որից խմելով՝ այլեւս երբեք չենք ծարաւելու:
Աստուած է, որի օգնութեամբ չենք ստրկանում այն տարրերին, որոնք տկարութիւն ու կարիք են առաջացնում:
Աստուած է, որ մաքրում է մեզ եւ նախապէս պատրաստում ու տրամադրում աստուածային պարգեւներին:
ՍԲ. ՕԳՈՍՏԻՆՈՍ